| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«05» մայիսի 2008թ.
Պետական գրանցման թիվ 882 |
ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«26» ապրիլի 2008թ. |
§1 թիվ 58Մ |
ք. Ստեփանակերտ
ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» ԼՂՀ օրենքի 3-րդ հոդվածի 26-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 14-րդ հոդվածի 7-րդ կետերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ ՝
1. Հաստատել «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Ընդհանուր բաժնին՝ սահմանված կարգով «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը» ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ս.Ասրյանին:
| |
Հավելված
Հաստատված է ԼՂՀ կրթության և գիտության
նախարարի 2008թ. ապրիլի 26-ի
թիվ 58/Մ §1 հրամանի |
Կ Ա Ր Գ
ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը մշակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 26-րդ, 12 հոդվածի 1-ին և 14-րդ հոդվածի 7-րդ կետերին համապատասխան:
2. Սույն կարգով կարգավորվում են ԼՂՀ հանրակրթական դպրոցի աշակերտների համար էքստեռն փոխադրական քննություններ, ինչպես նաև հիմնական /9-ամյա/ և միջնակարգ /11-ամյա/ կրթական ծրագրերին համապատասխան էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:
2. ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Հանրակրթական դպրոցի աշակերտների համար էքստեռն փոխադրական քննություններ /հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխություն/ կազմակերպվում է՝ ելնելով աշակերտի կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման փաստացի մակարդակից:
4. Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են բացառապես դպրոցների այն աշակերտների համար, ովքեր նախորդ դասարաններում ունեցել են գերազանց առաջադիմություն և ցուցաբերել են հատուկ օժտվածություն որևէ առարկայից:
5. Հանրակրթական դպրոցների 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտների համար էքստեռն փոխադրական քննությունների կազմակերպում չի թույլատրվում:
6. Աշակերտների համար Էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են հետևյալ ընթացակարգով.
ա/ երկրորդից ութերորդ դասարանների աշակերտների համար՝ մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 10-ը, իսկ առաջին դասարանի աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը, աշակերտի ծնողը, դասղեկը և երեքից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով.
բ/ երկրորդից ութերորդ դասարանների աշակերտների համար ներկայացված դիմումները մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 20-ը, իսկ առաջին դասարանի աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 15-ը, քննարկվում է դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում. մանկավարժական խորհուրդը քննարկման հիման վրա ընդունում է որոշում երաշխավորելու և նախարարությանը միջնորդելու աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու վերաբերյալ. մանկավարժական խորհրդի որոշումը դպրոցի տնօրենի կից գրությամբ, աշակերտի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերի հետ
միասին /եռօրյա ժամկետում/ ներկայացվում է նախարարություն և շրջվարչակազմի /Ստեփանակերտի քաղաքապետարանի/ կրթության բաժին.
գ/ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված երկրորդից ութերորդ դասարանների աշակերտները /անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից/ մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 30-ը, իսկ 1-ին դասարանի աշակերտների համար՝ մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 30-ը, կենտրոնացված կարգով հանձնում են փոխադրական քննություններ Ստեփանակերտ քաղաքում.
1-4-րդ դասարաններ - գիտելիքների ստուգում /հ.լեզու, մաթեմատիկա/,
5-8-րդ դասարաններ - քննություն /հ.լեզու, մաթեմատիկա/.
քննություններն անց են կացվում նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից. հանձնաժողովը նախագահում է ԼՂՀ կրթության և գիտության նախարարը.
քննություններն անց են կացվում նախարարության մասնագետների կողմից կազմված քննական առաջադրանքներով, ընտրված դպրոցում և հաստատված ժամանակացույցով` 1-ին դասարանում՝ տվյալ ուսումնական տարվա հունվարի 20-25-ը ժամանակահատվածում, իսկ 2-8-րդ դասարաններում՝ տվյալ ուսումնական տարվա հունիսի 20-25-ը ընկած ժամանակահատվածում.
դ/ տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած բոլոր առարկաների քննությունները /գիտելիքների ստուգումը/ անց է կացվում տվյալ դպրոցում` դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` 1-ին դասարանում տվյալ ուսումնական տարվա հունվարի 26-ից փետրվարի 15-ը, իսկ 2-8-րդ դասարաններում` օգոստոսի 15-30-ը ժամանակահատվածում. կենտրոնացված փոխադրական քննություններ անցկացնող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում աշակերտը իրավունք է ստանում մասնակցելու տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած առարկաների քննություններին.
ե/ 1-ին դասարանցիները փոխադրական քննությունները /գիտելիքների ստուգումը/ հանձնում են տվյալ դասարանի երկրորդ կիսամյակի և հաջորդ դասարանի առաջին կիսամյակի բոլոր ուսումնական առարկաների ծրագրային նյութից, իսկ 2-8-րդ դասարանի աշակերտները` հաջորդ դասարանի բոլոր ուսումնական առարկաների ծրագրային նյութից.
զ/ հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, օտար լեզու առարկաների քննություններն անց են կացվում գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները` ըստ մանկավարժական խորհրդի որոշման.
է/ դպրոցում կազմակերպվող փոխադրական քննություններին մասնակցում է շրջվարչակազմի /Ստեփանակերտի քաղաքապետարանի/ կրթության բաժնի ներկայացուցիչը:
7. Փոխադրական բոլոր քննություններից միայն «լավ» և «գերազանց» գնահատականներ ստանալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:
8. Դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա աշակերտին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և 3-օրյա ժամկետում տեղեկացնում շրջվարչակազմի /Ստեփանակերտի քաղաքապետարանի/ կրթության բաժին, վերջինս էլ՝ նախարարությանը:
9. Դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված աշակերտների գնահատականները համարվում են կիսամյակային /տարեկան/ ամփոփիչ գնահատականներ:
3. ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են հիմնական /9-ամյա/ և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան:
11. Էքստեռն ավարտական քննություններին կարող են մասնակցել և էքստեռն կարգով հիմնական և միջնակարգ կրթության ավարտական վկայական /ատեստատ/ ստանալ հանրակրթության համակարգից դուրս, ինքնակրթությամբ զբաղված անձինք:
12. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են ԼՂՀ շրջկենտրոններում և Ստեփանակերտ քաղաքում` ԼՂՀ ԿԳ նախարարության հրամանով Էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք վերապահված դպրոցներում: Դպրոցները ընտրվում են նախարարության կողմից կրթության շրջվարչակազմերի /Ստեփանակերտի քաղաքապետարանի/ կրթության բաժինների ներկայացմամբ:
13. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար Էքստեռն ավարտական քննություններ կազմակերպվում են միայն նախարարության թույլտվությամբ, համապատասխան դպրոցում:
14. Էքստեռն քննություններ հանձնել ցանկացողները տվյալ ուսումնական տարվա մարտի 1-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ, դիմում են Ստեփանակերտում և շրջկենտրոններում էքստեռն քննություններ ընդունելու իրավունք վերապահված դպրոցների տնօրեններին: Դիմումի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
ա/ 9-ամյա /հիմնական/ կրթության վկայական ստանալու համար.
անձը հաստատող փաստաթուղթ և նրա պատճենը,
տեղեկանք նախնական կրթության մասին,
բ/ /միջնակարգ / կրթության ատեստատ ստանալու համար.
- 9-ամյա կրթության վկայական /բնօրինակը/,
- անձը հաստատող փաստաթուղթ և նրա պատճենը:
Դիմորդների ցուցակները և ներկայացված փաստաթղթերը մինչև մայիսի 10-ը Էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք վերապահված դպրոցների տնօրենները ներկայացնում են շրջվարչակազմերի /Ստեփանակերտի քաղքապետարանի/ կրթության բաժին` փաստաթղթերի ուսումնասիրության և սահմանված կարգին համապատասխան քննություններին թույլատրելու համար: Շրջվարչակազմերի /Ստեփանակերտի քաղաքապետարանի/ կրթության բաժիններից ճշտված ցուցակները ներկայացնում են նախարարության ԿԳ վարչություն:
15. Էքստեռն քննություններ անց են կացվում մայիսի 20-ից հունիսի 20-ը` ըստ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցերի:
Ժամանակացույցով «Հայոց լեզու և Հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» /ռուսաց լեզու, անգլերեն լեզու, գերմաներեն լեզու, ֆրանսերեն լեզու/ առարկաների պետական քննությունները անցկացվում են հանրակրթական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա ավարտական քննությունների միասնական օրերին:
«Հայոց լեզու և Հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» /ռուսաց լեզու, անգլերեն լեզու, գերմաներեն լեզու, ֆրանսերեն լեզու/ առարկաներից քննություններն անցկացվում են նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից տրամադրված թեստերով:
11-րդ դասարանում հայոց պատմություն և բնագիտական /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն/ առարկաներից քննություններն անցկացվում են նախարարության կողմից հաստատված հարցատոմսերով: Մնացած առարկաների քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունելու իրավունք վերապահված դպրոցների առարկայական մեթոդխորհուրդները` առարկայական ծրագրերին համապատասխան:
16. Նախորդ տարում հանրակրթության համակարգից դուրս մնացած դրսեկների տարեկան և քննական դրական գնահատականները պահպանվում են: Այդ դրսեկները Էքստեռն ավարտական քննություններ են հանձնում միայն այն առարկաներից, որոնցից չեն գնահատվել կամ ունեցել են անբավարար գնահատականներ:
17. Նախորդ տարում Էքստեռն կարգով ավարտական քննություններ հանձնած դրսեկների ստացած քննական դրական գնահատականները պահպանվում են և նրանք քննություններ են հանձնում միայն այն առարկաներից, որոնցից քննություններ չեն հանձնել կամ ստացել են քննական անբավարար գնահատականներ:
18. Քննությունների հանձնաժողովները կազմում են Էքստեռն քննություններ ընդունելու իրավունք վերապահված դպրոցների տնօրենները` հետևյալ սկզբունքով.
ա/ 9-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի 2 անդամներ,
բ/ 11-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի 3 անդամներ,
գ/ յուրաքանչյուր հանձնաժողովի կազմում առնվազն մեկ անդամ ընդգրկվում է շրջանի /քաղաքի/ այլ դպրոցներից` շրջվարչակազմի /Ստեփանակերտի քաղաքապետարանի/ կրթության բաժնի ներկայացմամբ:
19. Բոլոր քննություններից դրական գնահատականներ ստացողներին քննությունները կազմակերպող դպրոցը սահմանված կարգով տալիս է հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական վկայական` «Էքստեռն» նշումով:
20. Էքստեռն կարգով ավարտողները գովասանագրով կամ մեդալով չեն պարգևատրվում:
21. Էքստեռն կարգով ավարտողներին տրված ավարտական վկայականները գրանցվում են վկայականների և ատեստատների բաշխման մատյաններում` «Էքստեռն» նշումով:
22. Գրանցման մատյանը, քննությունների ամփոփագրերը և քննական գրավոր աշխատանքները պահվում են քննությունները կազմակերպող դպրոցում: