Համարը 
թիվ 57/Մ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.08/18(90)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
26.04.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
26.04.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«05» մայիսի 2008թ.

Պետական գրանցման թիվ 881

 

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ ԱՆ

 

«26» ապրիլի 2008թ.

§2                                                              թիվ 57/Մ

 

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ՝

 

1. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը»՝ համաձայն հավելվածի /կցվում է/:

2. Ընդհանուր բաժնին՝ սահմանված կարգով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը» ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ս.Ասրյանին:

 

 

ՆԱԽԱՐԱՐ

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Հավելված

Հաuտատված է ԼՂՀ կրթության և գիտության

նախարարի 2008թ. ապրիլի 25-ի

թիվ 57/Մ§2 հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

Սույն կարգով սահմանվում է մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման պայմանները:

I. Ընդհանուր դրույթներ

1. Մագիստրատուրան բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի կրթական աստիճան և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է:

2. Մագիստրատուրայում կարող է սովորել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու, մասնագիտական գործնական, նորարարական, տեխնոլոգիական զարգացումներ ու նոր հնարավորություններ ընկալելու ունակություններ ձեռք բերելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար:

 

II. Մագիստրատուրայի ընդունելության տեղերի բաշխումը և ընդունող հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը

 

3. Կազմակերպությունների տվյալ տարվա մասնագիտությունների ընդունելության ցանկը՝ ըստ մասնագիտությունների, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը հաստատում է ԼՂՀ կառավարությունը:

Կազմակերպության տվյալ տարվա մասնագիտությունների ընդունելության ցանկը ներառում է`

1) կրթության ձևը (առկա, հեռակա, դրսեկություն, հեռավար).

2) մասնագիտությունների ցանկը՝ ըստ կազմակերպությունների.

3) ըստ մասնագիտությունների` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունելության տեղերի թիվը.

4) ըստ մասնագիտությունների` կազմակերպությունների հայտերի հիման վրա կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի):

4. Կազմակերպության կողմից զանգվածային լրատվության միջոցներով տրվում է հայտարարություն` ընդունելության մասնագիտությունների, տեղերի և կանոնների վերաբերյալ:

5. Մագիստրատուրայի ընդունելության անցկացման համար, կազմակերպության ղեկավարի հրամանով և նախագահությամբ, ստեղծվում է ընդունող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են կազմակերպության ուսումնական գծով տեղակալները, մագիստրատուրայի աշխատանքներով զբաղվող ստորաբաժանման ղեկավարները, ինչպես նաև ֆակուլտետների (ուսումնական ստորաբաժանման) ղեկավարները:

6. Ընդունող հանձնաժողովը, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) կարծիքի հաշվառմամբ, ուսումնասիրում և քննարկում է վերջինիս կողմից ներկայացրած մրցույթի հավակնորդների ցուցակները և ըստ մասնագիտությունների, բազային կրթության ընթացքում ուսումնասիրած դասընթացների ցանկի հաշվառմամբ, իրականացնում է մրցույթ:

Կազմակերպության ղեկավարը ընդունող հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա հրամանագրում է մրցութային հիմունքներով մագիստրատուրա ընդունված դիմորդներին:

 

III. Մագիստրատուրայի ընդունելությունը

 

7. Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ԼՂՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները կարող են ընդունվել պետական բուհերի մագիստրատուրա միայն վճարովի հիմունքներով:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:

8. Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է կազմակերպության ղեկավարի անունով՝ կցելով համապատասխան փաստաթղթեր՝

1) բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

2) ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3x 4 չափի),

3) հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),

4) կազմակերպության կողմից սահմանված այլ փաստաթղթեր:

9. Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է 2 փուլով:

1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների անցկացվում է ըստ ԼՂՀ կառավարության կողմից հաստատված պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար):

1- ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է ընթացիկ տարվա հունիսի 10-ից մինչև հունիսի 30-ը, որին կարող են մասնակցել միայն բակալավրիատի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները:

2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը, ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի):

10. Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

1) նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,

2) մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,

3) տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,

4) ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:

11. Կազմակերպությունը մրցույթով անցած մագիստրոսների հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդներին:

 

IV. Մագիստրատուրայում ուսուցումը

 

12. Մագիստրոսները կազմակերպության աշխատողների հետ հավասարապես օգտվում են գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, հանրակացարաններից և այլ հնարավորություններից:

13. Դիպլոմավորված մասնագետի ծրագրով բուհում ուսումնառությունն սկսած ուսանողը բանակ զորակոչվելուց կամ հարգելի պատճառով ուսումնառությունն ընդհատելուց հետո, եթե վերականգնվում է երկաստիճան կրթական համակարգում, հնարավորություն է ստանում սովորելու մագիստրատուրայում: Եթե մագիստրատուրան երկու տարով է, ապա բուհի ֆինանսավորման հաշվին ազատվում է մեկ տարվա ուսման վարձից:

14. Մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կամ կազմակերպության ավարտական փաստաթուղթ (մագիստրոսի դիպլոմ)՝ համապատասխան ներդիրով: