| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«21» մարտի 2011թ. պետական գրանցման համարը 1021132 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 203 ՀՐԱՄԱՆՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 5-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 203 հրամանով հաստատված հրահանգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.
1) 89-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Մինչև 2007 թվականի հունվարի 1-ը կնքված և նոտարական վավերացում չստացած այն պետական և համայնքային գույքի մասնավորեցման պայմանագրերը վավերացնելիս, որոնցով օտարվող գույքի նկատմամբ դեռևս սեփականության իրավունքի պետական գրանցում չի իրականացվել, որպես սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ հիմք է ընդունվում մասնավորեցման մասին կառավարության համապատասխան որոշումը, ինչպես նաև պետական գրանցումն իրականացնող մարմնից տեղեկանքը` տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման բացակայության մասին: Պետք է ներկայացվի նաև պետական գույքի կառավարման բնագավառում լիազոր մարմնի տեղեկանքն այն մասին, որ տվյալ պայմանագիրը փոփոխված կամ լուծված չէ:».
2) 90-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«90. Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր են համարվում պետական իրավասու մարմնի կողմից տրված` տրանսպորտային միջոցի սեփականության և գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման վկայականները:
Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը պետական լիազոր մարմնի տրամադրած տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը համարվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ, սակայն այդ վկայագրով գործարք իրականացնելն արգելվում է:
Տրանսպորտային միջոցի հետ կապված գործարքները չեն կարող վավերացվել առանց տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, իսկ գործարքի կողմերից որևէ մեկի պահանջով` նաև այդ տրանսպորտային միջոցի պետական գրանցումն իրականացրած մարմնի կողմից տրված՝ տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքի: Եթե կողմերը ցանկանում են գործարքը վավերացնել առանց տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքի, ապա նրանք պարտավոր են տալ համապատասխան գրավոր հայտարարություն: Տվյալ դեպքում նոտարը պետք է կողմերին նախազգուշացնի, որ իրականացված գործարքից ծագող իրավունքների՝ արգելադրման առկայության հիմքով չգրանցման ռիսկերը կրում են գործարքի կողմերը:».
3) 170-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Մինչև 2000 թվականի հունվարի 1-ը անշարժ գույքի նկատմամբ ծագած իրավունքները հաստատող փաստաթղթերը հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար, եթե նշված գույքի նկատմամբ ժառանգատուն դեռևս չէր ստացել և պարտավոր չէր ունենալ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական:
Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված այն տրանսպորտային միջոցների նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալիս, որոնց նկատմամբ դեռևս սեփականության իրավունքի պետական գրանցում չի կատարվել, որպես տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ` հիմք է ընդունվում պետական լիազոր մարմնի կողմից տրված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: