Համարը 
N 240-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.15/23(337)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
07.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.12.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՁՎԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

7 դեկտեմբերի 2017թ.

N 240-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՁՎԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 7-ի N 240-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՁՎԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սննդում օգտագործվող հավի, հնդկահավի, լորի, ջայլամի և խայտահավի ձվերի (այսուհետ` ձու) գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում (այսուհետ` շուկա) իրացման փուլերում իրականացվող անասնաբուժասանիտարական փորձաքննության հետ կապված հարաբերությունները:

2. Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարում են «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» գործունեության լիցենզիա ստացած ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը:

3. Շուկաներում իրացման համար նախատեսված ձվերը ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության:

4. Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված ձու իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

5. Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը շուկաներում՝ ապահովում են ձու իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը:

6. Շուկաներում իրացման համար նախատեսված ձուն անասնաբուժասանիտարական փորձաքննության է ներկայացվում անասնաբուժական ծառայության կողմից տրված անասնաբուժական վկայականով, իսկ շրջանի տարածքում ձու իրացնելու դեպքում՝ անասնաբուժական տեղեկանքով, որոնցով հաստատվում է տվյալ խմբաքանակի՝ թռչունների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տարածքներից ստացումը:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) ձվի արտաքին զննում` կենդանական ծագում ունեցող մթերքի որակի ակնադիտորեն որոշում.

2) ձվի պարունակության հետազոտում` ձվի ներքին կառուցվածքի որոշում և փոփոխությունների հայտնաբերում.

3) օվոսկոպիա՝ ձվի պարունակության որակի ստուգում:

 

III. ՁՎԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացվում է արտաքին զննման և օվոսկոպիայի միջոցով, իսկ կասկածելի դեպքերում հետազոտվում է ձվի պարունակությունը:

9. Ձվի արտաքին զննմամբ հայտնաբերվում են աղտոտվածությունը, երեսանց կտրվածքը (փոքր ճեղք), տրորված կողքը (կճեպի վնասվածք՝ ենթակճեպային թաղանթների ամբողջականության դեպքում), հոսքը (ենթակճեպային թաղանթի և կճեպի վնասվածքով ձու):

10. Ձվի արտաքին զննման արդյունքում որակյալ է համարվում մաքուր, ամբողջական, առանց կողմնակի հոտի, բնական գույնով (սպիտակ, դարչնագույն, բաց դեղնավուն, խայտահավերինը` խայտաբղետ և այլն) ձուն:

11. Օվոսկոպիայով ստուգվում է ձվի պարունակությունը՝ լուսադիտման եղանակով, հատուկ սարքով (օվոսկոպ): Ձուն տեղադրվում է օվոսկոպի անցքում և, պտտելով երկար առանցքի շուրջ, դիտվում ներքին կառուցվածքն ու փոփոխությունների առկայությունը:

12. Օվոսկոպիայով հայտնաբերվում են անզեն աչքով անտեսանելի մանր ճեղքվածքները, ցամաքեցումը, սպիտակուցի ու դեղնուցի վիճակը և այլ թերությունների առկայությունը:

13. Օվոսկոպիայի արդյունքում որակյալ է համարվում առանց սույն կարգի 12-րդ կետում նախատեսված թերությունների, մինչև 9 միլիմետր օդային խցիկով ձուն:

14. Ձվի պարունակության հետազոտմամբ ստուգվում է կոտրված ձվի պարունակությունը:

15. Ձվի պարունակության հետազոտմամբ որոշվում է ձվի ներքին կառուցվածքը, և հայտնաբերվում են առկա փոփոխությունները:

16. Ձվի պարունակության հետազոտման արդյունքում որակյալ է համարվում մաքուր, մածուցիկ, լավ արտահայտված խիտ շերտով (թույլատրվում է թուլացված), առանց պղտորության, սպիտակ կամ թեթևակի կանաչավուն երանգով, մաքուր դեղնուցով, մածուցիկ, հավասարաչափ դեղին կամ նարնջագույն ներկված, առանց կողմնակի հոտերի, առանց զարգացման նշանների սաղմ ունեցող ձուն:

17. Ձվերը, կախված որակից, դասվում են սննդային լիարժեք, սննդային ոչ լիարժեք և տեխնիկական խոտան ունեցող խմբերի:

18. Սննդային լիարժեք է համարվում թարմ, որակյալ, մաքուր, ամբողջական կճեպով, մինչև 9 միլիմետր օդային խցիկի բարձրությամբ, թանձր, լուսանցվող սպիտակուցով (թույլատրելի է թուլացված լուսանցում), ամուր, քիչ տեսանելի, կենտրոնական դիրք (թույլատրելի է տեղաշարժում) զբաղեցնող դեղնուցով ձուն:

19. Սննդային ոչ լիարժեք է համարվում չորացուկով (առանց բորբոսի՝ կճեպին չորանալով կպչող դեղնուցով), խառնված (դեղնուցի և սպիտակուցի մասնակի խառնակազմ), փոքր բծով` կճեպի ընդհանուր մակերևույթի մեկ հինգերորդից ոչ ավելի կճեպի տակ մեկ կամ մի քանի անշարժ բծերի առկայությամբ, կողմնակի, արագ անհետացող հոտով ձուն:

20. Տեխնիկական խոտան ունեցող է համարվում մեծ բծով՝ կճեպի ամբողջ մակերեսի մեկ հինգերորդ ընդհանուր չափից ավելի կճեպի տակ մեկ կամ մի քանի անշարժ բծերի առկայությամբ, պղտոր (տամուկ)՝ անթափանց, նեխած պարունակությամբ, սպիտակուցի և դեղնուցի ամբողջական միախառնմամբ (կրասյուկ), արյունաբիծ, բորբոսի հոտ կլանած կամ բորբոսնած մակերես ունեցող կճեպով, միրաժային՝ ինկուբատորից հանված, չբեղմնավորված ձուն:

21. Շուկաներում իրացման համար թույլատրվում է սննդային լիարժեք ձուն:

22. Սննդային ոչ լիարժեք ձուն վաճառքի չի թույլատրվում, սակայն կարող է օգտագործվել հացաբուլկեղենի, հրուշակեղենի և այլ արտադրություններում, բարձր ջերմային մշակմամբ արտադրանքի պատրաստման համար:

23. Ձվի պարունակության հետազոտման համար ձվի նմուշները վերցվում են ապրանքախմբի յուրաքանչյուր միավորից՝ հետևյալ քանակներով՝ մինչև 360 հատ ձվի դեպքում՝ մեկ հատ ձու, 360 հատ ձվից ավելի և յուրաքանչյուր 360 հատ ձվի խմբաքանակ կազմող ձվերի դեպքում՝ ևս մեկական ձու: Նմուշներ վերցնելիս` կազմվում է արձանագրություն, որում նշվում են նմուշներ վերցնելու նպատակը, նմուշների քանակը և ձվի տեսակը: Արձանագրությունը կազմվում է երեք օրինակից, որոնք ստորագրվում են նաև իրացնող անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, և մեկ օրինակը տրվում է նրան:

24. Նմուշները հետազոտվում են վերցնելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Մինչև հետազոտության արդյունքների ստացումը` իրացման համար նախատեսված ձուն պահվում է մեկուսացված` անհրաժեշտ պայմաններում, ոչ ավելի, քան +4 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանից մինչև +8 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում: Ձվի անասնաբուժասանիտարական պիտանիության անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին եզրակացությունը տրվում է հետազոտության ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում:

25. Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա տրվում է ձվի անասնաբուժասանիտարական պիտանիության անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին եզրակացություն, որը կազմվում է երկու օրինակից, և մեկ օրինակը տրվում է իրացնողին: Անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին եզրակացության ձևը հաստատում է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին):

26. Դրական եզրակացության արդյունքում անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի (սննդային լիարժեք) ճանաչված ձվի իրացման համար տրվում է անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանիությունը հաստատող պիտակ, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը:

27. Անասնաբուժասանիտարական փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա անասնաբուժասանիտարական տեսակետից պայմանական պիտանի (սննդային ոչ լիարժեք) ձվերն օգտագործվում են սույն կարգի 22-րդ կետին համապատասխան, ոչ պիտանի (տեխնիկական խոտան) ճանաչվելու դեպքում դրանք ոչնչացվում կամ ուղարկվում են վերամշակման` կերային ալյուրի ստացման համար, անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին եզրակացության մեջ նշելով եղանակները, և դրա մասին տեղում, տիրոջ ներկայությամբ, սահմանված կարգով կազմվում է ակտ:

28. Նույն օրը չիրացված ձուն, որը չի պահպանվել համապատասխան պայմաններում, հաջորդ օրը` վաճառքից առաջ ենթարկվում է կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության:

29. Տեխնիկական խոտան ճանաչված ձուն ենթակա է ոչնչացման՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանված կարգի համաձայն:

30. Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքները գրանցվում են անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների գրանցամատյանում, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ