Համարը 
ՀՕ-49-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.12.29/29(219)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-279 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝ «ակտիվի արժեք» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ակտիվի արժեք՝ ակտիվի հաշվեկշռային արժեք.»:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն օրենքի հնարավոր խախտումների կանխման նպատակով Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու զգուշացում տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների և (կամ) վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը կամ վնասել սպառողների շահերը:»:

 

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 27.

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող տուգանքի չափերը

 

1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսավարող սուբյեկտները, պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

2. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը, այդ համաձայնությանը մասնակցելը) առաջացնում է տուգանքի նշանակում` հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելու (կայացնելու, դրան մասնակցելու) նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:

Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) միջոցով գների չհիմնավորված բարձրացման հետևանքով տնտեսավարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե: Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսավարող սուբյեկտը, մինչև տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցումը, օրենքով սահմանված կարգով, իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողովին և կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը և հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց(ներ), որը (որոնք), ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք է(են) տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու համար: Տնտեսավարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է հետևյալ ապացույցները`

- դիմողի անվանումը և հասցեն,

- հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսավարող սուբյեկտների անվանումները և այլ տեղեկություններ,

- հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսևորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տևողությունը, վայրը, այլ տվյալներ,

- բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են, ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում,

- հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ գտնվող այլ ապացույցներ:

Հանձնաժողով դիմած տնտեսավարող սուբյեկտը չի կարող ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետևյալ պայմանները կամ դրանցից որևէ մեկը`

- տնտեսավարող սուբյեկտը դիմումը ներկայացնելու պահից սկսած Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում պատշաճ կերպով չի օժանդակում համաձայնության փաստի բացահայտմանը, մասնավորապես, չի ներկայացնում հակամրցակցային համաձայնությանն առնչվող` իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը (ապացույցները) և (կամ) օպերատիվ կերպով չի տրամադրում դրանք, չի ապահովում իր աշխատակիցներից համապատասխան տեղեկատվություն ստանալու հնարավորության ընձեռումը: Դիմող տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է նաև ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությանն առնչվող տեղեկատվության (ապացույցների) ոչնչացումից, կեղծումից, դրանց կամ իր դիմումում առկա տվյալների տարածումից, հրապարակումից` մինչև Հանձնաժողովի կողմից որոշման կայացումը կամ Հանձնաժողովի համաձայնությունը և այլն,

- տնտեսավարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը:

Սույն մասի երրորդ պարբերությունում սահմանված դեպքում Հանձնաժողով դիմած տնտեսավարող սուբյեկտի` սույն օրենքի խախտմամբ ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:

3. Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտման նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:

Գների չհիմնավորված բարձրացման միջոցով գերիշխող դիրքի չարաշահմամբ տնտեսավարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքում համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելն առաջացնում է տուգանքի նշանակում` համակենտրոնացման մասնակից տնտեսավարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելու նախորդ տարվա հասույթի մինչև չորս տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ համակենտրոնացման մասնակից տնտեսավարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև չորս տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ:

5. Անբարեխիղճ մրցակցության գործողությունն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև հինգ հարյուր հազար դրամի չափով:

Սույն մասով նախատեսված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ միլիոն դրամի չափով:

6. Արգելված պետական օժանդակություն ստանալն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտման նախորդ տարվա հասույթի մինչև երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:

7. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ հարյուր հազար դրամի չափով:

Սույն մասով նախատեսված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև երկու միլիոն դրամի չափով:

8. Հանձնաժողովին, Հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ հարյուր հազար դրամի չափով:

9. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելու, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ միլիոն դրամի չափով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-49-Ն