Համարը 
N 246-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.04.16/06(346)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.04.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.04.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 283 ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 488 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2018թ.

N 246-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 283 ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

29-Ի N 488 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 283 որոշման մեջ կատարել հետևալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խբագրությամբ.

«1. Հաստատել՝

1) բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները` համաձայն N 1 հավելվածի.

2) ախտաբանական վիճակները, որոնց դեպքում երկու տարի դիտման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` մինչև 18 տարին լրանալը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) ախտաբանական վիճակները, որոնց դեպքում չորս տարի դիտման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` մինչև 18 տարին լրանալը՝ համաձայն N 3 հավելվածի:».

3) որոշմամբ հաստատված հավելվածում՝

ա. «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով,

բ. 2-րդ, 17-րդ կետերում «այլանդակող խանգարումներ» բառերը փոխարինել «ձևախեղումներ» բառով, իսկ «այլանդակություն» բառը՝ «ձևախեղում» բառով,

գ. 31-րդ կետի «գ» ենթակետում «պայմաններում» բառից հետո լրացնել «, իսկ երկու և չորս տարի դիտման պայմաններում՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N N 2 և 3 հավելվածների» բառերը.

4) որոշումը լրացնել NN 2 և 3 հավելվածներով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 29-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 488 որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին համապատասխան՝ կարգավորվում են բժշկասոցիալական փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:».

2) 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) Արցախի Հանրապետության» բառերով.

3) 6-րդ կետի «կողմից» բառից հետո «սահմանված» բառը փոխարինել «հաստատված» բառով.

4) 9-րդ կետում «անձին» բառից առաջ լրացնել «, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից երեք ամիս հետո (բացառությամբ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման ու Արցախի Հանրապետության առողջապահության նախարարների հաստատած` առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայության դեպքում առանց եռամսյա դիտարկման ժամկետի պահպանման բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրվող անձանց հիվանդությունների ցանկի)» բառերը.

5) IΙI բաժնի վերնագրի «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» բառերը փոխարինել «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ» բառերով.

6) 10-րդ կետի «քաղաքացիները» բառից հետո, «ունի» բառից առաջ, 11-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

7) 10-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի (այսուհետ՝ նախարար)» բառերով.

8) 10-րդ և 13.1-ին կետերում «անձնագիր» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «անձը հաստատող փաստաթուղթը» բառերով և դրանց հոլովաձևերով.

9) 13-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին» բառերը փոխարինել «նախարարության աշխատակազմի համապատասխան սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերով.

10) 13-րդ, 23-րդ կետերից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը.

11) 14-րդ կետում «որոշման քաղվածքը» բառերից հետո լրացնել «կամ ծանուցումը» բառերը.

12) 29-րդ կետում «վիճակը» բառից հետո լրացնել «փոփոխվելու՝» բառը.

13) VΙI բաժնի վերնագրի «ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ» բառերը փոխարինել «ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼԸ» բառերով.

14) 31-րդ կետում «վեցամսյա» բառը փոխարինել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված» բառերով:

3. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման ու Արցախի Հանրապետության առողջապահության նախարարներին՝ մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հիվանդությունների ցանկը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 
 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված N1

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի ապրիլի 11-ի N 246-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հոկտեմբերի 28-ի N 283 որոշման

 

ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԴԻՏՄԱՆ

ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ԱՆԺԱՄԿԵՏ, ԻՍԿ

«ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ` ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ

 

I. ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Զարկերակային գերճնշում, բարդացած կենտրոնական նյարդային համակարգի (շարժողական, խոսքի) սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով` ֆունկցիաների կայուն խիստ արտահայտված խանգարումով:

2. Սրտի իշեմիկ հիվանդություն` կորոնար անբավարարությամբ, լարման ստենոկարդիա ֆունկցիոնալ դաս III, IV, արյան շրջանառության 3-րդ աստիճանի կայուն անբավարարությամբ` ըստ Ստրաժեսկոյի, կամ IV ֆունկցիոնալ դաս` ըստ NYHA:

3. Թոքերի խրոնիկ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են շնչական ֆունկցիայի կայուն խիստ արտահայտված խանգարմամբ և արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ:

4. Շաքարային դիաբետ, ծանր ընթացքով և խիստ արտահայտված բարդություններով`

1) պրոլիֆերատիվ անգիոպաթիա.

2) երիկամային անբավարարություն` 3-րդ փուլ (տերմինալ փուլ).

3) սրտային անբավարարություն` 3-րդ փուլ.

4) ստորին ծայրանդամների դիաբետիկ խիստ արտահայտված անգիոպաթիա` չորրորդ փուլ (նեկրոտիկ ստադիա).

5) 3-րդ աստիճանի էնցեֆալոպաթիա թուլամտությամբ:

5. Չարորակ նորագոյացություններ արմատական բուժումից հետո, մետաստազներով, ախտադարձներով, բուժման անարդյունավետության կամ բուժման ոչ ենթակա դեպքերում արտահայտված ինտոքսիկացիայով, կախեքսիայով, ուռուցքի քայքայումով:

6. Պատվաստված օրգաններ:

7. Ստամոքսի լրիվ հեռացում:

8. Մեկ թոքի բացակայություն:

 

II. ՆՅԱՐԴԱՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական և գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով` հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, տոտալ աֆազիա, արտահայտված սակավամտություն:

10. Ողնուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով (հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, մոնոպլեգիա):

11. Գլխուղեղի և ողնուղեղի բուժման չենթարկվող ուռուցքներ:

 

III. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԵՎԱԽԵՂՈՒՄՆԵՐ

 

12. Բուժման չենթարկվող միզային, կղանքային խուղակներ և ստոմաներ:

13. Կոկորդի հեռացում:

 

IV. ԱՉՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

 

14. Երկու աչքի տեսողության սրության զգալի իջեցում` տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով մինչև 0,03 կամ երկու աչքի կայուն և անվերադարձ փոփոխությունների հետևանքով տեսադաշտի (ծայրամասային ֆիքսման կետից) մինչև 10 աստիճանի նեղացում:»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N2

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի ապրիլի 11-ի N 246-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հոկտեմբերի 28-ի N 283 որոշման

 

ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ՉՈՐՍ ՏԱՐԻ ԴԻՏՄԱՆ

ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ԱՆԺԱՄԿԵՏ, ԻՍԿ

«ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ` ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ

 

I. ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Լյարդի ցիռոզ հեպատոսպլենոմեգալիա, դռներակային գերճնշում 3-րդ աստիճանի, ասցիտ:

2. Լիմֆոիդ, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ արտահայտված ինտոքսիկացիայով և ընդհանուր ծանր վիճակով:

3. Երիկամների խրոնիկ հիվանդություններ խրոնիկ երիկամային 3-րդ աստիճանի անբավարարությամբ ծրագրային հեմոդիալիզի պայմաններում:

 

II. ՆՅԱՐԴԱՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական արտահայտված կայուն խանգարումներով (արտահայտված հեմիպարեզ, պարապարեզ, տրիպարեզ, տետրապարեզ):

5. Գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով (արտահայտված հեմիպարեզ, պարապարեզ, տրիպարեզ, տետրապարեզ, սակավամտություն):

6. Գլխուղեղի անոթային հիվանդությունների ժամանակ ուղեղի արյան շրջանառության խանգարումների մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումներով, պրոգրեսիվող փսիխոզով, թուլամտություն:

7. Ժառանգական նյարդամկանային պրոգրեսիվող հիվանդություններ (Դյուշենի կեղծ հիպերտրոֆիկ մկանային դիստրոֆիա, Վերդինգ-Հոֆֆմանի ողնաշարային ամիոտրոֆիա), պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ ցողունային, շարժողական ֆունկցիաների խանգարումով, մկանների ատրոֆիայով:

8. Ողնուղեղի անոթային և վնասվածքային ախտահարման կամ հիվանդության հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված կայուն խանգարումներով:

9. Պերիֆերիկ նյարդային համակարգի վնասվածքային ախտահարման կամ հիվանդության հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված կայուն և տրոֆիկ խանգարումներով:

 

III. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԵՎԱԽԵՂՈՒՄՆԵՐ

 

10. Դաստակի չորս մատների անկիլոզ կամ խիստ արտահայտված կոնտրակտուրա ֆունկցիոնալ անհարմար դիրքում, շարժողական ֆունկցիայի կայուն խանգարում, որը հանգեցնում է որևէ աստիճանի կենսագործունեության սահմանափակման:

11. Արմնկային, սրունք-թաթային հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրա կամ անկիլոզ, ծայրանդամի և ոտնաթաթի արատավոր դիրքում հենաշարժական ֆունկցիայի կայուն խանգարում, որը հանգեցնում է որևէ աստիճանի կենսագործունեության սահմանափակման:»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ