ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՋՐԱՅԻՆ, ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 168-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի աշխատակազմի ջրային, կենսառեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի աշխատակազմի ջրային, կենսառեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմի բնական ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի N 733 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 168-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի հուլիսի 6-ի N 170-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՋՐԱՅԻՆ, ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏ
ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի աշխատակազմի ջրային, կենսառեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի (այսուհետ` կոմիտե) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առանձին դեպքերում, մատուցում է ծառայություններ կենսաբազմազանության պահպանության և կենսառեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների և անտառային պաշարների) կառավարման, քաղցրահամ ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա), թափոնների, մթնոլորտ արտանետումների և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության կառավարման բնագավառում` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, կոմիտեի նախագահի ներկայացմամբ, հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, Արցախի Հանրապետության օրենքներին, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին, սույն կանոնադրությանը և իրավական այլ ակտերին համապատասխան:
4. Գործակալությունն, իր իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Գործակալությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և կոմիտեի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Գործակալությունն կարող է ունենալ իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Գործակալության գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Առաքելյան փողոց, N 14գ:
2. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
1) կենսառեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների և անտառային պաշարների) կառավարման ոլորտում`
ա. Արցախի Հանրապետության տարածքում բնական էկոհամակարգերի, ներառյալ լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ապահովումը, ինչպես նաև այդ ոլորտներում պետական քաղաքականության ձևավորմանն ու կառավարմանն աջակցությունը,
բ. էկոհամակարգերի բազմազանության ու դրանց կենսառեսուրսների պահպանության ու վերարտադրության ապահովումը,
գ. բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառման, գույքագրման, տեղեկատվական բանկի ու կենսառեսուրսների կադաստրների ստեղծման ու վարման իրականացման ապահովումը,
դ. կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ստեղծման ու իրականացման ապահովումը,
ե. կենդանական և բուսական բնական ռեսուրսների օգտագործման թույլատրելի չափաքանակների հաստատման համար հիմնավորումների ապահովումը,
զ. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և կայուն օգտագործման աշխատանքների համակարգումը.
2) ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում`
ա. Արցախի Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության ու արդյունավետ օգտագործման նպատակով քաղցրահամ մակերևույթային և ստորերկրյա ջրային ռեսուրսների քաղաքականության ձևավորումն ու կառավարումը,
բ. Արցախի Հանրապետության ջրի ազգային պաշարի ապահովման ու ավելացման միջոցառումների իրականացման ապահովումը,
գ. Արցախի Հանրապետության օգտագործելի ջրերի քանակի և որակի նախնական գնահատման, բնակչության ու տնտեսության ներկայի և ապագայի ջրի պահանջարկի ուրվագծման ապահովումը,
դ. Արցախի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի նախապատրաստման աշխատանքների կատարման ապահովումը,
ե. ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրային ռեսուրսների կառավարմանն ու պահպանությանն աջակցելը,
զ. ջրային ռեսուրսների կառավարման ու պահպանության բնագավառում գիտատեխնիկական հիմնարար ու կիրառական հետազոտությունների կատարման և արդյունքների ներդրման ապահովումը,
է. ջրային ռեսուրսների որակական և քանակական մշտադիտարկման (մոնիթորինգի) պահանջարկի ձևավորման ապահովումը,
ը. պետական ջրային կադաստրի վարման և ջրային հաշվեկշռի կազմման ապահովումը,
թ. ջրավազանային կառավարման պլանների մշակման ապահովումը.
3) թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման ոլորտում`
ա. թափոնների գործածության արդյունքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցման ապահովումը,
բ. թափոնների անդրսահմանային փոխադրումների ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության կանխարգելման ապահովումը,
գ. օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման և մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների նորմավորման ապահովումը.
4) հողերի պահպանության ոլորտում`
ա. հողերի բերրիության, ինչպես նաև հողի այլ օգտակար հատկությունների պահպանում, բարելավում և արդյունավետ օգտագործումը,
բ. խախտված հողերի վերականգնումը, դրանք տնտեսական շրջանառության մեջ ներառումը,
գ. հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանումը,
դ. բնապահպանական միջոցառումների, բնության հուշարձանների, արգելավայրերի, կանաչապատ գոտիների օգտագործմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
5) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ոլորտում`
ա. էկոլոգիական անվտանգության պահանջների և բնապահպանական սահմանափակումների հիման վրա կայուն զարգացմանը նպաստելը,
բ. հիմնադրույթային փաստաթղթի դրույթների և նախատեսվող գործունեության դրական ազդեցությունների պահպանման, վնասակար ազդեցությունների ու դրանց հետևանքների կանխարգելման, նվազեցման կամ բացառման ապահովումը,
գ. արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերի գնահատման ապահովումը:
3. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) կենսառեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների և անտառային պաշարների) կառավարման ոլորտում`
ա. Արցախի Հանրապետության տարածքում բնական էկոհամակարգերի, լանդշաֆտների, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի կենսաբանական բազմազանության հաշվառման, տեղեկատվական բանկի ստեղծման պատվերի տեղադրում,
բ. Արցախի Հանրապետության վայրի բուսական և կենդանական պաշարների գույքագրում և մոնիթորինգ, տեղեկատվական բանկի ու կադաստրների վարում,
գ. բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների կայուն օգտագործման, վերականգնման, վերարտադրության և ուսումնասիրությունների վերաբերյալ պատվերի տեղադրում,
դ. բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում և հողային ռեսուրսների և կանաչ տարածքների վերաբերյալ առաջարկությունների և կարծիքների տրամադրում,
ե. բնական էկոհամակարգերում, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի, ռեկրեացիոն և տնտեսական գործունեության զարգացման նպատակով պատվերի տեղադրում,
զ. օտարածին բուսական և կենդանական տեսակներից ու կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգությունն ապահովող աշխատանքների կազմակերպում,
է. Արցախի Հանրապետության վայրի բուսական և կենդանական պաշարների, բնության հատուկ պահպանվող տարածքների գույքագրում, մոնիթորինգ, տեղեկատվական բանկի ստեղծում ու կադաստրների վարում,
ը. Արցախի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքում.
2) ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում`
ա. ջրավազանային կառավարման պլանների մշակման և դրանց իրականացման ապահովում,
բ. ջրօգտագործման թույլտվությունների տրամադրում,
գ. ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` այլ անձանց փոխանցման ձևակերպում,
դ. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողին ջրօգտագործման թույլտվության ստացման պահանջից ազատում,
ե. ջրային ռեսուրսների մոնիթորինգի իրականացման առաջադրանքի ձևավորումը և դրանց մասին հաշվետվությունների գրանցում,
զ. պետական ջրային կադաստրում փաստաթղթերի գրանցումը և տեղեկատվության տրամադրում,
է. ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում ջրի կորուստների չափաքանակների` սահմանված կարգով համաձայնեցում,
ը. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր կողմից մշակված փաստաթղթերի մասին հասարակությանը ծանուցման կազմակերպում,
թ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակման պատվերների տեղադրում,
ժ. ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում` ջրօգտագործման թույլտվության կասեցումը, փոփոխումը կամ չեղյալ համարում,
ժա. ջրային ռեսուրսների մոնիթորինգի պատվերի տեղադրում.
3) թափոնների և մթնոլորտ արտանետումների ոլորտում`
ա. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար թափոնների տեղադրման սահմանաքանակների հաստատում,
բ. թափոնների պետական կադաստրի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման ռեեստրների վարում,
գ. թափոններ առաջացնողների կազմած` թափոնների անձնագրերի համաձայնեցում,
դ. կոմիտեի նախագահին վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների թույլտվությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
ե. օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման (ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման) թույլտվությունների տրամադրում,
զ. մթնոլորտ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նախագծերի քննարկում և մթնոլորտ արտանետման թույլտվությունների տրամադրում.
4) հողերի պահպանության ոլորտում`
ա. սահմանված կարգով Արցախի Հանրապետությունում հողի բերրի շերտի օգտագործման մասին տվյալների և տեղեկությունների հավաքագրում և ամփոփում,
բ. իր իրավասության սահմաններում հատուկ պահպանվող տարածքների հողամասերի սահմանների ճշգրտմանը մասնակցելը և բնապահպանական նշանակության հողերի օգտագործման, նրանց վիճակի, այդ թվում` աղտոտվածության պետական հաշվառման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կազմակերպում,
գ. հողօգտագործման, հողերի աղտոտման և հողերի վրա այլ վնասակար ներգործությունների բնապահպանական նորմերի սահմանման սկզբունքներին համապատասխան իրավական ակտերի մշակում և տեխնիկական առաջադրանքների կազմում.
5) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ոլորտում`
ա. հիմնադրույթային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության ազդեցության գնահատումների կազմակերպում,
բ. գործունեության իրականացման նախաձեռնության մասին ազդակիր համայնքի ղեկավարներին և հասարակայնությանն իրազեկման ապահովում.
6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:
4. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է կոմիտեի նախագահը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթում սահմանված կարգով հաղթող ճանաչվելուց հետո, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կոմիտեի նախագահը: Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով, կոմիտեի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև իրավական այլ ակտերով:
10. Գործակալության պետը պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների պատշաճ կատարման համար, ինչպես նաև դրանց` օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխանության համար:
11. Գործակալության պետը հաշվետու է կոմիտեի նախագահին և նրա տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև կոմիտեի աշխատակազմի ղեկավարին:
12. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը.
2) կոմիտեի նախագահին կամ նրա տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) մասնակցում է կոմիտեի նախագահի հրամանով կազմավորվող Արցախի Հանրապետության բնապահպանական փորձաքննության հանձնաժողովների նիստերին.
5) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
6) կոմիտեի նախագահին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
7) ապահովում է կոմիտեի նախագահի հրամանների և ցուցումների, ինչպես նաև կոմիտեի նախագահի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում կոմիտեի նախագահին կամ նրա տեղակալին.
8) կոմիտեի և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
9) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
10) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
11) կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալությունում խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
12) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
13) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ պաշտոնը զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված` փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
5. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, իրավական այլ ակտերով, կոմիտեի և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է կոմիտեի աշխատակազմը:
15. Գործակալության պետի ներկայացմամբ կոմիտեի նախագահի հրամանով գործակալությունում ստեղծվում և գործում են պետական բնապահպանական փորձաքննության հանձնաժողովներ, որոնք գործում են կոմիտեի նախագահի կողմից հաստատված կանոնակարգերով:
16. Գործակալությունը պատասխանատվություն է կրում միայն ներկայացված նյութերի հիման վրա իր կողմից ընդունված որոշումների հավաստիության և արժանահավատության համար:
17. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Գործակալության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և իրավական այլ ակտերով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի հուլիսի 6-ի N 170-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՋՐԱՅԻՆ, ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏ
ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Կենսառեսուրսների կառավարման բաժին
2. Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման բաժին
3. Ջրային ռեսուրսների կառավարման բաժին
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |