ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկերի հասկացությունը և դրանց տեսակները, հարկման օբյեկտները և վճարողները, ծագած վեճերի լուծման կարգը և հարկային օրենսդրության խախտումների համար պատասխանատվությունը, ինչպես նաև՝ այն հիմնական սկզբունքները, որոնց վրա հիմնվում է հարկերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը:
Հոդված 2. Հարկը սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով նախատեսված կարգով, հաստատուն չափերով և սահմանված ժամկետներում, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և այլ վճարողներից պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով գանձվող համապարտադիր և անհատույց վճար է:
Հոդված 3. Սույն օրենքով սահմանված հարկերը վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական բյուջե, տեղական բյուջեներ, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ արտաբյուջետային ֆոնդեր:
Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ, որը հիմնվում է բոլոր վճարողների միատեսակ և միանման հարկման սկզբունքի վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և կազմակերպությունները պարտավոր են վճարել հարկեր, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել հետևյալ հարկային արտոնությունները.
հարկից ազատում,
հարկման օբյեկտի նվազեցում,
հարկի նվազեցում,
հարկի հաշվարկման և վճարման ժամկետային արտոնություններ,
հարկի դրույքաչափի նվազեցում,
հատուցումներ վճարողին:
Այն դեպքում, երբ որոշում է ընդունվում գործող հարկային արտոնության դադարեցման կամ փոփոխման վերաբերյալ, ապա պարտադիր կարգով սահմանվում է գործող հարկային արտոնությունից օգտվող վճարողների վրա այդ որոշման տարածման կարգը:
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համապետական հարկեր, հարկման օբյեկտներ և հարկ վճարողներ, հարկերի դրույքաչափեր և արտոնություններ սահմանելու իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ առանձին հարկատեսակի մասին օրենքով սահմանված դեպքում կարող է սահմանել առանձին հարկերի, հաստատագրված վճարումների դրույքաչափերն ու չափերը, դրանց հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև հարկային արտոնություններ՝ առաձին վճարողների կամ վճարողների խմբերի համար:
Տեղական կառավարման մարմինների առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ կարող է սահմանել տեղական հարկեր միայն համապատասխան տարածքի բնակչությունից՝ բնակչության առանձին սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար 3 տարուց ոչ ավելի ժամանակով:
Հոդված 7. Հարկերի հաշվառման ու վճարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության ներկայացմամբ:
Հոդված 8. Եթե սահմանված հարկի որևէ դրույքաչափ փոխվում է և եթե ֆինանսական տարին ներառում է փոփոխման փաստացի ժամկետը (եթե այդ ժամկետը ֆինանսական տարվա առաջին օրը չէ), ապա հարկերը հաշվարկում են՝ կիրառելով նախկին դրույքաչափը մինչև փոփոխման փաստացի ժամկետը, իսկ նոր դրույքաչափը՝ փոփոխման փաստացի ժամկետից մինչև տարվա ավարտը:
Եթե որևէ հարկ վերացվում է, ապա այդ հարկի վերացման տարվա համար հարկի վերացումը դիտարկվում է որպես հարկի դրույքաչափի փոփոխում, իսկ նոր դրույքաչափը՝ 0:
Հոդված 9. Հարկվող միևնույն օբյեկտը հարկելու իրավասություն ունեցող պետական կառավարման նույն մարմնի կողմից նույն տեսակի հարկով կարող է հարկվել միայն մեկ անգամ:
Հոդված 10. Հարկերը վճարվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով, այնպես էլ՝ արտարժույթով:
Արտարժույթով գումարները կարող են վերահաշվարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով՝ ելնելով վճարման օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային բանկի սահմանած արժութային փոխարժեքից:
Հոդված 11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկ վճարողների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս ստացված եկամտի (շահույթի) գումարը մտցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկման ենթակա եկամտի (շահույթի) ընդհանուր գումարի մեջ և հաշվի է առնվում հարկերի չափը որոշելիս:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գանձվող հարկերը նվազեցվում են հարկերի այն գումարների չափով, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վճարողներից գանձվել են օտարերկրյա պետություններում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նվազեցվող գումարների չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացվող եկամտից (շահույթից) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարներին:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՐԿԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանվում են հետևյալ հարկերը.
շահութահարկ՝ իրավաբանական անձանց շահույթից,
եկամտահարկ՝ ֆիզիկական անձանց եկամտից,
ակցիզային հարկ՝ առանձին ապրանքների իրացումից,
ավելացված արժեքի հարկ՝ ապրանքների և ծառայությունների իրացման շրջանառությունից,
սոցիալական հարկ՝ աշխատավարձից և աշխատավարձին հավասարեցված եկամուտներից,
հողի հարկ՝ պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործումից,
մասնագիտության հարկ՝ մասնագիտական որոշակի գործունեություն ծավալելու համար,
գույքահարկ՝ գույքի որոշակի տեսակների համար,
բնապահպանման հարկ՝ բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար,
ճանապարհային հարկ՝ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքից և տրանսպորտային միջոցների համար՝ ըստ դրանց հզորությունների,
մաքսեր՝ արտահանվող և ներմուծվող ապրանքների համար,
տեղական հարկեր՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով,
այլ հարկեր:
Հոդված 13. Սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հարկերը վճարվում են հետևյալ հերթականությամբ.
1) գույքային հարկեր (հողի հարկ, գույքահարկ, ճանապարհային հարկ),
2) այլ հարկեր՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված հարկերի չափով հարկվող օբյեկտը նվազեցնելուց հետո:
Գ Լ ՈՒ Խ 3
ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. Վճարողն իրավունք ունի՝
ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերին,
հարկային տեսչության մարմիններ ներկայացնել բացատրություններ հարկերի հաշվառման ու վճարման վերաբերյալ և ըստ ստուգումների արդյունքների:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գանգատարկել հարկային տեսչության մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները:
Հոդված 15. Վճարողը պարտավոր է՝
սահմանված ձևով իրականացնել հաշվապահական հաշվառում, կազմել հաշվետվություններ ֆինանսատնտեսական գործունեության մասին, հաշվետու ժամանակաշրջանում հաշվել սահմանված հարկերի գումարները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին տրամադրել հարկերի հաշվարկման ու վճարման համար օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր և տեղեկություններ,
ժամանակին ու լրիվ վճարել օրենքով սահմանված հարկերը,
ներկայացնել այն փաստաթղթերը, որոնք հաստատում են հարկային արտոնությունների իր իրավունքը,
հարկային տեսչության մարմինների ստուգումների հետևանքով բացահայտված, թաքցված կամ պակաս ցույց տրված օբյեկտի գումարի չափով ուղղումներ մտցնել հաշվապահական հաշվառման մեջ,
հարկային տեսչության մարմինների կողմից կազմված ստուգման ակտի փաստերին համաձայն չլինելու դեպքում ներկայացնել գրավոր բացատրություն այդ ակտը չստորագրելու պատճառների մասին:
Հոդված 16. Ֆիզիկական անձի հարկային պարտավորությունը դադարում է այդ պարտավորության կատարմամբ, հարկի վերացմամբ կամ վճարողի մահվամբ, եթե հարկային պարտավորության կատարումն անհնար է առանց անձնական մասնակցության:
Իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների հարկային պարտավորությունը դադարում է այդ պարտավորության կատարմամբ կամ հարկի վերացմամբ: Հարկային պարտավորության կատարման անհնարինության դեպքում հարկային տեսչության մարմինը իրավունք ունի հարուցել հայց՝ վճարողի սնանկացման վերաբերյալ: Իրավաբանական անձի և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության, կազմակերպության լուծարման դեպքում չկատարված հարկային պարտավորությունը տարածվում է նրա իրավահաջորդի կամ սեփականատիրոջ գույքի վրա:
Հարկերի չվճարված գումարների, ինչպես նաև չվճարման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տուգանքների և տույժերի գանձումը կատարվում է իրավաբանական անձանցից անվիճելի կարգով, իսկ ֆիզիկական անձանցից և այլ վճարողներից՝ դատական կարգով:
Հոդված 17. Հարկերի հաշվարկման և վճարման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային տեսչության մարմինները, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային մարմինները:
Հոդված 18. Հարկերի հաշվարկման վերահսկողության և գանձման ժամանակ ապօրինի միջոցներով ձեռք բերված վկայությունները չեն կարող օգտագործվել վճարողի դեմ՝ հարկերի հաշվարկի և գանձման ժամանակ:
Հոդված 19. Որևէ վկայություն կամ տեղեկություն հիմք չի հանդիսանում վճարողի հարկի հաշվարկի և գանձման համար, քանի դեռ վճարողը հնարավորություն չի ունեցել ծանոթանալ դրան և այդ առթիվ համապատասխան բացատրություններ տալ:
Հոդված 20. Բանկերը, վարկային հաստատությունները, բորսաները, ինչպես նաև այլ կազմակերպություններն ու ձեռնարկությունները, պարտավոր են հարկային տեսչության մարմիններին տեղեկություններ հաղորդել իրենց սպասարկյալ հանդիսացող վճարողների՝ անցած ֆինանսական տարում կատարած ֆինանսատնտեսական գործառնությունների մասին՝ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևերի, եթե օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
Սահմանված տեղեկությունները չներկայացնելու դեպքում այդ հաստատությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 21. Հարկային օրենսդրությունը խախտելը առաջացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
Հոդված 22. Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության այլ պահանջները պահպանելու պատասխանատվությունը դրվում է վճարողների (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պաշտոնատար անձանց վրա:
Հոդված 23. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում վճարողից գանձվում է տույժ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար՝ ժամանակին չմուծված հարկի գումարի (բացառությամբ մաքսատուրքերի) 0,25 տոկոսի չափով:
Հոդված 24. Այն վճարողները, որոնք մինչև հարկերի վճարման համար սահմանված ժամկետները համապատասխան ժամանակամիջոցի համար չունեն հաշվապահական հաշվետվություններ ու հաշվեկշիռներ, ինչպես նաև ըստ սահմանված ձևի հաշվարկներ, վճարում են նախորդ ժամանակամիջոցի եկամտի (շահույթի), իսկ դրա մասին տվյալների բացակայության դեպքում՝ ընթացիկ տարվա համապատասխան ֆինանսական ցուցանիշների հիման վրա հաշվարկված հարկի գումարի 110 տոկոսը:
Հիշյալ փաստաթղթերի ներկայացվելուց հետո կատարվում է հարկերի վերահաշվարկ:
Հաշվապահական հաշվետվությունները, հաշվեկշիռները, հաշվարկները և հայտարարագրերը սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշացնելու դեպքում վճարողից գանձվում է տույժ 2 ամիսը գերազանցող յուրաքանչյուր օրվա համար՝ հարկի գումարի 5 տոկոսի չափով:
Հոդված 25. Հաշվապահական հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումով վարելու, հաշվապահական հաշվետվությունները, հաշվեկշիռները, հաշվարկները, հայտարարագրերը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթերը սխալ կազմելու համար վճարողը բյուջե է մուծում տուգանքը՝ հարկի գումարի 10 տոկոսի չափով:
Հոդված 26. Եկամուտների հաշվառում չվարելը կամ սահմանված կարգի կոպիտ խախտմամբ վարելը կամ եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը, կամ ժամանակին չներկայացնելը, կամ հայտարարագրի մեջ ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելը, եկամուտը (շահույթը), կամ հարկվող այլ օբյեկտ թաքցնելը, հարկերը վճարելուց հրաժարվելը կամ չարամտորեն խուսափելը առաջացնում է վարչական կամ քրեական պատասխանատվություն:
Հոդված 27. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված օբյեկտի համար նախատեսված հարկի ամբողջ գումարը, ինչպես նաև՝ տուգանք այդ գումարի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում մեկից ավելի խախտումների դեպքում՝ տուգանք այդ գումարի կրկնակի չափով, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:
Թաքցված կամ պակաս ցույց տրված են համարվում հարկվող այն օբյեկտները, որոնք ցույց չեն տրվել հարկային տեսչության մարմիններին ներկայացված հաշվապահական հաշվետվություններում, հաշվեկշիռներում և հայտարարագրերում:
Թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարները բյուջե են մուծվում վճարողների հաշվին:
Հոդված 28. Արտարժույթով ստացված եկամուտը (շահույթը) թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում եկամտի (շահույթի) գումարը վերահաշվարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային բանկի արժութային փոխարժեքով:
Հոդված 29. Վճարողները թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ, 24-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածներով նախատեսված տույժերը բյուջե են մուծում հարկային տեսչության մարմինների կողմից համապատասխան արձանագրություն կամ պահանջագիր ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում: Սահմանված ժամկետներում չմուծված հարկի գումարները, ինչպես նաև հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս տալու համար տույժերը հարկային տեսչության մարմինների կողմից անվիճելի կարգով բռնագանձվում են այդ ամբողջ ժամանակամիջոցի համար:
Հոդված 30. Այն դեպքերում, երբ վճարողը վերացնում (լուծարում) է եկամուտ (շահույթ) առաջացնող իր օբյեկտը կամ թաքցնում է իր եկամուտը (շահույթը), և հետագայում հնարավոր չէ գանձել օրենսդրությամբ սահմանված հարկերն, հարկային տեսչության մարմինը կարող է միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակը հարկերը գանձելու ուղղությամբ: Այդ դեպքում հարկային տեչության մարմինը կարող է պահանջել հաշվապահական հաշվետվությունները, հաշվեկշիռները, հաշվարկները, հայտարարագրերը և օրենքով նախատեսված մյուս փաստաթղթերը մինչև օրենքով սահմանված ժամկետը հասնելը:
Հոդված 31. Հարկերի վճարման ժամկետների խախտման կամ սխալ վճարման դեպքում հարկային տեսչության մարմինը պահանջներ է ներկայացնում 10 օրվա ընթացքում: Ժամկետի հաշվարկը սկսվում է հարկային տեսչության մարմնին հարկերի ոչ ժամանակին կամ սխալ վճարման մասին հայտնի դառնալու օրվանից:
Հոդված 32. Առանձին հարկատեսակի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար կարող են կիրառվել տուգանքների, տույժերի այլ չափեր, դրանց հաշվարկման, մուծման և գանձման այլ կարգ, քան նախատեսված է սույն օրենքով:
Հոդված 33. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հարկային օրենսդրությունը խախտելու համար առանձին վճարողների կամ վճարողների խմբի կարող է ազատել սույն օրենքով նախատեսված տուգանքներից և տույժերից՝ լրացուցիչ կարգով համապատասխան բյուջեներ մուտքագրված դրանց ընդհանուր գումարների 40 տոկոսի սահմաններում, ինչպես նաև՝ հետաձգել տուգանքների և տույժերի գանձման ժամկետը մեկ տարի ժամանակով:
Հոդված 34. Հաշվապահական հաշվետվությունները, հաշվեկշիռները, հաշվարկները, հայտարարագրերը և օրենքով նախատեսված մյուս փաստաթղթերը ոչ ժամանակին ներկայացնելու և սխալ կազմելու, հարկերի գումարները ոչ լրիվ, ոչ ժամանակին գանձելու և բյուջե փոխանցելու, ինչպես նաև իրենց կողմից ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին ու քաղաքացիներին կատարված վճարումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով և ժամանակին տեղեկություններ չներկայացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձինք ենթարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:
Գ Լ ՈՒ Խ 5
ՍԽԱԼՄԱՄԲ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 35. Հարկերի այն գումարները, որոնք սահմանված չափից ավելի են վճարվել դրանց սխալ հաշվարկման կամ գանձման սահմանված կարգի խախտման հետևանքով, ենթակա են վերադարձման կամ հաշվանցման վճարողի վճարելիք այլ գումարների հաշվին այդ մասին հայտնի դառնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ սահմանված չափից ավելի վճարման օրվանից հաջորդող երեք տարիների համար:
Սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու մասին հարկային տեսչության մարմիններին դիմում տալը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:
Հոդված 36. Եթե գործատուները ժամանակին չեն գանձել բանվորներից ու ծառայողներից հարկվող գումարները, ապա դրանք գանձվում են ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի գանձված գումարները վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք տարիների համար:
Սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու մասին վճարողի դիմում տալը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:
Հոդված 37. Հարկային տեսչության մարմինների կողմից իրենց վրա դրված պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով վճարողներին պատճառված վնասը (այդ թվում՝ բաց թողնված եկամուտը) հատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ
Հոդված 38. Հարկերը գանձելիս հարկային տեսչության մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք: Գանգատները քննության են առնվում և դրանց առթիվ որոշումներ են կայացվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Այդ որոշումները կարող են գանգատարկվել վերադաս հարկային տեսչության մարմնին կամ դատարան՝ գանգատարկողին որոշման կրկնօրինակը հանձնելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հոդված 39. Հարկային տեսչության մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանք նշանակելու հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համապատասխան:
Հոդված 40. Հարկային տեսչության մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի դադարեցնում հարկերի գանձումը:
Գանգատը քննության առնող մարմինը իրավունք ունի մինչև գանգատի լուծումը դադարեցնել հարկի գանձումը:
Գ Լ ՈՒ Խ 7
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 41. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ կանոններ, քան պարունակվում են սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերով սահմանված կանոնները:
Նշված կանոնները գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վերոհիշյալ պայմանագրերի վավերացումից հետո:
Գ Լ ՈՒ Խ 8
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 42. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
17 մարտի 1997թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-37 |
|