ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Ավելացված արժեքի հարկը ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման բոլոր փուլերում ձևավորվող ավելացված արժեքից պետական բյուջե գանձվող պարտադիր վճար է:
Ավելացված արժեքն իրենից ներկայացնում է իրացված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների արժեքի և սահմանված կարգով՝ արտադրության ու շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների ու ծառայությունների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեքի տարբերությունը: Հարկման համար հիմք են ընդունվում վերը նշված այն ծախքերը, որոնց դիմաց մատակարարների /կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ սուբյեկտների/ օգտին հաշվարկվել է ավելացված արժեքի հարկ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 2. Ավելացված արժեքի հարկ վճարողներ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական /արտադրական և այլ առևտրային/ գործունեություն իրականացնող հետևյալ սուբյեկտները.
1. ձեռնարկությունները, հիմնարկները, հաստատությունները և կազմակերպությունները, նրանց առանձնացված բաժանմունքները, մասնաճյուղերը և ներկայացուցչությունները՝ անկախ սեփականության ձևից /այսուհետ՝ ձեռնարկություններ/,
2. անհատ ձեռներեցները՝ իրենց տարեկան եկամուտների /հասույթի/ այն մասով, որը գերազանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 3. Հարկման օբյեկտ են հանդիսանում բոլոր ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը, ինչպես նաև՝
1/ առանց դրամական փոխհատուցման այլ ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ հետ փոխանակվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացման շրջանառությունը կամ մասնակի հատուցումով իրացումը,
2/ ձեռնարկության ներսում սեփական սպառմանն ուղղվող այն ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացման շրջանառությունը, որոնց գծով ծախքերը չեն մտցվում արտադրանքի /աշխատանքների, ծառայությունների/ ինքնարժեքի մեջ, ինչպես նաև ձեռնարկության աշխատողներին ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացման շրջանառությունը,
3/ այլ ձեռնարկություններին կամ քաղաքացիներին, ներառյալ ձեռնարկության աշխատողներին, անհատույց կամ մասնակի հատուցմամբ իրացվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ շրջանառությունը, բացառությամբ պետական ձեռնարկությունների կողմից պետական այլ ձեռնարկությունների հաշվեկշռին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց փոխանցված հիմնական միջոցների և գույքի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքները հանդիսանում են առանձին հարկման օբյեկտ:
Հոդված 4. Հարկվող շրջանառությունը որոշելու համար հիմք է ընդունվում իրացվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ արժեքը, որը ավելացված արժեքի հարկ չի ներառում:
Հարկվող շրջանառությունը չի կարող փոքր լինել սահմանված կարգով արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեքից:
Պետականորեն կարգավորվող մանրածախ գներով և սակագներով բնակչությանը իրացվող հիմնական սպառողական ապրանքների և ծառայությունների իրացման դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ իրացվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/արժեքի մեջ ներառվում է ավելացված արժեքի հարկը, հարկվող շրջանառությունը որոշելու համար հիմք է ընդունվում իրացվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ արժեքը, որը ներառում է ավելացված արժեքի հարկը:
Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) փոխանակման, անհատույց կամ մասնակի հատուցմամբ իրացնելու դեպքերում,հարկվող շրջանառությունը որոշվում է ելնելով դրանց փոխանակման կամ իրացման պահին հարկ վճարողի մոտ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գործող գների և սակագների մակարդակից, եթե այլ բան նախատեսված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Մանրածախ առևտրի ձեռնարկությունների համար հարկվող շրջանառություն է հանդիսանում ապրանքների իրացման և մատակարարներից այդ ապրանքների ձեռքբերման գների (ներառյալ ավելացված արժեքի հարկը) տարբերությունը:
Այն ապրանքների համար, որոնք հարկվում են ակցիզային հարկով, ավելացված արժեքի հարկի հաշվարկման ժամանակ հարկվող շրջանառության մեջ ներառվում է նաև ակցիզային հարկի գումարը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների հարկման համար հարկվող շրջանառությունը որոշելու հիմք է ընդունվում ներմուծման արժեքը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 5. Ավելացված արժեքի դրույքաչափը սահմանվում է՝
1. ազատ գներով ու սակագներով, ինչպես նաև պետականորեն կարգավորվող մեծածախ գներով ու սակագներով իրացվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ հարկվող շրջանառության նկատմամբ՝ 20 տոկոսի չափով,
2. այն ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ համար, որոնց գների, սակագների մեջ արդեն ներառված է ավելացված արժեքի հարկը՝ 16.67 տոկոսի չափով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ /ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ ԱԶԱՏՈՒՄԸ
Հոդված 6. Ավելացված արժեքի հարկից ազատվում են՝
1/ նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս արտահանվող ապրանքները, դրանց բեռնման, փոխադրման, բեռնաթափման ծառայությունները և Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա /բացի ԽՍՀՄ կազմում եղած անդամ պետություններից/ բեռների տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև՝ աշխատանքների և ծառայությունների արտահանումը,
2/ օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում պաշտոնական օգտագործման, ինչպես նաև այդ ներակայացուցչությունների դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի ոչ ռեզիդենտ անդամների /ներառյալ նրանց հետ բնակվող ընտանիքի անդամները/ անձնական օգտագործման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռք բերված իրերը, նրանց մատուցված ծառայությունները,
3/ սփյուռքահայ համայնքների, օտարերկրյա և միջազգային հասարակական ու կրոնական կազմակերպությունների միջոցների հաշվին կատարվող շինարարական և հարակից /նախագծային, հետազոտական և այլն/ աշխատանքները,
4/ բնակարանային վարձը՝ ներառյալ հանրակացարաններում բնակվելու վարձը,
5/ բնակչությանը մատուցվող որոշ կոմունալ ծառայությունները՝ ջրամատակարարումը, ջերմային էներգամատակարարումը, սանմաքրումը,
6/ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հետևանքով գնվող գույքի արժեքը, ինչպես նաև պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունների վարձակալական վճարը,
7/ կրթության բնագավառի ուսումնական հաստատությունների սննդի օբյեկտների սեփական արտադրության արտադրանքը,
8/ ապահովագրական և վերապահովագրական գործառնությունների, վարկի հատկացմանը, ինչպես նաև դրամական ավանդներին, հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվներին վերաբերող գործառնությունները,
9/ վճարման օրինական միջոցներ հանդիսացող արժույթի դրամի, բանկային տոմսերի /բացի դրամագիտական նպատակներով օգտագործվողներից/, ինչպես նաև արժեթղթերի /բաժնետոմսեր, փոխառության պարտատոմսեր, սերտիֆիկատներ, մուրհակներ, չեկեր և այլն/ շրջանառությանը վերաբերող գործառնությունները /բացի բրոքերային և այլ միջնորդական գործառնություններից/: Բացառություն են կազմում դրանց պատրաստման և պահպանման գործառնությունները, որոնցից հարկը գանձվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
10/ փոստային դրոշմանիշների, փոստային դրոշմագրված բացիկների, ծրարների, պետական տուրքային դրոշմանիշների, վիճակախաղի տոմսերի անվանական արժեքով վաճառքը,
11/ այն ծառայությունները, որոնց կատարման համար գանձվում է պետական տուրք,
12/ խաղատների, խաղային ավտոմատների շրջանառությունը՝ հիմնական գործունեության գծով, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված,
13/ հիվանդների ու ծերերի խնամքի հետ կապված, նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու ծառայությունները,
14/ թաղման բյուրոների, գերեզմանատների կողմից մատուցվող ծառայությունները, կրոնական կազմակերպությունների կողմից անցկացվող ծեսերը և ծիսակատարությունները,
15/ արտոնագրերի, հեղինակային իրավունքի, լիցենզիաների ստացման և հանձնման հետ կապված գործառնությունները,
16/ դոնորային արյան, մայրական կաթի, դեղամիջոցների և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների իրացումը,
17/ մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով հանրապետություն ներմուծվող /ստացվող/ և հատկացվող ապրանքները /աշխատանքներն ու ծառայությունները/,
18/ գյուղատնտեսական արտադրանքի իրացումը,
19/ ԼՂՀ տարածքում իրացվող սննդամթերքի առանձին տեսակներ, որոնց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` համաձայնեցնելով ԼՂՀ Ազգային ժողովի հետ,
20/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ-ի կազմում եղած պետությունների պետական բյուջեների և համապետական նշանակության արտաբյուջետային ֆոնդերի միջոցների հաշվին կատարվող գիտահետազոտական, փորձարարական, նախագծային-հետազոտական աշխատանքները,
21/ թանկարժեք մետաղներ պարունակող հանքաքարի, խտանյութերի և այլ արդյունաբերական ապրանքների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների հետագա վերամշակման ու հարստացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրացման շրջանառությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գանձատանը թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի իրացման շրջանառությունը.
22/ դպրոցական դասագրքերը, տետրերը և դրանց վաճառքը,
23/ բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի և պետության կողմից գնված արժեքների իրացման շրջանառությունը:
Հոդված 7. Ավելացված արժեքի հարկի գծով սահմանված արտոնություններից վճարողներն օգտվում են միայն հարկից ազատված ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ գծով արտադրության և շրջանառության ծախքերի, ինչպես նաև իրացման շրջանառության առանձնացված հաշվառում իրականացնելու դեպքում:
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 8. Ապրանքները /աշխատանքները, ծառայությունները/ իրացվում են ավելացված արժեքի հարկի գումարի չափով ավելացված գներով /սակագներով/: Ընդ որում՝ իրացվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի դրույքաչափը և գումարը նշվում են առանձին տողով:
Ապրանքները /աշխատանքները,ծառայությունները/ բնակչությանը իրացվում են սահմանված դրույքաչափով ավելացված արժեքի հարկի գումարը ներառող գներով /սակագներով/:
Հոդված 9. Արտադրական նպատակներով ձեռք բերված և օգտագործվող հումքի, նյութերի, վառելիքի, կոմպլեկտավորող և այլ իրերի, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների համար վճարված ավելացված արժեքի հարկը արտադրության և շրջանառության ծախքերին չի դասվում, բացառությամբ սույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի:
Հոդված 10. Ձեռնարկությունների կողմից պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը որոշվում է որպես իրացված ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ համար գնորդներից /պատվիրատուներից/ ստացված հարկի գումարների և արտադրության, շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների, ծառայությունների դիմաց մատակարարներին վճարված հարկի գումարների տարբերություն:
Հիմնական միջոցների ակտիվ մասի և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման ժամանակ մատակարարներին վճարված հարկի գումարները հանվում են բյուջե վճարման ենթակա գումարներից՝ հիմնական միջոցների ակտիվ մասի շահագործման հանձնման և ոչ նյութական ակտիվների հաշվառման ընդունման պահից սկսած՝
ա/ միանվագ, եթե դրանց հաշվեկշռային արժեքը չի գերազանցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկ չափը,
բ/ 6 ամսվա ընթացքում, հավասար չափերով, եթե դրանց հաշվեկշռային արժեքը գերազանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկ չափը:
Հիմնական միջոցների պասիվ մասի ձեռքբերման ժամանակ վճարված հարկի գումարները հաշվառվում են դրանց հաշվեկշռային արժեքում և բյուջե վճարման ենթակա հարկի գումարներից չեն հանվում:
Անհատ ձեռներեցների կողմից պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը որոշվում է ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացումից փաստացի ստացված զուտ եկամտից՝ 16,67 տոկոս դրույքաչափով:
Հոդված 11. Ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացման շրջանառությունը ավելացված արժեքի հարկից ազատելու դեպքում արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարված հարկի գումարները միացվում են արտադրության և շրջանառության ծախքերին, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի:
Հոդված 12. Անհատ ձեռներեցներն ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացման դեպքում արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի /աշխատանքների, ծառայությունների/ համար մատակարարներին վճարված հարկի գումարները միացնում են արտադրության և շրջանառության ծախքերին:
Հոդված 13. Այն դեպքում, երբ ձեռք բերված նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների գծով սույն օրենքով սահմանված կարգով հաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարը գերազանցում է ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացումից ստացված հարկի գումարը, ապա առաջացող տարբերությունը հաշվանցվում է առաջիկա վճարումների հաշվին կամ վերադարձվում է հարկի ընդհանուր մուտքերի հաշվին՝ ֆինանսական տարվա կիսամյակային հաշվարկների հիման վրա, հաշվարկների ներկայացումից հետո 10-օրյա ժամկետում:
Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների ավելացված արժեքի հարկը վերադարձվում է, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ կարգ չի նախատեսված:
Սույն հոդվածի կիրառումը ԱՊՀ անդամ երկրների նկատմամբ կարգավորվում է ԱՊՀ անդամ երկրների միջև իրացվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ դիմաց հաշվարկների ժամանակ ավելացված արժեքի գանձման սկզբունքների մասին միջազգային պայմանագրերով կամ փոխադարձության հիման վրա՝ յուրաքանչյուր առանձին պետութան /այդ թվում՝ ԱՊՀ անդամ չհանդիսացող/ հետ կնքված պայմանագրով:
Գ Լ ՈՒ Խ 7
ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 15. Ավելացված արժեքի հարկը ձեռնարկությունները վճարում են, ելնելով ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացման փաստացի շրջանառությունից, հետևյալ կարգով.
- մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսնապատիկ չափով միջին ամսական վճարումների դեպքում՝ եռամսյակը մեկ անգամ, մինչև հաջորդ ամսվա 25-ը,
- միջին ամսական վճարումների գումարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսնապատիկ չափը գերազանցելու դեպքում՝ մեկ անգամ մինչև հաջորդ ամսվա 25-ը:
Հոդված 16. Հարկի ամսական վճարումներ կատարող ձեռնարկությունները, նախորդ ամսվա հաշվարկով վճարման ենթակա հարկի գումարը /կամ նախորդ եռամսյակի հաշվարկով միջին ամսական վճարումների գումարը / Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկ չափը գերազանցելու դեպքում, կատարում են կանխավճարային երկու մուծում այդ գումարի կեսի չափով՝ մինչև ընթացիկ ամսվա 25-ը և հաջորդ ամսվա 5-ը:
Հոդված 17. Իրացման շրջանառության կատարման օր է հանդիսանում բանկային հաշիվներին ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ համար միջոցների ստացման, իսկ կանխիկ դրամով հաշվարկների դեպքում՝ հասույթը դրամարկղ մուտք լինելու օրը: Ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ անհատույց կամ մասնակի հատուցումով իրացման դեպքում շրջանառության կատարման օր է հանդիսանում դրանց իրացման /փոխանակման/ օրը:
Հոդված 18. Վճարողները հարկի վճարման համար սահմանված ժամկետներում իրենց գտնվելու վայրի հարկային մարմին ներկայացնում են հաշվետվություն հաշվարկված և վճարված հարկի գումարների մասին:
Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ կարող է սահմանել այն նախարարությունների, պետական ձեռնարկությունների ցանկը, որոնց ենթակա ձեռնարկություններին թույլատրվում է ավելացված արժեքի հարկը վճարել և հաշվարկներն ու հաշվետվությունները ներկայացնել կենտրոնացված կամ նրանց համար հատուկ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 8
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 20. Սույն օրենքի խախտման համար վճարողները և դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 21. Սույն օրենքի 8-րդ հոդվածում սահմանված կարգով հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի գումարը առանձին տողով չնշելու դեպքում վճարողը բյուջե է մուծում տուգանք՝ այդ գումարի 20 տոկոսի չափով:
Հոդված 22. Ավելացված արժեքի հարկի գումարը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում մեկից ավելի նույնատիպ խախտումների դեպքում՝ տուգանք այդ գումարի կրկնակի չափով:
Թաքցված կամ պակաս ցույց տրված են համարվում բյուջե վճարման ենթակա այն գումարները, որոնք ցույց չեն տրվել ֆինանսահարկային մարմիններ ներկայացված հաշվապահական հաշվետվություններում, հաշվարկներում և հայտարարագրերում:
Գ Լ ՈՒ Խ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ կարող է սահմանել ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումներ, դրույքաչափեր ու չափեր, հաշվարկման ու վճարման կարգ ու արտոնություններ:
Հոդված 24. Սույն օրենքի կիրարկման հրահանգը մշակում և հրապարակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը՝ համաձայնեցնելով ԼՂՀ արդարադատության պետական վարչության հետ:
Գ Լ ՈՒ Խ 10
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 25. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
|
17 մարտի 1997թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-38 |
|