Համարը 
ՆՀ-129-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.08.14/20(411)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
12.08.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.08.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 
12.10.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ՆՀ-32-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ

ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ

 ԱՊՐԻԼԻ 12-Ի ՆՀ-32-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի ապրիլի 12-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 251 դեպքերը, որոնցից 231-ը` առողջացած (2020 թվականի ապրիլի 12-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 245), ինչպես նաև այն, որ Արցախի Հանրապետությունում ու Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,

հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար, իսկ 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ընթացքում կիրառված միջոցառումներն ու սահմանափակումներն էական ազդեցություն են ունեցել վարակի տարածման դեպքերը նվազեցնելու գործում,

հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածի ուժով Արցախի Հանրապետության Նախագահը լիազորված է երկարաձգել արտակարգ իրավիճակի ժամկետը, եթե արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետի ավարտը,

և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետով և 133-րդ հոդվածի 1-ին մասով՝ ո ր ո շ ու մ  եմ.

1. Երկարաձգել Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով:

2. Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանագրի 1-ին կետում «օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ն» բառերը փոխարինել «սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ն» բառերով.

2) հրամանագրի հավելվածում՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների, Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Արցախի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել անցակետով նշված անձանց մուտքի հատուկ պայմաններ։

Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ սույն հավելվածով և Պարետի որոշումներով սահմանված հատուկ պայմանների պահպանման դեպքում։ Պարետի որոշմամբ անցակետով Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը կարող է արգելվել, ինչպես նաև սահմանվել մուտքի այլ առանձնահատկություններ։»,

բ. 24-րդ կետում «20 և ավելի» բառերը փոխարինել «40-ից ավելի» բառերով:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

   

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2020թ. օգոստոսի 12

Ստեփանակերտ

ՆՀ-129-Ն