Համարը 
N 04-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.08.18/12(51)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչություն
Ընդունման ամսաթիվը 
27.07.2011
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
27.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«10» օգոստոսի 2011 թվականի

Պետական գրանցման համարը 2111182

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«27» հուլիսի 2011թ.

N 04-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

 ՕԴԱՆԱՎԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36 հոդվածի 1 մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օդանավերի շահագործման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՊԵՏ

Դ. ԱԹԲԱՇՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի վարչության պետի

2011 թվականի հուլիսի 27-ի թիվ 04-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ՕԴԱՆԱՎԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օդանավերի շահագործման կանոնները (այսուհետ՝ Կանոններ) սահմանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահագործվող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված և (կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից շահագործվող առևտրային ինքնաթիռների և ուղղաթիռների (այսուհետ՝ օդանավ), ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի շահագործման պահանջները և չափանիշները:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առևտրային ավիափոխադրումներ իրականացնող օդանավերի շահագործման կանոններն են՝

1) օդանավ շահագործողի կողմից թռիչքի նախապատրաստման ժամանակահատվածում ստացված տվյալների հիման վրա հավաստիացումը, որ թռիչքը իրականացվում է համաձայն օդանավի շահագործողական պահանջների.

2) օդանավի թռիչքային և սպասարկող անձնակազմի օգտագործման համար օդանավ շահագործողի թռիչքների կատարման կանոնակարգը.

3) օդանավ շահագործողը թռիչքների կատարման կանոնակարգը ներկայացնում է շահագործողի պետության քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի հաստատմանը.

4) օդանավի թռիչքը չի սկսվում, եթե լրացված չեն նախաթռիչքային պատրաստվածության փաստաթղթերը և եթե օդանավի հրամանատարը բավարարված չէ օդանավի նախաթռիչքային ստուգման արդյունքներով.

5) օդանավ շահագործողը կիրառում և պահպանում է օդանավ նախագծողի կողմից օդանավի շահագործողական թռիչքատեխնիկական սահմանափակումների բնութագրերը շահագործման ընթացքում.

6) օդանավ շահագործողը ապահովում է օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրման համար անհրաժեշտ սարքեր, սարքավորումներ և թռիչքային փաստաթղթերի առկայությունը օդանավում: Անհրաժեշտության դեպքում կախված շահագործվող օդանավի տեսակից և շահագործման պայմաններից օդանավում տեղակայվում կամ գտնվում են լրացուցիչ սարքեր, սարքավորումներ և թռիչքային փաստաթղթեր: Օդանավում տեղադրվող լրացուցիչ սարքերի ու սարքավորումների ցանկը, ներառյալ դրանց տեղակայման աշխատանքների կատարման գործընթացը, հաստատվում է գրանցման պետության քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի կողմից.

7) Օդանավը շահագործվում է թռիչքային պիտանիության սերտիֆիկատի դրույթներին համապատասխան և տվյալ օդանավի թռիչքային կանոնակարգում հաստատված շահագործական սահմանափակումներին համապատասխան.

8) օդանավը հագեցվում է այնպիսի կապի միջոցներով, որոնք ապահովում են՝

ա. երկկողմանի կապ` աէրոդրոմի կարգավարական սպասարկման նպատակով.

բ. թռիչքի ընթացքում ցանկացած ժամանակ օդերևութաբանական տեղեկատվության ընդունում.

գ. երկկողմանի կապ` թռիչքի ընթացքում ցանկացած ժամանակ առնվազն մեկ ավիացիոն կայանի հետ և այնպիսի ուրիշ ավիացիոն կայանների հետ և այնպիսի հաճախականություններում, որոնք կարող են կարգադրված լինել համապատասխան լիազոր մարմնի կողմից.

9) օդանավը հագեցվում է այնպիսի աէրոնավիգացիոն սարքավորումներով, որոնք ապահովում են թռիչքի կատարումը՝ թռիչքի աշխատանքային պլանին և օդային երթևեկության սպասարկման պահանջներին համապատասխան, բացառությամբ այն դեպքերի, երբ տեսողական թռիչքների կանոններով թռիչքի և աէրոնավիգացիոն սարքերի թռիչքի ընթացքում աէրոնավիգացիան իրականացվում է վերգետնյա կողմնորոշիչների հետ տեսողական կոնտակտի օգնությամբ.

10) օդանավերի տեխնիկական սպասարկումը իրականացվում է օդանավի գրանցման պետության քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի կողմից հաստատված տեխնիկական սպասարկման ծրագրին համապատասխան: Օդանավ շահագործողի օդանավի տեխնիկական սպասարկումը և շահագործումը ապահովող անձնակազմը որպես հրահանգչական փաստաթուղթ օգտագործում է օդանավ շահագործողի կողմից մշակված և օդանավ շահագործողի քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի հետ համաձայնեցված օդանավի տեխնիկական սպասարկման կարգավորման կանոնակարգը: Նշված կանոնակարգերը մշակվում են՝ հաշվի առնելով մարդկային գործոնը.

11) օդանավ շահագործողի կողմից օդանավը ապահովվում է այնպիսի թռիչքային անձնակազմով, որն ըստ թվաքանակի ու կազմի բավարարում է օդանավի թռիչքների կատարման կանոնակարգի պահանջներին: Թռիչքային անձնակազմի թվաքանակը թռիչքային շահագործման կանոնակարգում կամ թռիչքային պիտանիության վկայականին առնչվող այլ փաստաթղթերում նշված նվազագույն անհրաժեշտ թվաքանակի համեմատ ավելանում է այն դեպքերում, երբ դա պահանջում է օգտագործվող օդանավի տիպը, կատարվող թռիչքի տեսակը և երկու կետերի միջև թռիչքի տևողությունը, որտեղ տեղի է ունենում թռիչքային անձնակազմի հերթափոխ.

12) կախված օդանավի տիպից թռիչքների ապահովման աշխատակիցը (կարգավար), (ըստ օդանավ շահագործողի հայեցողության) հետևում և վերահսկում է թռիչքների իրականացումը օդանավ շահագործողի քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի կողմից հաստատված թռիչքների կատարման ուղեցույցին համապատասխան.

13) օդանավ շահագործողը ապահովում է հետևյալ փաստաթղթերի առկայությունը՝

ա. թռիչքների կատարման կանոնակարգ.

բ. օդանավի տեխնիկական սպասարկման կարգավորման շահագործողի կանոնակարգ.

գ. օդանավի տեխնիկական սպասարկման ծրագիր.

դ. օդանավային մատյան.

ե. օդանավային վթարափրկարարական սարքավորումների հաշվառման մատյան.

զ. օդանավային ինքնագրիչների մատյան.

14) օդանավը ապահովվում է սպասարկող անձնակազմի անդամներով, որոնց օդանավում գտնվելու թվաքանակը յուրաքանչյուր տիպի օդանավի համար սահմանվում է օդանավ շահագործողի պետության կողմից՝ ելնելով ուղևորատարողունակությունից կամ փոխադրվող ուղևորների թվից, ինչպես նաև վթարային իրավիճակում ուղևորների անվտանգ և արագ տարհանման նպատակից.

15) օդանավ շահագործողի կողմից մշակվում է ավիացիոն անվտանգության ծրագիր, որն իր մեջ ներառում է օդանավի զննման ընթացակարգերի վերահսկողական ցանկը, անօրինական միջամտության գործողությունների վերաբերյալ հաղորդումները և ուսուցման ծրագրերը:

3. Ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի (այսուհետ՝ օդանավ) շահագործման կանոններն են՝

1) օդանավ շահագործողը մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության հաստատմանն է ներկայացնում օդանավերի թռիչքների կատարման կանոնակարգը.

2) օդանավ շահագործողը կիրառում և պահպանում է օդանավ նախագծողի կողմից օդանավի շահագործողական թռիչքատեխնիկական սահմանափակումների բնութագրերը օդանավի շահագործման ընթացքում,

3) օդանավ շահագործողը ապահովում է օդանավը այնպիսի սարքերով և սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրման համար: Անհրաժեշտության դեպքում, կախված շահագործվող օդանավի տեսակից և շահագործման պայմաններից, օդանավում տեղակայվում կամ գտնվում են լրացուցիչ սարքեր, սարքավորումներ և թռիչքային փաստաթղթեր: Օդանավում տեղադրվող լրացուցիչ սարքերի ու սարքավորումների ցանկը, ներառյալ դրանց տեղակայման աշխատանքների կատարման գործընթացը, հաստատվում է գրանցման պետության կողմից.

4) օդանավը հագեցվում է այնպիսի կապի միջոցներով, որոնք ապահովում են երկկողմանի կապ` աէրոդրոմի կարգավարական սպասարկման նպատակով.

5) օդանավը հագեցվում է այնպիսի աէրոնավիգացիոն սարքավորումներով, որոնք ապահովում են թռիչքի կատարումը՝ թռիչքի աշխատանքային պլանին և օդային երթևեկության սպասարկման պահանջներին համապատասխան, բացառությամբ այն դեպքերի, երբ (եթե դա չի արգելվում լիազոր մարմնի կողմից) տեսողական թռիչքների կանոններով թռիչքի և աէրոնավիգացիոն սարքերի միջոցով թռիչքի ընթացքում աէրոնավիգացիան իրականացվում է վերգետնյա կողմնորոշիչների հետ տեսողական կոնտակտի օգնությամբ առնվազն ամեն 110 կիլոմետրի վրա.

6) Օդանավերի տեխնիկական սպասարկումը իրականացվում է օդանավի գրանցման պետության կողմից հաստատված տեխնիկական սպասարկման ծրագրին համապատասխան.

7) Օդանավ շահագործողի կողմից օդանավը ապահովվում է այնպիսի թռիչքային անձնակազմով, որն ըստ թվաքանակի ու կազմի բավարարում է օդանավի թռիչքների կատարման կանոնակարգի պահանջներին կամ այլ փաստաթղթերի պահանջներին, որոնք առնչություն ունեն թռիչքային պիտանիության վկայականի հետ:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահագործվող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված և(կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից շահագործվող քաղաքացիական օդանավերը շահագործվում են համաձայն ԻԿԱՕ-ի 6-րդ Հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, ԻԿԱՕ - ՄԱԿ (Միջպետական Ավիացիոն Կոմիտե) համատեղ ԱՊ-ԷԿՍ 1 և 3, Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-ՕՊՍ 1 (JAR-OPS 1), ՋԱՌ-ՕՊՍ 3 (JAR-OPS 3) փաստաթղթերի և դրանց հիման վրա մշակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչության ծրագրերով: