ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2019 թվականի
մարտի 27-ին |
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-127 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում «անկախության» բառը փոխարինել «չեզոքության» բառով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պետական պահպանություն տրամադրվում է՝
1) Արցախի Հանրապետության նախագահին.
2) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին.
3) Արցախի Հանրապետության պետական նախարարին:
Արցախի Հանրապետության նախագահը (այսուհետ՝ Հանրապետության նախագահը), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և Արցախի Հանրապետության պետական նախարարն իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից:
3. Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին, 4-րդ և 5-րդ մասեր.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված Կառավարության որոշումը ենթակա չէ հրապարակման:
4. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց) վարչական զանցանք կամ հանցագործություն (հակաօրինական արարք) կատարվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է՝
1) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը կարող է կասեցվել այդ անձի կողմից հակաօրինական արարք կատարվելու ընթացքում.
2) անհապաղ զեկուցել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավարին հետագա պահպանությունը իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:
Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պահպանության ենթակա անձի կողմից հակաօրինական արարքը շարունակվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարի որոշմամբ այդ արարքի կատարման ընթացքում կարող է կասեցվել պետական պահպանությունը: Նույն կարգով իրազեկվելուց հետո վարչական զանցանք կամ հանցագործություն կրկին կատարվելու դեպքում ազգային անվտանգության ծառայության ղեկավարի որոշմամբ հատուկ պետական պահպանությունը դադարեցվում է:
5. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց, կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից՝ այդ մասին գրավոր իրազեկելով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավարին:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «և (կամ)» բառերը փոխարինել «ինչպես նաև» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն: Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից՝ այդ մասին գրավոր իրազեկելով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավարին:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 7. |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և Արցախի Հանրապետության պետական նախարարի պետական պահպանությունը |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին և Արցախի Հանրապետության պետական նախարարին պետական պահպանություն տրամադրվում է նրանց պաշտոնավարման ժամանակահատվածում:»։
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում «և 7-րդ հոդվածում» բառերը փոխարինել «, 6-րդ և 7-րդ հոդվածներում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «Նախագահի սահմանած կարգով և ժամկետներում» բառերից հետո լրացնել «, որը ենթակա չէ հրապարակման» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 2-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերում «հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «ծառայության» բառով.
2) 8-րդ մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 8-րդ կետի երկրորդ պարբերությունը «հակառակ» բառից հետո լրացնել «՝ զուգորդվելով այդ անձանց ազատությունից զրկելով» բառերով.
2) 15-րդ կետից հանել «և կնքել միջգերատեսչական պայմանագրեր» բառերը:
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «և կամ» բառերը փոխարինել «կամ» բառով:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
|
|
2019թ. ապրիլի 12
Ստեփանակերտ
ՀՕ-15-Ն |
|