Համարը 
ՀՕ-6
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.12.1997
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.01.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.02.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղական ինքնակառավարումը կարգավորվում է Սահմանադրությամբ, օրենքներով և օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված 2.

Օրենքի խնդիրները

 

Սույն օրենքը սահմանում է տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, նրանց լիազորությունները, կարգավորում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:

 

Հոդված 3.

Տեղական ինքնակառավարում հասկացությունը

 

Տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքային սեփականությունը տնօրինելու և համայնքային նշանակության հարցերը լուծելու իրավունքն ու կարողությունն է:

Տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում են համայնքի անդամների կողմից: Համայնքի անդամ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացին, որը մշտապես բնակվում է տվյալ համայնքում կամ վերջին երեք տարում անընդմեջ ընդգրկված է համայնքում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ մուծողների ցուցակում:

 

Հոդված 4.

Տեղական ինքնակառավարման սկզբունքները

 

Տեղական ինքնակառավարման սկզբունքներն են՝

1. պետական մարմինների իրավասությունների փոխանցումը տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե այդ իրավունքներն առավել արդյունավետ կարող են իրականացվել համայնքներում,

2. ընդհանուր իրավասությունը՝ համայնքային շահերին վերաբերող, օրենքին չհակասող ցանկացած գործունեության իրականացման իրավունքը, եթե օրենսդրությամբ այն վերապահված չէ պետական մարմիններին,

3. համայնքի ղեկավարի դերի երկակիությունը՝ որպես ինքնավար կառավարման մարմին և որպես տեղում պետական իշխանության ներկայացուցիչ,

4. համայնքի իրավունքների, օրինական շահերի և սեփականության դատական պաշտպանությունը,

5. իրականացվող լիազորությունների և դրանց ֆինանսավորման համապատասխանությունը,

6. աջակցությունը ֆինանսապես թույլ համայնքներին՝ ֆինանսական համահարթեցման միջոցով,

7. ինքնուրույնությունը և պատասխանատվությունը տեղական ինքնակառավարումն իրականացնելիս,

8. տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների կազմակերպումը առավելապես մրցույթների (տենդերների) միջոցով,

9. իր իրավասության շրջանակում համայնքի ղեկավարի միանձնյա ղեկավարումը և պատասխանատվությունը,

10. տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը:

 

Հոդված 5.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների լիազորությունները տեղական ինքնակառավարման բնագավառում

 

Տեղական ինքնակառավարման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների լիազորություններին են դասվում՝

1. տեղական ինքնակառավարման բնագավառում Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետության պարտականությունների իրականացման երաշխիքների ապահովումը,

2. հանրապետական սեփականության օբյեկտները տեղական սեփականության հանձնման կարգի կանոնավորումը օրենքներով,

3. տեղական ինքնակառավարման մարմիններին հանրապետական օրենքով պետության առանձին լիազորություններով օժտումը, այդ լիազորությունների իրականացման համար նրանց անհրաժեշտ նյութական և ֆինանսական միջոցների հանձնումը, դրանց իրացման նկատմամբ վերահսկողությունը,

4. պետական նվազագույն սոցիալական ստանդարտների սահմանումը և ապահովումը,

5. պետական բյուջեի և տեղական բյուջեների միջև հարաբերությունների կարգավորումը,

6. տեղական ինքնակառավարման զարգացման պետական ծրագրերի ընդունումը,

7. պետական իշխանության հանրապետական մարմինների ընդունած որոշումների հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերի փոխհատուցումը տեղական ինքնակառավարմանը,

8. տեղական ինքնակառավարման իրականացմանն ուղղված քաղաքացիների իրավունքների կարգավորումը և պաշտպանումը,

9. տեղական ինքնակառավարման ֆինանսական ինքնուրույնության հանրապետական երաշխիքների ապահովումը,

10. տեղական ինքնակառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձանց ընտրության գործում քաղաքացիների ընտրության իրավունքի հանրապետական երաշխիքների սահմանումը,

11. դատական պաշտպանության կարգի սահմանումը և տեղական ինքնակառավարման իրավունքների դատական պաշտպանությունը,

12. օրենքների խախտման դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձանց պատասխանատվության սահմանումը և կարգավորումը,

13. տեղական ինքնակառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձանց գործունեության մեջ օրինականության պահպանման նկատմամբ դատախազական հսկողության իրականացումը,

14. սահմանամերձ տերիտորիաներում, փակ վարչատարածքային միավորումներում տեղական ինքնակառավարման յուրահատկությունների կարգավորումը,

15. տեղական ինքնակառավարման ծառայության հիմունքների կարգավորումը:

 

Հոդված 6.

Տեղական ինքնակառավարման մարմինները

 

Համայնքներում երեք տարի ժամկետով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ՝ համայնքի ավագանի և համայնքի ղեկավար:

Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընտրված ներկայացուցչական մարմին է, որն իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված լիազորությունները:

Համայնքի ղեկավարը (քաղաքային համայնքում՝ քաղաքապետը, գյուղական համայնքում՝ գյուղապետը) օրենքով սահմանված կարգով ընտրված համայնքի գործադիր մարմին է, որն իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված լիազորությունները:

Համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնում է համայնքի նախորդ ղեկավարի լիազորությունների ավարտման օրը կամ կայացած ընտրությունների արդյունքների հրապարակման օրը:

 

Հոդված 7.

Համայնքի անդամների ժողովը

 

Համայնքներում տեղական նշանակության հարցերի լուծման համար կարող են գումարվել համայնքի անդամների ժողովներ:

Համայնքի անդամների ժողովի հրավիրման և անցկացման, դրա որոշումների ընդունման և փոփոխման կարգը, ինչպես նաև իրավասության սահմանները սահմանվում են համայնքի ավագանու կողմից:

 

Հոդված 8.

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագիրը

 

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները բաժանվում են սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների:

Սեփական լիազորությունները բաժանվում են պարտադիր և կամավոր լիազորությունների:

Պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունները ենթակա են պարտադիր ֆինանսավորման ու անընդմեջ կատարման:

Կամավոր լիազորություններն իրականացվում են ըստ հնարավորությունների՝ համայնքի բյուջեով նախատեսված ֆինանսավորմանը համապատասխան:

Սույն օրենքում թվարկված կամավոր լիազորությունները սպառիչ չեն: Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են իրականացնել համայնքային շահերին վերաբերող, օրենքին չհակասող ցանկացած գործունեություն, եթե օրենսդրությամբ այն վերապահված չէ պետական մարմիններին:

Պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման կարգը սահմանվում է օրենքով կամ կառավարության որոշմամբ:

 

Հոդված 9.

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները

 

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:

Կառավարությունը համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտում՝ Ստեփանակերտ քաղաքի համայնքի ավագանու ներկայացմամբ սույն օրենքով նախատեսված դեպքերում կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին, Ստեփանակերտի քաղաքապետին:

Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի՝ իր պարտականությունների ստանձնումը, վարչապետը նշանակում է Ստեփանակերտի քաղաքապետի, ինչպես նաև շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ՝ քաղաքային, իսկ շրջանի վարչակազմի ղեկավարը՝ գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն գանգատարկել դատարան պետական մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ համայնքի իրավունքները խախտող որոշումները և գործողությունները:

Տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները և գործողությունները համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարը կարող է գանգատարկել դատարան:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ

 

Հոդված 10.

Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը

 

Համայնքի ավագանին իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ավագանու որոշած պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:

Ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին կարող է ընդունել որոշումներ և ուղերձներ:

Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի կապակցությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ՝ ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, շրջանի վարչակազմի ղեկավարին կամ պետական այլ մարմնի:

 

Հոդված 11.

Համայնքի ավագանու նիստը

 

Համայնքի ավագանու նիստը վարում է համայնքի ղեկավարը, որն ունի խորհրդակցական ձայնի իրավունք: Ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկա են ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Շրջանի վարչակազմի ղեկավարը համայնքի ավագանու նիստին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:

Համայնքի ղեկավարի հրավերով ավագանու նիստին կարող են մասնակցել համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներ, իսկ ավագանու որոշմամբ՝ նաև այլ անձինք:

Ավագանու նիստն անցկացվում է ավագանու կանոնակարգին համապատասխան:

Համայնքի ավագանու որոշումները և ուղերձներն ընդունվում են ավագանու նիստի ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Համայնքի ավագանու որոշումների մեկ օրինակը յոթնօրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան շրջանի վարչակազմի աշխատակազմ, իսկ Ստեփանակերտի համայնքի ավագանու որոշումները՝ կառավարություն:

 

Հոդված 12.

Ավագանու արտահերթ նիստը

 

Համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը՝ իր, ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, կամ շրջանի վարչակազմի ղեկավարի, իսկ Ստեփանակերտ քաղաքի դեպքում՝ կառավարության նախաձեռնությամբ:

Ավագանու արտահերթ նիստը համայնքի ղեկավարը գումարում է նախաձեռնողի կողմից սահմանված օրակարգով և ժամկետում:

 

Հոդված 13.

Նորընտիր ավագանու առաջին նիստը

 

Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան կազմավորման օրվանից քսան օրվա ընթացքում: Առաջին նիստը գումարում է համայնքի ղեկավարը:

Համայնքի ավագանին համարվում է կազմավորված, եթե ընտրվել է ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

 

Հոդված 14.

Ավագանու իրավասությունը

 

Համայնքի ավագանին՝

1. ընդունում է իր կանոնակարգը,

2. վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի կողմից ստացված վարկերի օգտագործումը,

3. սույն օրենքով սահմանված կարգով սահմանում է համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը,

4. սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն է ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարին, իսկ Ստեփանակերտի քաղաքապետի դեպքում՝ կառավարությանը,

5. պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում է համայնքի խնդիրներին վերաբերող և օրենքով սահմանված գաղտնիք չպարունակող տեղեկություններ: Այդ պահանջի կատարումը պարտադիր է պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար,

6. օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է համայնքի վարչական տարածքում գտնվող հողերը:

Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝

1. հաստատում է համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը,

2. համաձայնություն է տալիս համայնքային ենթակայության ձեռնարկություններ ստեղծելու մասին,

3. հավանություն է տալիս բնակավայրի (բնակավայրերի) գլխավոր հատակագծին,

4. հավանություն է տալիս հողերի օգտագործման սխեմային,

5. օրենսդրությանը համապատասխան համաձայնություն է տալիս առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության համայնքային կանոններին,

6. հաստատում է համայնքի տարեկան բյուջեն, բյուջեում կատարում է փոփոխություններ, համաձայնություն է տալիս բյուջեի ազատ միջոցներն օգտագործելու մասին, հաստատում է բյուջեի կատարման վերաբերյալ համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունը,

7. օրենքով սահմանված կարգով սահմանում է տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, համաձայնություն է տալիս համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների չափերը և աճուրդային եղանակով օտարվող գույքի մեկնարկային գինը,

8. հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը,

9. համաձայնություն է տալիս համայնքի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների անվանմանը և վերանվանմանը, տների, շենքերի և այլ շինությունների համարակալմանը,

10. հաստատում է համայնքի ղեկավարի՝ այլ համայնքների հետ համագործակցության, միջհամայնքային միավորումներ ստեղծելու, այլ պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության մասին կնքած պայմանագրերը,

11. համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի կողմից վարկային պայմանագրի կնքմանը,

12. իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Քաղաքային, գյուղական համայնքների ավագանին սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր անդամի կոչում շնորհելու կարգը:

 

Հոդված 15.

Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու՝ համայնքի ավագանու առաջարկությունը

 

Համայնքի ավագանին իր անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը:

Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով: Նշված որոշումն եռօրյա ժամկետում ուղարկվում է շրջանի վարչակազմի ղեկավարին:

Շրջանի վարչակազմի ղեկավարը եռօրյա ժամկետում պաշտոնանկ անելու մասին առաջարկությունը ներկայացնում է կառավարություն՝ կցելով իր կարծիքը:

Ստեփանակերտի քաղաքապետին պաշտոնանկ անելու մասին Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու առաջարկությունը եռօրյա ժամկետում ուղարկվում է անմիջապես կառավարություն:

Կառավարությունում առաջարկության քննարկմանը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ավագանու ներկայացուցիչը և համայնքի ղեկավարը:

Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի պաշտոնավարությունը սկսելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո և ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:

 

Հոդված 16.

Համայնքի ավագանու անդամի՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը

 

Համայնքի ավագանու անդամը չի կարող՝

1. աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում կամ շրջանի վարչակազմի աշխատակազմում, նույն համայնքի համայնքային կամ շրջանային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավար,

2. լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ,

3. աշխատել իրավական մարմիններում, ծառայել զինված ուժերում:

 

Հոդված 17.

Համայնքի ավագանու անդամի իրավունքները

 

Համայնքի ավագանու անդամն իրավունք ունի՝

1. առաջարկություններ ներկայացնել ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ,

2. նախապատրաստել և ավագանու քննարկմանը ներկայացնել հարցեր, որոշումների և ուղերձների նախագծեր,

3. համայնքի ղեկավարից պահանջել և ստանալ նրա գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկանքներ:

 

Հոդված 18.

Համայնքի ավագանու անդամի պարտականությունները

 

Համայնքի ավագանու անդամը պարտավոր է՝

1. մասնակցել ավագանու նիստերին,

2. պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին,

3. մասնակցել քաղաքացիների՝ ավագանու կողմից անցկացվող ընդունելություններին:

 

Հոդված 19.

Համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

 

Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝

1. նա հրաժարական է տվել,

2. դադարեցվել է նրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը,

3. նրա նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի մեղադրական դատավճիռը,

4. նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում,

5. դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մեռած է ճանաչվել,

6. նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում,

7. նա օրենքով սահմանված կարգով հետ է կանչվել,

8. նա մահացել է:

Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումն արձանագրվում է ավագանու կողմից:

Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու կողմից, եթե նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի քվեարկությունների կեսից:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

Հոդված 20.

Համայնքի ղեկավարի աշխատակազմի ձևավորումը

 

Համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է աշխատակազմի, համայնքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների միջոցով:

Համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում իր աշխատակազմի կառուցվածքը:

Համայնքի ղեկավարի աշխատակազմն իրավաբանական անձ է, ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, համայնքի բնակիչների թվին համապատասխան, սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 21.

Համայնքի ղեկավարի տեղակալը

 

Համայնքի ղեկավարի տեղակալն իրականացնում է կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ փոխարինում է նրան:

Համայնքի ղեկավարի տեղակալը կարող է համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել այլ լիազորություններ:

 

Հոդված 22.

Աշխատակազմի քարտուղարը

 

Աշխատակազմի քարտուղարը կազմակերպում է՝

1. համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և արձանագրության ստորագրումն ավագանու անդամների կողմից,

2. աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը և արխիվային գործը,

3. համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, պաշտոնական այլ փաստաթղթերի նախապատրաստումը և հրապարակումը,

4. համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու գանգատների քննարկումը և ընթացքը,

5. համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության վերահսկողությունը,

6. համայնքի ավագանու ընդունած որոշումների և համայնքի ղեկավարի ընդունած որոշումների ու արձակած կարգադրությունների առաքումը համապատասխան շրջանի վարչակազմ:

Աշխատակազմի քարտուղարն իրականացնում է կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 23.

Համայնքի ղեկավարի պաշտոնի անհամատեղելիությունը

 

Համայնքի ղեկավարը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի ստեղծագործական, գիտական և մանկավարժական աշխատանքից:

 

Հոդված 24.

Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

 

Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է կառավարությունը, եթե՝

1. նա հրաժարական է տվել,

2. դադարեցվել է նրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը,

3. նրա նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի մեղադրական դատավճիռը,

4. դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մեռած է ճանաչվել,

5. նա խախտել է սույն օրենքի 23 հոդվածի պայմանները,

6. նա օրենքով սահմանված կարգով հետ է կանչվել,

7. նա մահացել է:

Համայնքի ղեկավարը շրջանի վարչակազմի կամ ավագանու նախաձեռնությամբ՝ շրջանի վարչակազմի ներկայացմամբ կարող է պաշտոնանկ արվել կառավարության կողմից:

Շրջանի վարչակազմը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը ներկայացնում է կառավարություն, միաժամանակ դրա պատճենն ուղարկում համայնքի ղեկավարին:

Համայնքի ղեկավարը պատճենը ստանալուց հետո երկշաբթյա ժամկետում գումարում է համայնքի ավագանու արտահերթ նիստ:

Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին շրջանի վարչակազմի առաջարկությունը և ընդունում որոշում, որը ներկայացնում է կառավարություն:

Կառավարությունը սահմանված կարգով քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու՝ շրջանի վարչակազմի և համայնքի ավագանու առաջարկությունները և ընդունում համապատասխան որոշում:

Կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է պաշտոնանկ անել միայն օրենքով սահմանված պարտադիր կամ պետության կողմից պատվիրակված լիազորություններն անբավարար կատարելու դեպքում:

Կառավարության որոշմամբ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվելու դեպքում նշանակվում են նոր ընտրություններ:

Կառավարության որոշումը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին կարող է բողոքարկվել գերագույն դատարան, որը տվյալ վեճը քննում և լուծում է որպես առաջին ատյանի դատարան:

 

Հոդված 25.

Տեղական ինքնակառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձանց պատասխանատվությունը պետության առջև

 

Տեղական ինքնակառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձանց պատասխանատվությունը պետության առջև վրա է հասնում Սահմանադրության, սույն օրենքի և այլ օրենքների խախտման դեպքում:

Տեղական ինքնակառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձինք առանձին պետական լիազորությունների իրականացման համար պատասխանատվություն են կրում այն չափով, որ չափով դրանք պետական իշխանության համապատասխան մարմինների կողմից ապահովված են նյութական և ֆինանսական միջոցներով:

 

Հոդված 26.

Համայնքի ղեկավարի և համայնքի ղեկավարի աշխատակազմի վարձատրությունը

 

Համայնքի ղեկավարի և համայնքի ղեկավարի աշխատակազմի վարձատրությունը կատարվում է կառավարության կողմից սահմանված կարգով և չափերով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 27.

Համայնքի ղեկավարի իրավասությունը

 

Համայնքի ղեկավարը՝

1. կազմավորում է իր աշխատակազմը և հաստատում նրա կանոնադրությունը,

2. սահմանում է աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը,

3. նշանակում և ազատում է համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատողներին, համայնքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին,

4. վարում է ավագանու նիստերը,

5. ավագանու քննարկմանն է ներկայացնում տարեկան բյուջեի նախագիծը,

6. իր իրավասության շրջանակներում ընդունում է որոշումներ և արձակում կարգադրություններ, որոնց մեկ օրինակը 7-օրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան շրջանի վարչակազմ,

7. իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Համայնքի ղեկավարը ոչ համայնքային ենթակայության պետական ձեռնարկության կամ կազմակերպության ղեկավարի՝ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ կարող է գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել համապատասխան վերադաս մարմիններ: Համապատասխան վերադաս մարմինը համայնքի ղեկավարի մասնակցությամբ մեկամսյա ժամկետում քննության է առնում առաջարկությունը և դրա վերաբերյալ կայացնում որոշում:

 

Հոդված 28.

Համայնքի ղեկավարի գործունեությունը ֆինանսների բնագավառում

 

Ֆինանսների բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները՝

1. սահմանված կարգով կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը,

2. տնօրինում է համայնքի բյուջեի միջոցները, ապահովում դրանց նպատակային օգտագործումը,

3. առաջարկություններ է ներկայացնում ավագանուն՝ տեղական հարկեր, տուրքեր և վճարներ սահմանելու վերաբերյալ,

4. ապահովում է համայնքի տարածքում պետական և տեղական հարկերի, տուրքերի և վճարների հավաքումը օրենքով սահմանված կարգով,

5. ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը:

Սույն բնագավառում Ստեփանակերտի քաղաքապետը նաև սահմանված կարգով մշակում և կառավարության քննարկմանն առաջարկություններ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի՝ Ստեփանակերտին վերաբերող հատվածի վերաբերյալ:

 

Հոդված 29.

Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում

 

Քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները՝

1. իր իրավասության շրջանակում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների իրավունքները և օրինական շահերը,

2. ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում,

3. կատարում է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ,

4. օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է հանրահավաքներ, երթեր, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու համար թույլտվություն տալու հարցը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարը իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները՝

1. օրենքով սահմանված կարգով կազմում է ընտրողների ցուցակները,

2. օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է որդեգրման, խնամակալության և հոգաբարձության հարցերը:

 

Հոդված 30.

Համայնքի ղեկավարի գործունեությունը հասարակական կարգի պահպանության բնագավառում

 

Հասարակական կարգի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները՝

1. սույն օրենքով իրեն վերապահված պարտադիր լիազորությունների պատշաճ իրականացման համար շրջանի տարածքում գործող հասարակական կարգի պահպանության մարմիններից կարող է պահանջել համապատասխան աջակցություն: Այդ պահանջն օրենսդրության սահմաններում ենթակա է պարտադիր կատարման,

2. իրավասու մարմինների ներկայացմամբ հաստատում է համայնքի տարածքի ճանապարհային երթևեկության նշանների տեղաբաշխումը,

3. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ենթարկում է վարչական պատասխանատվության:

 Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները. ստեղծում է հասարակական կարգի պահպանության ծառայություն, ղեկավարում և վերահսկում է նրա գործունեությունը: Նշված ծառայության գործունեության շրջանակներն ու սկզբունքները, իրավասության սահմանները որոշվում և կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ստեփանակերտի քաղաքապետը ղեկավարում է քաղաքի ներքին գործերի մարմինների գործունեությունը և իրավասու է նրանցից պահանջել իրենց ծառայողական պարտականությունների կատարումը լրիվ ծավալով՝ բացառությամբ օպերատիվ-հետախուզական գործունեության:

 

Հոդված 31.

Համայնքի ղեկավարի գործունեությունը պաշտպանության բնագավառում

 

Պաշտպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունը՝

աջակցում է զորակոչին, զորահավաքներին, ուսումնավարժական հավաքներին:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները՝

1. միջոցներ է ձեռնարկում զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման ուղղությամբ, աջակցում զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը,

2. աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը:

 

Հոդված 32.

Համայնքի ղեկավարի գործունեությունը արտակարգ իրավիճակների կանխման և վերացման, քաղաքացիական պաշտպանության բնագավառում

 

Համայնքի ղեկավարը հանդիսանում է համայնքի քաղաքացիական պաշտպանության պետը և պատասխանատվություն է կրում համայնքի քաղաքացիական պաշտպանության պատրաստականության համար:

Ղեկավարում է համայնքի քաղաքացիական պաշտպանության մարմինների աշխատանքը, ներգրավում է համայնքի բնակչությանը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, աջակցում է շրջանային և հանրապետական քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը:

Տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգների նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ համայնքի ղեկավարը՝

1. կազմակերպում և իրականացնում է համայնքի տարածքում համապատասխան միջոցառումներ,

2. կատարում է շրջանի վարչակազմի ղեկավարի կարգադրությունները՝ ուղղված շրջանային ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի համապատասխան միջոցառումների իրականացմանը,

3. մասնակցում է հանրապետական ծրագրերով նախատեսված և պետության կողմից պատվիրակված միջոցառումների իրականացմանը,

4. կատարում է համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի կարգադրությունները քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման և հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

 

Հոդված 33.

Համայնքի ղեկավարի գործունեությունը հատակագծման, կառուցապատման, շինարարության և հողօգտագործման բնագավառում

 

Հատակագծման, կառուցապատման, շինարարության և հողօգտագործման բնագավառում քաղաքային և գյուղական համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները՝

1. սահմանված կարգով կազմում է բնակավայրի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծն ու հողերի օգտագործման սխեման և դրանք, համայնքի ավագանու կողմից հավանության արժանանալուց հետո, ներկայացնում է շրջանի վարչակազմին, Ստեփանակերտ քաղաքի դեպքում՝ կառավարությանը,

2. սահմանված կարգով բնակավայրի (բնակավայրերի) գլխավոր հատակագծին համապատասխան հաստատում է համայնքի բնակավայրի (բնակավայրերի) առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների մանրամասն հատակագծման նախագծերը և իրականացնում կառուցապատման աշխատանքները,

3. սահմանված կարգով շինարարության և քանդման թույլտվություն է տալիս համայնքի տարածքում կառուցապատում իրականացնելու համար,

4. հսկողություն է իրականացնում համայնքի տարածքում իրականացվող քաղաքաշինական գործունեության նկատմամբ, կանխում է հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի խախտումներով իրականացվող և ապօրինի շինարարությունն ու հողօգտագործումը,

5. ապահովում է անշարժ գույքի գույքագրումը և գնահատումը,

6. ապահովում է համայնքի սահմանանիշերի և գեոդեզիական կետերի պահպանումը,

7. անվանում և վերանվանում է համայնքի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկություններն ու կազմակերպությունները,

8. սահմանում է տների, շենքերի և այլ շինությունների համարակալումը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները՝

1. օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ է վերցնում և վարձակալության է տրամադրում համայնքի տարածքում գտնվող հողերը,

2. օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է համայնքի տարածքում հողի, ամրակցված գույքի ընթացիկ հաշվառումը,

3. կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը,

4. օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով քաղաքային և գյուղական համայնքի բնակավայրի (բնակավայրերի) գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ է վերցնում և վարձակալության է տրամադրում համայնքի տարածքում գտնվող հողերը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարը իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը՝

իրականացնում է բնակարանային և սոցիալական նշանակության այլ օբյեկտների շինարարությունը:

Սույն բնագավառում Ստեփանակերտի քաղաքապետը նաև՝

ա) առաջարկություններ է ներկայացնում կառավարությանը քաղաքի սահմանների փոփոխության վերաբերյալ,

բ) ճարտարապետաշինարարական վերահսկողության միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կասեցման ուղղությամբ,

գ) վերահսկողություն է իրականացնում քաղաքի տարածքում գտնվող շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի և շահագործման նկատմամբ՝ համագործակցելով համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների հետ,

դ) վերահսկողություն է իրականացնում քաղաքի տարածքում բնակարանային ֆոնդի ընդլայնման, նորոգման, բարեկարգման և շահագործման նկատմամբ:

 

Հոդված 34.

Համայնքի ղեկավարի գործունեությունը բնակարանային-կոմունալ տնտեսության և բարեկարգման բնագավառում

 

Բնակարանային-կոմունալ տնտեսության և բարեկարգման բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1. ղեկավարում է համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսությունը, ապահովում է համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և մյուս շինությունների շահագործումը, կազմակերպում է դրանց հիմնական և ընթացիկ նորոգումը, հաշվառումը և բաշխումը,

2. ղեկավարում է համայնքային ենթակայության ջրմուղի, կոյուղու, ոռոգման, գազի ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը,

3. կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը,

4. կազմակերպում է աղբահանությունը,

5. կազմակերպում է սանիտարական մաքրման կայանքների շինարարությունը, վերանորոգումը և շահագործումը,

6. ապահովում է գերեզմանների պատշաճ պահպանությունը,

7. վերահսկում է համատիրության գործունեության համապատասխանությունն օրենսդրությանը և համատիրության կանոնադրությանը,

8. նախապատրաստում և անցկացնում է համատիրության հիմնադիր ժողովը, աջակցում է համատիրությունների ընդհանուր ժողովների անցկացմանը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը՝

կազմակերպում է հանգստի վայրերի խնամքը և պահպանությունը:

 

Հոդված 35.

Համայնքի ղեկավարի գործունեությունը տրանսպորտի բնագավառում

 

Տրանսպորտի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները՝

1. կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, կամուրջների և ինժեներական այլ կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը,

2. կանոնակարգում է հասարակական տրանսպորտի աշխատանքը համայնքում, կազմակերպում համայնքային ենթակայության տրանսպորտային ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը:

 

Հոդված 36.

Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և սպասարկման բնագավառում

 

Առևտրի և սպասարկման բնագավառում քաղաքային և գյուղական համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը՝

օրենսդրությանը համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ, սահմանում է առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության համայնքային կանոնները:

 

Հոդված 37.

Համայնքի ղեկավարի գործունեությունը կրթության և մշակույթի բնագավառում

 

Կրթության և մշակույթի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները՝

կազմակերպում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց կառուցման, շահագործման և նորոգման աշխատանքները:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները՝

1. կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոն և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ,

2. աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը՝

աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը:

Սույն բնագավառում Ստեփանակերտի քաղաքապետը նաև՝

ա) իրագործում է պետական հանրակրթական ծրագրերը, վերահսկում է ոչ պետական կրթական և մշակութային հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը,

բ) համագործակցում է քաղաքի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարի մյուս պարտադիր, պատվիրակված և կամավոր լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 38.

Համայնքի ղեկավարի գործունեությունը առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

 

Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը՝

կազմակերպում է համայնքային ենթակայության առողջապահական և մարզական ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները՝

1. աջակցում է առողջապահության մարմինների՝ սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը,

2. իրականացնում է առողջապահական նպատակային ծրագրեր:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները՝

1. աջակցում է շրջակա միջավայրի առողջացմանը և սանիտարական պահպանությանը,

2. նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնում է սպորտային հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, ստեղծում հանգստի գոտիներ:

Սույն բնագավառում Ստեփանակերտի քաղաքապետը նաև իրագործում է պետական առողջապահական ծրագրերը, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում է ոչ պետական առողջապահական և սպորտային հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը:

 

Հոդված 39.

Համայնքի ղեկավարի գործունեությունը բնակչության զբաղվածության և սոցիալական ծառայության բնագավառում

 

Բնակչության զբաղվածության և սոցիալական ծառայության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները՝

1. աջակցում է սոցիալական ծառայության ոլորտում պետական քաղաքականության իրականացմանը,

2. համակարգում է մարդասիրական օգնության բաշխումը,

3. իրագործում է վերաբնակիչների և նախկինում բռնագաղթած քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման ծրագրերը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները՝

1. նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպում վճարովի հասարակական աշխատանքներ,

2. միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքների, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Սույն բնագավառում Ստեփանակերտի քաղաքապետը նաև՝

ա) իրագործում է բնակչության պետական սոցիալական պաշտպանության ծրագրերը, կազմակերպում է քաղաքի սոցիալական պաշտպանության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկում է քաղաքի տարածքում սոցիալական պաշտպանության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը,

բ) կազմակերպում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման աշխատանքները,

գ) կազմակերպում է քաղաքային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը,

դ) աջակցում է սոցիալական պաշտպանության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը:

 

Հոդված 40.

Համայնքի ղեկավարի գործունեությունը գյուղատնտեսության բնագավառում

 

Գյուղատնտեսության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը՝

իրականացնում է համայնքային նշանակության ոռոգման ցանցերի կառուցումը, վերանորոգումը և շահագործումը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները՝

1. աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներին,

2. աջակցում է համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման, կենդանիների հիվանդությունների կանխման և ագրարային այլ կանոնների պահպանման աշխատանքներին,

3. աջակցում է տոհմային և սերմնաբուծական աշխատանքներին,

4. աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտում տնտեսավարող այլ սուբյեկտներին՝ արտադրության կազմակերպման և զարգացման գործում:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը՝ աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը:

Սույն բնագավառում Ստեփանակերտի քաղաքապետը նաև վերահսկողություն է իրականացնում քաղաքի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխում է ապօրինի հողօգտագործումը:

 

Հոդված 41.

Համայնքի ղեկավարի գործունեությունը բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում

 

Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունը՝

աջակցում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքի, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի օգտագործման և պահպանման միջոցառումների իրականացմանը:

Սույն բնագավառում Ստեփանակերտի քաղաքապետը նաև՝

ա) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր իրավասության շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը քաղաքի տարածքում,

բ) համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարի մյուս պարտադիր, պատվիրակված և կամավոր լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 42.

Համայնքի սեփականությունը

 

Համայնքն ունի սեփականություն, որն օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում են տեղական ինքնակառավարման մարմինները:

Համայնքի սեփականություն կարող են հանդիսանալ համայնքի տարածքում գտնվող մանկապարտեզներ, մասնագիտացված դպրոցներ, ակումբներ, մշակույթի տներ, գրադարաններ, առողջապահական ձեռնարկություններ և կազմակերպություններ, ջեռուցման, ջրմուղի, կոյուղու, ոռոգման, գազի ցանցեր, փողոցներ, հրապարակներ, հանգստի օբյեկտներ և գոտիներ, կամուրջներ, տեղական նշանակության այլ կառույցներ, ինչպես նաև բնակելի շենքեր, բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ, վարչական շենքեր, կրթական, մշակութային, մարզական և այլ օբյեկտներ ու շինություններ, ձեռնարկություններ, կազմակերպություններ, տրանսպորտային միջոցներ, անշարժ և շարժական այլ գույք: Քաղաքային և գյուղական համայնքների սեփականություն կարող են հանդիսանալ նաև գերեզմանատները:

Համայնքի սեփականության գույքի ցանկը, ըստ համայնքների, սահմանում է կառավարությունը:

Համայնքի սեփականությունը համայնքի ղեկավարի կողմից ենթարկվում է ամենամյա պարտադիր գույքագրման, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը:

Համայնքի սեփականությունը գոյանում է՝

1. պետական ձեռնարկությունները կամ պետական սեփականություն հանդիսացող գույքը համայնքի սեփականությանը հանձնելուց,

2. համայնքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունից,

3. բարեգործական հատկացումներից, քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների նվիրատվություններից,

4. օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

 

Հոդված 43.

Համայնքի ձեռնարկատիրական գործունեությունը

 

Համայնքի ղեկավարը, պարտադիր լիազորությունների իրականացման նպատակով, օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու համաձայնությամբ կարող է ստեղծել շահույթի նպատակ չհետապնդող ձեռնարկություններ, եթե այդ լիազորությունների արդյունավետ իրականացումը հնարավոր չէ գործող ձեռնարկությունների միջոցով:

 

Հոդված 44.

Համայնքի կողմից վարկեր ստանալը

 

Համայնքի ղեկավարն ավագանու համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել: Վարկային պայմանագիր կնքելու համաձայնությունը տալիս է շրջանի վարչակազմը, իսկ Ստեփանակերտ քաղաքի համար՝ կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՆ

 

Հոդված 45.

Համայնքի բյուջեն

 

Համայնքի բյուջեն սպասվող տարեկան եկամուտների և ծախսերի նախահաշիվն է, որը համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո համայնքի ղեկավարի կողմից ենթակա է պարտադիր կատարման:

Համայնքի բյուջեն համայնքի ավագանին հաստատում է յուրաքանչյուր տարի: Բյուջեն կազմելիս և հաստատելիս հաշվի են առնվում համայնքի բնակչության կենսական շահերը, համայնքի զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերը և եղած ռեսուրսները:

Համայնքի ավագանին ունեցած միջոցների սահմաններում ավելացնում է բնակարանային-կոմունալ տնտեսության պահպանման, առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության, մշակույթի և սպորտի հիմնարկների, ներքին գործերի, բնության պահպանության մարմինների ծախսերի նորմաները, սահմանում է լրացուցիչ արտոնություններ և նպաստներ բնակչության առանձին խավերի համար:

Համայնքի բյուջեում ավագանին փոփոխություններ կատարում է համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

Համայնքի բյուջեի նախապատրաստման, քննարկման, հաստատման և դրանում փոփոխություններ կատարելու կարգը, ինչպես նաև պետական բյուջեի հետ հարաբերությունը կարգավորվում է օրենքով:

Կառավարությունը և համապատասխան շրջանի վարչակազմը մեթոդական օգնություն են ցույց տալիս համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստմանը:

 

Հոդված 46.

Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները

 

Համայնքի բյուջեն ձևավորվում է հետևյալ եկամուտներից.

1. հողի հարկ (հողի վարձավճար),

2. գույքահարկ,

3. համայնքի ենթակայության ձեռնարկություններից գանձվող այլ տեսակի հարկեր,

4. տեղական տուրքեր և վճարներ,

5. համայնքի և նրան ենթակա բյուջետային հիմնարկների օպերատիվ կառավարման ներքո գտնվող գույքի վարձակալությունից և վաճառքից եկամուտներ,

6. տիրազուրկ, ժառանգության իրավունքով կամ նվիրատվության ձևով համայնքի և նրան ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի իրացումից եկամուտներ,

7. համայնքի և նրան ենթակա բյուջետային հիմնարկներին տրամադրվող դրամական նվիրատվություններից եկամուտներ,

8. օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերությունների, ֆինանսական հաստատությունների, բանկերի կապիտալներում համայնքի կողմից կատարվող ներդրումների դիմաց ստացվող շահաբաժիններ, ինչպես նաև ներդրված դեպոզիտների դիմաց դիվիդենտների ձևով ստացվող եկամուտներ,

9. սուբվենցիաներ և դոտացիաներ,

10. օրենքով չարգելված այլ աղբյուրներից մուտքեր:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջե հաշվեգրվում է նաև հետևյալ եկամուտները.

1. եկամտահարկ,

2. պետական տուրքեր՝

ա) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար,

բ) նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար,

3. վարչական իրավախախտումների համար համայնքի կողմից կիրառվող պատժամիջոցներից եկամուտներ:

 

Հոդված 47.

Տեղական արտաբյուջետային հիմնադրամները (ֆոնդերը)

 

Համայնքի ավագանու թույլտվությամբ կարող են կազմավորվել նպատակային արտաբյուջետային հիմնադրամներ (ֆոնդեր):

Արտաբյուջետային հիմնադրամի միջոցները գտնվում են բանկային հիմնարկներում բացված հատուկ հաշիվներում, ենթակա չեն հանման և ծախսվում են համայնքների հայեցողությամբ:

Համայնքները՝ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համաձայնությամբ, և բնակչությունը բաժնեմասային սկզբունքով կարող են միացնել իրենց միջոցները, ինչպես նաև բյուջետային և արտաբյուջետային միջոցները սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների օբյեկտների շինարարության ընդլայնման, նորոգման և պահպանման, բնապահպանական միջոցառումների համար:

 

Հոդված 48.

Պարտադիր լիազորությունների ֆինանսավորումը

 

Պարտադիր լիազորությունները պարտադիր ֆինանսավորվում են հարկերից, պարտադիր այլ վճարումներից և պետության կողմից տրամադրվող դոտացիաներից:

 

Հոդված 49.

Բյուջեի ազատ միջոցները

 

Համայնքի բյուջեի ծախսերի հանդեպ եկամուտների չնախատեսված գերազանցման հետևանքով առաջացած ազատ միջոցները,համայնքի ղեկավարի առաջարկով և համայնքի ավագանու համաձայնությամբ, կարող են ուղղվել նոր ներդրումներ կատարելուն կամ փոխանցվել համայնքի հաջորդ տարվա բյուջե:

 

Հոդված 50.

Համայնքի բյուջեի քննարկումը և հաստատումը

 

Համայնքի ղեկավարը համայնքի տարեկան բյուջեի նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում պետական բյուջեի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ:

Համայնքի ղեկավարը քննարկումից հետո կարող է վերցնել մինչև մեկ շաբաթ ժամանակ՝ ներկայացված նախագծի մեջ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար, կամ պահանջել հաստատել բյուջեն:

 

Հոդված 51.

Համայնքի զարգացման եռամյա ծրագիրը

 

Համայնքի ղեկավարն ընտրվելուց հետո առաջին տարեկան բյուջեն ներկայացնելիս միաժամանակ համայնքի ավագանուն է ներկայացնում համայնքի զարգացման եռամյա ծրագիրը:

 

Հոդված 52.

Համայնքի զարգացման եռամյա ծրագրի և տարեկան բյուջեի հրապարակումը

 

Համայնքի զարգացման եռամյա ծրագիրը և տարեկան բյուջեն բոլոր հնարավոր միջոցներով հասցվում են համայնքի անդամների գիտությանը:

Համայնքի բնակչության համար եռամյա ծրագիրը և բյուջեն առավել մատչելի և ընկալելի դարձնելու համար պատրաստվում և հրապարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ և գրքույկներ:

 

Հոդված 53.

Բյուջեի կատարումը

 

Համայնքի ղեկավարը բյուջեի հիման վրա ճշտում է իր աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրները, հաստատում է ստորաբաժանումների դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:

Համայնքի ղեկավարն ապահովում է բյուջեի կատարումը, պարտադիր կարգով ստորագրում է բոլոր ֆինանսական փաստաթղթերը և անձնական պատասխանատվություն է կրում ֆինանսական գործառնությունների ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարման համար:

Համայնքի բյուջեի դրամարկղային կատարումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության շրջանային (քաղաքային) համապատասխան ստորաբաժանումների միջոցով:

Համայնքի բյուջե հարկերի մուտքն ապահովում են պետական հարկային մարմինները և համայնքների ղեկավարները:

 

Հոդված 54.

Բյուջեի կատարման վերահսկողությունը

 

Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագանին, որն իրավազոր է ստուգել ցանկացած բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը, պահանջել հաշվետվություններ կատարված ծախսումների վերաբերյալ:

 

Հոդված 55.

Բյուջեի կատարման հաշվետվությունների քննարկումը և հաստատումը

 

Համայնքի ղեկավարը եռամսյակը մեկ բյուջեի կատարման ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն:

Բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացվում է բյուջետային տարին ավարտվելուց հետո, հաջորդ բյուջեի եռամսյակային կատարման վերաբերյալ հաղորդման հետ միասին:

Համայնքի ավագանին բյուջեի կատարման վերաբերյալ կարող է անցկացնել աուդիտ և իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում դիմել համապատասխան իրավասու մարմիններ:

Համայնքի ավագանին քննարկում և հաստատում է բյուջեի կատարման հաշվետվությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

Հոդված 56.

Միջհամայնքային միավորումներ կազմելու իրավունքը

 

Համայնքների որոշակի խնդիրներ համատեղ լուծելու և ծախսերը նվազեցնելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ստեղծել միջհամայնքային միավորումներ:

Միջհամայնքային միավորումներն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:

 

Հոդված 57.

Միջհամայնքային միավորումներ կազմելու կարգը

 

Միջհամայնքային միավորումները ստեղծում են համայնքների ղեկավարները՝ պայմանագրեր կնքելու միջոցով, որոնք հաստատում են համայնքների ավագանիները:

 

Հոդված 58.

Միջհամայնքային միավորման մարմինները

 

Միջհամայնքային միավորման կառավարման համար ստեղծվում է միավորման խորհուրդ՝ կազմված համայնքների ղեկավարներից, որն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ:

Միջհամայնքային միավորման խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա են խորհրդի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՇՐՋԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ: ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 59.

Շրջանի խորհուրդ

 

Շրջանի վարչակազմի ղեկավարին կից ստեղծվում է խորհրդակցական մարմին՝ շրջանի խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են համայնքների ղեկավարները և շրջանի վարչակազմի ղեկավարը:

Շրջանի վարչակազմի ղեկավարը հրավիրում և վարում է շրջանի խորհրդի նիստը՝ իր սահմանած օրակարգով:

Շրջանի խորհրդի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով և հանրապետության նախագահի հրամանագրով:

Ստեփանակերտ քաղաքի խորհուրդը Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին է:

 

Հոդված 60. Հանրապետական գործադիր մարմինների (բացի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի և վիճակագրության) շրջանային ծառայությունների ղեկավարների նշանակումն ու ազատումը կատարում է շրջանի վարչակազմի ղեկավարը, համաձայնեցնելով համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի հետ:

Անհամաձայնության դեպքում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը հարցը կարող է ներկայացնել կառավարության քննարկմանը՝ վերջնական լուծման համար:

Պաշտպանության և ազգային անվտանգության շրջանային ծառայությունների ղեկավարների նշանակումն ու ազատումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

Ներքին գործերի և վիճակագրության շրջանային ծառայությունների ղեկավարների նշանակումն ու ազատումը կատարում է ներքին գործերի նախարարությունը և վիճակագրության, պետռեգիստրի և վերլուծության պետվարչությունը՝ համաձայնեցնելով շրջանի վարչակազմի ղեկավարի հետ:

Շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի բաժինների աշխատակիցներին, ինչպես նաև շրջանային ենթակայության կազմակերպությունների ու ձեռնարկությունների ղեկավարներին օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում և ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը:

Շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը, քարտուղարը և բաժինների վարիչները չեն կարող լինել որևէ համայնքի ավագանու անդամ, համատեղության կարգով աշխատել այլ պաշտոններում:

 

Հոդված 61. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, նախագահի հրամանագրով և օրենսդրության այլ ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 62.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

19 հունվարի 1998թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-6