Համարը 
Հ.Ն-0016-1
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
08.01.1992
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.01.1992
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.1992
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.07.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը և սույն օրենքին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում կամ նրա մի հատվածում մտցվող արտակարգ դրությունը նշանակում է` պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ, որը թույլ է տալիս սույն օրենքով սահմանված քաղաքացիների իրավունքների և ազատությունների ու իրավաբանական անձանց իրավունքների սահմանափակում, ինչպես նաև լրացուցիչ պարտականությունների սահմանում նրանց վրա: Արտակարգ դրությունը ժամանակավոր միջոցառում է և կարող է մտցվել բացառապես հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման և սահմանադրական կառուցվածքի պահպանության շահերից ելնելով:

 

Հոդված 2. Արտակարգ դրություն մտցնելու նպատակն է` իրադրության շուտափույթ նորմալացումը, օրինականության և կարգուկանոնի վերականգնումը, քաղաքացիների անվտանգության սպառնալիքի վերացումը և նրանց անհրաժեշտ օգնություն ցույց տալը:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԻՄՔԵՐԸ և ԿԱՐԳԸ

 

Հոդված 3. Արտակարգ դրություն կարող է մտցվել միայն այնպիսի պայմաններում, երբ արտակարգ դրություն մտցնելու համար հիմք ծառացող հանգամանքները իրենցից այնպիսի իրական արտակարգ և անխուսափելի սպառնալիք են ներկայացնում հանրապետության քաղաքացիների անվտանգությանը կամ սահմանադրական կառուցվածքին, որի վերացումը անհնար է առանց արտակարգ միջոցներ կիրառելու:

 

Հոդված 4. Սույն օրենքի 3-րդ հոդվածի պահանջները պահպանելով հանդերձ, արտակարգ դրություն մտցնելու հիմքեր կարող են լինել`

ա/ սահմանադրական կառուցվածքի բռնի փոփոխման փորձերը, բռնությամբ ուղեկցվող զանգվածային անկարգությունները, ազգամիջյան ընդհարումները, առանձին վայրերի շրջափակումը, որոնք սպառնում են քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը կամ պետական ինստիտուտների նորմալ գործունեությանը,

բ/ տարերային աղետները, համաճարակները, էպիզոոտիաները, խոշոր վթարները, որոնք սպառնալիքի տակ են դնում բնակչության կյանքն ու առողջությունը և պահանջում են կատարել վթարային-փրկարար և վերականգնողական աշխատանքներ:

 

Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում կամ նրա առանձին վայրերում արտակարգ դրությունը մտցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի կամ նրա նախագահության կողմից:

 

Հոդված 6. Սույն օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետում նշված հիմքերից ելնելով` մինչև արտակարգ դրություն մտցնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը պարտավոր է դիմել արտակարգ դրություն մտցնելու համար հիմք ծառացող գործողություններ նախաձեռնող կամ մասնակից անձանց խմբերին, կազմակերպություններին, հիմնարկներին, նախազգուշացնելով և պահանջելով հակաիրավական գործողությունները դադարեցնել դիմումի մեջ սահմանված ժամկետի ընթացքում:

Այն դեպքում, երբ հիշյալ անձինք, կազմակերպություններն ու հիմնարկները չենթարկվեն իրենց ուղղված պահանջին և շարունակեն հակաիրավական գործողությունները սահմանված ժամկետը սպառվելուց հետո էլ, կարող է մտցվել արտակարգ դրություն:

 

Հոդված 7. Այնպիսի հանգամանքներում, որոնք պահանջում են բնակչության փրկության անհետաձգելի միջոցառումներ, արտակարգ դրությունը կարող է մտցվել անհապաղ և առանց նախազգուշացման:

 

Հոդված 8. Արտակարգ դրություն մտցնելու մասին որոշման կամ հրամանների մեջ պետք է նշված լինեն.

ա/ այն հանգամանքները, որոնք հիմք են ծառայում արտակարգ դրություն մտցնելու համար, սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների պահանջներին համապատասխան,

բ/ արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտության հիմնավորում` սույն օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,

գ/ արտակարգ միջոցառումների ցուցակը և սահմաններն ու քաղաքացիների իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների սպառիչ ցուցակը, պահպանելով հանդերձ սույն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջները,

դ/ այն պետական մարմինները, որոնք պատասխանատու են արտակարգ դրության միջոցառումների իրականացման համար, և այդ մարմինների արտակարգ լիազորությունների ճշգրիտ սահմանները,

ե/ այն տարածքի սահմանները, որտեղ արտակարգ դրություն է մտցվում,

զ/ որոշման կամ հրամանագրի ուժի մեջ մտնելու ժամանակը, ինչպես նաև այն ժամկետը, որքան մտցվում է արտակարգ դրությունը:

Արտակարգ դրություն մտցնելու մասին որոշմանը կամ հրամանագրին բնակչությանը իրազեկ է դարձվում զանգվածային լրատվական միջոցներով նրա ուժի մեջ մտնելուց 6 ժամ առաջ, բացառությամբ այն դեպքերի, որոնք նշված են սույն օրենքի 7-րդ հոդվածում:

 

Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում արտակարգ դրություն մտցնելու մասին որոշման հետ միաժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին, որտեղ Գերագույն խորհուրդը քննություն է առնում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը մի այնպիսի ժամկետում, որ նրա ընդունման պահից սկսած` չանցնի 72 ժամից:

Զանգվածային լրատվական միջոցներով արտակարգ դրություն մտցնելու մասին հայտարարելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի անդամ-պատգամավորները պարտավոր են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նիստերի տեղը գալ հնարավորին չափ կարճ ժամկետում` առանց հատուկ կանչի:

 

Հոդված 10. Արտակարգ դրություն մտցնելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը, եթե այն չի հաստատվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ այն կարգով և ժամկետներում, որոնք սահմանված են սույն օրենքի 9-րդ հոդվածով, կորցնում է ուժը, ինչի մասին համապատասխան տարածքի բնակչությանը տեղեկացվում է զանգվածային լրատվության միջոցներով:

 

Հոդված 11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում մտցվող արտակարգ դրության գործողության ժամկետը չի կարող անցնել 3 ամսից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մի հատվածում մտցվողը` չի կարող անցնել 60 օրից:

Այս ժամկետը սպառվելուց արտակարգ դրությունը դադարեցվում է կամ երկարաձգվում նույնպիսի ժամկետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ:

 

Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանն իր աշխատանքը շարունակում է արտակարգ դրության գործողության ամբողջ ժամկետի ընթացքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մի հատվածում արտակարգ դրություն մտցնելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը իրավասու է ընդհատել արտահերթ նստաշրջանը:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՄՏՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁևԵՐԸ

 

Հոդված 13. Այն տարածքում, որտեղ արտակարգ դրություն է մտցված, կարող են կառավարման հատուկ ձևեր մտցվել սույն օրենքին համապատասխան:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմինները իրավասու են բեկանել այն տարածքի ստորադաս մարմինների ամեն մի որոշում, որտեղ արտակարգ դրություն է մտցված:

Արտակարգ դրության պայմաններում կառավարումն իրականացնող պետական մարմինները կարող են արտակարգ լիազորություններով օժտվել այնպիսի միջոցներ ձեռնարկելու համար, որոնք անհրաժեշտ են իրադրությունը շուտափույթ նորմալացնելու, կարգուկանոնն ու օրինականությունը վերականգնելու և քաղաքացիների անվտանգության սպառնալիքը վերացնելու համար: Այս արտակարգ միջոցառումները կարող են նախատեսել քաղաքացիների իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակում, բացառությամբ այն իրավունքների և ազատությունների, որոնք թվարկված են սույն օրենքի 25-րդ հոդվածում:

 

Հոդված 14. Այն տարածքի գործադիր իշխանության մարմինները, որտեղ արտակարգ դրություն է մտցված, կարող են ուղղակի կախվածության մեջ դրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի կամ նրա նախագահության նշանակման մարմնից:

 

Հոդված 15. Արտակարգ դրություն մտցնելը հարուցած հանգամանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքները կոորդինացնելու համար, ինչպես նաև այն դեպքում, եթե այն տարածքի պետական իշխանության և կառավարման մարմինները հավուր պատշաճին չեն իրականացնում իրենց ֆունկցիաները, որտեղ արտակարգ դրություն է մտցված, կարող են կազմավորվել հատուկ ժամանակավոր մարմիններ:

Լրիվությամբ կամ մասամբ այդ մարմիններին կարող են փոխանցվել այն տարածքների պետական իշխանության և կառավարման պարտադիր և գործադիր լիազորությունները, որտեղ արտակարգ դրություն է մտցված:

 

Հոդված 16. Բացառիկ դեպքերում սույն օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետում նշված հիմքերից ելնելով` արտակարգ դրություն մտցնելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործոց նախարարին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԱԿ-ի նախագահին կարող է հանձնարարվել ստեղծել համատեղ օպերատիվ շտաբ և պարետ նշանակել այն տարածքում, որտեղ արտակարգ դրություն է մտցված:

 

Հոդված 17. Սույն օրենքի 14-րդ, 15-րդ և 16-րդ հոդվածներում նշված մարմինները իրավասու են արձակել համապատասխան տարածքում կատարման համար պարտադիր հրամաններ և կարգադրություններ` արտակարգ դրության ռեժիմն ապահովելու հարցերի վերաբերյալ:

Սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներում նախատեսված կառավարման հատուկ մարմինների ստեղծման դեպքում ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների և նրանց գործադիր-կարգադիր մարմինների լիազորությունները կարող են ժամանակավոր սահմանափակվել կամ դադարեցվել այն մարմնի կողմից, որը որոշում է ընդունել արտակարգ դրություն մտցնելու մասին:

 

Հոդված 18. Այն տարածքում գտնվող բոլոր պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները, որտեղ արտակարգ դրություն է մտցված, պարտավոր են ըստ ամենայնի աջակցություն ցույց տալ համապատասխան տարածքում հատուկ կառավարում իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններին և կատարել նրանց պարտադիր կարգադրություններն ու հրամանները:

Կարգադրություններն ու հրամանները չկատարելը ենթակա է պատասխանատվության, ինչը սահմանված է սույն օրենքի 28-րդ և 29-րդ հոդվածներով:

 

Հոդված 19. Հասարակական կարգը ապահովելու, քաղաքացիների կյանքը, առողջությունը, անվտանգությունը, իրավունքները, ազատությունները և օրինական շահերը պահպանելու համար օգտագործվում են այն տարածքի ներքին գործերի մարմինների ուժերն ու միջոցները, որտեղ արտակարգ դրություն է հայտարարված:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԱԿ-ի նախագահի առաջարկով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը ապահովում է ՆԳՆ և ՊԱԿ-ի մարմինների լրացուցիչ ուժերի և միջոցների ներգրավումը:

Բացառիկ դեպքում սույն օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետով սահմանված հիմքերից ելնելով` արտակարգ դրություն մտցնելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը միջոցներ է ձեռնարկում զինված ուժեր ներգրավելու ուղղությամբ:

Այն հանգամանքների վերացմանը անմիջապես մասնակցած ստորաբաժանումների և կազմավորումների անձնակազմի ցուցակները, որոնցից ելնելով մտցվել է արտակարգ դրությունը, պահվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի արտակարգ կացությունների կոմիտեի արխիվներում:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 20. Սույն օրենքի 3-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան` արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագրով կամ այն մարմնի մի առանձին հրամանագրով, որը ընդունել է արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը, սահմանափակում են արտակարգ դրության պայմաններում կիրառվող արտակարգ միջոցառումների ցուցակն ու սահմանները, ներառյալ քաղաքացիների իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների սպառիչ ցուցակը:

Արտակարգ դրության ժամանակաշրջանում կարող են սահմանվել հետևյալ միջոցառումները.

ա/ ժամանելու և մեկնելու հատուկ ռեժիմ, ինչպես նաև այն տարածքով երթևեկության ազատության սահմանափակում, որտեղ արտակարգ դրություն է մտցված,

բ/ հասարակական կարգի պահպանության և այն օբյեկտների պահպանության ուժեղացում, որոնք ապահովում են բնակչության կենսագործունեությունը,

գ/ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու սահմանափակում,

դ/ գործադուլների արգելում,

ե/ փոխադրամիջոցների երթևեկության սահմանափակում և նրանց զննում:

(20-րդ հոդվածը խմբ. 28.06.2018 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 21. Սույն օրենքի 4 հոդվածի «ա» կետում նշված հիմքերից ելնելով արտակարգ դրություն մտցնելու դեպքում լրացուցիչ կարող են մտցվել հետևյալ միջոցառումները.

ա) Պարետային ժամ, այսինքն, օրվա սահմանված ժամանակ առանց անձը հաստատող հատուկ տրված անցաթղթերի և փաստաթղթերի փողոցներում և հասարակական այլ վայրերում գտնվելու արգելք,

բ) մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ազատության սահմանափակում նախնական գրաքննություն մտցնելու ճանապարհով, թույլատրվում է տպագիր արտադրանքի ժամանակավոր կալանք` մինչև արտակարգ դրությունը հանելը, ինչպես նաև ձայնաուժեղացուցիչ տեխնիկական միջոցների և բազմացնող ապարատների ժամանակավոր առգրավում,

գ/ համապատասխան նախազգուշացումից հետո այն քաղաքային կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային շարժումների գործունեության ընդհարում, որոնք խոչընդոտում են իրադրության նորմալացմանը,

դ/ փաստաթղթերի ստուգում քաղաքացիների կուտակման վայրերում, իսկ բացառիկ դեպքերում, քաղաքացիների մոտ զենքի առկայության մասին տվյալներ ունենալիս` անձնական զննում, իրերի, բնակարանի և փոխադրամիջոցների զննում,

ե/ զենքի, թունավոր նյութերի, սպիրտային խմիչքների վաճառքի սահմանափակում կամ արգելք, բացառիկ դեպքերում թույլատրվում է քաղաքացիներից առգրավել հրազենը և սառը զենքն ու զինամթերքը, թունավոր և պայթուցիկ նյութերը, իսկ ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից` նաև ուսումնական ռազմական տեխնիկան ու ռադիոակտիվ նյութերը,

զ/ իրենց հաշվին հասարակական կարգը այն խախտողների արտաքսում, ովքեր տվյալ տարածքի բնակիչներ չեն, իրենց մշտական բնակության վայրի կամ արտակարգ դրություն մտցված տարածքի սահմաններից դուրս:

 

Հոդված 22. Սույն օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետում նշված հիմքերից ելնելով արտակարգ դրություն մտցնելու դեպքում, ի լրացումն 20-րդ հոդվածում թվարկված միջոցառումների, կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները.

ա/ քաղաքացիների ժամանակավոր դուրսբերում (էվակուացիա) բնակության համար վտանգավոր շրջաններից, նրանց պարտադիր կարգով տրամադրելով ստացիոնար կամ ժամանակավոր բնակելի շենքեր,

բ/ սննդամթերքների և առաջին անհրաժեշտության առարկաների բաշխման հատուկ կարգի մտցնում,

գ/ կարանտինի սահմանում և սանիտարա-հակահամաճարակային այլ միջոցառումների անցկացում,

դ/ պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ռեսուրսների մոբիլիզացում, նրանց աշխատանքի ռեժիմի փոփոխում, վերակողմնորոշում` արտակարգ դրության պայմաններում անհրաժեշտ արտադրանքի թողարկման, արտադրական գործունեության այլ փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են վթարային-փրկարար և վերականգնողական աշխատանքներ անցկացնելու համար,

ե/ արտակարգ դրության ժամանակաշրջանում պետական հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների այն ղեկավարների աշխատանքից հեռացում, ովքեր ըստ պատշաճին չեն կատարում իրենց պարտականությունները, և նշված ղեկավարների պարտականությունները ժամանակավոր կատարող այլ անձանց նշանակում,

զ/ վթարային-փրկարար աշխատանքների անհապաղ անցկացման անհրաժեշտության հետ կապված բացառիկ դեպքերում թույլատրելի է աշխատունակ բնակչություն և քաղաքացիների փոխադրամիջոցների մոբիլիզացումը` նշված աշխատանքները անցկացնելու համար, աշխատանքի անվտանգության պարտադիր ապահովմամբ հանդերձ:

 

Հոդված 23. 21-րդ և 22-րդ հոդվածներում նշված միջոցառումները կարող են կիրառվել միայն արտակարգ դրության պայմաններում:

 

ԳԼՈՒԽ 5. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 24. Արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումները, որոնք առաջ են բերում պետական իշխանության և կառավարման մարմինների օրենքով սահմանված լիազորությունների հասարակական կազմակերպությունների իրավունքների, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների, ազատությունների և պարտականությունների փոփոխում, պետք է իրականացվեն այն սահմաններում, որը պահանջվում է ստեղծված դրության սրությամբ: Հանրապետության տարածքի մի մասում այդպիսի միջոցառումների կիրառումը չի կարող առաջ բերել առանձին վայրերի, ինչպես նաև ամբողջությամբ վերցրած, հանրապետությունում, պետական իշխանության և կառավարման մարմինների լիազորությունների, հասարակական կազմակերպությունների իրավունքների, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների և պարտականությունների փոփոխություններ:

Այդ միջոցառումները պետք է համատեղելի լինեն այն պարտավորությունների հետ, որոնք բխում են մարդու իրավունքների ոլորտի գործող միջազգային պայմաններից, ինչպես նաև չպետք է առաջ բերեն առանձին անձանց կամ բնակչության խմբերի որևէ խտրականություն` բացառապես ըստ ռասայի, ազգության, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական համոզմունքների կամ սոցիալական ծագման:

 

Հոդված 25. Արտակարգ դրություն մտցնելը չի կարող հիմք ծառայել խոշտանգումների կիրառման, դաժան, անմարդկային կամ մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի համար, կյանքի, մտքի ազատության, խղճի, կրոնի իրավունքի սահմանափակումների համար` այդ իրավունքների և ազատությունների այն ըմբռնմամբ, որոնք ընդունված են քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային համաձայնության և դրանց չհակասող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով: Հավասարապես անթույլատրելի է այն քրեական օրենքի հակադիր ուժի կիրառումը, որը սահմանում է արածի պատժելիությունը կամ ուժեղացնում պատիժը:

 

Հոդված 26. Ներքին գործերի մարմինների տրամադրության տակ եղած ուժի, հատուկ միջոցների և հրազենի կիրառման կարգն ու պայմանները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և փոփոխման ենթակա չեն արտակարգ դրության պայմաններում:

 

Հոդված 27. Սույն օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` սահմանված պարետային ժամի կանոնները խախտած քաղաքացները կարգուկանոնի պահպանության ուժերի կողմից կալանվում են մինչև պարետային ժամի ավարտը, իսկ այն անձինք, ովքեր փաստաթղթեր չունեն իրենց մոտ` մինչև նրանց անձի հաստատումը, բայց ոչ ավել, քան երեք օր կալանված անձինք և նրանց մոտ եղած իրերը կարող են ենթարկվել զննման:

 

Հոդված 28. Սույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան` սահմանված արտակարգ դրության ռեժիմի պահանջները քաղաքացիների կողմից խախտումը, բացառությամբ պարետային ժամի կանոնների, ենթակա են վարչական տույժի` 50-ից մինչև 5000 ռուբլու տուգանքի ձևով, եթե այդ խախտումներն ենթակա չեն քրեական պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 29. Արտակարգ դրության ռեժիմի սահմանված պահանջների բազմակի խախտումը, կարգուկանոնի խախտում սադրող կամ ազգամիջյան թշնամանք հրահրող գործողությունները, ինչպես նաև հաստիքային կարգը խախտողները, քաղաքացիների և պաշտոնատար անձանց կողմից իրենց օրինական իրավունքների և պարտականությունների իրականացմանը ակտիվ խոչընդոտումը, հավասարապես հասարակական կարգի պահպանության իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ներքին գործերի կամ ՊԱԿ-ի մարմինների աշխատակցի օրինական կարգադրությանը կամ պահանջին չհնազանդվելը ենթակա է մինչև 1000 ռուբլի չափով տուգանման կամ մինչև երեսուն օր ժամկետով վարչական կալանքի, եթե այդ գործողությունները ենթակա չեն քրեական պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

Պաշտոնատար անձանց կողմից կատարված նույն գործողություններն ենթակա են մինչև 3000 ռուբլու չափով տուգանման կամ մինչև 30 օր ժամկետով վարչական կալանքի:

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասով նախատեսված խախտումների մասին գործերը քննվում են ժողովրդական դատախազի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մինչև երեք օր ժամկետում: Վարչական խախտումներ կատարած անձինք կարող են կալանված լինել ընդհուպ մինչև ժողովրդական դատավորի կողմից գործի քննումը:

 

Հոդված 30. Արտակարգ դրության ռեժիմի ապահովման համար ընդունված ակտերը ուժը կորցնում են արտակարգ դրությունը դադարեցնելու հետ միաժամանակ, առանց այդ մասին հատուկ տեղեկացման:

Արտակարգ դրության վերացումը հատուցում է արտակարգ դրության ռեժիմի խախտումների առնչությամբ ստեղծված գործերի դատավարության դադարեցում և վարչական կալանքի ենթարկված անձանց անհապաղ ազատ արձակում:

 

Հոդված 31. Ներքին գործերի մարմինների աշխատակիցների և զինծառայողների կողմից ուժի ոչ իրավասու կիրառումը, պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորությունների չափազանցումը, ներառյալ` սույն օրենքով սահմանված քաղաքացիների իրավունքների երաշխիքների խախտումը, պատասխանատվության է ենթակա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությանը համաձայն:

 

Հոդված 32. Արդարադատությունը այն տարածքում, որտեղ արտակարգ դրություն է մտցված, իրականացվում է միայն դատարանի կողմից: Արտակարգ դատարանների որևէ ձևերի կամ տեսակների հիմնադրումը արգելվում է, բոլոր դատարաններում ամբողջ դատարանակազմությունը կատարվում է արտակարգ դրություն մտցնելու պահին գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին համապատասխան: Արագացված կամ արտակարգ դատավորության ամեն մի տեսակի և ձևի օգտագործումը արգելվում է:

Այն տարածքում, որտեղ արտակարգ դրություն է մտցված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշմամբ կարող է փոխվել քրեական և քաղաքացիական գործերի տարածքային ընդդատությունը:

 

Հոդված 33. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մարմինների գործունեությունը այն տարածքում, որտեղ արտակարգ դրություն է մտցված, իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 34. Արտակարգ դրության գործողության ժամանակաշրջանում կատարված հանցանքների համար արձակված վճիռները մահապատիժ կիրառելու մասին ի կատար չեն ածվում արտակարգ դրության ամբողջ ժամանակի ընթացքում և նրա դադարեցումից կամ վերացումից հետո երեսուն օրվա ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 35. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը, որը որոշում է ընդունել կամ հաստատել արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը, արտակարգ դրության ողջ ժամանակաշրջանի ընթացքում վերահսկում է սույն օրենքի պահպանումը և անց է կացնում համապատասխան տարածքների հրահանգավորում: Բոլոր պաշտոնատար անձինք պարտավոր են օժանդակել Գերագույն խորհրդի նշված ֆունկցիաների իրականացմանը և անհապաղ ներկայացնել պահանջված տեղեկատվությունը:

 

Հոդված 36. Սույն օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետում նշված հիմքերից ելնելով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում հավասարապես նաև նրա տարածքի մի հատվածում արտակարգ դրություն գործողության ժամանակաշրջանում չի թույլատրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության և ընտրական օրենքների փոփոխում, չեն անցկացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմինների ընտրություններ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեներ:

Այն տարածքներում, որտեղ արտակարգ դրություն է մտցված, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում արտակարգ դրության ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում:

 

Հոդված 37. Արտակարգ դրություն մտցնելը հարուցած հանգամանքների պատճառների և հետևանքների վերացման համար անհրաժեշտ աշխատանքների ֆինանսավորման կարգը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից:

 

Հոդված 38. Քաղաքացիներին և քաղաքական իրավունքների մասին միջազգային պայմանագրին համապատասխան, արտակարգ դրություն հայտարարելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը կամ նրա նախագահությունը եռօրյա ժամկետում միջոցներ են ձեռնարկում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին իրազեկելու քաղաքացիների այն իրավունքների ազատությունների սահմանափակումների մասին, որոնք շեղումներ են նշված միջազգային պայմանագրի պարտավորություններից, այդ շեղումների ծավալների և նման վճռի պատճառների մասին:

Իրազեկման մեջ հաղորդվում է նաև այն պարտավորություններից հղված շեղումների ենթադրվող դադարեցման ամսաթվի մասին, որոնք նախատեսված են քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պայմաններով:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

 Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

8 հունվարի 1992 թվականի,

ք. Ստեփանակերտ

Հ.Ն-0016-1