Համարը 
N 74-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.05.21/09(66)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
04.05.2012
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
04.05.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.05.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.05.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«5» մայիսի 2012թ.

պետական գրանցման համարը 1051266 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«4» մայիսի 2012թ.

N 74-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ,

ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ

 ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ

 ՄԱՅԻՍԻ 4-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման և ավարտման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մայիսի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման և ավարտման կարգը հաստատելու մասին» N 80-Ն հրամանը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչությանը՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման։

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ս. Ասրյանին:

 

 

ՆԱԽԱՐԱՐ

 Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

 2012 թվականի մայիսի 4-ի N 74-Ն հրամանի  

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ

 ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` հաստատություն) սովորողների (այսուհետ` սովորողի) փոխադրման և ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման կազմակերպման, ինչպես նաև մեդալի հավակնորդ շրջանավարտին մեդալով պարգևատրման և ուսումնական տարվա ընթացքում 180 ժամ և ավելի բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման գործընթացի կազմակերպման հետ կապված իրավահարաբերությունները:

 

II. ՍՈՎՈՐՈՂԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ

 ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԸ

 

2. 1-ին դասարանում սովորողը, որպես կանոն, փոխադրվում է հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը`

1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի և հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ.

2) դասվարի հիմնավորված առաջարկության հիման վրա՝ հաստատության և ծնողի գրավոր համաձայնությամբ:

3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան:

4. 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան:

5. 9-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 2-րդ աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան 4-10 միավոր և ավարտական քննություններից 8-20 միավոր գնահատված սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական:

6. 12-րդ դասարանում (հաստատության հանրակրթական հիմնական ծրագրերի 3-րդ աստիճանի ավարտական դասարան) ուսումնական բոլոր առարկաներից տարեկան` 4-10 և պետական ավարտական քննություններից` 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:

7. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող շրջանավարտն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:

8. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում մինչև երկու առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողի փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում նրա հանձնած վերաքննությունների կամ առաջադրանքների արդյունքներով: Բոլոր տիպի առաջադրանքները մշակվում են հաստատության համապատասխան մեթոդմիավորման կողմից:

9. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը՝

1) կրկնում է դասընթացը կամ.

2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի 1-3 միավոր գնահատված առնվազն մեկ առարկայի քննությունը, իսկ երկրորդը` մինչև 2-րդ կիսամյակի ավարտը: Վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը կրկնում է վերը նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը՝ անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:

10. 11-րդ դասարանում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`

1) կրկնում է դասընթացը կամ.

2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի երկու 1-3 միավոր գնահատված առարկաների վերաքննությունները:

Վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը կրկնում է վերը նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը՝ անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:

11. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների սովորողները, ովքեր ուսումնական երեք և ավելի առարկաներից ունեն 1-3 միավոր տարեկան գնահատականներ, կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

12. 4-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան և (կամ) գիտելիքների ստուգումից 1-3 միավոր գնահատված սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

13. 16 տարին չլրացած 9-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե՝

1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր է գնահատվել.

2) ավարտական քննությունների ընթացքում 1-7 միավոր և տարեկան 1-3 միավոր գնահատականների ընդհանուր թիվը կազմում է երեք և ավելի.

3) վերաքնությունները հանձնելուց հետո թեկուզ մեկ առարկայից ստացել է 1-7 միավոր:

14. Սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերի 1-ին ենթակետերի և 11-13-րդ կետերի համաձայն` հանրակրթական ծրագիրը կրկնող սովորողի համար ուսուցում կազմակերպելու նպատակով հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագետների խումբ (այսուհետ՝ մասնագիտական խումբ):

Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին` հաստատության տնօրենը հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրեր և լրացուցիչ պարապմունքների ժամանակացույց:

15. Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ դասընթացը կրկնելու հաստատության մանկավարժական խորհրդի որոշման մասին սովորողի ծնողին տեղյակ է պահում դասղեկը` մանկավարժական խորհրդի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:

16. 16 տարին լրացած մինչև 19 տարեկան 9-րդ դասարանի սովորողը ծնողի (որդեգրողների կամ հոգաբարձուի) դիմումի հիման վրա կարող է թողնել հաստատությունը, եթե՝

1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր է գնահատվել և չի թույլատրվել մասնակցել ավարտական քննություններին.

2) ավարտական քննությունների արդյունքում 1-7 միավոր և տարեկան 1-3 միավոր գնահատականների ընդհանուր թիվը կազմում է երեք և ավելի.

3) վերաքննությունների հանձնման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել է 1-7 միավոր:

17. Մինչև 19 տարեկան 9-րդ դասարանի սովորողը, որի տարեկան 1-3 միավոր և (կամ) ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատականների ընդհանուր թիվը չի գերազանցում 2-ը, վերաքննությունները հանձնում է օգոստոսի 20-30-ը:

18. 19 տարին լրացած երեք և ավելի ուսումնական առարկաներից կամ վերաքննությունների հանձնման արդյունքում թեկուզ մեկ առարկայից տարեկան 1-3 և (կամ) քննական 1-7 միավոր գնահատականներ ունեցող 9-րդ և 12-րդ դասարանների սովորողը դուրս է մնում հաստատությունից:

19. Մինչև 19 տարեկան 12-րդ դասարանի այն սովորողը, որի տարեկան 1-3 միավոր և (կամ) ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատականների ընդհանուր թիվը չի գերազանցում երկուսը, վերաքննություն է հանձնում՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաներից հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի և շրջանների քննական կենտրոններում` Հայաստանի Հանրապետության գնահատման և թետավորման կենտրոնի քննական առաջադրանքներով, իսկ ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկայից(ներից)` իրենց հաստատությունում` հաստատության մեթոդմիավորման կողմից մշակված քննական առաջադրանքներով:

20. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանների այն սովորողները, ովքեր քննաշրջանի ավարտից հետո ունեն տարեկան 1-3 և (կամ) քննական 1-7 միավոր գնահատականներ, դուրս են մնում հաստատությունից.

1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված սովորողներն իրավունք ունեն քննություն (ներ) հանձնել և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալ.

ա. զորացրվելուց անմիջապես հետո նույն հաստատությունում, մինչև քննաշրջանի ավարտը.

բ. առնվազն մեկ տարի ծառայելուց հետո զորամասի հրամանատարության համաձայնությամբ՝ քննությունների համար սահմանված ժամկետներում, որևէ հաստատությունում.

2) մյուս սովորողներին իրավունք է վերապահվում միայն հաջորդ տարի նույն հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից, իսկ նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում` այդ բնակավայրի հաստատություններից մեկում:

21. 9-րդ և 12-րդ դասարանների քննական առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատական ունեցող սովորողների վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում տարեկան և քննական գնահատական նշանակելու համար:

«Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և «Երկրաչափություն» առարկաներից տարեկան գնահատականները նշանակվում են «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց լեզու, հայ գրականություն» և «Մաթեմատիկա» քննական առարկաների գնահատականների հիման վրա:

22. 12-րդ դասարանի այն սովորողը, ով որպես միասնական քննություն ընտրել է բնագիտական կամ օտար լեզուների առարկայախմբի առարկաներից երկուսը, «Ա» մակարդակից 8-20 միավոր գնահատական(ներ) ստանալու դեպքում, նրա ատեստատում լրացվում է սովորողի ընտրած գնահատականը: Երկու առարկայից վերաքննության դեպքում ատեստատում լրացվում է սովորողի ընտրած վերաքննության քննական գնահատականը:

23. Սույն կարգի 16-20-րդ կետերի պահանջներին համապատասխան քննություն չհանձնած սովորողներին հետագայում իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնելու էքստեռն ավարտական քննություններ և ստանալ հաստատության ավարտական վկայական:

24. 2-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում տարեկան 9-10 միավոր գնահատականներ ունեցող սովորողը պարգևատրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) գովասանագրով:

25. 9-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան 9-10 և քննական 18-20 միավոր գնահատված սովորողը ստանում է «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական: Որևէ առարկայից (բացի առողջության պատճառով «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաներից ազատված լինելու դեպքերը) չգնահատված հիմնական դպրոցի շրջանավարտը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում:

26. 12-րդ դասարանում տարեկան 9-10 միավոր գնահատականներ ունեցող շրջանավարտը հաստատության կողմից ներկայացվում է որպես գերազանցության մեդալի հավակնորդ` ըստ սույն կարգի 67-րդ և 68-րդ կետերի պահանջների:

27. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչներն ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները:

28. «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ հաստատությունն ավարտելու վրա:

 

III. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 180 ԺԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱՑԱԿԱՅԱԾ

ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ

ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

29. Ուսումնական տարվա ընթացքում 180-240 ժամ դասերից բացակայած սովորողը հանձնում է քննություններ ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից` ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ:

30. 240 ժամից ավել բացակայելու և քննություններից որևէ առարկայից (10 միավորային համակարգում) 1-3 միավոր գնահատվելու դեպքում` սովորողը, բացառությամբ 9-րդ դասարանի (16-19 տարեկան) և 12-րդ դասարանի (18-19 տարեկան), կրկնում է դասընթացը:

31. Ուսումնական տարվա ընթացքում 180-240 ժամ դասերից բացակայած 12-րդ դասարանի սովորողը քննություններ է հանձնում ուսումնական տարվա 1-ին կիսամյակում չգնահատված առարկաներից, իսկ 240 ժամից ավել բացակայելու դեպքում դուրս է մնում դպրոցից:

32. 240 ժամից ավելի հարգելի պատճառով բացակայած սովորողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) կողմից բացառության կարգով կարող է թույլատրվել հանձնել քննություններ 5 առարկաներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի աշխատակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) կրթության բաժինների (այսուհետ` կրթության բաժիններ) վարիչների պատճառաբանված ներկայացման հիման վրա:

33. Քննական առարկաների ցանկը քննարկվում և հաստատվում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստում, մինչև մայիսի 15-ը:

34. Քննություններն անց են կացվում մայիսի 16-ից մայիսի 25-ն ընկած ժամանակամիջոցում` գրավոր կամ բանավոր:

35. Քննական առաջադրանքները կազմում են առարկայական մեթոդմիավորումները` հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը (այսուհետ` տնօրեն): Քննություններն ընդունում են տվյալ առարկայի ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:

36. Քննությունների արդյունքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները: Ուսումնական պլանում նախատեսված մյուս առարկաների տարեկան գնահատականները նշանակվում են առկա գնահատականների հիման վրա: Եթե սովորողը որևէ առարկայից չունի ընթացիկ գնահատականներ, ապա նրա տարեկան գնահատականը այդ առարկայից որոշվում է լրացուցիչ քննության միջոցով` մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ժամանակացույցի և սույն կարգի համաձայն:

37. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից 15 օր առաջ:

 

IV. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

38. 4-րդ դասարանում սովորողների գիտելիքների ստուգումը անց է կացվում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից (գրավոր), հաստատության տնօրենի սահմանած աշխատակարգով, նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 1-5-ն ընկած ժամանակահատվածում:

39. Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում գիտելիքների ստուգում անց է կացվում նաև ռուսաց լեզվից (գրավոր)` հունիսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում: Քննություններն ընդունում են դասավանդող ուսուցիչները և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:

40. 4-րդ դասարանի համար հայոց լեզվի, մաթեմատիկայի (ռուսերենով ուսուցմամբ դասարաններում` ռուսաց լեզվի) գիտելիքների ստուգման առաջադրանքները (գնահատումը 10 միավորային համակարգով) կազմում են հաստատությունների մեթոդմիավորումները` ըստ Հայաստանի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հաստատված նմուշների:

41. 9-րդ դասարանում սահմանված են 6 ավարտական քննություններ՝

1) «Հայոց լեզու, գրականություն» (գրավոր).

2) «Մաթեմատիկա» (գրավոր).

3) «Հայոց պատմություն» (գրավոր).

4) «Օտար լեզու» (գրավոր), (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներ)` սովորողի ընտրությամբ.

5)«Բնագիտություն» (գրավոր), (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, Հայաստանի աշխարհագրություն)` սովորողի ընտրությամբ.

6) «Ֆիզկուլտուրա»:

42. Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում քննություններն անցկացվում են հետևյալ առարկաներից`

1) «Հայոց լեզու, գրականություն» (գրավոր).

2) «Ռուսաց լեզու» (գրավոր).

3) «Մաթեմատիկա» (գրավոր).

4) «Հայոց պատմություն» (գրավոր).

5) «Օտար լեզու» (գրավոր), (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներ)` սովորողի ընտրությամբ.

6)«Բնագիտություն» (գրավոր), (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն)` սովորողի ընտրությամբ.

7) «Ֆիզկուլտուրա»:

43. 9-րդ դասարանի «Մաթեմատիկա», «Հայոց լեզու, գրականություն» առարկաներից գրավոր ավարտական քննությունները (գնահատումը 20 միավորային համակարգով) կազմակերպվում են Նախարարության կողմից հաստատված քննական կենտրոնում` Հայաստանի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոնի կազմած թեստերով (բացառությամբ «Ֆիզկուլտուրա» առարկայից): «Ֆիզկուլտուրա» առարկայի քննությունը կազմակերպվում է Նախարարության հաստատած նորմատիվների հիման վրա:

44. Քննական առաջադրանքների ծրարները թույլատրվում է բացել քննության օրը` քննասենյակում: Քննական աշխատանքը ստուգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` գնահատման և թեստավորման կենտրոն) տնօրենի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենն է: Ստուգող հանձնաժողովի անդամների 50 տոկոսը տվյալ առարկայի մասնագետներ են:

45. 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» գրավոր, «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) գրավոր, «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, Հայաստանի աշխարհագրություն) և «Ֆիզկուլտուրա» առարկաների ավարտական քննությունները կազմակերպվում են հաստատություններում` Հայաստանի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոնի կազմած թեստերով, գնահատումը` 20 միավորային համակարգով (բացառությամբ «Ֆիզկուլտուրա» առարկայից): Քննական աշխատանքը ստուգվում է քննական կենտրոնի ղեկավարի (տնօրենի) հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե կենտրոնի տնօրենն է: Ստուգող հանձնաժողովի անդամների 50 տոկոսը տվյալ առարկայի մասնագետներ են:

46. Ավարտական քննություններին սովորողներին չի թույլատրվում իրենց հետ քննասենյակ բերել կապի միջոցներ, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց ձեռնարկներ:

47. Սահմանված ժամանակամիջոցում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն հանձնում են անավարտ վիճակում:

48. «Օտար լեզու», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաների ավարտական քննությունները կազմակերպելու համար տնօրենը նշանակում է քննության ընթացքի կազմակերպիչներ, որոնք չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:

49. 12-րդ դասարանում սահմանված են 6 պետական ավարտական քննություններ`

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր).

2) «Մաթեմատիկա» (գրավոր).

3) «Հայոց պատմություն» (գրավոր).

4) «Օտար լեզու» (գրավոր), (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներ)` սովորողի ընտրությամբ.

5) «Բնագիտություն» (գրավոր), (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն)` սովորողի ընտրությամբ.

6) «Ֆիզկուլտուրա»:

50. Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սահմանվում է ևս մեկ պետական ավարտական քննություն` «Ռուս գրականություն» (բանավոր), որն անցկացվում է հաստատության սահմանած օրը` հունիսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում (հաստատության մեթոդմիավորման կողմից մշակված հարցաշարի հիման վրա):

51. Բոլոր պետական ավարտական քննություններն անցկացվում են Նախարարության սահմանած միասնական օրերին:

52. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաների պետական ավարտական քննությունները կազմակերպվում և անցկացվում են նախարարի կողմից հաստատված քննական կենտրոններում. քննությունների ընթացքը կազմակերպում են գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից նշանակված կազմակերպիչները, ովքեր չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:

53.12-րդ դասարանի համար քննական առարկաների առաջադրանքները (գնահատումը 20 միավորային համակարգով՝ բացառությամբ ֆիզկուլտուրայի) կազմվում են Հայաստանի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Քննական առաջադրանքների ծրարները թույլատրվում է բացել քննության օրը` քննասենյակում:

54. «Ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական և պետական ավարտական քննություններն ընդունվում են հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից հետևյալ կազմով՝ հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ (անդամներից առնվազն մեկը տվյալ առարկայի մասնագետ): «Ֆիզկուլտուրա» առարկայի քննությունը կազմակերպվում է Նախարարության հաստատած նորմատիվների հիման վրա:

55. Պետական ավարտական քննություններին սովորողին չի թույլատրվում իրենց հետ քննասենյակ բերել կապի միջոցներ, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց ձեռնարկներ:

56. Սահմանված ժամանակամիջոցում գրավոր աշխատանքը չավարտած սովորողն այն հանձնում է անավարտ վիճակում:

57. 12-րդ դասարանում քննական աշխատանքները ստուգվում են գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով ստեղծված քննական հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 11:00-ից, Հայաստանի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Քննական հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենն է:

58. Քննական հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի մոտ:

59. Սովորողի բանավոր և ոչ կենտրոնացված համակարգով անցկացված քննության արդյունքները գնահատելիս, քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում, հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում`

1) 4-րդ դասարանում վճռորոշ է դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը.

2) 9-րդ և 12-րդ դասարաններում («Ֆիզկուլտուրա» և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում՝ «Ռուս գրականություն»)` հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը:

Նշանակված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը(ները) արձանագրության մեջ կարող է(են) կատարել հատուկ նշում:

60. 9-րդ և 12-րդ դասարանների այն սովորողները, ովքեր «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և (կամ) «Երկրաչափություն» առարկաներից, ունեն տարեկան 1-3 միավոր գնահատական, չեն մասնակցում «Մաթեմատիկայի» ավարտական, 12-րդ դասարանում` պետական ավարտական քննություներին:

61. 12-րդ դասարանի սովորողը վերաքննություն է հանձնում «Մաթեմատիկա» առարկայից հուլիսի 2-8-ը, իսկ 9-րդ դասարանի սովորողը` օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Վերաքննության արդյունքը հիմք է հանդիսանում հիմնական կրթության վկայականում` «Երկրաչափություն» ու «Հանրահաշիվ», միջնակարգ կրթության ատեստատում` «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից` տարեկան, «Մաթեմատիկա» առարկայից քննական գնահատական նշանակելու համար:

62. 9-րդ և 12-րդ դասարանների այն սովորողները, ովքեր «Հայոց լեզու» կամ «Գրականություն» («Հայ գրականություն») առարկաներից կամ երկուսից միաժամանակ ունեն տարեկան 1-3 միավոր գնահատականներ, չեն մասնակցում 9-րդ դասարանում «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական, 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» պետական ավարտական քննություներին:

63. 12-րդ դասարանի սովորողը տվյալ առարկայից վերաքննություն է հանձնում հուլիսի 2-8-ը, իսկ 9-րդ դասարանի սովորողը՝ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու, գրականություն» առարկայից քննական և միջնակարգ կրթության ատեստատում` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:

64. Եթե 9-րդ և 12-րդ դասարանի սովորողը «Հայոց լեզու» և «Գրականություն (հայ գրականություն)» առարկաները ուսումնասիրել է միայն վերջին երկու ուսումնական տարիների ընթացքում, ապա հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում գրվում է` «չի ուսումնասիրել» բառերը.

1) սովորողն իր ցանկությամբ կարող է ազատվել 9-րդ դասարանում` «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննություններից: Այդ դեպքում ավարտական փաստաթղթի համապատասխան տողում գրվում է «ազատված է».

2) սովորողն իր ցանկությամբ կարող է գնահատվել «Հայոց լեզու» և «Գրականություն (հայ գրականություն)» առարկաներից և հանձնել այդ առարկաներից համապատասխան քննությունները:

65. Հաստատությունների պետական ավարտական քննությունները կազմակերպելու և վերահսկելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է հանրապետական հանձնաժողով:

66. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող, սովորողները ազատվում են գիտելիքների ստուգումից (4-րդ դասարան), ավարտական (9-րդ դասարան) և պետական ավարտական (12-րդ դասարան) քննություններից, և նրանց տրվում է համապատասխանաբար հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ` առանց քննական գնահատականների:

 

V. ՈՒՍՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ

ՀԱՄԱՐ ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

 67. Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար մեդալի (այսուհետ` մեդալ) հավակնորդ ներկայացվում է այն շրջանավարտը, ով 9-րդ դասարանն ավարտել է գերազանցությամբ (ստացել է գերազանցության վկայական), 10-12-րդ դասարաններում բոլոր առարկաներից ունի տարեկան 9 կամ 10 միավոր գնահատականներ:

68. Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից (բացի առողջության պատճառով «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաներից ազատված լինելու դեպքերը) չգնահատված շրջանավարտը, անկախ չգնահատման պատճառներից, որպես մեդալի հավակնորդ չի ներկայացվում:

69. Մեդալի հավակնորդ շրջանավարտների նախնական ցուցակները մինչև ապրիլի 28-ը հաստատությունները ներկայացնում են կրթության բաժիններ: Նախարարության ենթակայության հաստատությունները նախնական ցուցակները մինչև ապրիլի 28-ը ներկայացնում են նախարարության կրթության և գիտության վարչություն.

1) մինչև մայիսի 3-ը համապատասխան կրթության բաժինները հաստատություններում ստուգում են ներկայացումների օրինականությունն ու հիմնավորվածությունը և ճշգրտված ցուցակները ներկայացնում Նախարարություն: Մայիս ամսվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, Նախարարությունը ուսումնասիրում է մեդալի հավակնորդների ներկայացման հավաստիությունը.

2) Նախարարությունը մինչև մայիսի 25-ը կրթության բաժիններ է ներկայացնում մեդալի հավակնորդների վերջնական ցուցակները, որոնցում ընդգրկվում են նաև Նախարարության ենթակայության հաստատությունների մեդալի հավակնորդ շրջանավարտները:

 

VI. ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

 

70. Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտները (անկախ հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից) «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաների պետական ավարտական քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով.

1) մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, որոնց համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաները համարվում են բուհական ընդունելության մրցութային քննություն, քննություն են հանձնում միասնական համակարգով (պետական ավարտական քննության միավորները հաշվարկվում են «Ա» մակարդակի առաջադրանքների հիման վրա, իսկ ոչ մրցութային համարվելու դեպքում` կենտրոնացված համակարգով հանձնված պետական քննական առարկայի գնահատականը).

2) քննություններն անց են կացվում Ստեփանակերտ քաղաքում Նախարարության կողմից նախապես որոշված քննական կենտրոնում`

ա. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հունիսի 6-ին.

բ. «Մաթեմատիկա» առարկայից հունիսի 9-ին:

71. Մեդալի հավակնորդ շրջանավարտի, ինչպես և հաստատության մյուս շրջանավարտների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնական են:

72. Մեդալի հավակնորդ շրջանավարտները «Հայոց պատմություն», «Բնագիտություն» և «Օտար լեզու» առարկաների պետական ավարտական քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով, տվյալ հաստատությունն ընդգրկող քննական կենտրոնում, իսկ «Ֆիզկուլտուրա» առարկայի քննությունը հանձնում են հաստատությունում:

73. Մինչև հունիսի 25-ը հաստատությունը կրթության բաժիններ է ներկայացնում սահմանված ձևի տեղեկանք մյուս չորս առարկաներից մեդալի հավակնորդ շրջանավարտի հանձնած պետական քննությունների արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են կրթության բաժիններում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում Նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչություն: Նախարարության ենթակայության հաստատությունները սույն կետով նախատեսված տեղեկանքը նույն ժամկետում ներկայացնում են Նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչություն:

74. Մեդալի հավակնորդ այն շրջանավարտը, ով բոլոր ավարտական քննություններից ստացել է 18, 19, 20 միավոր (գնահատման 20 միավորային համակարգում) կամ 9, 10 միավոր (10 միավորային համակարգում), պարգևատրվում է մեդալով: