Համարը 
N 129-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.03.13/03(367)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.03.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.03.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.03.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 584 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մարտի 2019թ.

N 129-Ն

  ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 584 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Արցախի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կայացման, հասարակական կազմակերպությունների դերի բարձրացման, նրանց գործունեության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից և հասարակական կազմակերպությունների պետական ֆինանսական աջակցության գործընթացը կանոնակարգելու նպատակով, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Արցախի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված դրամական միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհ հատկացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Ստեղծել հասարակական կազմակերպություններին դրամաշնորհ հատկացնելու հարցերով խորհրդատվական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) և հաստատել Հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հատկացված դրամական միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 584 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի մարտի 8-ի N 129-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրով նախատեսված դրամական միջոցներն Արցախի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով` դրամաշնորհը հասարակական կազմակերպության գործունեության խթանման և կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով պետական բյուջեից անհատույց և անվերադարձ տրամադրվող դրամական միջոց է:

3. Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ հատկացվում են`

1) քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման, ժողովրդավարության խորացման.

2) հասարակական կազմակերպությունների ներուժի դրսևորման և օգտագործման.

3) մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների իրականացմանն աջակցելու.

4) հասարակության կրթական, մշակութային և կրոնական դաստիարակությանն աջակցելու.

5) հասարակական կարծիքի ուսումնասիրման և վերլուծության.

6) հասարակության իրազեկման, հրատապ հիմնահարցերին ուշադրություն հրավիրելու.

7) քաղաքացիների իրավագիտակցության և իրավական կուլտուրայի աստիճանի բարձրացման.

8) որոշակի խնդիրների լուծման տարբերակների մշակման և հիմնավորված առաջարկությունների կատարման.

9) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների իրականացմանն աջակցելու.

10) կարևոր հիմնահարցերին հասարակական հնչեղություն հաղորդելու նպատակով:

4. Հասարակական կազմակերպություններին պետական բյուջեի միջոցների հաշվին դրամաշնորհներ հատկացվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հասարակական կազմակերպություններին դրամաշնորհ հատկացնելու հարցերով խորհրդատվական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) առաջարկության հիման վրա:

5. Հասարակական կազմակերպություններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող դրամաշնորհների առավելագույն գումարը հինգ միլիոն ՀՀ դրամ է: Եզակի դեպքերում հատկացվող դրամաշնորհի առավելագույն գումարի չափը կարող է ավել լինել, քան սույն կետում նշված չափը: Արցախի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորված և առաջին անգամ դրամաշնորհ ստանալու նպատակով հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությանը հատկացվող դրամաշնորհի առավելագույն գումարը մեկ միլիոն դրամ է:

 

2. ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Դրամաշնորհ ստանալու նպատակով հասարակական կազմակերպության ղեկավարը հայտ (դիմում) է ներկայացնում Հանձնաժողովին:

7. Հայտին կից ներկայացվում են.

1) դրամաշնորհային ծրագիր (նաև էլեկտրոնային կրիչով).

2) հասարակական կազմակերպության կանոնադրության և հասարակական կազմակերպության գրանցման փաստը հավաստող պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճեններ.

3) տեղեկություններ վերջին մեկ տարվա ընթացքում հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումների մասին.

4) հասարակական կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության ֆինանսական հաշվետվություն.

5) տեղեկություններ հասարակական կազմակերպության անդամների թվի և տարածքային ստորաբաժանումների մասին:

8. Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են մինչև ընթացիկ բյուջետային տարվա մարտի 1-ը (2019 թվականին՝ մինչև մարտի 20-ը):

9. Հանձնաժողովը կարող է քննարկել նաև դրամաշնորհ ստանալու նպատակով հասարակական կազմակերպության ղեկավարի՝ այլ պետական մարմիններին ուղղված և Հանձնաժողովին վերահասցեագրված հայտերը (դիմումները):

10. Հանձնաժողովը ներկայացված հայտը քննարկում և Արցախի Հանրապետության կառավարությանը համապատասխան առաջարկություն է ներկայացնում հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում:

11. Հայտի քննարկման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) հայտի համապատասխանությունը սույն կարգի պահանջներին.

2) դրամաշնորհային ծրագրի իրականացման անհրաժեշտությունը.

3) դրամաշնորհային ծրագրի իրատեսությունը.

4) դրամաշնորհային ծրագրի արդյունավետությունը.

5) դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով ֆինանսական այլ միջոցների ներգրավման առկայությունը.

6) դրամաշնորհային ծրագրի բյուջեի կազմման ռացիոնալությունը.

7) հասարակական կազմակերպության հարկային և ֆինանսական կարգապահությունը.

8) ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

12. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի նիստին հրավիրվում են մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնի հասարակական, քաղաքական, գիտական, մշակութային և այլ գործիչներ` ներկայացված ծրագրերի վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով: Հայտի քննարկման ժամանակ Հանձնաժողովի նիստին կարող է հրավիրվել նաև հասարակական կազմակերպության լիազորված ներկայացուցիչը:

13. Հանձնաժողովը կարող է դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ հանդես գալ դիտողություններով ու առաջարկություններով: Հանձնաժողովի դիտողություններն ու առաջարկությունները ներկայացվում են հայտատուին՝ դրամաշնորհային ծրագրում փոփոխություններ կատարելու համար:

14. Քննարկման արդյունքների հիման վրա Հանձնաժողովը որոշում է հասարակական կազմակերպությանը դրամաշնորհի տրամադրման նպատակահարմարությունն ու դրամաշնորհի չափը և համապատասխան առաջարկություն ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարությանը:

15. Արցախի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո դրամաշնորհ ստացած հասարակական կազմակերպության և Արցախի Հանրապետության միջև հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, կոլեգիալության սկզբունքով:

17. Հանձնաժողովն ընդունում է արձանագրային որոշումներ:

18. Հանձնաժողովի նիստն իրավազոր է Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի մասնակցության դեպքում:

19. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների քվեարկության արդյունքում՝ ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, քվեարկում է կողմ կամ դեմ:

20. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը ստորագրում է նիստը վարողը:

21. Հանձնաժողովի նախագահը՝

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) մասնակցում է հայտերի քննարկմանը և քվեարկությանը, ներկայացնում հայտերի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ.

4) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

22. Հանձնաժողովի անդամը՝

1) վարում է նիստերը Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

2) մասնակցում է հայտերի քննարկմանը և քվեարկությանը, ներկայացնում հայտերի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ.

3) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

4) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

23. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը՝

1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

2) ապահովում է կապը հանձնաժողովի անդամների միջև.

3) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

24. Հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով:

25. Հանձնաժողովի գործունեության կազմակերպական ու նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությունը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի մարտի 8-ի N 129-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Արայիկ Լազարյան

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

2. Վարուժան Առաքելյան

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության կազմակերպական բաժնի վարիչ (պատասխանատու քարտուղար)

 

3. Կարեն Դանիելյան

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ

 

4. Արարատ Դանիելյան

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալ

 

5. Սուսաննա Աբրահամյան

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական վարչության պետ

 

6. Ռամելա Դադայան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

7. Վարդգես Բաղրյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

8. Նորայր Ավանեսյան

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

 

9. Գայանե Գրիգորյան

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի տեղակալ

 

10.Միքայել Համբարձումյան

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ

 

11. Ռուզաննա Սարգսյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի տեղակալ

 

12. Կամո Քոչարյան

Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ