Համարը 
N 319-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.05.06/07(371)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.04.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.04.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.05.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ, ԱՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2019թ.

N 319-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքից դուրս գալու կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի ապրիլի 30-ի N 319-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ,

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով սահմանվում են Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքից դուրս գալու, այդ թվում՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կանոնները պարտադիր են Արցախի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար:

3. Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքից դուրս գալու կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Արցախի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն):

4. Սույն կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս ոստիկանությունը համագործակցում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ:

 

II. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ

 

5. Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելը և Արցախի Հանրապետության տարածքից դուրս գալը (այսուհետ՝ սահմանի հատում) իրականացվում է սահմանային անցման կետերով՝ անձը հաստատող և տրանսպորտային միջոցների հաշվառման փաստաթղթերի հիման վրա:

6. Սահմանը հատող անձինք և տրանսպորտային միջոցների վարորդները պարտավոր են կանգ առնել սահմանային անցման կետերում, ոստիկանության ծառայողի պահանջով ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջները:

7. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Արցախի Հանրապետության տարածք մուտք են գործում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմինների, իսկ Արցախի Հանրապետության սահմանային անցման կետերում՝ ոստիկանության կողմից տրված մուտքի արտոնագրի հիման վրա կամ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված կարգով:

8. Սահմանի հատումը կարող է արգելվել միայն Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

9. Սահմանը հատող անձանց արգելվում է սահմանային անցման կետերում կատարել տեսանկարահանումներ և լուսանկարահանումներ:

 

III. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏՈՂ ԱՆՁԱՆՑ

ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Արցախի Հանրապետության պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցները և անձինք էլեկտրոնային համակարգի միջոցով հաշվառվում են սահմանային անցման կետերում (բացառությամբ Արցախի Հանրապետության քաղաքացիների և Արցախի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների):

11. Տրանսպորտային միջոցների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառումն իրականացվում է առանձին էլեկտրոնային համակարգերով:

12. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման էլեկտրոնային համակարգ մուտքագրվում են.

1) օտարերկրյա քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը և մուտքի արտոնագրում առկա տվյալները.

2) օտարերկրյա քաղաքացիների Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու և Արցախի Հանրապետության տարածքից դուրս գալու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը.

3) մուտքի արտոնագրի գործողության ժամկետը:

13. Տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային համակարգ ավտոմատացված կարգով մուտքագրվում են.

1) տրանսպորտային միջոցների լուսանկարները.

2) տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը.

3) տրանսպորտային միջոցների` Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու և Արցախի Հանրապետության տարածքից դուրս գալու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը:

14. Սահմանային անցման կետերում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն.

1) կանգնեցնել սահմանը հատող տրանսպորտային միջոցները և անձանց.

2) ստուգել սույն կանոնների 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը.

3) անհրաժեշտության դեպքում ստուգել փոխադրվող բեռները և բեռների փոխադրման համապատասխան փաստաթղթերը:

15. Սահմանային անցման կետերում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները պարտավոր են.

1) պահպանել սույն կանոնների պահանջները.

2) ձեռնարկել համապատասխան միջոցներ` սահմանը հատող անձանց, տրանսպորտային միջոցների բացթողումն արագ կազմակերպելու և անհիմն ուշացումները բացառելու նպատակով.

3) պատիվ առնելով ներկայանալ սահմանը հատող անձանց, հայտնել պաշտոնը, կոչումը, ազգանունը և նրանց դիմելու պատճառն ու նպատակը, դիմել քաղաքավարի և հասկանալի, վերջիններիս նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք:

16. Սահմանային անցման կետերում ծառայության իրականացման կարգը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ