Համարը 
ՀՕ-2-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.02.16/07(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.12.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.02.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից, իսկ սույն օրենքի 3-րդ հոդվածը` օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին վերաբերող մասով, ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի

դեկտեմբերի 29-ին

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (9 հունվարի 1999 թվականի, ՀՕ-46, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածում`

1) «ժ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆիզիկական անձանց անվամբ բացված նպատակային ժամկետային ավանդների համար հաշվեգրված և (կամ) վճարված տոկոսները կամ այլ հատուցումը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «իգ» կետ.

«իգ/ պետության կամ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև դրանում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարված գումարները:»:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 18.

Եկամտահարկի դրույքաչափերը

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում նշված դեպքերի, հարկային գործակալը հարկվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 5 տոկոս դրույքաչափով:

2. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում նշված դեպքերի, հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է տարեկան հարկվող եկամտի նկատմամբ 5 տոկոս դրույքաչափով:

3. Ռոյալթիների և գույքը վարձակալության տալու եկամուտներից, ինչպես նաև բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) 10 տոկոսը (սակայն ոչ ավելի, քան 500 մ2 մակերեսը), իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) 4 անհատական բնակելի տների քանակը (այսուհետ` չհարկվող շեմ) գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով՝ առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները: Ընդ որում` չհարկվող շեմը նշված չափով կիրառվում է բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի մակերեսի կամ բնակելի թաղամասերում (համալիրներում) անհատական բնակելի տների համար ընդամենը մեկ անգամ` անկախ շենքի տարբեր բնակարանների կամ անհատական բնակելի տների իրացման ժամկետներից և կառուցապատող և (կամ) փայատեր ֆիզիկական անձանց քանակից:

4. Տոկոսների համար եկամտահարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով, առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:

5. Հարկային գործակալը ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 5 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով միայն սույն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված նվազեցումները:»:

 

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21.

Հարկային գործակալի կողմից վճարված (վճարվող) եկամուտներից հարկի գումարը որոշելը

 

1. Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է հետևյալ չափերով.

ա) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու դեպքում կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար` 5 տոկոս դրույքաչափով` վճարված եկամտի գումարի նկատմամբ, առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի).

բ) մյուս բոլոր դեպքերում` սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից.

գ) սույն մասի «ա» կետում նշված դեպքում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարներն ազատվում են եկամտահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշվարկային փաստաթղթերով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարված ձեռքբերումների մասով հարկային մարմիններին սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասով) և այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է, իսկ չհիմնավորվելու դեպքում պարտավորությունն առաջանում է տեղեկությունը չհիմնավորված համարվելու վերաբերյալ հարկային մարմիններից գրավոր տեղեկատվության ստացման ամսում:

2. Հարկային գործակալը ֆիզիկական անձին յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից հարկը պահում (գանձում) է սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով` սույն օրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ հաշվարկի դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և հարկի հաշվարկ` ելնելով հարկային տարում հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարից և անձնական նվազեցման չափից:»:

 

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում ֆիզիկական անձանց եկամուտների վճարման, իսկ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում սահմանված դեպքում` պարտավորության առաջացման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից հաշվարկված հարկը հարկային գործակալը բյուջե է վճարում հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:»:

 

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «եկամտահարկի փաստացի գումարի» բառերից հետո լրացնել «և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը «եկամուտները» բառից հետո լրացնել «և ցանկացած այլ հիմքով ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասում «Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այդ թվում՝ գործատուն)» բառերը փոխարինել «Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները» բառերով, իսկ «վճարված» բառից հետո լրացնել «(աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկված)» բառերը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից, իսկ սույն օրենքի 3-րդ հոդվածը` օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին վերաբերող մասով, ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

5 փետրվարի 2009թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-2-Ն