| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«22» նոյեմբերի 2012թ.
պետական գրանցման համարը 21112145 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«01» նոյեմբերի 2012թ. |
N 19-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ
ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի վարչության պետի
2012 թվականի նոյեմբերի 1-ի N 19 -Ն հրամանի |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ
ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման որակի հսկողության ազգային ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակվել է «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» (այսուհետ` Ազգային ծրագիր) N 385-Ն որոշման հիման վրա և հաշվի առնելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) մասին Կոնվենցիայի թիվ 17` «Անվտանգություն» հավելվածը:
2. Ծրագրի նպատակն է` ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ոլորտում կիրառվող միջոցառումների որակի համապատասխանությունը Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի թիվ 17 «Անվտանգություն» հավելվածով սահմանված ստանդարտներին և Ազգային ծրագրի պահանջներին:
3. Ծրագրի դրույթները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օդային փոխադրումներ իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների օդանավ շահագործողների, ինչպես նաև միջազգային և ներքին փոխադրումները սպասարկող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օդանավակայանների վրա:
4. Ծրագիրը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ոլորտում տեսչական ստուգման անցկացման հիմնական փաստաթուղթ, պարունակում է ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի տեսչական ստուգման մեթոդների ամբողջականությունը և հնարավորություն է ընձեռում պարբերաբար գնահատել Ազգային ծրագրի դրույթների, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) չափորոշիչների կատարման աստիճանը:
5. Ավիացիոն անվտանգության ոլորտում որակի հսկողության միջոցառումների պարբերական իրականացումը նպատակ ունի երաշխավորել իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը, ուսումնասիրել օդանավակայաններում ուղևորների սպասարկման գործընթացի անվտանգության մակարդակը, գնահատել օդանավ շահագործողների և օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից կիրառվող ավիացիոն անվտանգության ընթացակարգերը, բացահայտել դրանցում առկա թերություններն ու բացթողումները:
6. Ծրագիրը պարբերաբար թարմացվում, զարգացվում և համապատասխանեցվում է Ազգային ծրագրի դրույթներին, ԻԿԱՕ-ի գործող ստանդարտներին:
ԳԼՈՒԽ 2. ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում ավիացիոն անվտանգության որակի հսկողության լիազոր մարմին է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությունը (այսուհետ` Վարչություն), որը սահմանված ավիացիոն անվտանգության չափանիշների համապատասխանության ապահովման նպատակով, պարբերաբար կազմակերպում և իրականացնում է տեսչական ստուգումներ:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումներն իրականացվում են Վարչության կողմից:
9. Վարչությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կիրառվող ավիացիոն անվտանգության աշխատանքների տեսչական ստուգումներ, լայնածավալ ստուգումներ (աուդիտներ), ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումներ, հետազոտումներ (դիտարկումներ):
Տեսչական ստուգումներն իրականացվում են օդանավակայանի կամ օդանավ շահագործողի կողմից ավիացիոն անվտանգության գործող միջոցառումների և ընթացակարգերի մեկ կամ մի քանի ասպեկտների ուսումնասիրման նպատակով` դրանց կիրառման արդյունավետությունը պարզելու համար:
Լայնածավալ ստուգումներ ու մանրամասն ուսումնասիրություններ իրականացվում են օդանավակայանի կամ օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրերի բոլոր ասպեկտների նկատմամբ: Ստուգման ժամանակ կիրառվում են օդանավակայանի կամ օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրերի դրույթները:
Համակարգի փորձարկումն ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումն է, որի դեպքում, ներմուծելով կամ կիրառելով կեղծ (ենթադրյալ) անօրինական միջամտության գործողություններ, նպատակ է հետապնդվում ստուգել գոյություն ունեցող անվտանգության նորմերի արդյունավետությունն ու կիրառելիության համապատասխանությունը:
Անվտանգության իրավիճակի հետազոտություններն իրականացվում են անվտանգության ոլորտում համապատասխան պահանջների պարզաբանման նպատակով` օդանավակայանի կամ օդանավ շահագործողի գործունեության գնահատման միջոցով:
10. Վարչությունն ավիացիոն անվտանգության ոլորտի լայնածավալ տեսչական ստուգումներ, աուդիտներ և ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումներ իրականացնելու նպատակով` օդանավակայանների, օդանավ շահագործողների և օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործադիր մարմիններից կարող է պահանջել՝
1) տրամադրելու ավիացիոն անվտանգության մասով անհրաժեշտ տեղեկատվություն.
2) լիազորել լայնածավալ տեսչական ստուգումներ և ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումներ իրականացնող աշխատակիցներին մուտք գործել օդանավակայանների վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներ, շենքեր, շինություններ, պահեստային տարածքներ և ավիացիայի բնագավառում գործունեություն ծավալելու համար նախատեսված ու տրամադրված տարածքներ, օդանավեր.
3) տեսչական ստուգումներ, աուդիտներ և ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումներ կազմակերպելու և իրականացնելու համար դեպի օդանավակայանների վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներ փոխադրել ձայնագրող, տեսագրող, նկարահանող սարքավորումներ, զենք և պայթուցիկ սարքավորումներ նմանակող նմուշներ.
4) ավիացիոն անվտանգության մասով գիտելիքների իմացության ստուգման նպատակով հարցաքննել օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հետ առնչվող ցանկացած աշխատակցի.
5) ավիացիոն անվտանգության նորմերի համապատասխանության ստուգման նպատակով իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայաններում թռիչք (վայրէջք) իրականացնող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և օտարերկրյա օդանավ շահագործողների օդանավերի ստուգումներ:
11. Սույն Ծրագրի 10-րդ կետում նշված լիազորություններն իրականացվում են նաև օդային երթևեկության կառավարում և աերոնավիգացիոն սպասարկումներ ու ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ:
12. Տեսչական ստուգումների, աուդիտների և ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումների կազմակերպման ու իրականացման համար Վարչությունը սահմանում է ծախսերի նախահաշիվ, որը ներառում է տեսչական ստուգման և համակարգի փորձարկման գործընթացի ապահովման համար նախատեսված աշխատանքները:
13. Սույն Ծրագրի 12-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո Վարչության պետի տեղակալը Վարչության պետին է ներկայացնում կատարված ծախսերի մասին հաշվետվությունը:
ԳԼՈՒԽ 3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
14. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության համակարգում ընդգրկվում են`
1) Վարչության պետը.
2) Վարչության պետի տեղակալը.
3) Վարչության ավիացիոն անվտանգության բաժնի պետը.
4) Վարչության ավիացիոն անվտանգության բաժնի մասնագետները (տեսուչները):
ԳԼՈՒԽ 4. ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
15. Վարչության պետը`
1) հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը.
2) միջոցներ է ձեռնարկում որակի հսկողության ազգային ծրագրի ներդրման, իրագործման ու զարգացման համար.
3) ներկայացված նյութերի հիման վրա կատարում է որակի հսկողության միջոցառումների արդյունքների վերլուծություն` ներառյալ վտանգի աստիճանի վերլուծություն, իրականացված միջոցառումների տիպերի ու մեթոդների էության, դրանց արդյունավետության աստիճանի և գործող ստանդարտների համապատասխանության գնահատում:
16. Վարչության պետի տեղակալը՝
1) սահմանում է տեսչական ստուգման նպատակը և շրջանակները.
2) յուրաքանչյուր տեսչական ստուգման համար նշանակում է խմբի անդամներին և ավագին, որոնք նշանակվում են պլանավորված տեսչական ստուգումից առնվազն 3 ամիս առաջ` կախված տեսչական ստուգման ծավալներից.
3) հսկողություն է իրականացնում տեսչական ստուգման խմբի աշխատանքների նկատմամբ.
4) հաստատում է տեսչական ստուգման պլանը.
5) անհրաժեշտության դեպքում մասնակցում է առաջին ստուգմանը.
6) հնարավորության դեպքում մասնակցում է վերջին ստուգմանը.
7) ուսումնասիրում և հաստատում է տեսչական ստուգման խմբի ավագի ներկայացրած հաշվետվությունը.
8) զեկույց է ներկայացնում Վարչության պետին` տեսչական ստուգման արդյունքների, ինչպես նաև բացահայտված թերությունների ու դրանց շտկման գործընթացների մասին.
9) միջոցներ է ձեռնարկում, որպեսզի տեսչական ստուգման ընթացքում բացահայտված իրական վտանգի դեպքում ժամանակին և սահմանված կարգով ձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ.
10) տեսչական ստուգման ավարտից հետո հսկողություն է իրականացնում բացահայտված թերությունների և դրանց շտկմանն ուղղված միջոցառումների ապահովման նկատմամբ:
17. Վարչության ավիացիոն անվտանգության բաժինն իրականացնում է անվտանգության որակի հսկողություն բաժնի այն աշխատակիցների (մասնագետների) միջոցով, որոնք լիազորված են որակի հսկողության գործառույթներ իրականացնել կամ գործունեություն ծավալել:
18. Վարչության ավիացիոն անվտանգության բաժինը ղեկավարում է բաժնի պետը, ով`
1) մասնակցում է տեսչական ստուգման խմբի ընտրությանը, պլանի մշակմանը, հետազոտությունների ժամանակահատվածի ընտրությանն ու պայմանների ծանոթացմանը.
2) ղեկավարում է տեսչական ստուգման ընթացքը` սույն Ծրագրով սահմանված որակի հսկողության գործընթացներին համապատասխան.
3) անմիջական կապ է պահպանում Վարչության պետի տեղակալի հետ ավիացիոն անվտանգությանը իրական վտանգ ներկայացնող դեպքերի, շտապ կամ անհետաձգելի գործողությունների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով:
19. Վարչության ավիացիոն անվտանգության բաժնի պետը պետք է ունենա`
1) աշխատանքային փորձ` կապված տեսչական ստուգումների կազմակերպման հետ.
2) ունենա անհրաժեշտ գիտելիքներ ավիացիայի մասին օրենսդրության և ավիացիոն անվտանգության կանոնակարգերի մասին.
3) աշխատանքային փորձ` կապված ավիացիոն անվտանգության ընթացակարգերի մշակման հետ:
20. Վարչության ավիացիոն անվտանգության բաժնի պետը պատասխանատու է`
1) Ծրագրի կատարման.
2) տեսչական ստուգման ընթացակարգերի, քաղաքականության, ռեսուրսների և ուսումնական ստանդարտների մշակման.
3) տեսչական ստուգման վերաբերյալ ուսուցման կազմակերպման և անցկացման.
4) տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթղերի պատրաստման, որակի հսկողություն իրականացնող տեսուչների մասնագիտական գիտելիքների բարձրացման.
5) տեսչական ստուգման ծրագրի ընթացքի ապահովման.
6) տեսչական ստուգումը սույն Ծրագրի և Ազգային ծրագրի դրույթներին համապատասխան անցկացնելու համար:
21. Վարչության ավիացիոն անվտանգության բաժնի պետը տեսչական ստուգման ընթացքում ունի հետևյալ պարտականությունները.
1) պլանավորում, կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է տեսչական ստուգման պրոցեսը.
2) նախապես ուսումնասիրում է տեսչական ստուգման անցկացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, որպեսզի հնարավորություն ստանա պլանավորելու աուդիտը.
3) Վարչության պետի տեղակալին առաջարկում է տեսչական ստուգման խմբի ավագի և անդամների թեկնածությունները.
4) կազմում է տեսչական ստուգման թղթապանակը, որը ներառում է բաժնի պետի գրությունը խմբի ավագի թեկնածուի առաջադրման, նշանակման, գործողության ժամկետների, բոլոր աշխատանքային գրառումների մասին, տեսչական ստուգմանը վերաբերող փաստաթղթերի պատճենները, տեսչական ստուգման մասին զեկույցի պատճենը.
5) միջոցներ է ձեռնարկում տեսչական ստուգման աշխատանքների կատարելագործման ուղղությամբ.
6) տեղեկացնում է օդանավակայաններին (օդանավ շահագործողներին) պլանավորված տեսչական ստուգման մասին:
22. Վարչության ավիացիոն անվտանգության բաժնի (մասնագետները) տեսուչները պետք է լիազորված լինեն իրականացնելու տեսչական ստուգումը` Վարչության կողմից լիազորված փաստաթղթով:
23. Տեսչական ստուգման խմբի կազմը հաստատում է Վարչության պետի տեղակալը:
24. Տեսուչները կարող են մուտք գործել ցանկացած օդանավ, օդանավակայանների վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներ, շենքեր, շինություններ, պահեստային տարածքներ և ավիացիայի բնագավառում գործունեություն ծավալելու համար նախատեսված ու տրամադրված տարածքներ:
25. Տեսչական ստուգումների և համակարգի փորձարկումների ընթացքում տեսուչներն առաջնորդվում են «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն Ծրագրով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով:
Այն դեպքերում, երբ բացահայտվում են այնպիսի թերություններ կամ իրավիճակներ, որոնք իրական վտանգ են սպառնում ավիացիոն անվտանգությանը, տեսուչները` խմբի ավագի միջոցով տեղեկացնելով Վարչության պետի տեղակալին, վերջինիս հանձնարարությամբ կարող են ընդհուպ արգելել օդանավերի թռիչքը և ժամանակավոր դադարեցնել ուղևորների սպասարկման ընթացակարգերը:
ԳԼՈՒԽ 5. ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԵՐԸ
26. Տեսչական ստուգումների գործընթացը կազմված է չորս հատուկ փուլերից`
1) տեսչական ստուգման նախնական փուլ.
2) տեսչական ստուգման ֆիզիկական փուլ.
3) հետտեսչական ստուգման փուլ.
4) տեսչական ստուգման վերանայման փուլ:
27. Տեսչական ստուգման նախնական փուլում կատարվում է տեսչական ստուգման ժամանակաշրջանի պլանավորում և նախապատրաստում, սահմանվում է ժամանակացույցը, որոշվում են ֆինանսական և մարդկային ռեսուրսները, որոնք ներառվում են տեսչական ստուգման պլանի մեջ:
28. Նախնական փուլում խմբի անդամները ծանոթանում են տեսչական ստուգման ենթակա կազմակերպությունում ավիացիոն անվտանգության իրավիճակին, որը հնարավորություն է տալիս որոշելու տեսչական ստուգման շրջանակները, ուղղությունները և գործողությունների կարգը, մշակել տեսչական ստուգման պլանը, նախապատրաստել տեսչական ստուգման փաստաթղթերը:
29. Տեսչական ստուգման ֆիզիկական փուլը իրականացվում է տեսչական ստուգման պլանին համապատասխան: Տեսչական ստուգման ֆիզիկական փուլում ստուգվում և հաստատվում են ստուգման ենթակա կազմակերպություններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունը պահանջվող չափորոշիչներին:
30. Տեսչական ստուգման արդյունքները հաղորդվում են ղեկավարությանը` ամենօրյա պարբերականությամբ:
31. Հետտեսչական ստուգման փուլում կազմվում է ստուգման մասին զեկույցը և ներկայացվում լիազոր մարմնի ղեկավարությանը:
32. Տեսչական ստուգման վերանայման փուլը ներառում է բացահայտված թերությունների վերացմանն ուղղված գործողությունների պլանի հաստատումը և ընթացքը, ապահովում է այդ պլանի լրիվ կատարումը:
ԳԼՈՒԽ 6. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ
ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ
33. Տեսչական ստուգումների տեսակներն են`
1) ստանդարտներին համապատասխանեցման.
2) հատուկ նպատակային:
34. Տեսչական ստուգման ընթացքում իրականացվում է ավիացիոն անվտանգության մասով փաստաթղթային ստուգում` ստուգվող կազմակերպությունում կիրառվող ավիացիոն անվտանգության պահանջների կիրառելիության նկատմամբ:
35. Անհրաժեշտության դեպքում կատարվում է հետտեսչական ստուգում` համոզված լինելու համար, որ որակավորման պահանջները հաշվի են առնվել:
36. Ստանդարտներին համապատասխանեցման տեսչական ստուգումն իրականացվում է ավիացիոն անվտանգության մասով օդանավակայանների (ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների) կողմից իրականացվող միջոցառումներ` ԻԿԱՕ-ի ստանդարտներին համապատասխանության որոշման նպատակով: Տվյալ կազմակերպության բոլոր համապատասխան բնութագրերը ենթակա են ստուգման:
37. Հատուկ նպատակային տեսչական ստուգումն իրականացվում է ավիացիոն անվտանգության մասով որոշակի միջոցառումների ստուգման նպատակով: Այն կարող է իրականացվել առանց նախազգուշացման:
38. Տեսչական ստուգումների կատեգորիաներն են`
1) անվտանգության աշխատանքների տեսչական ստուգում.
2) թեստեր.
3) ծառայողական քննություն.
4) տեսչական զննում.
5) փորձարկում:
39. Տեսչական ստուգման ընթացքում իրականացվում է անվտանգության նորմերի ու գործողությունների խորացված ստուգում` բոլոր տեսանկյուններից, այն առումով, որպեսզի որոշվի նրանց կատարման ձևը` շարունակական հիմքի վրա կամ հաստատուն ստանդարտներով:
40. Հետազոտման ժամանակ ստուգվում է անվտանգության նորմերի և գործողությունների կատարումը մեկ կամ ավելի տեսանկյուններից, այն առումով, որպեսզի որոշվի դրանց կատարման արդյունավետությունը:
41. Ծառայողական քննությունը բաղկացած է պատահարների ստուգումից և յուրաքանչյուր դեպքի պարզաբանումից` հետագա պատահարներից խուսափելու համար:
42. Տեսչական զննումը նպատակ ունի հայտնաբերել ընդունված անվտանգության նորմերի թույլ կողմերն ու որոշել դրանց վերացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների շրջանակը:
43. Փորձարկումն ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումն է, որի դեպքում, ներմուծելով կամ կիրառելով կեղծ (ենթադրյալ) անօրինական գործողություններ, նպատակ է հետապնդվում ստուգել գոյություն ունեցող անվտանգության նորմերի արդյունավետությունն ու կիրառելիության համապատասխանությունը:
ԳԼՈՒԽ 7. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
44. Տեսչական ստուգման սահմանափակումները հետևյալն են.
1) այն պետք է իրականացվի սույն կարգին համապատասխան.
2) դրա անցկացման ժամանակահատվածը ֆիքսված է.
3) ստուգումից հետո կազմվում է ստուգման ենթարկված կազմակերպության ավիացիոն անվտանգության մակարդակի մասին արձանագրություն.
4) պետք է պահպանվեն ստուգումների հաճախականությունը:
ԳԼՈՒԽ 8. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
45. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանները, օդանավ շահագործողներն ու ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները կարող են ենթարկվել լայնածավալ տեսչական ստուգումների երկու տարին մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում, Վարչության պատճառաբանված որոշմամբ, կարող են իրականացվել նաև որակի հսկողության արտահերթ միջոցառումներ:
Նման դեպքերում տեսչական ստուգումների անցկացման համար հիմք կարող է հանդիսանալ նախորդ տեսչական ստուգումների արդյունքում բացահայտված թերությունների շտկմանն ուղղված գործողությունների բացակայությունը, տվյալ կազմակերպության չափերը, որը պահանջում է ավելի հաճախակի տեսչական ստուգումների անցկացում, տեսչական ստուգումների անցկացման դժվարությունները և այլ գործոններ:
ԳԼՈՒԽ 9. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
46. Տեսչական ստուգումների ընթացակարգերի ընտրությունը և դրանց կիրառման մեջ առկա տարբերությունները կախված են տեսչական ստուգման ենթարկվող կազմակերպության չափերից, կիրառվող սահմանափակումներից և դժվարություններից:
47. Մինչտեսչական ստուգման գործողությունները կարելի է ներկայացնել մի քանի փուլերով: Դրանք ներառում են տեսչական ստուգման մասին կազմակերպությանը տեղեկացումը, տեսչական ստուգման խմբի ընտրումը, պլանի կազմումը, նյութերի և դրանց հետ կապված փաստաթղթերի ստուգումը, հաշվետվության կազմումը, տեսչական ստուգման խմբի անդամների հետ հանդիպումը:
48. Կազմակերպությունը տեսչական ստուգման մասին տեղեկացվում է մինչ ստուգումը` երեք օրվա ընթացքում, որպեսզի այդ ժամանակահատվածում մշակվի և հաստատվի տեսչական ստուգման պլանն ու գրաֆիկը:
ԳԼՈՒԽ 10. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ
49. Տեսչական ստուգման պլանը կազմում է Վարչության ավիացիոն անվտանգության բաժնի պետը, այն համաձայնեցնում Վարչության պետի տեղակալի հետ և ներկայացնում Վարչության պետի հաստատմանը:
50. Տեսչական ստուգման պլանն ապահովում է տեսչական ստուգման` կազմակերպված և նախորոշված չափանիշներին համապատասխան իրականացումը: Պլանի համապատասխան հատվածները բաժանվում են տեսչական ստուգման խմբի բոլոր անդամների միջև` ապահովելով ստուգման ընթացքում խմբի աշխատանքների ղեկավարումն ու կառավարումը:
51. Տեսչական ստուգման պլանը կարող է ստուգման ենթակա կազմակերպություն ներկայացվել մասնաբաժինների տեսքով:
52. Տեսչական ստուգման պլանը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա.
1) տեսչական ստուգման պլանի նպատակը.
2) սահմանափակումները.
3) տեսչական ստուգման ենթակա կազմակերպության նկարագրումը.
4) տեսչական ստուգման մեթոդոլոգիան.
5) խմբի անդամների փոխհարաբերությունները.
6) տեսչական ստուգման նյութատեխնիկական ապահովումը.
7) մասնագետի օգնությունը.
8) որոշումներն ու դիտարկման արդյունքները.
9) լիազոր մարմնի ղեկավար անձնակազմը.
10) խմբի կառուցվածքը.
11) տեսչական ստուգման աշխատանքների գրաֆիկը:
53. Տեսչական ստուգման նպատակի մասում պետք է ներկայացվի տեսչական ստուգման կատեգորիան, իսկ սահմանափակումները նշվում են ըստ անհրաժեշտության: Դրանք են՝
1) աուդիտի ենթարկվող կազմակերպության վերահսկելի գոտիները (ներառյալ դրանց տարրերը).
2) ֆիքսված ժամանակահատվածը, քանի որ տեսչական ստուգումը պետք է եզրափակվի.
3) աշխարհագրական դիրքը և այլն:
54. Տեսչական ստուգման պլանը պետք է պարունակի կազմակերպության մասին որոշակի տեղեկատվություն, որը հնարավորություն կտա խմբի անդամներին և ավագին կազմակերպության մասին ընդհանուր պատկերացում կազմել:
Այն ներառում է հետևյալ տվյալների մասին տեղեկատվությունը.
1) աշխատողների քանակը և նրանց պաշտոնները.
2) գործունեության հիմունքները.
3) պահանջվող այլ տեղեկատվություն:
55. Տեսչական ստուգման մեթոդոլոգիական պլանում պետք է նկարագրվի ստուգման ընթացքում կիրառվող մեթոդները, ներառյալ`
1) այն ձևը, որով իրականացվելու է տեսչական ստուգումը, օրինակ` ընդունված ընթացակարգերը.
2) հատուկ ընթացակարգերը, որոնց պետք է հետևել տեսչական ստուգման ընթացքում.
3) օգտագործվող պատահական ընտրության հետազոտման մեթոդը:
56. Տեսչական ստուգման պլանում նշվում է տվյալ կազմակերպության ղեկավար անձնակազմի տվյալները` անունը, ազգանունը, պաշտոնը և աշխատավայրի հեռախոսահամարը, նկարագրվում է ստուգման խմբի անդամների ներքին փոխահարաբերությունները, նրանց հարաբերությունները տեսչական ստուգման ենթարկվող կազմակերպության, այլ կազմակերպությունների անդամների և հանրության հետ:
57. Տեսչական ստուգման պլանը պետք է պարունակի տեսչական ստուգման խմբի կազմը և աշխատանքի գրաֆիկը` ներկայացնելով հետևյալ տվյալները.
1) խումբը կազմավորող լիազոր մարմնի, բաժնի ղեկավարի, խմբի ավագի, աջակցող անձնակազմի, հսկիչ(ներ)ի, խմբի անդամների, դիտորդների և մասնագետների անուն-ազգանունները.
2) խմբի անդամների տեխնիկական մասնագիտացումը.
3) խմբի անդամի նշանակումը.
4) խմբի անդամների աշխատավայրերի հեռախոսահամարը և աշխատակարգը:
58. Տեսչական ստուգման խմբում, խմբի ղեկավարի համաձայնությամբ, ստուգումն առավել արդյունավետ իրականացնելու համար, կարող են ընդգրկվել նաև ստուգվող կազմակերպության մասնագետներ, ովքեր տիրապետում են որոշակի գիտելիքների և փորձի:
ԳԼՈՒԽ 11. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԸ
59. Ստուգման թերթիկներն օգնում են ստուգման ընթացքում սխեմատիկ մոտեցումների իրականացմանը, նախատեսված են քննարկման առարկա դարձած նյութերի արձանագրման և թերությունների վերացման համապատասխան գործողություններ կատարելու համար:
60. Ստուգման ցուցակները`
1) կիրառվում են տեսչական ստուգում կատարելու համար.
2) օգտագործվում են այնպիսի ոլորտներում, որտեղ գործողությունները վերջնական բնույթ չեն կրում.
3) պետք է ստորագրվեն թերթիկներն օգտագործող խմբի անդամների կողմից և դրանցում նշվեն ամսաթվերը:
ԳԼՈՒԽ 12. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԽՈՒՄԲԸ
61. Տեսչական ստուգման խմբում նշանակված տեսուչները խմբի ղեկավարի միջոցով զեկույց են ներկայացնում բաժնի պետին` ստուգման գործընթացի տևողության վերաբերյալ: Խմբի անդամները ստուգման ժամանակահատվածում պետք է ազատվեն այլ պարտականությունների կատարումից:
62. Տեսչական ստուգման խմբում նշանակված տեսուչի որակավորումը պետք է համապատասխանի նրա ծառայողական պարտականություններին և սահմանված չափանիշներին: Վարչության համաձայնությամբ խմբում կարող են ներգրավվել այլ մասնագետներ` որպես խմբի լիիրավ անդամներ: Մասնագետների կողմից կատարված յուրաքանչյուր աշխատանք քննարկվում է իրավասու այն անդամի կողմից, ով պատասխանատվություն է ստանձնում կատարված աշխատանքի համար և ստորագրում է փաստաթղթերը:
ԳԼՈՒԽ 13. ՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
63. Տեսչական ստուգման գործընթացի անաչառության ապահովման նպատակով տեսչական ստուգման խմբում նշանակված այն տեսուչները, ովքեր անմիջական կապ ունեն ստուգման ենթակա կազմակերպության հետ, չպետք է մասնակցեն տվյալ կազմակերպությունում անցկացվող տեսչական ստուգումներին: Բաժնի պետի համաձայնությամբ, անհրաժեշտության դեպքում, նրանք խորհրդատվության կարգով կարող են օգնել ստուգող խմբին: Վարչությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է հաստատել վերը նշված տեսուչների մասնակցությունն ստուգման խմբին` իբրև ակտիվ անդամների:
64. Տեսչական ստուգման խմբի ցանկացած անդամ, ով գտնում է, որ իր մասնակցությունը ստուգմանը, կհանգեցնի ծառայողական դիրքի չարաշահման, պետք է այդ մասին հայտնի բաժնի պետին:
Ծառայողական դիրքի չարաշահումները հետևյալն են`
1) նախկինում աշխատելը այն կազմակերպությունում, որը անմիջական ենթակայության տակ է զբաղեցրած պաշտոնին.
2) կազմակերպչական կապերի մեջ է տվյալ հիմնարկության հետ.
3) անմիջական մասնակցություն ունի տվյալ հիմնարկության գործունեության մեջ.
4) ցանկացած այնպիսի իրավիճակ, որի դեպքում խմբի անդամը չի կարող լինել անաչառ ստուգվող հիմնարկության նկատմամբ:
65. Վարչության համաձայնության դեպքում տեսչական ստուգման խմբի աշխատանքներին կարող է ներգրավվել նաև դիտորդ:
66. Տեսչական ստուգման խմբի աշխատանքների բնույթից ելնելով, կարևոր է ինֆորմացիայի գաղտնիության պահպանումը, որը հատկապես կարևոր է ֆիզիկական ստուգման ժամանակ:
Տեսչական ստուգման խմբի անդամներն իրականացնում են ստուգումներ և դիտումներ, քննարկում ստուգման հետ անմիջական և ոչ անմիջական կապ ունեցող բոլոր գործոնները: Ստուգման ծավալը (չափը) սահմանվում է Վարչության կողմից: Ստուգող խումբն իր գործողություններն իրականացնում է ստուգման պլանին համապատասխան:
ԳԼՈՒԽ 14. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԽՄԲԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
67. Տեսչական ստուգման խմբի հաշվետվությունն ստուգման արդյունքների մասին գրավոր փաստաթուղթ է և կազմվում է յուրաքանչյուր ստուգման համար: Հաշվետվությունը ներառում է ստուգման գործընթացի ողջ ժամանակաշրջանը, ստուգված ոլորտների բնութագրերը և ստուգման արդյունքների վերաբերյալ բոլոր փաստաթղթերի պատճեները:
68. Տեսչական ստուգման խմբի հաշվետվությունը ներառում է`
1) ներածություն, որը ներկայացնում է վերահսկվող կազմակերպությունը և ամփոփում տեսչական ստուգման ընթացքը.
2) տեսչական ստուգման խմբի ավագի եզրակացությունը.
3) հատուկ գոտիների բնութագիրը` յուրաքանչյուր գոտու տեսչական ստուգման համար.
4) տեսչական ստուգման ընթացքում հայտնաբերված թերությունները:
69. Տեսչական ստուգման հաշվետվության ընթացակարգերը հետևյալն են.
1) բացահայտված թերությունների մասին գրառումները չպետք է թողնվեն ստուգված կազմակերպությունում, այլ դրանց պատճեները ներառվում են տեսչական ստուգման հաշվետվության մեջ.
2) եթե պահանջվում են բացահայտված թերությունների վերացում մինչև տեսչական ստուգման ավարտը, ապա կատարված գործողությունների մասին գրությունը կցվում է հաշվետվությանը.
3) եթե հաշվետվությունը վերահսկվող կազմակերպությանն է ներկայացվում տեսչական ստուգման ավարտից 10 աշխատանքային օր հետո, ապա ուշացումը պետք է հիմնավորվի համապատասխան փաստաթղթերով.
4) Վարչության պետը, համապատասխան գրությամբ, հաշվետվությունն ուղարկում է տեսչական ստուգման ենթարկված կազմակերպությանը, որը պետք է պատասխանի Վարչությանը` հաշվետվությունը ստանալուց 30 աշխատանքային օրվա ընթացքում:
70. Ստուգման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները չեն կարող ներկայացվել հանրությանը, բացառությամբ պաշտոնական (հատուկ) հարցման դեպքերի:
ԳԼՈՒԽ 15. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԽՄԲԻ ԳՐԱՖԻԿԸ
71. Տեսչական ստուգման գրաֆիկը պետք է ապահովի խմբի մասին տեղեկատվության ներկայացումը և մինչտեսչական ստուգման գործերի և փաստաթղթային ստուգումը:
Խմբի մասին տեղեկատվության ներկայացումն իր մեջ ներառում է`
1) խմբի անդամի տեսչական ստուգման մեկնման և վերադարձի ամսաթվերը.
2) հատուկ գոտիների նշանակումը.
3) տեսչական ստուգման ժամկետները` ներառյալ սկիզբը (ավարտը):
72. Մինչտեսչական ստուգման գործերի և փաստաթղթային ստուգումը հնարավորություն է տալիս տեսչական խմբի անդամներին համոզվել, որ տեսչական ստուգման ընթացքում օգտագործվող տեղեկատվական ձեռնարկներն ու փաստաթղթղերը դյուրընթեռնելի են, պարունակում են ամենավերջին ընդունված ուղղումները: Այն ներառում է`
1) ստուգման ենթակա կազմակերպության բոլոր գործերի և փաստաթղթերի ամբողջական ստուգումը.
2) տեսչական ստուգման ենթարկվող կազմակերպության` գործող ստանդարտներին համապատասխան ընդունված ձեռնարկների ստուգումը.
3) տեսչական ստուգման ենթարկվող կազմակերպության գործերի ու արձանագրությունների ստուգումները, ներառյալ`
ա. նախորդ տեսչական ստուգման ուղղիչ գործողություններն ու նրանց կատարումը, ըստ անհրաժեշտության.
բ. արտառոց դեպքերի ու պատահարների մասին տվյալները.
գ. նախորդ ուղղիչ գործողությունը.
դ.մերժումները, հաստատումները, սահմանափակումները և թույլտվությունները.
4) այն գոտիների նշումը, որոնք պահանջում են լրացուցիչ ստուգում, որը կարող է ավելացնել համապատասխան ստուգման թերթիկի նշումների հատվածում.
5) կիրառվող ստուգաթերթիկի ընտրությունը՝ տվյալ ֆունկցիոնալ գոտու կառավարման ձեռնարկից, տեսչական ստուգման սահմանափակումներին համապատասխան.
6) մինչտեսչական ստուգման բոլոր կետերի ավելացումն ստուգման թերթիկի վրա:
ԳԼՈՒԽ 16. ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՄԻՆՉԵՎ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆ ՍԿՍԵԼԸ
73. Մինչև տեսչական ստուգմանը ձեռնամուխ լինելը, պետք է կազմակերպվի խմբի անդամների հանդիպում, որի ընթացքում պետք է քննարկվեն հետևյալ պլանային կետերը.
1) վարչարարական (ադմինիստրատիվ) մանրամասներ.
2) տեսչական ստուգման պլանի ուղղում և ստուգում, համոզվելու համար, որ խմբի բոլոր անդամները ստացել են տեսչական ստուգման պլանի համապատասխան մասնաբաժինները.
3) տեղեկատվություն ֆինանսավորման մասին` ներառյալ արտաժամյա աշխատանքի և ուղևորության ծախսերը.
4) ծառայողական դիրքի չարաշահման բացառումը, գաղտնիության պահպանումը և տեղեկատվություն ստանալու թույլտվության կարգը.
5) վարչարարության ձևերը.
6) ստուգման թերթիկների օգտագործման կարգը.
7) խմբի անդամների փոխհարաբերությունները.
8) ընդհանուր պատկերացում նյութական տեսչական ստուգման մասին.
9) հակիրճ տեղեկատվություն ստուգման ենթակա կազմակերպության ընթացիկ գործունեության, նախորդ տեսչական ստուգման պատմության մասին` ներառյալ ուղղիչ գործողություններն ու դրանց իրականացումը:
ԳԼՈՒԽ 17. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ
74. Տեսչական ստուգման ընթացքում իրականացվող գործողությունները բաղկացած են սկզբնական ժողովից, գնահատումից և ստուգումից, ամենօրյա քննարկումներից ու վերջնական ժողովից:
75. Սկզբնական ժողովը որոշում է աուդիտի իրականացման ձևը: Այն ընթանում է տեսչական ստուգման ենթարկվող կազմակերպության ղեկավարության և տեսչական ստուգման խմբի անդամների մասնակցությամբ: Դա ընդգծում է տեսչական ստուգման գործընթացը և հաստատում է վարչարարական պահանջները, որի արդյունքում տեսչական ստուգումն իրականացվում է արդյունավետ ու ռացիոնալ:
76. Տեսչական ստուգման գնահատման և ստուգման փուլի ընթացքում տեսչական ստուգման խումբը`
1) հաստատում է վերահսկվող կազմակերպության գործունեության համապատասխանությունը ներկայացվող պահանջներին.
2) հաստատում է, որ տեսչական ստուգումն իրականացվում է արդյունավետ և համապատասխանում է «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, Ազգային ծրագրին, ԻԿԱՕ ստանդարտներին և ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի պահանջներին.
3) «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, Ազգային ծրագրի, ԻԿԱՕ ստանդարտների և ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի պահանջների հետ անհամապատախանություն հայտնաբերելու դեպքում հավաքում է անհրաժեշտ տվյալներ ու օժանդակ փաստաթղթեր և պատրաստում տեսչական ստուգման որոշումը:
77. Տեսչական ստուգման ընթացքում ստուգման թերթիկների օգտագործումը պարտադիր է, քանի որ դրանք օգնում են խմբի անդամներին` որոշել տվյալ կազմակերպությունում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունն «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, ԻԿԱՕ-ի ստանդարտների և ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի պահանջներին: Հիմնվելով ստուգման թերթիկի արդյունքների վրա, հնարավոր է նաև բացահայտել վերահսկվող կազմակերպության հսկողական համակարգի ուժեղ և թույլ կողմերը: Ստուգման թերթիկում նշված յուրաքանչյուր կետ ստուգվում է:
78. Եթե հնարավոր չէ ստուգել կազմակերպության ավիացիոն անվտանգության համակարգի բոլոր տարրերը կամ ստուգման թերթիկի բոլոր կետերը, այդ մասին համապատասխան գրանցում է կատարվում տեսչական ստուգման փաստաթղթերում:
Տեսչական ստուգման ամբողջ ընթացքում ստուգման աշխատանքների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Վարչության ավիացիոն անվտանգության բաժնի պետը:
Վերահսկողության է ենթակա ստուգման ողջ գործընթացը` սկսած հասարակ դիտարկումից, մինչև համակարգի մանրամասն զննումը: Բաժնի պետը վերահսկողության ընթացքում իրականացնում է գործերի և գրանցումների ստուգում, հանդիպումներ, մինչթռիչքային ստուգումներ, ստուգումներ թռիչքի ընթացքում և հիմնական վերահսկողություն:
79. Տեսչական ստուգման ընթացքում կարող են իրականացվել նաև հանդիպումներ ստուգման ենթարկվող կազմակերպության անձնակազմի հետ: Դրանք բանավոր շփումներ են` սկսած ոչ պաշտոնական քննարկումներից, մինչև պլանավորված քննարկումները տվյալ կազմակերպության ղեկավարության հետ: Նման հանդիպումները և քննարկումները կարևոր են խմբի անդամների համար, քանի որ դրանք խմբի անդամներին թույլ են տալիս`
1) որոշել, արդյոք ստուգման գործընթացը համապատասխանում է Ծրագրի պահանջներին.
2) որոշել տեղեկատվության հստակությունը.
3) գնահատել ստուգման ենթակա կազմակերպության ավիացիոն անվտանգության համակարգի անձնակազմի գիտելիքներն իրենց պարտականությունների և պատասխանատվության վերաբերյալ.
4) հաստատել ստուգման ընթացքում կազմված որոշումների հիմնավորվածությունը:
ԳԼՈՒԽ 18. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
80. Տեսչական ստուգման որոշումները հաջող տեսչական ստուգման հիմք են հանդիսանում: Ստուգման որոշումներով հաստատված համապատասխանությունները հնարավորություն են տալիս ճիշտ գնահատել քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի կատարման աստիճանը:
81. Համապատասխանությունները հետևյալն են.
1) ամբողջովին համապատասխան.
2) համապատասխան, բայց փոփոխությունները ցանկալի են.
3) չի համապատասխանում` առկա են փոքր թերություններ.
4 ) չի համապատասխանում ` առկա են լուրջ թերություններ.
5) ոչ կիրառելի.
6) ոչ համապատասխան:
82. Տեսչական ստուգման որոշման վերջնական ձևի մեջ ներառվում են ստուգման բոլոր տվյալներն ու կից փաստաթղթերը և այն կցվում է տեսչական ստուգման գործին:
Երբ որոշվում է, որ շտկմանն ուղղված գործողությունները պետք է կատարվեն ավելի շուտ, քան հաստատված գործողությունների պլանում նշված ժամկետը (45 օր), ապա տեսչական ստուգման որոշումները կարող են կայացվել աուդիտի ընթացքում: Որոշման այս ձևը կիրառվում է այն դեպքում, երբ անվտանգության սպառնալիքն իրական է և պահանջվում է թերությունների շտկման աշխատանքների անհետաձգելի իրականացում: Տեսչական ստուգման որոշումների ձևում թերությունների շտկման հատվածը ներառում է աղյուսակ, որտեղ նշվում են դրանց կատարման ամսաթվերն ու ժամանակը:
83. Տեսչական ստուգման որոշման ձևի լրացումները վերջացնելուց հետո, ստուգման խմբի անդամները կազմում են ստուգման թերթիկը` որոշման ձևի վերևում նշելով.
1) տեսչական ստուգման ենթարկվող կազմակերպության հստակ նկարագիրը. տեղադրությունը, ստուգման գործի համարը.
2) հայտնաբերված անհամապատասխանության(ներ)ի հատվածը.
3) պահանջվող թերությունների շտկման հատվածը.
4) թերությունների շտկման համար պահանջվող ժամանակաշրջանը.
5) խմբի անդամների անուն-ազգանունները և տեսչական ստուգման որոշման կատարման ժամկետը:
ԳԼՈՒԽ 19. ԱՄԵՆՕՐՅԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ (ԺՈՂՈՎՆԵՐ)
84. Խմբի քննարկումները (ժողովները) իրականացվում են ստուգումների ընթացքում, յուրաքանչյուր օրվա վերջում այն նպատակով, որպեսզի`
1) ապահովվի տեսչական ստուգման պլանի կատարումը.
2) ապահովվի օրվա ընթացքում ծագած հարցերի ու հիմնախնդիրների լուծումը.
3) հիմնավորվեն հաստատված պահանջներն ու որոշումները.
4) անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրվի խմբի ղեկավարին, որն անհրաժեշտության դեպքում այն փոխանցում է բաժնի պետին:
85. Խմբի քննարկումները (ժողովները) իրականացվում են ստուգման ենթարկվող կազմակերպության ղեկավարությանը ստուգման ընթացքի մասին տեղեկացնելու և որոշումները քննարկելու համար: Բաժնի պետը կամ խմբի ղեկավարը որոշ դեպքերում կարող է ստուգող խմբին կցել նաև ստուգվող կազմակերպության աշխատակիցների:
86. Տեսչական ստուգման վերջում բաժնի պետը կազմակերպում է վերջնական ժողով (հանդիպում) ստուգվող կազմակերպության ղեկավարության հետ` ստուգման արդյունքները ներկայացնելու համար: Անհրաժեշտության դեպքում ստուգման խումբը կարող է տեղեկացնել ստուգվող կազմակերպության ղեկավարությանը ստուգման որոշումների մասին ամենօրյա հանդիպումների ընթացքում` խուսափելով խմբի և կազմակերպության միջև տարաձայնություններից:
ԳԼՈՒԽ 20. ՀԵՏՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
87. Հետտեսչական ստուգման ընթացակարգը ներառում է ստուգման վարչական մանրամասների համախումբը (պահանջ-բողոքներ, արտաժամյա աշխատանք և այլն), տեսչական ստուգման արձանագրության պատրաստումը և այդ արձանագրության ստուգման հանձնաժողովի հրավիրումն` ըստ անհրաժեշտության:
88. Տեսչական ստուգման արձանագրությունը մի փաստաթուղթ է, որն ամփոփում է ստուգման արդյունքները, ներառում է ստուգման մասին որոշումները և հայտնաբերված թերությունների շտկման աշխատանքները: Արձանագրությունը փաստացի հաշվառվում է և չի պարունակում հատուկ ձևակերպումներ, առաջարկներ կամ հանձնարարականներ:
89. Տեսչական ստուգման արձանագրության պատրաստման և հաստատման ներկայացնելու համար պատասխանատու է Վարչության ավիացիոն անվտանգության բաժնի պետը:
ԳԼՈՒԽ 21. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՏԿՈՒՄ
90. Տեսչական ստուգման ընթացքում բացահայտված թերություները ենթակա են շտկման: Տեսչական ստուգման ընթացքում կարող են արձանագրվել այնպիսի թերություններ և անհամապատասխանություններ, որոնք անմիջապես ենթակա են շտկման: Նման թերությունները կարող են գրանցվել ստուգման արձանագրություններում և ներառվել տեսչական ստուգման գործի մեջ` հետագա գործողություններում օգտագործվելու նպատակով:
91. Տեսչական ստուգման ավարտից հետո Վարչության ավիացիոն անվտանգության բաժնի պետը, ով պատասխանատու է ստուգվող կազմակերպության կողմից իրականացվող համապատասխան թերությունների շտկման աշխատանքների կատարման հսկման համար, նշանակում է ստուգման որոշումների կատարման հսկիչ, ով հետևում է, որպեսզի`
1) որոշման ձևում շտկման աշխատանքների իրականացման հատվածում նշված որոշակի ժամկետում պահանջվող գործողությունները ավարտվեն սահմանված ժամկետում.
2) շտկման աշխատանքների պլանը ներկայացվի համապատասխան ժամանակահատվածում և լինի արդյունավետ անհամապատասխանությունների շտկումների համար:
92. Տեսչական ստուգման որոշումների կատարումը համարվում է ավարտված, երբ`
1) տեսչական ստուգման որոշումների կատարման հսկիչը և բաժնի պետն ավարտում են թերությունների շտկման բոլոր աշխատանքների ուսումնասիրումը.
2) թերությունների շտկման աշխատանքների կարգավիճակը գրանցվում է տեսչական ստուգման գործի մեջ.
3) Վարչության պետի տեղակալը զեկուցագիր է ներկայացում Վարչության պետին` տեսչական ստուգման ավարտի մասին:
ԳԼՈՒԽ 22. ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՏԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
93. Թերությունների շտկման աշխատանքների տեսակներն են.
1) անհապաղ շտկման աշխատանքներ. երբ աուդիտի ընթացքում հանդիպում են այնպիսի թերություններ կամ անհամապատասխանություններ, որոնք պահանջում են անհապաղ շտկումներ: Դրանք գրանցվում են արձանագրությունում և ներառվում ստուգման գործի մեջ.
2) կարճաժամկետ շտկման աշխատանքներ. այս աշխատանքները ճշտում են ստուգման որոշումներում նշված որոշակի անհամապատասխանությունները և նախապատրաստում են երկարաժամկետ գործողությունների, որոնք կանխում են հիմնախնդիրների կրկնությունը: Կարճաժամկետ շտկման աշխատանքներն ավարտվում են`
ա. ստուգման որոշման ձևի շտկման աշխատանքների հատվածում նշված ժամանակում.
բ. ստուգվող կազմակերպության կողմից տեսչական ստուգման արձանագրության ստացման օրից 30 օրվա ընթացքում.
3) երկարաժամկետ շտկման աշխատանքներ. որոնք ունեն երկու բաղադրիչ.
ա. առաջինը ներառում է խնդրի առաջացման պատճառի որոշումը և այն քայլերի նկարագրումը, որոնց պիտի հետևի ստուգվող կազմակերպությունը` կրկնությունից խուսափելու համար.
բ. երկրորդը գործողությունների ժամանակացույցն է:
Այս աշխատանքները տևում են մինչև 90 օր և ընդգրկում են սահմանված վերջնաժամկետը: Որոշ աշխատանքներ կարող են պահանջել 90 օրից ավելի ժամանակահատված (կարևոր սարքավորումների ձեռք բերում): Ըստ անհրաժեշտության կազմակերպությունը ներառում է 90 օրը չգերազանցող փուլեր կամ ընթացիկ ստուգման կետեր` նախապատրաստվելով առաջադրված վերջնաժամկետին:
ԳԼՈՒԽ 23. ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՏԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԸ
94. Թերությունների շտկման աշխատանքների պլանը ներկայացնում է ստուգվող կազմակերպությունը` ստուգման արձանագրությունը ստանալուց 30 օրվա ընթացքում: Այս ժամկետն առանց հիմնավորման չի կարող երկարաձգվել: Ստուգվող կազմակերպությունից ստացված շտկման աշխատանքների պլանները ներառում են դրանց ամբողջական ձևերը և ըստ անհրաժեշտության լրացուցիչ փաստաթղթեր, որոնց մեջ կարող են մտնել լրացուցիչ տեխնիկական արձանագրություններ, պատվիրման հանձնարարագրեր, հուշագրեր, ստուգման ընթացակարգի շտկված փաստաթղթեր, ուղղումներ և այլն:
95. Թերությունների շտկման աշխատանքների պլանը հաստատվում է Վարչության կողմից: Պլանի կատարումը պետք է վերահսկվի խմբի անդամներից նշանակված հսկիչի(ներ)ի կողմից:
Հսկիչը պետք է `
1) հետևի ստուգվող կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումներին` համոզվելու համար, որ պլանի կատարման 30-օրյա ժամկետը չի խախտվում կամ որոշակի ժամկետում պահանջվող գործողություններն ավարտված են.
2) համոզվի, որ պլանն ուղղված է, առաջին հերթին, ամենակարևոր բացահայտումների վերացմանը.
3) համոզվի, որ յուրաքանչյուր առաջարկված շտկման աշխատանքները վերացնում է անհամապատասխանությունները և կանխում դրանց կրկնությունը.
4) որոշի վերահսկվող կազմակերպության կազմած երկարաժամկետ շտկման աշխատանքների ժամանակացույցի հիմնավորվածությունը և համոզվի, որ առաջարկված վերջնաժամկետը նշված է շտկման աշխատանքների ձևի համապատասխան հատվածում կամ մուտքագրված դրանց հսկման ձևում.
5) հաստատի շտկման աշխատանքների պլանը` համաձայնեցնելով պատասխանատու անձի, բաժնի պետի և համապատասխան խմբի ղեկավարի և (կամ) խմբի անդամի հետ.
6) հսկի շտկման աշխատանքների պլանի յուրաքանչյուր կետի կատարումը և այն նկարագրի շտկման աշխատանքների ձևում կամ հսկման ձևում.
7) հետևի շտկման աշխատանքների պլանի առաջընթացին` հաշվի առնելով դրանց ձևի կամ հսկման ձևի կատարման հատվածը, համոզվի, որ իրականացվում է համապատասխան պլանը.
8) համոզվի, որ շտկման աշխատանքների և դրանց հսկման բոլոր լրացված ձևերը լրացուցիչ փաստաթղթերի հետ ներառվել են ստուգման գործում.
9) բոլոր շտկման աշխատանքների ավարտված լինելու դեպքում այդ մասին տեղեկացնի խմբի ավագին:
ԳԼՈՒԽ 24. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՎԱՐՏԸ
96. Տեսչական ստուգումն ավարտվում է այն ժամանակ, երբ ստուգման պլանով նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտված են: Տեսչական ստուգման ավարտի մասին տեղեկացվում է Վարչությանը և ստուգման ենթակա կազմակերպությանը:
ԳԼՈՒԽ 25. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԽՄԲԻ
ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
97. Տեսչական ստուգման խմբի անդամների ընտրությունը կատարում է Վարչության պետի տեղակալը և ներկայացնում է Վարչության պետի հաստատմանը: Խումբը կազմվում է ըստ տեսչական ստուգման դասակարգման: Ստուգումներն իրականացվում են խմբի երկու անդամների կողմից, որոնցից մեկը խմբի ղեկավարն է, երկրորդը` խմբի անդամը:
98. Տեսչական ստուգման խմբի անդամները պետք է ունենան տեսչական ստուգումներ իրականացնելու համար անհրաժեշտ որակավորում, գիտելիքներ և հմտություններ:
99. Տեսչական ստուգման խմբի ղեկավարը պետք է`
1) բավարար գիտելիքներ ունենա Ազգային ծրագրի և դրա գործնական կիրառման վերաբերյալ.
2) մասնակցած լինի կառավարման ոլորտի և տեսչական ստուգման գործընթացների դասընթացներին.
3) տիրապետի անվտանգության ընթացակարգերի, ձևերի և տեխնոլոգիաների, ինչպես նաև ստուգումների նրբություններին.
4) ունենա ստուգվող հիմնարկի հետ կապված աշխատանքային փորձ.
5) տիրապետի աերոնավիգացիոն կանոնակարգերին և կառուցվածքներին.
6) ցուցաբերի ինֆորմացիայի տիրապետման և կառավարման ունակություններ.
7) ունենա աշխատանքային փորձ` կապված Վարչության վարչարարական գործընթացների հետ.
8) մասնակցած լինի առնվազն երկու ստուգումների, որպես խմբի անդամ:
100. Ծանոթանալով ստուգման ոլորտին` տեսչական ստուգման խմբի ղեկավարը`
1) օգնում և աջակցում է բաժնի պետին.
2) հաստատման է առաջարկում խմբի անդամներին.
3) ղեկավարում է իր խմբի գործողությունները.
4) խմբի գործունեությունը և ծախսերը ներկայացնում է բաժնի պետին.
5) տեղեկություններ է հաղորդում բաժնի պետին` ստուգումների ընթացքի մասին.
6) ապահովում է, որ ստուգման արդյունքում ստացված տվյալները համապատասխանեն կանոնակարգերին և անհրաժեշտության դեպքում արձանագրվեն գրավոր փաստաթղթով.
7) բաժնի պետի ցուցումով ստուգում և հաստատում է ստուգման հաշվետվության առանձին դրույթները.
8) ապահովում է միաժամանակ ստացված արդյունքների արձանագրումը.
9) ամենօրյա և վերջնական հանդիպումների ընթացքում բնութագրում է (տեղեկություններ է տալիս) իր կողմից ուսումնասիրվող կազմակերպությունը.
10) կազմում է ստուգման արդյունքների կատարման բնութագիրը:
101. Տեսչական ստուգման խմբի անդամի գործունեության ոլորտը նշվում է նրա նշանակման թերթիկում: Խմբի անդամը`
1) խմբի ղեկավարի միջոցով զեկուցում է բաժնի պետին իր ծառայողական պարտականությունների կատարման ողջ ժամանակահատվածում.
2) կատարում է սույն կարգում ստուգման հետ կապված բոլոր գործողությունները.
3) ավիացիոն անվտանգությանն անմիջական վտանգ սպառնալու դեպքում անմիջապես կապվում է խմբի ղեկավարի կամ բաժնի պետի հետ` խորհրդատվություն ստանալու նպատակով:
102. Տեսչական ստուգման խմբի անդամը պետք է`
1) ունենա բավարար գիտելիքներ Ազգային ծրագրի վերաբերյալ.
2) մասնակցած լինի տեսչական ստուգման գործընթացների դասընթացներին.
3) ունենա ստուգվող հիմնարկին վերաբերվող տեղեկություններ.
4) տիրապետի աերոնավիգացիոն կանոնակարգերին և կառուցվածքներին:
103. Տեսչական ստուգման խմբի անդամը պետք է`
1) ծանոթ լինի ստուգման ոլորտին.
2) ծանոթ լինի ստուգման գործընթացների քաղաքականությանը.
3) անցկացնի ստուգումներ և կազմի ստացված արդյունքների արձանագրություններ.
4) անհրաժեշտության դեպքում, խմբի ղեկավարի միջոցով այդ արդյունքներն ուղարկի բաժնի պետին` լրացուցիչ քննության համար.
5) կապ պահպանի խմբի ղեկավարի հետ` զեկուցելով առկա թերության մասին.
6) դիտարկի ստուգման արդյունքների կիրառելիությունը և օրինականությունը` ապահովելով, որ ստացված արդյունքները համապատասխանեն սույն Ծրագրի պահանջներին.
7) խմբի ղեկավարին ներկայացնի ոլորտին վերաբերող ստուգման թերթիկը` նշելով կատարման ենթակա ստուգման գործողությունների պլանը: