Համարը 
N 286-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.04.12/08(86)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվը 
22.02.2013
Ստորագրող մարմինը 
Քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.02.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.04.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«11» մարտի 2013թ.

պետական գրանցման համարը 4001329

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«22» փետրվարի 2013թ.

N 286-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ

(ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գովազդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով`

 

ո ր ո շ ու մ եմ.

 

1. Հաստատել Ստեփանակերտ քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոնները և չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Քաղաքապետ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

 

 

Հավելված

Ստեփանակերտի քաղաքապետի

«22» փետրվարի 2013 թվականի N 286-Ն որոշման

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ

(ՏԵՂԱԴՐԱՄԱՆ) ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 

Ստեփանակերտ քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոնները և չափորոշիչները (այսուհետ` Կանոններ) սահմանում են Ստեփանակերտ քաղաքում արտաքին գովազդի, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող (այսուհետ` Գովազդ) տեղաբաշխման (տեղադրման) կարգն ու պայմանները և այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերությունները:

 

I. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ

(ՏԵՂԱԴՐԱՄԱՆ) ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Գովազդի տեղաբաշխումն իրականացվում է «Գովազդի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին և սույն Կանոնների պահանջներին համապատասխան:

2. Ստեփանակերտ քաղաքում Գովազդը տեղաբաշխվում է վահանակների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, էլեկտրոնային էկրանների, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարների (մարկիզների), այլ նյութական կրիչների և տեխնիկական միջոցների (այսուհետ` Գովազդի միջոցներ) ձևով:

3. Գովազդը կամ Գովազդի միջոցը կարող է տեղաբաշխվել (տեղադրվել) պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի, շենքերի, շինությունների (հիմնական կամ ոչ հիմնական), դրանց վրա տեղակայված այլ կառույցների, կոնստրուկցիաների, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների (այսուհետ` Գովազդի օբյեկտ) վրա:

4. Գովազդի օբյեկտ հանդիսացող պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականությունը համարվող հողամասերում, հիմնական և ոչ հիմնական շինություններում Գովազդի միջոց կարող է կառուցվել կամ տեղադրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային հարաբերությունները և քաղաքաշինական գործունեությունը կարգավորող իրավական ակտերին համապատասխան:

5. Բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի ընդհանուր բաժնային սեփականության վրա Գովազդ, Գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված համապատասխան համաձայնության առկայության դեպքում:

6. Պետական կամ համայնքային սեփականություն չհանդիսացող Գովազդի օբյեկտի վրա Գովազդ, Գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է միայն տվյալ Գովազդի օբյեկտի սեփականատիրոջ, օրինական օգտագործողի կամ տիրապետողի համաձայնության, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի առկայության դեպքում:

7. Ստեփանակերտ քաղաքում, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա, Գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս է Ստեփանակերտի քաղաքապետը:

8. Գովազդ, Գովազդի միջոց տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը ներկայացնում է դիմում: Դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմողի բնակության վայրի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը), հեռախոսահամարը, տեղադրվող Գովազդի միջոցը, գովազդի տեսակը, Գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) վայրը, Գովազդի տարածման ժամկետը, եթե Գովազդի միջոցը տեղադրվելու է հողամասի կամ Ստեփանակերտի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա (հենասյուն կամ այլ գույք)` հայցում հողամասի օգտագործման համաձայնություն տալու մասին, դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը և կնիքը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:

9. Դիմումին կցվում են.

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի, իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական գրանցման փաստաթղթերի պատճենները,

2) Գովազդի միջոցի նախագիծը, այն կոնստրուկցիա, կառույց կամ տեխնիկական այլ միջոց լինելու դեպքում` համապատասխան փորձաքննության եզրակացությունը,

3) Գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը) երկու օրինակից` գովազդի չափերի նշումով,

4) եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը և լիազորվածի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված, ինչպես նաև թույլտվության տրամադրման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր:

10. Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ) Գովազդի միջոց տեղադրելու համար գովազդատուից, գովազդակրից դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում պարզում է դրանց համապատասխանությունը Կանոնների պահանջներին: Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դրանք մատնացույց են արվում դիմումատուին` նրան հնարավորություն ընձեռնելով շտկելու այդ սխալները և հնգօրյա ժամկետում համալրելու փաստաթղթերի ցանկը:

11. Գովազդի թույլտվության մասին դիմումը Ստեփանակերտի քաղաքապետի կողմից հնգօրյա ժամկետում մերժվում է, եթե.

1) Գովազդի բովանդակությունը չի համապատասխանում «Գովազդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին,

2) դիմումատուի կողմից ներկայացված դիմումը կամ կից փաստաթղթերը չեն համապատասխանում Կանոնների պահանջներին,

3) Կանոնների 10-րդ կետում սահմանված ժամկետներում ձևական թերությունները չեն շտկվել:

12. Եթե դիմումը և կից փաստաթղթերը համապատասխանում են Կանոնների պահանջներին, կամ դիմողի կողմից վերացվել են ձևական խախտումները, ապա Աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժինը տասնօրյա ժամկետում իրականացնում է ուրվանկարների և համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցում, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, համապատասխան հողհատկացման, Ստեփանակերտի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի օգտագործման համաձայնության հարցերի քննարկում և լուծում:

13. Եթե ուրվանկարների և համապատասխան փորձաքննությունն անցած մոնտաժային նախագծերը չեն համաձայնեցվում, ինչպես նաև համապատասխան հողամասի տրամադրումը կամ հենասյուների կամ այլ գույքի վրա Գովազդի միջոցի տեղադրման համար համաձայնություն տալը հնարավոր չէ կամ Գովազդը, Գովազդի միջոցը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Կանոնների պահանջներին, ապա Ստեփանակերտի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժինը հնգօրյա ժամկետում մերժում է համաձայնության տրամադրումը:

14. Աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից համաձայնեցված ուրվանկարները, փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերը, սահմանված չափի տեղական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև Կանոններով նախատեսված այլ փաստաթղթերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ տրվում է գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն` համաձայն ձևի: Եթե համաձայնության տրամադրումը մերժվել է, ապա գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն տալը մերժում է նույն ժամկետում:

15. Գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու մասին Ստեփանակերտի քաղաքապետի որոշման մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու հիմքերը:

16. Արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն տրամադրելուց հետո եռօրյա ժամկետում Աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժինը պետք է պարզի փաստացի տեղադրված գովազդի համապատասխանությունը (ըստ չափերի և բովանդակության) հաստատված և համաձայնեցված էսքիզի հետ: Եթե Գովազդի տեղաբաշխման թույլտվությունը տրվել է Գովազդի միջոցի տեղադրմամբ, Աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժինը մեկամսյա ժամկետում ստուգում է Գովազդի միջոցի տեղադրման (տեղակայման) համապատասխանությունը մոնտաժային նախագծերին և տեղադիրներին: Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետին: Առաջին անգամ անհամապատասխանություն հայտնաբերելիս` գովազդատուն (գովազդակիրը) գրավոր զգուշացվում է ողջամիտ ժամկետում այն վերացնելու մասին: Սահմանված ժամկետում տեղ գտած թերությունները չշտկելու կամ երկրորդ անգամ անհամապատասխանություն թույլ տալու դեպքում` գովազդատուն (գովազդակիրը) պարտավորեցվում է իր միջոցներով ապամոնտաժել Գովազդի միջոցը: Գովազդատուի (գովազդակրի) կողմից Գովազդի միջոցը չապամոնտաժելու դեպքում` այն ապամոնտաժվում է համայնքի միջոցներով, իսկ կատարված ծախսերը փոխհատուցում է գովազդատուն (գովազդակիրը):

17. Թույլտվությունը հանդիսանում է հատուկ հաշվառման փաստաթուղթ, որը գրանցվում է Աշխատակազմի թույլտվությունների հաշվառման մատյանում, իսկ թույլտվության պատճենը և հաշվառման մատյանը պահվում են Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում:

18. Գովազդը Գովազդի միջոցների վրա տեղադրելու ժամանակ, ինչպես նաև արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխման դեպքում, գովազդատուն (գովազդակիրը) մինչև գովազդի տեղադրումը կամ արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխումը, այդ մասին գրավոր տեղեկացնում է Աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնին, կից ներկայացնելով համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի էսքիզը, որը գովազդի տեղաբաշխման թույլտվության համար սահմանված ժամկետներում և կարգով համաձայնեցվում է նույն բաժնի կողմից:

19. Այն դեպքում, երբ թույլտվության գործողության ընթացքում Գովազդի միջոցը կամ գովազդվող տեղեկատվությունը փոփոխվում է, որի համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի այլ դրույքաչափ, ապա գովազդատուն, գովազդակիրը կատարում են վճարում համապատասխան դրույքաչափով:

20. Գովազդի միջոցի տեղադրման մոնտաժային աշխատանքները կատարվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված և Աշխատակազմի համապատասխան բաժնի հետ համաձայնեցված նախագծով: Գովազդատուն, գովազդակիրն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Գովազդի միջոցի մոնտաժման ապահովության և դրա անվթար շահագործման համար:

21. Գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն ստացած անձը կարող է այդ թույլտվությունը փոխանցել այլ անձի` Ստեփանակերտի քաղաքապետի համաձայնությամբ: Փոխանցումը կարող է տեղի ունենալ գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվությունը ստանալուց հետո չորս ամսից ոչ շուտ:

22. Գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվության ժամկետը լրանալու, այն վաղաժամկետ դադարեցնելու դեպքում գովազդատուն, գովազդակիրը պարտավոր են հնգօրյա ժամկետում իրենց միջոցներով ապամոնտաժել Գովազդը, Գովազդի միջոցը, իսկ զբաղեցրած տարածքը, շենքերը, շինությունները կամ այլ գույքը, որի վրա տեղակայված, տեղադրված է եղել Գովազդի միջոցը, բերել նախկին վիճակին:

Գովազդատուն ունի իր գովազդի միջոցի տեխաբաշխման (տեղադրման) թույլտվության ժամկետի երկարաձգման նախապատվության իրավունք: Այդ նպատակով գովազդատուն (գովազդակիրը) թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ պետք է դիմի Ստեփանակերտի քաղաքապետին:

23. Ստեփանակերտ քաղաքում Գովազդի տեղաբաշխման (տեղադրման) գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժինը, իսկ վերահսկողությունը` Ստեփանակերտի քաղաքային տեսչությունը:

24. Գովազդատուն, գովազդ արտադրողը, գովազդակիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և Կանոններով սահմանված պահանջների խախտման համար պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ

ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

25. Ստեփանակերտ քաղաքում Գովազդը կարող է տեղաբաշխվել վահանակային կայանքների (վահանակների), տանիքային կայանքների, մեծանկարների (պաննո), էլեկտրոնային էկրանների, բարձակների, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարների (մարկիզների), վիտրաժային գովազդների, շարժական գովազդների, հեռախոսախցիկների, նստարանների, տաղավարների, հասարակական զուգարանների, աղբամանների, սառնարանների, օդապարիկների, ճառագայթային գովազդի տրանսպորտային և այլ միջոցներով:

26. Ստեփանակերտ քաղաքի տարածքում Գովազդի միջոցները չեն կարող տեղաբաշխվել (տեղադրվել) երթևեկելի մասի մակերևույթից 7մ-ից ցածր բարձրությամբ, եթե գովազդի միջոցի որևէ մասը գտնվում է ճանապարհի երթևեկելի մասի վրա:

27. Ճանապարհի կողային մասում Գովազդի միջոց տեղակայելու, տեղադրելու դեպքում այն պետք է լինի եզրաքար ունեցող ճանապարհի եզրաքարից 0.6մ ոչ պակաս հեռավորությամբ, իսկ եզրաքար չլինելու դեպքում ճանապարհի եզրից ոչ պակաս, քան 2-3մ, կախված տեղանքի առանձնահատկություններից, որը պարզվում է տեղազննությամբ:

28. Գովազդի միջոցները չպետք է`

1) խոչընդոտեն ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը, փողոցների ու մայթերի անցմանը, խանգարեն փողոցների ու մայթերի մեքենայացված մաքրմանը,

2) սահմանափակեն տեսանելիությունը ավտոճանապարհների վրա,

3) առաջացնեն երթևեկության մասնակիցների կուրացում (լույսով, այդ թվում` նաև անդրադարձնող),

4) հետիոտնի շարժման համար արգելք հանդիսանան,

5) լինեն ճանապարհների վտանգավոր հատվածներում և տեղադրվեն լուսամփոփների ու ճանապարհային կանգնակների վրա:

29. Գովազդ տեղադրել չի թույլատրվում`

1) բնակելի շենքերի մոտ, եթե դրանք հանդիսանում են աղմուկի, տատանման, հզոր ճառագայթման և էլեկտրամագնիսական դաշտի, ուժեղ լույսի (այդ թվում` տատանվող) աղբյուր,

2) թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների վրա, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա և դրանց տարածքում,

3) «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վրա և դրանց տարածքներում (պետական հաշվառման վերցրած պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցների, դրանց համակառույցների և համալիրների` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքների վրա, ինչպես նաև պատմամշակութային և բնապատմական արգելոցներում, հիշարժան վայրերում անկախ պահպանվածության աստիճանից),

4) Վերածննդի և Ազատության հրապարակներում,

5) ճանապարհային ցանցում, երբ այն անհամապատասխան է ճանապարհատրանսպորտային տվյալ իրավիճակի հետ, և նմանություն ունի (արտաքին տեսքով, պատկերով կամ ձայնային էֆեկտով) ճանապարհային նշանների, ճանապարհային երթևեկության կազմակերպման և այլ տեխնիկական միջոցների հետ:

30. Վահանակային կայանքները (վահանակները) տեղեկատվության համար մակերես նախատեսող կոնստրուկցիաներ են` բաղկացած հիմքից, հիմնակմախքից (կարկաս) և տեղեկատու դաշտից: Տեղեկատու դաշտը կարող է լինել մեծ (առավելագույնը 4մX12մ), միջին (առավելագույնը 3մX6մ) կամ փոքր (առավելագույնը` 1.2մX1.8մ) չափերի: Վահանակները կարող են լինել երկկողմանի կամ միակողմանի (գովազդի հակառակ կողմը պարտադիր դեկորատիվ ձևավորվում է) կատարմամբ: Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական հատվածում տեղադրվող տեղեկատու դաշտով գովազդային վահանակի կրող հիմնասյան դիրքը պետք է լինի միայն ուղղահայաց և նշված լինի գովազդակրի անվանումը և հեռախոսահամարը:

31. Մայրուղիներում և խճուղիներում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև հեռավորությունը` կախված դրանց չափերից, չի կարող պակաս լինել`

1) 15քմ և ավելի` 150մ

2) 10-15քմ` 100մ

3) 6-10քմ` 90մ

4) 4-6քմ` 50մ

5) 2-4քմ` 25մ

6) մինչև 2քմ` 15մ:

32. Պողոտաներում և փողոցներում, որոնցում տրանսպորտային միջոցների թույլատրելի արագությունը 60կմ/ժամ է, մեկ ուղղությամբ երկու վահանակների միջև հեռավորությունը, կախված դրանց չափերից, չի կարող պակաս լինել`

1)15քմ և ավելի` 120մ

2) 6-15քմ` 90մ

3) 2-6քմ` 30մ

4) մինչև 2քմ` 15մ:

33. Փողոցներում, որոնցում տրանսպորտային միջոցների թույլատրելի արագությունը 60կմ/ժամից պակաս է, ինչպես նաև նեղ փողոցներում և նրբանցքներում, մեկ ուղղությամբ երկու վահանակների միջև հեռավորությունը կախված դրանց չափերից, չի կարող պակաս լինել`

1) 10-12քմ` 60մ

2) 6-10քմ` 50մ

3) 4-6քմ` 30մ

4) մինչև 4քմ` 20մ:

34. Շենքի տանիքին տեղադրվող տանիքային կայանքները պետք է ունենան հակահրդեհային և հոսանքի վթարային անջատման համակարգ: Ամրակցման տարրերը, ինպես նաև կոնստրուկցիայի կրող մասի հակառակ կողմը պետք է ծածկվեն դեկորատիվ պանելով:

35. Պատի մեծանկարներ (պաննո) տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է կոնստրուկցիայի, իսկ դրա բացակայության դեպքում` անմիջական չափերով:

36. Հենասյուների կամ շենքերի վրա ամրակցվող երկկողմանի հարթակային վահանակների` բարձակների առավելագույն չափը չի կարող ավելի լինել 1.25մx2.0մ: Շահագործման անվտանգության նպատակով բարձակները տեղադրվում են հողի մակերևույթից ոչ պակաս, քան 4.5մ բարձրության վրա: Մեկ հիմքի վրա չի կարող տեղադրվել մեկից ավելի բարձակ: Բարձակի տեղեկատու դաշտի մակերեսը հաշվարկվում է կողմերի ընդհանուր մակերեսով:

37. Էկրանային (վերարտադրող) սարքավորումների մակերեսը որոշվում է էկրանի վերարտադրվող պատկերի մակերեսով:

38. Դրոշակների, հովհարների (մարկիզ) գովազդային տեղեկատու մակերեսները որոշվում են բոլոր կողմերի մակերեսով:

39. Վիտրաժային արտաքին գովազդի միջոցների (դռների և լուսամուտափեղկերի վրա, լուսամուտափեղկից ներս տեղադրված, սակայն դրսից տեսանելի գովազդ) մակերեսները հաշվարկվում են փաստացի տեղադրված գովազդի չափով:

40. Շտենդերները` տնտեսվարող սուբյեկտների կողմից աշխատանքային ժամերի ընթացքում տեղադրվող արտաքին գովազդի շարժական և ժամանակավոր միջոցները, պետք է ունենան երկկողմանի կամ միակողմանի լուծում: Շտենդերները կարող են տեղադրվել մայթերին, որոնց նվազագույն լայնությունը կազմում է 3.5մ և չեն կարող մայթի վրա զբաղեցնել 1քմ մակերեսից ավելի տարածք:

41. Կանոններին չհամապատասխանող Գովազդի միջոցները ենթակա են համապատասխանեցման Կանոնների պահանջներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսյա ժամկետում: Նշված ժամկետում Գովազդի միջոցները Կանոններին չհամապատասխանեցնելու դեպքում դրանք ենթակա են ապամոնտաժման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ`

Գ.ՆԱԶԼՈՒԽԱՆՅԱՆ 

 

 

Ձև 1

 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ)

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ԱԳ ____

 

                               

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

                                  

 

  

Տրված է` «___» «________________» 201 թ.

___________________________________________

 գովազդատու և (կամ) գովազդակիր անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը իրավաբանական անձի լրիվ անվանումը

__________________________________________

գովազդատու և (կամ) գովազդակիր անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը, իրավաբանական անձի գտնվելու վայրը

__________________________________________

արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) վայրը

_________________________________________

             արտաքին գովազդ տեղաբաշխելու (տեղադրելու) միջոցը

(վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պաստառ և այլն)

__________________________________________

                                       արտաքին գովազդի բովանդակությունը

 

Գովազդի մակերեսը_____________քմ

 

Թույլտվության գործողության ժամկետը` «___» «________________» 201 թ-ից մինչև

 

                                                      «___» «________________» 201 թ.

 

Կ.Տ.

Քաղաքապետ ____________________                            ________________________________                          

ստորագրություն                                            անունը, ազգանունը