Համարը 
N 567-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.07.20/12(376)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.07.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.07.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2019թ.

N 567-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հողի հարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1.Հաստատել համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի հուլիսի 16-ի N 567-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հողի հարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնությունների սահմանման հետ կապված հարաբերությունները:

2. Համայնքի ավագանին գույքահարկի և հողի հարկի արտոնություն է սահմանում առանձին հարկ վճարողների համար տվյալ համայնքի վարչական տարածքում գտնվող (հաշվառված) և գույքահարկով ու հողի հարկով հարկվող օբյեկտ հանդիսացող գույքի և հողի մասով` արտոնության վերապահման տարվա համայնքի բյուջեի հաստատումից հետո:

3. Գույքահարկի և (կամ) հողի հարկի արտոնություն կարող է սահմանվել`

1) համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի նախաձեռնությամբ.

2) հարկ վճարողի հայցմամբ` համայնքի ղեկավարի եզրակացությամբ:

4. Այն դեպքում, երբ արտոնությունը սահմանվում է համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի նախաձեռնությամբ, նախաձեռնողը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում գույքահարկի և (կամ) հողի հարկի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ առաջարկությունը` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարի չափը` հարկային արտոնություն տալու անհրաժեշտության հիմնավորմամբ:

5. Այն դեպքում, երբ արտոնությունը հայցվում է հարկ վճարողի կողմից, հարկ վճարողը համայնքի ղեկավարին է ներկայացնում գույքահարկի և (կամ) հողի հարկի գծով արտոնություն ստանալու վերաբերյալ դիմում` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարի չափը` հարկային արտոնություն ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ:

Արտոնություն հայցող կազմակերպությունների կողմից համայնքի ղեկավարին ներկայացվում են նաև`

1) տեղեկություններ` առաջացած հարկային պարտավորությունը ժամանակին կատարելու անհնարինության մասին հիմնավորմամբ.

2) տեղեկություններ` տույժերի ու տուգանքների առաջացման մասին, որոնք պետք է պարունակեն դրանց առաջացման պատճառները:

6. Համայնքի ղեկավարը հարկ վճարողի դիմումը և սույն կարգի 5-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո`

1) հարկային արտոնության տրամադրմանը համաձայնելու դեպքում` մեկամսյա ժամկետում ճշտում է դրանց արժանահավատությունը, հաշվարկում հարկային արտոնության գումարի չափը և իր կարծիքը, ինչպես նաև հարկային արտոնություններ տալու վերաբերյալ հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթերը ներկայացնում է համայնքի ավագանու քննարկմանը.

2) հարկային արտոնության տրամադրմանը չհամաձայնելու դեպքում` հայցողի ներկայացրած փաստաթղթերը վերադարձնում է հարկ վճարողին` գրավոր նշելով չհամաձայնելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:

7. Եթե հարկ վճարողը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարից չի ստանում հարկային արտոնության տրամադրմանը չհամաձայնելու մասին գրավոր պատասխան կամ իր փաստաթղթերը համայնքի ավագանուն ուղարկելու վերաբերյալ գրություն կամ եթե հարկ վճարողը համաձայն չէ հարկային արտոնության տրամադրմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու մասին հիմնավորումներին, ապա 20-օրյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի կրկնօրինակը` սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին, իսկ արտոնության տրամադրմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու վերաբերյալ գրավոր պատասխանի առկայության դեպքում` այդ պատասխանի վերաբերյալ իր առարկությունները և ավագանուն ուղղված դիմումը ներկայացնում է վերջինիս քննարկմանը:

8. Համայնքի ավագանին սույն կարգի 5-րդ կամ 7-րդ կետերում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց, ինչպես նաև իր նախաձեռնությամբ արտոնության տրամադրման դեպքում` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցը քննարկելուց հետո ընդունում է որոշում հարկ վճարողին գույքահարկի կամ հողի հարկի արտոնություն տրամադրելու կամ արտոնության հարցը մերժելու վերաբերյալ:

9. Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են`

1) հարկ վճարող ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը, հարկ վճարողի հաշվառման համարը` ՀՎՀՀ (առկայության դեպքում), գրանցման հասցեն, իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրն ու հարկ վճարողի հաշվառման համարը` ՀՎՀՀ.

2) անշարժ գույքի (հողամասի) գտնվելու հասցեն, փոխադրամիջոցի համարանիշն ու մակնիշը.

3) հարկային օրենսդրությամբ սահմանված` տրամադրվող արտոնության տեսակը.

4) արտոնության գումարի չափը, իսկ հարկի ժամկետային արտոնության տրամադրման դեպքում` հետաձգման ժամկետները:

10. «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և «Հողի հարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված չափի հաշվարկման նպատակով`

1) հարկվող օբյեկտի, հարկի դրույքաչափի կամ հարկի նվազեցման գծով արտոնություն սահմանելիս, արտոնության գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մարմիններում հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարները, իսկ եթե դա անհնարին է, ապա հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մարմիններում հարկ վճարողի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարների մեծությունը.

2) հարկի հաշվարկման կամ վճարման ժամկետի, ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Արցախի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի ու տուգանքների վճարման ժամկետի գծով արտոնություն սահմանելիս, տվյալ բյուջետային տարում արտոնության գումարը հաշվարկվում է հետաձգվող հարկային պարտավորության գումարի նկատմամբ տվյալ բյուջետային տարվա ընթացքում արտոնության մնացած ժամանակահատվածի համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարի չափով:

11. Համայնքի ավագանու կողմից սույն կարգով չնախատեսված կարգով արտոնությունների սահմանումն արգելվում է, այդ թվում նաև` հարկ վճարողների հարկային պարտավորությունների կատարման համար համայնքի բյուջեից փոխհատուցում տրամադրելու միջոցով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ