ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
14 նոյեմբերի 2019թ. |
N 944-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 53 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անձնագրային համակարգի հետագա կատարելագործման մասին» N 53 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հաստատել անձնագրային համակարգի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:».
2) որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի նոյեմբերի 14-ի N 944-Ն որոշման |
| |
«Հավելված
Լեռնային Ղարաբաի Հանրապետության
կառավարության 1999 թվականի մարտի
«23»-ի N 53 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրն Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում նրա անձը հաստատող հիմնական փաստաթուղթն է:
Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր կրողը գտնվում է Արցախի Հանրապետության հովանավորության ներքո:
Արցախի Հանրապետության քաղաքացին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից։
16 տարին չլրացած Արցախի Հանրապետության քաղաքացիներին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրվում է ըստ ցանկության` մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։
Արցախի Հանրապետության` մինչև 16 տարեկան քաղաքացիներին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր է տրվում առանց անձնագրում հաշվառման մասին նշում կատարելու:
Մինչև 6 տարեկան Արցախի Հանրապետության քաղաքացիներին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած Արցախի Հանրապետության քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած Արցախի Հանրապետության քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի Արցախի Հանրապետության քաղաքացիներին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով։
16 տարին չլրացած Արցախի Հանրապետության քաղաքացու` մինչև 16 տարին լրանալը տրված Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կարող է փոխանակվել նրա մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա` նախքան Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը լրանալը:
Մինչև 16 տարեկան Արցախի Հանրապետության քաղաքացիների Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում կատարվում է ծնողների մաuին տվյալների (անունը, ազգանունը) գրառում: Ծնողների մահացած կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում գրառումներ չեն կատարվում:
Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորված արական սեռի 15 տարին լրացած անձանց մասին տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծնողների հաշվառման վայրը) Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ փոխանցվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ:
2. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն և անգլերեն:
3. Արցախի Հանրապետության քաղաքացու ժամկետանց անձնագրերն անվավեր են և ենթակա փոխանակման` սահմանված կարգով:
4. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրն օտարերկրյա պետություններում վավերական է մինչև 5 տարի ժամկետով: 16 տարին լրացած Արցախի Հանրապետության քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի և դրա երկարաձգման վերաբերյալ նշումները կատարվում են Արցախի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` դիմելու դեպքում:
5. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրում Արցախի Հանրապետության քաղաքացու անձի մասին գրառվում են հետևյալ տեղեկությունները`
1) ազգանունը, անունը, հայերեն էջում նաև հայրանունը.
2) ծննդյան վայրը, օրը, ամիսը և տարեթիվը.
3) սեռը.
4) քաղաքացիությունը:
6. Արցախի Հանրապետության քաղաքացիություն կամ Արցախի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու`
1) Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրում կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագրում նրա ազգանվան և անվան անգլերեն գրառումը պետք է համընկնի տվյալ անձի` օտարերկրյա պետությունում տրված անձնագրում կատարված անգլերեն գրառման հետ.
2) ազգանվան և անվան անգլերենից հայերեն տառադարձումը կատարվում է գրական հայերենով: Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստացած` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու միջնորդության դեպքում նրա ազգանվան և անվան անգլերենից հայերեն տառադարձումը կարող է կատարվել իր նախընտրած տարբերակով.
3) անվան և ազգանվան տառադարձման` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կանոններով չկարգավորվող, առանձնակի դժվարություններ ներկայացնող դեպքերում հիմք է ընդունվում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լեզվի պետական տեսչության կողմից տրված տեղեկանքը:
7. Արցախի Հանրապետության քաղաքացիների, բացառությամբ սույն կանոնադրության 6-րդ կետում նշված քաղաքացիների, անձնագրում ազգանվան և անվան անգլերեն գրառումը կատարվում է կրթության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատված տառադարձման կանոններին համապատասխան:
8. Օտարերկրյա պետությունում ծնված Արցախի Հանրապետության քաղաքացու անվան, ազգանվան և հայրանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի վերջինիս` օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթում (ծննդյան վկայականում) կատարված անգլերեն գրառման հետ:
9. Օտարերկրյա պետության քաղաքացու հետ ամուսնանալու և նրա ազգանունը վերցնելու դեպքում, Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրում հետամուսնական ազգանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի նրա ամուսնու անձնագրում և ամուսնության փաստը հավաստող փաստաթղթում կատարված անգլերեն գրառման հետ:
10. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրում կարող են կատարվել հետևյալ նշումները`
1) օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին` Արցախի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.
2) Արցախի Հանրապետությունում բնակության վայրի մասին՝ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից.
3) օտարերկրյա պետություններ մեկնելու և վերադառնալու մասին՝ սահմանային ծառայությունների կողմից.
4) ազգության մասին` Արցախի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` Արցախի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.
5) արյան խմբի և ռեզուսի մասին` Արցախի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` առողջապահության մարմինների կողմից.
6) ամուսնության և ամուսնալուծության գրանցման մասին` Արցախի Հանրապետությունում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:
Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրում այլ նշումներ կատարելն արգելվում է:
11. Անձնագիր տալու համար Արցախի Հանրապետության քաղաքացուց գանձվում է տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:
2. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ,
ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
12. Արցախի Հանրապետության քաղաքացիներին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրվում կամ փոխանակվում է Արցախի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:
13. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար Արցախի Հանրապետության քաղաքացիներն անձամբ ներկայացնում են`
1) սահմանված ձևի դիմում.
2) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր.
3) 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար.
4) անձը հաստատող այլ փաստաթղթեր, եթե Արցախի Հանրապետության քաղաքացին չի կարող ներկայացնել սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերը.
5) կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զինապարտները).
6) պետական տուրքի վճարման անդորրագիր։
14. 16 տարին չլրացած Արցախի Հանրապետության քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը 16 տարին չլրացած Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար ներկայացնում է`
1) սահմանված ձևի դիմում.
2) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալը ստացած Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր.
3) 35x45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար.
4) եթե ծնողներից մեկը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի, ապա տվյալ ծնողի գրավոր համաձայնություն.
5) ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։
Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:
16 տարին չլրացած Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը ստանում է նրա ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը կամ այլ ներկայացուցիչ:
15. Արցախի Հանրապետության քաղաքացին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կարող է փոխանակել դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերելու, անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու, ինչպես նաև սույն կարգի 1-ին կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում:
16. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի փոխանակման համար Արցախի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է փոխանակման ենթակա Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, սահմանված ձևի դիմում և երկու լուսանկար:
Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս Արցախի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր:
17. Արցախի Հանրապետության ոստիկանությունն Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալիս կամ փոխանակում է դիմումը մուտքագրվելուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում:
18. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմումը ներկայացնելիս` Արցախի Հանրապետության քաղաքացին գրավոր տեղեկացվում է կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:
19. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի կորստյան դեպքում կազմվում է կորստյան գործ: Արցախի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նորը տրվում է դիմումի մուտքագրումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
20. Արցախի Հանրապետության մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմիններ: Մահվան գրանցումը կատարելուց հետո Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը սահմանված կարգով ուղարկվում է Արցախի Հանրապետության ոստիկանություն:
Օտարերկրյա պետություններում մահացած Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հանձնվում է օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
21. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Արցախի Հանրապետության սեփականությունն է:
Արցախի Հանրապետության քաղաքացու գտնված անձնագիրը ենթակա է հանձնման` Արցախի Հանրապետությունում` Արցախի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:
22. Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձանց Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրերը ժամանակավորապես վերցնում են հետաքննության կամ նախաքննության մարմինները կամ դատարանը, իսկ ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագրերը` զինկոմիսարիատները:
Կասկածյալների և մեղադրյալների Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրերը վերադարձվում են խափանման միջոցի վերացման դեպքում, ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրերը` պատիժը կրելուց կամ ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո:
Արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր վերցնելը (բացառությամբ սույն կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելը:
23. Կալանավորված կամ ազատազրկման դատապարտված Արցախի Հանրապետության քաղաքացին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանում կամ այն փոխանակում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով: Սահմանված ձևի դիմումն այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ անձնագրային ծառայություն ներկայացնում է քրեակատարողական հիմնարկը:
24. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրամադրման կամ փոխանակման համար փաստաթղթերը ներկայացնում և անձնագրերն ստանում է նրա օրինական ներկայացուցիչը: Առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալ ներկայացուցչի դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է Արցախի Հանրապետության քաղաքացու հաշմանդամության վկայականը և (կամ) վկայականի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը (որոնց բնօրինակները պատճենահանվում և վերադարձվում են դիմումատուին), ինչպես նաև ներկայացուցչի լիազորությունները հավաստող` օրենքով սահմանված կարգով վավերացված լիազորագիրը: Լիազորագիր ներկայացնելու անհնարինության դեպքում Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու մասին դիմումն ընդունում է անձնագրային ծառայությունը` այցելելով անձի գտնվելու (բնակվելու) վայր:
Հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու կամ փոխանակելու համար փաստաթղթերը նախապատրաստում, անձնագրային ծառայություն է ներկայացնում և Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրն ստանում է հոգեբուժական հիվանդանոցի կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատության վարչակազմը:
25. Արցախի Հանրապետության զինապարտ քաղաքացիների անձնագրերի տրամադրումը կամ փոխանակումը կատարվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. ԱՐՑԱԽԻ Հանրապետության ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԸՍՏ
ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ հաշվառելը եվ հաշվառումից հանելը
26. Արցախի Հանրապետության բնակչության ըստ բնակության վայրի հաշվառումն իրականացվում է Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ծառայությունների միջոցով (այսուհետ` տեղական ռեգիստր), որոնք մշակում ու համակարգում են բնակչության անհատական հաշվառման տվյալները:
Արցախի Հանրապետության քաղաքացու (այսուհետ՝ քաղաքացի) անհատական հաշվառման տվյալները նյութական կրիչի վրա գրավոր կամ այլ կերպ ամրագրված ըստ բնակության վայրի ֆիզիկական անձի հաշվառման մասին տվյալներն են:
27. Արցախի Հանրապետության բնակչի (այսուհետ՝ բնակիչ) մշտական բնակության վայր է համարվում այն վայրը (կացարանը), որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր (կացարան):
28. Արցախի Հանրապետությունում 16 տարին չլրացած բնակչի բնակության վայր կամ կացարան է համարվում այն վայրը, որտեղ հաշվառված են նրա ծնողները (ծնողը):
29. Եթե սույն կարգի 28-րդ կետում նշված անձի ծնողները հաշվառված են տարբեր հասցեներում, ապա երեխայի ծնունդը գրանցելու ժամանակ ծնողներից մեկը դիմում է երեխայի ծնունդը գրանցող պետական մարմին՝ ծնողներից որևէ մեկի հաշվառման հասցեում երեխային հաշվառելու համար:
30. Բնակության վայրի հասցեում փոփոխություն լինելու դեպքում (բնակարանի կամ տան համարի փոփոխություն, փողոցի, թաղամասի, համայնքի, բնակավայրի անվանափոխում և այլն) բնակիչը հաշվառման մասին նոր դիմում չի ներկայացնում:
31. Ռեգիստրում բնակչի մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն փոխվում է`
1) բնակչի կողմից բնակության վայրը փոխելիս.
2) ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ` պատիժը քրեակատարողական հիմնարկում կրելիս:
32. Բնակիչը հանվում է հաշվառումից`
1) սեփականատիրոջ կամ համասեփականատերերից մեկի դիմումի կամ դատարանի վճռի հիման վրա.
2) զինծառայության զորակոչվելիս.
3) անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում.
4) Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի մշտական բնակության նպատակով Արցախի Հանրապետությունից մեկնելու դեպքում` դրա մասին իր հաշվառման վայրի տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնելու դեպքում.
5) Արցախի Հանրապետությունում կացության կարգավիճակի վավերականության ժամկետը լրանալու դեպքում.
6) Արցախի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում:
33. Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս` բնակիչը դիմում է նոր բնակության վայրի տեղական ռեգիստրին` նոր բնակության վայրում հաշվառվելու համար:
34. Բնակիչը զբաղեցրած բնակելի տարածությունն օգտագործելու իրավունքը կորցնելուց հետո 7-օրյա ժամկետում համապատասխան տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնում է իր նոր բնակության վայրի հասցեն:
35. Ազատազրկման դատապարտված անձանց փաստացի բնակության և հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը պատիժն իրականացնող մարմնի ղեկավարը 7-օրյա ժամկետում ներկայացնում է հիմնարկի գտնվելու վայրի տեղական ռեգիստր:
36. Բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումի հիման վրա տվյալ բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք չունեցող անձին հաշվառումից հանելու համար տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հարցում է ուղարկում անշարժ գույքի կադաստրի վարման պետական լիազոր մարմին՝ պարզելու տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունք ունեցող անձանց ցանկը:
Անշարժ գույքի կադաստրի վարման պետական լիազոր մարմինը սույն կետի 1-ին պարբերությունով նախատեսված գրավոր հարցմանը պատասխանում է այն ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, ապա հաշվառումից հանվում է անշարժ գույքի կադաստրի վարման պետական լիազոր մարմնից գրավոր պատասխանն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ ունի սեփականության կամ օգտագործման իրավունք կամ դիմումատուն չունի տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունք, ապա տեղական ռեգիստրը գրավոր մերժում է դիմումատուին` անշարժ գույքի գրավոր պատասխանն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղական ռեգիստրը հաշվառումից հանված անձին ծանուցում է սույն կետով սահմանված կարգով և ժամկետում:
Հաշվառումից հանելուց հետո տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում միջոցներ է ձեռնարկում ծանուցելու հաշվառումից հանված անձին` ծանուցման մեջ նշելով հաշվառումից հանելու ժամկետը, իրավական հիմքը, ինչպես նաև մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս նոր կացարանի տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնելու պարտականության և պարտականությունը չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
Սույն կետով սահմանված հիմքով զինապարտ քաղաքացուն հաշվառումից հանելու դեպքում տեղական ռեգիստրը 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է ուղարկում տարածքային զինկոմիսարիատ:
37. Չհաշվառված անձանց կողմից ռեգիստրում հաշվառման կանգնելու մասին դիմումի, ինչպես նաև բնակության նոր վայրում հաշվառման մասին դիմումների ձևերը հաստատում է Արցախի Հանրապետության ոստիկանության պետը:
38. Մինչև 16 տարեկան անձի դիմումն ստորագրում է նրա ծնողը (որդեգրողը) կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը, հոգաբարձուն): Խնամակալական կազմակերպության խնամքի ներքո գտնվող` մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումը ստորագրում է խնամակալական կազմակերպության տնօրենը կամ նրա կողմից լիազորված անձը: Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու դիմումը ստորագրում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն:
39. Բնակիչը ռեգիստրում հաշվառման մասին դիմումի հետ միասին համապատասխանաբար ներկայացնում է.
1) բնակության տարբեր վայրերում հաշվառված ծնողներից մեկը դիմումի հետ միասին ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի ծննդյան վկայականը.
2) Արցախի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված Արցախի Հանրապետության քաղաքացիները ռեգիստրում հաշվառվելու համար դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող և տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր).
3) Արցախի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում իրենց բնակության իրավունքը (կացության կարգավիճակը, քաղաքական, ժամանակավոր ապաստան ստանալու, փախստականի կարգավիճակ հայցողի կարգավիճակը) հավաստող փաստաթուղթ:
Օտարերկրյա պետության համապատասխան մարմնի կողմից տրված` անձը հաստատող փաստաթղթի հետ միասին ներկայացվում է փաստաթղթի նոտարական կարգով վավերացված պատճենը կամ համապատասխան մարմնի կողմից տրված ապոստիլը.
4) մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելու դեպքում բնակության նոր վայրում հաշվառվելու համար քաղաքացիները դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր).
5) զբաղեցրած բնակելի տարածությունն օգտագործելու իրավունքը կորցրած անձը նոր բնակության վայրում հաշվառվելու մասին դիմումի հետ միասին ներկայացնում է անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ (սեփականության վկայական, օրդեր, պայմանագիր, դատարանի վճիռ, սեփականատիրոջ, վարձակալի և չափահաս անդամների համաձայնություն` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված կարգով):
Սույն կետերով նախատեսված` սեփականատիրոջ կողմից տրվող գրավոր համաձայնության ձևը սահմանում է Արցախի Հանրապետության ոստիկանության պետը: Սեփականատերը նշված համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ: Համաձայնության մեջ պետք է նշվեն այն անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան օր, ամիս, ամսաթիվ), որոնց սեփականատերը ցանկանում է հաշվառել իր բնակելի տարածության հասցեում: Այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր սեփականատերերի համաձայնությունը:
40. Չհաշվառված, ինչպես նաև մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվող անձանց անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքը տրամադրվում է դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահպանվել են դիմումին ներկայացվող պահանջները, և ամբողջական է պահանջվող փաստաթղթերի ցանկը:
41. Եթե դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դիմումն ընդունվում է, և դիմումատուին առաջարկվում է 30-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը: Սույն կետով սահմանված ժամկետում փաստաթղթերի ցանկը համալրելուց հետո անձանց անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անձի կողմից փաստաթղթերը 30-օրյա ժամկետում ամբողջական չներկայացվելու դեպքում դիմումը թողնվում է անհետևանք:
42. Չհաշվառված, ինչպես նաև մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվող անձանց անհատական տվյալների մուտքագրման մերժման հիմքերը պարզվում են դիմումը մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի տրամադրման մերժման հիմքերը` դիմումը մուտքագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
43. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի տրամադրումը մերժվում է, եթե`
1) օրենքով նախատեսված դեպքերում անձը չի վճարել պետական տուրքը.
2) դիմումատուն չի ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ:
44. Չհաշվառված, ինչպես նաև մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվող անձանց անհատական տվյալների մուտքագրման կամ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի տրամադրման մերժումը կատարվում է գրավոր` մերժման հիմքերը պարզվելուց հետո հաջորդ աշխատանքային օրը:
45. Տեղական ռեգիստրի ծառայողն ստուգում է դիմումին ներկայացվող պահանջների ճշտությունը, փաստաթղթերի լրիվությունը և ստորագրությամբ վավերացնում է դրանք:
Տեղական ռեգիստրի ծառայողը դիմումը ներկայացնողին տեղեկացնում է կեղծ տեղեկություններ (տվյալներ, փաստաթղթեր) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:
Դիմումը մուտքագրվում է համապատասխան հաշվառման մատյանում, իսկ տվյալները՝ ավտոմատ համակարգ:
Դիմումների հաշվառման մատյանի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության ոստիկանության պետը:
46. Դիմումը տեղական ռեգիստր ներկայացվում է անձամբ կամ լիազորված անձի կողմից:
47. Կենտրոնական և տեղական ռեգիստրներում անձի մշտական բնակության վայրի (կացարանի) մասին տեղեկությունները մուտքագրվում են այլ ռեգիստրներից` դրանք ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
48. Եթե չհաշվառված կամ բնակության վայրը փոխելու կապակցությամբ հաշվառվող անձը չի կարող ներկայացնել տվյալ տարածքում բնակվելու իր իրավունքը հավաստող փաստաթուղթ, ապա անձի` դիմումում նշված հասցեում բնակվելու փաստն ստուգվում է Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից, դիմումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումում նշված հասցեում անձի բնակվելու փաստն ստուգելուց հետո նույն աշխատանքային օրը, բայց ոչ ուշ քան հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ն, ոստիկանության կողմից տեղական ռեգիստր է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն):
Սույն կետով նախատեսված անձանց հաշվառումն իրականացվում է փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվությունը (տեղեկանքը կամ գրությունը) տեղական ռեգիստր ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստացի բնակվելու փաստը հերքող տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն) ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղական ռեգիստրը գրավոր մերժում է դիմումատուին:
Այն դեպքերում, երբ նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ, կամ դիմումատուն բնակվում է (գտնվում է) բնակելի տարածություն չհանդիսացող տարածքում, ապա ռեգիստրում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին:
49. Չհաշվառված անձանց կողմից ռեգիստրում հաշվառման կանգնելու կամ մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվելու մասին դիմումները մերժվում են, եթե`
1) անձը չունի տվյալ բնակության վայրում (կացարանում) բնակվելու իրավունք.
2) ներկայացվել են կեղծ փաստաթղթեր.
3) բնակելի տարածությունը չունի հասցե.
4) բնակելի տարածությունը քանդված է կամ այլ կերպ դադարել է գոյություն ունենալ:
Ռեգիստրում անչափահաս երեխան հաշվառվում է ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի հաշվառման վայրում` անկախ բնակելի տարածության սեփականատիրոջ համաձայնությունից: Եթե օրենքով սահմանված կարգով երեխայի խնամքը հանձնված է ծնողներից մեկին, ապա նա հաշվառվում է այդ ծնողի հաշվառման հասցեով՝ ծնողի կողմից լիազոր մարմին դիմում և համապատասխան փաստաթուղթ (երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը) ներկայացնելու դեպքում: Երեխայի հաշվառումն իրականացնելիս տվյալ վայրում նրա բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթերը չեն պահանջվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ծնողներից մեկի գրավոր անհամաձայնությունը երեխային մյուս ծնողի հաշվառման հասցեում հաշվառելու վերաբերյալ: Այս դեպքում գրավոր անհամաձայնությանը կցվում է նաև երեխայի` ծնողներից մեկի հետ բնակվելու օրինականությունը հավաստող փաստաթուղթ (դատարանի վճիռ կամ այլ փաստաթուղթ), որի հիմքով կատարվում է երեխայի հաշվառումը:
Երեխայի` ծնողներից մեկի հետ բնակվելու օրինականությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում երեխայի բնակության փաստը ստուգվում է ոստիկանության կողմից` սույն կարգի 48-րդ կետով սահմանված կարգով: Այս դեպքում երեխայի հաշվառումն իրականացվում է ոստիկանության կողմից տրամադրված փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա` այն ծնողի հաշվառման հասցեով, որի հետ երեխան բնակվում է:
Ռեգիստրում Արցախի Հանրապետության զինապարտ քաղաքացիների հաշվառումը կատարվում է զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում:
50. Անձի անհատական հաշվառման տվյալներն արխիվացվում են՝
1) անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում.
2) Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի` մշտական բնակության նպատակով Արցախի Հանրապետությունից մեկնելու դեպքում:
51. Անձի մահը գրանցած մարմինը 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկատվությունը փոխանցում է կենտրոնական ռեգիստրին` նշելով անձի մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը: Կենտրոնական ռեգիստրը մուտքագրում է տվյալները և դրանք 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում այն տեղական ռեգիստրին, որտեղ հաշվառված է եղել մահացած քաղաքացին: Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից:
52. Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը մշտական բնակության նպատակով Արցախի Հանրապետությունից մեկնելու դեպքում դրա մասին գրավոր տեղեկացնում է այն տեղական ռեգիստրին, որտեղ նա հաշվառված է: Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից և 7-օրյա ժամկետում նրա տվյալների արխիվացման մասին հայտնում կենտրոնական ռեգիստրին:
53. Անձանց վերաբերյալ ռեգիստրում կուտակված անհատական հաշվառման արխիվացված տվյալները պահպանվում են կենտրոնական ռեգիստրի արխիվում:»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |