| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«25» հուլիսի 2011 թվականի
Պետական գրանցման համարը 1011175 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«15» հուլիսի 2011թ. |
N 123-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ
ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԱԾ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N 90 որոշման հավելված 1-ի 8-րդ կետի «ժգ» և 12-րդ կետի «ա» ենթակետերի դրույթները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակա բժշկական հաստատություններում բուժքույրերի ստաժավորումն անցկացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ստաժավորում անցած բուժքույրերի որակավորման ստուգման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան Լ. Հովհաննիսյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
առողջապահության նախարարի
2011 թվականի հուլիսի «15» N 123-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակա բժշկական հաստատություններում բուժքրոջ պաշտոնում կարող է նշանակվել այն քաղաքացին, որն ունի միջին մասնագիտական բժշկական կրթություն և ստացել է որակավորման վկայական:
Որակավորման վկայականը ստանալու համար անձն անցնում է տասնվեց շաբաթ տևողությամբ ստաժավորում և որակավորման ստուգում:
Ստաժավորումը բուժքրոջ մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների, ունակությունների և հմտությունների ձեռք բերման գործընթացն է: Ստաժորը այն բուժքույրն է, որը անցնում է ստաժավորում:
2. Ստաժավորում անցնելու նպատակով, անձի կողմից դիմում է ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն: Դիմումին կցվում են բժշկական միջին մասնագիտական կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի (վկայականի, դիպլոմի) և անձնագրի պատճենները:
Դիմում ներկայացրած անձը ստաժավորում անցնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի գրությամբ ուղեգրվում է համապատասխան բուժհաստատություն:
3. Ստաժավորումն անց է կացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական հիվանդանոց», «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն», «Արևիկ» մանկական բուժմիավորում փակ բաժնետիրական ընկերություններում:
Ստաժավորումը բաղկացած է երկու փուլից`
ա. առաջին փուլում ստաժորը ութ աշխատանքային շաբաթ ստաժավորում է անցնում վիրահատական բլոկում` որպես սանիտար,
բ. երկրորդ փուլում ստաժորը ութ աշխատանքային շաբաթ ստաժավորում է անցնում վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` որպես բուժքույր:
4. Ստաժորի աշխատանքի անմիջական ղեկավարումն իրականացնում են վիրահատական բլոկում` ավագ բուժքույրը, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բաժանմունքի վարիչը:
5.Առաջին փուլն ավարտելուց հետո վիրահատական բլոկի ավագ բուժքույրը կազմում և հաստատում է առաջին փուլի արդյունքների մասին եզրակացություն (Ձև N1), որտեղ գնահատում է ստաժորի աշխատանքը: Դրական արդյունքների դեպքում ստաժորը անցնում է երկրորդ փուլ:
Երկրորդ փուլն ավարտելուց հետո վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչը կազմում է ստաժավորման երկրորդ փուլի արդյունքների մասին եզրակացություն (Ձև N2), որտեղ արտացոլվում է ստաժորի ընդհանուր պատրաստվածության մակարդակը, ստաժավորման ընթացքում նրա կողմից ստացված պրակտիկ հմտությունները և գիտելիքները, ինչպես նաև ինքնուրույն աշխատանքի համար ստաժորի պատրաստվածության աստիճանը և գնահատականը (դրական կամ բացասական): Երկրորդ փուլի եզրակացությունը ստորագրվում է բաժանմունքի վարիչի կողմից և վավերացվում բուժհաստատության կնիքով:
Եզրակացության մեկ օրինակը պահվում է տվյալ բուժհաստատությունում, իսկ մյուսը տրվում է ստաժորին:
6. Ստաժորի ստաժավորումը կարող է վաղաժամկետ դադարեցվել`
1) իր դիմումի համաձայն.
2) անհարգելի պատճառով տասը օր ստաժավորում չանցնելու.
3) տվյալ բուժհաստատության աշխատանքային ներքին կարգապահության կանոնները խախտելու դեպքում:
7. Եզրակացությունը ներկայացվում է որակավորման ստուգման հանձնաժողովին: Որակավորման ստուգմանը մասնակցել թույլատրվում է ստաժավորումն անցած լինելու և դրական եզրակացություն ստանալու դեպքում:
8. Ստաժորը աշխատանքի պայմանների, աշխատանքային ժամանակի հարցերում օգտվում է բուժքրոջ համար սահմանված բոլոր իրավունքներից: Ստաժավորում անցնողների վրա տարածվում են տվյալ բուժհաստատության աշխատանքային ներքին կարգապահական կանոնները:
9. Ստաժավորման տևողությունը կարող է երկարաձգվել ստաժավորումն անցնողի հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով, նրա բացակայության ժամկետով:
10. Ստաժավորում անցնող անձինք չեն վարձատրվում, և նրանք այդ ընթացքում իրավունք ունեն աշխատել այլ աշխատավայրում:
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
առողջապահության նախարարի
2011 թվականի հուլիսի «15» N 123-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
1. Ստաժավորում անցած անձանց որակավորման ստուգումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` առողջապահության նախարար) կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):
2. Որակավորման ստուգման նպատակն է` ստուգել բժշկական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքները:
3. Որակավորման ստուգումները կազմակերպվում են եռամսյակը մեկ անգամ: Առողջապահության նախարարի հրամանով կարող են կազմակերպվել արտահերթ որակավորման ստուգման աշխատանքներ:
4. Որակավորման ստուգման համար ստաժավորում անցած անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն է (այսուհետ` նախարարություն) ներկայացնում`
1) դիմում, որում պետք է նշվեն դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, դիմողի փաստացի բնակության վայրը, հեռախոսի համարը` առկայության դեպքում.
2) անձնագրի բնօրինակը և պատճենը.
3) բժշկական միջին մասնագիտական կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի (վկայականի, դիպլոմի) բնօրինակը և պատճենը.
4) անձնական թերթիկ (լրացրած).
5) երկու գունավոր լուսանկար 3X4 չափսի.
6) ստաժորի ղեկավարի եզրակացություն:
5. Հանձնաժողովը`
1) կազմակերպում է ստաժորների որակավորման ստուգման աշխատանքները.
2) որոշում է որակավորման ստուգման վայրը, ժամանակը և դրանց մասին հայտնում դիմորդներին:
6. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.
2) իրականացնում է հսկողություն որակավորման ստուգման ընթացքի նկատմամբ.
3) իրականացնում է սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ:
7. Ստաժավորում անցած անձանց որակավորման առաջադրանքների հարցերն ընդգրկում են հետևյալ բնագավառները.
1) քույրական գործ
2) էթիկայի կանոններ
3) համակարգչային հմտություններ
4) անգլերեն լեզու:
8. Ստուգումներն անց է կացվում առողջապահության նախարարի կողմից սահմանված ժամկետներում:
9. Որակավորման ստուգումն անց է կացվում երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
10. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը, համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է թեստավորումն անցկացնելու համար թվով 50 թեստ:
11.Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակիցների ինքնությունը և թույլատրում է նրանց մուտք գործել թեստավորման սենյակ:
12. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ:
13. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է մասնակիցների բոլոր հարցերին, որպեսզի հավաստիանա, որ մասնակիցները հասկացել են առաջադրանքի էությունը:
14. Առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից), որոնք ունեն մի քանի ենթադրյալ պատասխաններ, որոնցից մեկը, կամ մեկից ավելին կարող են լինել ճիշտ պատասխաններ: Մասնակիցներն ընտրում են ճիշտ (պատասխան) պատասխանները: Եթե տվյալ ենթադրյալ ճիշտ պատասխաններից ոչ բոլոր ճիշտ պատասխաններն են ընտրվում, ապա պատասխանը համարվում է սխալ:
15. Թեստային առաջադրանքների վերևի աջ մասում լրացվում է մասնակցի անունը, ազգանունը:
16. Թեստային առաջադրանքների հարցերում ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ պատասխան:
17. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 60 րոպե ժամանակ:
18. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:
19. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը և թեստերը հանձնել Հանձնաժողովին:
20. Հանձնաժողովը հրապարակում է թեստավորման արդյունքները:
21. Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցները կարող են բողոքարկել Հանձնաժողովին` եռօրյա ժամկետում: Եթե Հանձնաժողովը պարզում է, որ բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
22. Ստաժավորում անցած անձը հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնավազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
23. Հարցազրույցն անցկացվում է նրա տեսական կարողություններն ստուգելու նպատակով:
24. Հանձնաժողովը յուրաքանչյուր անձի հետ հարցազրույցն անց է կացնում առանձին:
25. Դրական միավորներ հավաքած ստաժորին որակավորման ստուգման օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում տրվում է որակավորման վկայական:
26. Որակավորման վկայականում նշվում են`
1) որակավորման վկայական տվող մարմնի անվանումը.
2) որակավորման վկայականի համարը.
3) որակավորման վկայականը տալու տարին, ամիսը և ամսաթիվը.
4) որակավորման ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը.
5) որակավորման վկայականն ուժի մեջ լինելու ժամկետը:
Որակավորման վկայականի հետ տրվում է նաև ներդիր թերթիկ, որտեղ նշվում են որակավորման ստուգման ընթացքում ստաժորի հավաքած միավորները:
27. Որակավորման վկայականը վավերացվում է առողջապահության նախարարի ստորագրությամբ և կնիքով:
28. Որակավորման ստուգմանը մասնակցելուց հրաժարված ստաժորին վերադարձվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերը` բացի դիմումից:
29. Որակավորման ստուգմանը չներկայացած կամ վկայական չստացած ստաժորը իրավունք ունի մասնակցելու հաջորդ ստուգմանը:
30. Բուժքրոջ պաշտոնում չնշանակված անձանց համար որակավորման ստուգման դրական արդյունքներն իրենց ուժը պահպանում են 5 տարի ժամկետով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
__________________________________________________________________
ստաժորի անունը, հայրանունը, ազգանունը
անցել է ստաժավորում_________________________________________________
բուժհաստատության անվանումը
__________________________________________________________________
ստաժավորման ժամկետը
__________________________________________________________________
գնահատականը (դրական կամ բացասական)
__________________________________________________________________
գնահատողի պաշտոնը, անունը, հայրանունը և ազգանունը
| |
___________________
ստորագրությունը |
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
անցել է ստաժավորում_________________________________________________
բուժհաստատության անվանումը
___________________________________________________________________
բաժանմունքի անվանումը
___________________________________________________________________
ստաժավորման ժամկետը
ստացել է ___________________________________________________________
պրակտիկ հմտությունները և գիտելիքները
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
ստաժորի պատրաստվածության աստիճանը
___________________________________________________________________
գնահատականը (դրական կամ բացասական)
___________________________________________________________________
գնահատողի պաշտոնը, անունը, հայրանունը և ազգանունը
| |
___________________
ստորագրությունը |