Համարը 
N 259-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.15/23(337)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.12.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2017թ.

N 259-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագիրը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N 63 և 2005 թվականի դեկտեմբերի 20-ի N 558 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, 2004 թվականի հունիսի 22-ի N 243 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 958-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N 63 և 2005 թվականի դեկտեմբերի 20-ի N 558 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, 2004 թվականի հունիսի 22-ի N 243 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին».

2) որոշման 1-ին ու 2-րդ կետերում և 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածի վերնագրում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.

3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 259-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 958-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որն իրականացնում է սննդամթերքի անվտանգության, համապատասխանության գնահատման, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:

2. Ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի երկրագործության պետական տեսչության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժական և անասնապահական պետական տեսչության իրավահաջորդն է:

3. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով։

4. Ծառայության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

5. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

6. Ծառայությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Ծառայությունը կազմված է ծառայության պետից, պետի տեղակալ(ներ)ից, ծառայության աշխատակազմից, ինչպես նաև ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ծառայությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման (կառավարման) իրավասությունը:

8. Ծառայության անվանումն է`

հայերեն լրիվ անվանումը` Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն,

ռուսերեն լրիվ անվանումը` Государственная служба безопасности пищевых продуктов министерства сельского хозяйства Республики Арцах,

անգլերեն լրիվ անվանումը` State service fօr fօօd safety օf tհe Ministry օf Agricսltսre օf the Artsakh Republic,

հայերեն կրճատ անվանումը` ԱՀԳՆ ՍԱՊԾ,

ռուսերեն կրճատ անվանումը` ГСБПП МСХРА,

անգլերեն կրճատ անվանումը` SSFS MAAR:

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Ծառայության նպատակներն ու խնդիրները սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումն է, որը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա`

1) սպառողների առողջության համար սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանության նպատակով սննդի շղթան (արտադրությունից մինչև սպառումը) որպես մեկ միասնական ամբողջություն դիտարկելն է («ֆերմայից մինչև պատառաքաղ» կամ «դաշտից մինչև սեղան» սկզբունքը).

2) սննդամթերքի արտադրության և շրջանառության կամ սննդի շղթայի փուլերում պետական վերահսկողության ապահովումը հետագծելիության սկզբունքի կիրառմամբ.

3) սննդամթերքի անվտանգության գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա որոշումների ընդունումը («ռիսկերի վերլուծության» սկզբունքը).

4) սննդամթերքի անվտանգության համակարգի գործունեության վերաբերյալ հանրությանը հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը («թափանցիկության և շահառուների ներգրավման» սկզբունքը).

5) սննդամթերքի անվտանգության ապահովման համար սննդի շղթայի բոլոր փուլերում գործառնություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ (ներառյալ անասնակեր և առաջնային գյուղատնտեսական մթերք արտադրողները, վերամշակողները, իրացնողները) օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը («տնտեսավարող սուբյեկտների պատասխանատվության» սկզբունքը).

6) սպառողների առողջությանն սպառնացող վտանգի հավանականության առկայության դեպքում, երբ վտանգի լիարժեք գնահատման համար գիտական հիմքերը բավարար չեն կամ անորոշ են, ռիսկերի կառավարման նախազգուշական միջոցների կիրառումը («նախազգուշացման» սկզբունքը).

7) սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարիայի ոլորտներում պետական հսկողության իրականացման միջազգային լավագույն փորձի, գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրման ապահովումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը («արդիականացման և առաջընթացի» սկզբունքը).

8) պետական հսկողության ապահովումը սննդամթերքի անվտանգության, անասնահամաճարակային, բուսասանիտարական իրավիճակի, սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների, բույսերի, բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների գնահատման և կանխորոշման հիման վրա («գնահատման և կանխորոշման» սկզբունքը).

9) սննդամթերքի, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետությանը և հանրությանը սպառնացող վտանգների հայտնաբերում, ներթափանցման և տարածման կանխում ու վերացում («արագ արձագանքման» սկզբունքը):

 

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Ծառայությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համար նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ.

2) մշակում և իրականացնում է սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության բնագավառներում ծրագրեր, համագործակցում է միջազգային համապատասխան կառույցների հետ.

3) վերահսկողություն է իրականացնում ներմուծվող, տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների` արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական փաստաթղթերի համապատասխանության նկատմամբ.

4) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացների, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ.

5) Արցախի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար մոնիթորինգ` մշտադիտարկում է անցկացնում, իրականացնում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, այլ ծառայությունների կողմից կատարվող վնասակար օրգանիզմների մոնիթորինգի անցկացման նկատմամբ վերահսկողություն, արդյունքների հիման վրա որոշում է կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանները.

6) վերլուծում է գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.

7) բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա հաստատում է Արցախի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը.

8) վերահսկողություն է իրականացնում Արցախի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման, իրացման, օգտագործման բացառման, ագրարային կանոնների խախտմամբ կատարվող աշխատանքների նկատմամբ.

9) վերահսկողություն է իրականացնում իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացման նկատմամբ.

10) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման թույլտվություն և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրեր.

11) վերահսկողություն է իրականացնում հողերի մշակության, բույսերի և բուսական արտադրանքի արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, օգտագործման գործընթացներում բուսասանիտարական ստուգման և վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի միջոցառումների անցկացման նկատմամբ.

12) ներմուծվող բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցում է արտահանող երկրի բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, բույսերի պաշտպանության միջազգային կազմակերպություններին և Արցախի Հանրապետության բոլոր սահմանային հսկիչ կետերին.

13) իրականացնում (վարում) է բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող և արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական բուսասանիտարական հաշվառումը (ռեգիստրը), մուտքագրում և պահպանում է վնասակար օրգանիզմների հայտնաբերման տեղեկատվական համակարգերը (տվյալների բազաները).

14) վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության և կարանտինի միջոցառումների նկատմամբ, մոնիթորինգի իրականացման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման արդյունքում պլանավորում է վնասատուների դեմ պայքարի միջոցառումները.

15) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքում, կենդանական ծագման հումքում, կերերում, կերային հավելումներում, կերային խառնուրդներում, բուսական արտադրանքում անասնաբուժական դեղամիջոցների, աղտոտիչների, պեստիցիդների հայտնաբերման և դրանց մնացորդային քանակությունների նկատմամբ.

16) տրամադրում է կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ խորհրդատվություն, իր լիազորությունների սահմաններում մասնակցում է անասնապահական շինությունների շինարարության թույլտվության տրամադրման գործընթացին, վերահսկողություն է իրականացնում կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների զոոհիգիենիկ և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանման նկատմամբ.

17) վերահսկողություն է իրականացնում հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական միջոցների, անասնաբուժական դեղամիջոցների և այլ պարագաների ու նյութերի ձեռքբերման, ներմուծման, պահպանման, բաշխման, օգտագործման, իրացման վաճառքի (գործընթացների) նկատմամբ.

18) վերահսկողություն է իրականացնում անասնաբուժական գործունեության, հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի համալիր անասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական միջոցառումների, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, արհեստական սերմնավորման, բոնիտավորման, տոհմային գործի, տոհմանյութի արտադրության, կենդանիների սպանդի նկատմամբ, այդ գործընթացում համագործակցում է պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ.

19) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում կամ արգելում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, կենդանական ծագման մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծումը, արտահանումը, արտադրությունը, պահպանումը, վերամշակումը, իրացումը, վաճառքը, կենդանիների սպանդ իրականացնող անձանց գործունեությունը, տեխնոլոգիական սարքավորումների օգտագործումը, շահագործումը և տեխնոլոգիական գործընթացները, այդ թվում` սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով սահմանված պահանջների խախտումների դեպքերում, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի և համապատասխանության բնագավառի օրենսդրության բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով սահմանում է պարտադիր կատարման հանձնարարականներ, առաջադրանքներ, արձակում է արտադրանքի իրացման կասեցման կամ արգելման, խախտումների վերացման կարգադրագրեր, օրենքով սահմանված կարգով նշանակում է վարչական տույժեր և տուգանքներ.

20) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների սննդային թունավորումների հայտնաբերման դեպքում տեղեկացնում է պետական սանիտարահիգիենիկ վերահսկողություն իրականացնող մարմնին, կազմակերպում և իրականացում է համատեղ միջոցառումներ.

21) կազմակերպում և իրականացում է օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների` Արցախի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ, այդ ուղղությամբ համագործակցում է պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ.

22) վերահսկողություն է իրականացնում կենդանիների, սննդամթերքի կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ներքին փոխադրումների, արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, իրացման գործընթացների նկատմամբ.

23) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտադրության, ինչպես նաև իրացման փուլում գենետիկորեն փոփոխված օրգանիզմների (ԳՓՕ-ի) նկատմամբ.

24) աջակցում է սննդամթերքի արտադրության բնագավառում վտանգի աղբյուրի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրմանը, վերահսկողություն է իրականացնում ներդրված համակարգի նկատմամբ.

25) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի, ինչպես նաև կենդանիների դիակների վնասազերծման, ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների նկատմամբ.

26) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի, համապատասխանության գնահատման բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստանում է համապատասխան տեղեկատվություն, հաշվետվություններ, սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է վերլուծություն, ստուգում արձանագրված տվյալների հավաստիությունը.

27) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական ուղեկցող, լաբորատոր հետազոտությունները հավաստող փաստաթղթեր տալու, հաշվառելու և օգտագործելու գործընթացների նկատմամբ.

28) վերահսկողություն է իրականացնում սննդի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում սննդամթերքի անվտանգությանն առնչվող նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ.

29) չափագիտական վերահսկողություն է իրականացնում փաթեթավորված, չափածրարված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ապրանքների նկատմամբ.

30) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կերերի, լրացակերերի, կերային հավելումների, կերային խառնուրդների ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման և իրացման գործընթացներում մակնշմանը, համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ.

31) վերահսկողություն է իրականացնում բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների որակին, անվտանգությանը, համապատասխանությանը ներկայացվող պահանջների նկատմամբ` ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման և իրացման գործընթացներում.

32) ընդունում է սննդի արտադրության և գյուղատնտեսության օբյեկտների, սարքավորումների, տեխնոլոգիական գործընթացները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումներ` մինչև սանիտարական նորմերի ու կանոնների, հիգիենիկ նորմատիվների և հակահամաճարակային ռեժիմների արձանագրված խախտումները վերացնելը.

33) մարդու առողջության վրա սննդային հավելումների վնասակար ազդեցության վտանգի դեպքում ժամանակավորապես արգելում է սննդամթերքի մշակման և արտադրության ոլորտում սննդային հավելումների կիրառումը, գյուղատնտեսական բույսերի ու կենդանիների աճի համար խթանիչների օգտագործումը՝ մինչև մշակողի կամ արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ստանալը.

34) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների որակի և անվտանգության, աղտոտումից պաշտպանության, կենդանիների առողջության պահպանման համար ոլորտի սանիտարական և անասնաբուժական կանոններին, հիգիենիկ նորմերին սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերի, կերային խառնուրդի, կերային հավելման, կենդանիների, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, անասնաբուժական դեղամիջոցների և բույսերի պաշտպանության միջոցների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների համապատասխանության նկատմամբ.

35) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերի համար նախատեսված տարածքների կառուցման, կահավորման, վերանորոգման` նորմատիվ իրավական ակտերով սահմանված տվյալ սննդամթերքին ներկայացվող պահանջներին համապատասխանության նկատմամբ.

36) ընդունում է սննդի արտադրության և գյուղատնտեսության մեջ հումքի նոր տեսակների կիրառումն ու իրացումը կասեցնելու մասին որոշում, այն դեպքում, երբ դրանք փորձաքննության արդյունքով մարդկանց կյանքի և առողջության համար ճանաչվել են վտանգավոր.

37) Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով իրականացնում է ստուգումներ, ամփոփում և վերլուծում է ստուգումների ընթացքում արձանագրված արդյունքները.

38) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում վարում է վարչական վարույթները, ընդունում համապատասխան որոշումներ և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում պատասխանատվության միջոցներ.

39) իրականացնում է վերահսկողություն նախատեսված ստուգումների ժամանակ հսկող տեսուչների իրականացված աշխատանքների նկատմամբ.

40) իր իրավասության սահմաններում ընդունում է օրենքով սահմանված կարգով գերատեսչական իրավական ակտեր.

41) համագործակցում է սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ և ապահովում տեղեկատվության փոխանակումը.

42) իրականացնում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանիների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական ծագման արտադրանքի, կարգավորվող առարկաների, արտադրության, պահպանման, վերամշակման, իրացման (վաճառքի), անասնաբուժական դեղամիջոցների և բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման, իրացման (վաճառքի) գործընթացների մշտադիտարկում, ուսումնասիրություն և իրավիճակի վերլուծություն.

43) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Ծառայությունը կառավարում է ծառայության պետը (այսուհետ` պետ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը` Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:

12. Պետն ունի տեղակալ(ներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` պետի ներկայացմամբ:

13. Պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

14. Պետն իրականացնում է ծառայությանը վերապահված խնդիրներն ու գործառույթներն ու պատասխանատու է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերահսկողության քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

15. Պետը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին, Արցախի Հանրապետության կառավարությանը և նախարարին:

16. Պետը`

1) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է ծառայության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` նախարարի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարություն.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) հաստատում է ծառայության հաստիքացուցակը.

6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

7) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

8) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է պետի տեղակալ(ներ)ի, ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող ծառայության աշխատակազմի ղեկավարի, ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների հրամանները, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների որոշումները, կարգադրությունները և կարգադրագրերը.

10) լսում և քննում է Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվելիք ծառայության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների ու տարեկան հաշվեկշռի գործունեության ստուգման արդյունքները: Ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականն ու ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները, աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը ներկայացնում է նախարարին, որը լսում և իր առաջարկությունների հետ միաժամանակ ներկայացնում է Արցախի Հանրապետության կառավարություն.

11) իրականացնում է վերահսկողություն ծառայության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

12) նախարարի միջոցով Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

13) նախարարի միջոցով Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատողների թիվը.

14) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

15) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.

16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

17) վերադասության կարգով քննում և լուծում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ բերված (տրված) գանգատները և բողոքները.

18) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

17. Պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալը (տեղակալներից մեկը):

18. Պետի տեղակալը`

1) համակարգում է ծառայության համակարգի աշխատանքները.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է ծառայության գործունեությունը` ծառայության իրեն հանձնարարված ոլորտում վերահսկողության քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` ծառայության աշխատակազմի կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) ծառայության նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է ծառայության համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.

4) պետի հանձնարարությամբ իրականացնում է պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում ծառայության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների իրականացման ընթացքի մասին.

9) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում պետի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում պետին.

10) պետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.

11) պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

19. Պետը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

20. Ծառայության աշխատակազմի նպատակը և խնդիրը ծառայությանը` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ծառայության մասնակցության ապահովումն է:

21. Ծառայության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

22. Ծառայության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

23. Ծառայության աշխատակազմն իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

24. Ծառայության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

25. Ծառայության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ։

26. Ծառայության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Ծառայության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

27. Ծառայության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Ծառայության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև ծառայության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

28. Ծառայության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:

29. Ծառայության աշխատակազմի անվանումն է «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

30. Ծառայության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Թումանյանի 115:

 

VI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

31. Ծառայության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից ծառայության աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և ծառայության աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

32. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու ծառայության աշխատակազմին հանձնված գույքը:

33. Ծառայության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով` իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

34. Արցախի Հանրապետության կառավարության կողմից ծառայության աշխատակազմին հանձնված գույքը ենթակա է հաշվառման՝ կառավարության սահմանած կարգով:

 

VII. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

35. Ծառայության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները:

36. Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է պետը:

37. Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

VIII. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

38. Ծառայության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունը, նախարարը և պետը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Ծառայության աշխատակազմը ղեկավարում է ծառայության աշխատակազմի ղեկավարը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

39. Արցախի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է ծառայության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է ծառայության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է ծառայության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

40. Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, ծառայության պետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է ծառայության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության և պետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

41. Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Ծառայության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

42. Ծառայության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի, պետի` Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

43. Ծառայության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը` պետի հրամանով:

44. Ծառայության աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է ծառայության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

6) պետի հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է ծառայության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

7) պետին է ներկայացնում առաջարկություններ ծառայության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

8) կազմակերպում է ծառայության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

9) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

10) կազմակերպում է ծառայությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է ծառայության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) պետի ստորագրմանն է ներկայացնում պետի հրամանները.

13) ապահովում է համագործակցությունը Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է ծառայության գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

45. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է ծառայության աշխատակազմի ֆինանսահաշվապահական ծառայությունները, գործում է ծառայության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

46. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, ծառայության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

47. Ծառայության աշխատակազմը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

48. Ծառայության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

49. Ծառայության աուդիտորի պարտականությունները կարող են իրականացվել Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի աուդիտորի կողմից:

 

X. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

50. Ծառայության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ