ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
29 դեկտեմբերի 2017թ. |
N 367-Ն |
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 705-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով, «Իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով և Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի N 49-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ կետին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կանոնադրությունը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 25-ի N 12-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 705-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կառավարության 2017 թվականի
դեկտեմբերի 29-ի N 367-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ:
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, որը, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են` պետական մարմինների կողմից Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական կարգապահության ապահովման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև նախարարության ներքին հսկողության գործառույթների իրականացումը: Նշված հսկողությունն իրականացնելու համար տեսչությունն ապահովում է պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Արցախի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված միջոցների, ինչպես նաև համայնքների՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված բյուջետային միջոցների նկատմամբ ֆինանսական, այդ թվում՝ ստուգումների միջոցով անհրաժեշտ վերահսկողության կազմակերպումը, իրականացումը և դրանցից բխող համապատասխան առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև նախաքննության մարմինների ու դատարանի որոշումներով համապատասխան վերստուգումների կատարումը:
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Արցախի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ հսկողության իրականացումը.
2) բյուջետային եկամուտների հաշվարկման և գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների ու լիազորված իրավաբանական անձանց կողմից Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ հսկողության իրականացումը` բացառելով դրա շրջանակներում հարկեր, տուրքեր, պարտադիր այլ վճարներ, վարձակալական վճարներ, տոկոսներ ու վարչական տուգանքներ վճարողների և հարկային գործակալների մոտ ստուգումները.
3) պետական և տարածքային կառավարման մարմինների ու համայնքների կողմից Արցախի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը.
4) պետական մարմինների կողմից Արցախի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրվող հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման ուղղությամբ հսկողության իրականացումը, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերստուգումների (աուդիտ) կամ ստուգումների իրականացումը.
5) պետական կառավարչական հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման վերաբերյալ Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.
6) Արցախի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառման և դրա հետ կապված գործառույթների ճշտության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
7) ծրագրի իրականացման գրասենյակների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների իրականացումը, ծախսերի նախահաշվի, գնումների պլանի պահպանման, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում պետական միջոցների նպատակային օգտագործման ու հաշվառման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան դատարանի որոշումներով նշանակված ստուգումների (վերստուգումների) կատարումը.
9) օրենքով Արցախի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում՝ համայնքներում ֆինանսական ստուգումների իրականացումը, տեղական ինքնակառավարման մարմիններին Արցախի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության պարզումը.
10) պետական սեփականություն հանդիսացող՝ բաժնեմաս ունեցող ընկերություններում Արցախի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին համապատասխանող շահութաբաժինների ճիշտ հաշվարկման և Արցախի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը.
11) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման դեպքերում համապատասխան լիազոր մարմնի պահանջով ֆինանսական ստուգումների իրականացումը.
12) բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը.
13) Արցախի Հանրապետության Նախագահի և նախարարի հանձնարարականների, ինչպես նաև քաղաքացիների, կազմակերպությունների և հիմնարկների նամակների, առաջարկների, դիմումների և գանգատների հիման վրա ստուգումների, վերստուգումների և ուսումնասիրությունների իրականացումը.
14) ստուգումների և վերստուգումների արդյունքների ամփոփման և վերլուծության, թույլ տրված խախտումների բնույթին համապատասխան դասակարգման, խախտումներ ծնող պատճառների ուսումնասիրության հիման վրա համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
15) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողության տարեկան ծրագրի մշակումը, ստուգման նյութերի ամփոփումը և Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացվող հաշվետվությունները կազմելն ու ներկայացնելը նախարարին.
16) նախարարության գործունեությունը կարգավորող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կիրառման, Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության կառավարության, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանների, ժամկետային հանձնարարականների, հրահանգների, կարգադրությունների կատարման ընթացքի վերահսկողության իրականացում, այդ նպատակով նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված աշխատանքային խախտումների վերաբերյալ զեկուցագրերի ներկայացում նախարարին.
17) նախարարության աշխատողների կողմից Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումների, լիազորությունների գերազանցման, պաշտոնեական պարտականությունների ոչ պատշաճ մակարդակով կատարման, կոռուպցիայի և հովանավորչության դեպքերի բացահայտում, կանխարգելում, առաջարկությունների ներկայացում նախարարին.
18) նախարարի հանձնարարությամբ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների գործունեության համալիր և թեմատիկ ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպում, դրանց արդյունքների նախնական քննարկում, առաջարկությունների ներկայացում խախտում թույլ տված պաշտոնատար անձի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և խախտումների հիմքերը վերացնելու մասին.
19) քաղաքացիական ծառայողի և հարկային ծառայողի վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
20) նախարարության գործունեությունը կարգավորող օրենքների, հարկային վարչարարության և համակարգի բարելավման ուղղությամբ, ըստ անհրաժեշտության, առաջարկությունների ներկայացում նախարարին.
21) նախարարության աշխատակիցների վերաբերյալ դիմում-բողոքների ուսումնասիրությունների (ստուգումների) իրականացում, խախտումների պատճառների բացահայտում, դրանց վերացման նպատակով առաջարկությունների ներկայացում նախարարին.
22) նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներից և հարկային տեսչություններից անհրաժեշտ տեղեկատվության ու փաստաթղթերի ստացում և մշակում.
23) գործառույթների իրականացման ընթացքում հայտնաբերված խախտումների, թերացումների, բացթողումների հիման վրա տրված հանձնարարականների ուղղությամբ կատարված աշխատանքների և ձեռնարկված միջոցառումների վերլուծության, գնահատման և վերահսկողության իրականացում, ըստ անհրաժեշտության առաջարկությունների ներկայացում նախարարին.
24) տեսչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման գործընթացին մասնակցությունը:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:
10. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Տեսչության պետը պատասխանատու է նախարարության լիազորությունների շրջանակում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
12. Տեսչության պետը հաշվետու է նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Տեսչության պետը`
1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարին կամ նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
7) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.
8) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
9) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
14. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է տեղակալը:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կառավարության 2017 թվականի
դեկտեմբերի 29-ի N 367-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Ֆինանսական վերահսկողության 1-ին բաժին
Ֆինանսական վերահսկողության 2-րդ բաժին
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |