Համարը 
N 34-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.02.02/02(342)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.01.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.02.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 283 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունվարի 2018թ.

N 34-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 283 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ, 73-րդ հոդվածները և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագիրը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Արցախի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 283 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հունվարի 25-ի N 34-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Արցախի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը հանցավորության ու հակաիրավական այլ ոտնձգությունների դեմ պայքարի, հասարակական կարգի և անվտանգության ապահովման ոլորտում իր լիազորությունների սահմաններում մշակում և իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Ոստիկանությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Ոստիկանության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով:

4. Ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան ու դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

5. Ոստիկանությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, դրոշ, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Ոստիկանությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Ոստիկանությունը բաղկացած է կենտրոնական ապարատից, դրա անմիջական ենթակայության և տարածքային ստորաբաժանումներից:

Ոստիկանության համակարգում կարող են ստեղծվել ոստիկանության զորքեր, ոստիկանության կազմում ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպություններ (այսուհետ` ոստիկանության կազմակերպություններ) և հիմնարկներ:

Ոստիկանության կենտրոնական ապարատն Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգի գլխադասային կառույցն է, որը կազմված է ոստիկանության պետից, նրա տեղակալներից, խորհրդականներից և ճյուղային ծառայություններից (վարչություններից, բաժիններից ու բաժանմունքներից):

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն են՝ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունն ու շրջանային բաժինները:

7. Ոստիկանության նպատակները և խնդիրներն են`

1) անձի կյանքի և առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության ապահովումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.

2) հասարակության և պետության շահերի պաշտպանության ապահովումը.

3) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

4) իր իրավասության սահմաններում հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերման, բացահայտման աշխատանքների, հետաքննության կազմակերպումն ու իրականացումը.

5) հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումը.

6) սեփականության բոլոր ձևերի պաշտպանության ապահովումը.

7) ոստիկանության համակարգի ծառայությունների, մարմինների, ոստիկանության զորքերի ու կազմակերպությունների ղեկավարումը, գործունեության համակարգումը և նորմատիվ իրավական բազայի կատարելագործումը.

8) ոստիկանության համակարգում օրինականության ամրապնդումը, կադրերի հետ տարվող աշխատանքների կատարելագործումը, նրանց մասնագիտական պատրաստականության բարձրացումը, ոստիկանության ծառայողների ու ոստիկանության զորքերի զինծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածության ապահովումը.

9) ոստիկանության համակարգի նյութատեխնիկական բազայի ամրապնդումն ու զարգացումը.

10) գիտության ու տեխնիկայի նվաճումների կիրառման, առաջավոր փորձի ներդրման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.

11) Արցախի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների կատարման ապահովումը.

12) օրենքով սահմանված այլ խնդիրների իրականացումը:

(7-րդ կետը փոփ. 13.08.20 N 335-Ն)

 

2. Ոստիկանության գործառույթները

 

8. Ոստիկանությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) մարդու իրավունքների և ազատությունների, սեփականության բոլոր ձևերի պաշտպանության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ որոշում է ոստիկանության համակարգի գործունեության հիմնական ուղղությունները, համակարգում և վերահսկում է ոստիկանության համակարգի ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի ու կազմակերպությունների գործունեությունը, մասնակցում է հանցավորության դեմ պայքարի բնագավառում պետական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը.

2) իրականացնում է հանցավորության վիճակի վերլուծություն, մշակում է քրեածին իրավիճակի զարգացման երկարաժամկետ և օպերատիվ կանխատեսումներ, ինչի հիման վրա Արցախի Հանրապետության իշխանության մարմիններին սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ օրինականության ամրապնդման, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ.

3) ապահովում է ոստիկանության համակարգի ծառայությունների, մարմինների, ոստիկանության զորքերի ու կազմակերպությունների կողմից Արցախի Հանրապետության օրենսդրության կատարումը.

4) կազմակերպում ու իրականացնում է հանցագործությունների և այլ իրավախախտումների գրանցումն ու հաշվառումը, վերահսկողություն է իրականացնում ոստիկանության համակարգի ծառայություններում և մարմիններում այդ աշխատանքների նկատմամբ, վերլուծում է վերջիններիս օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները և այն օգտագործում աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ.

5) իր իրավասության սահմաններում ընդհանրացնում է Արցախի Հանրապետության օրենսդրության կիրարկման պրակտիկան, մշակում և սահմանված կարգով Արցախի Հանրապետության իշխանության մարմիններին է ներկայացնում առաջարկություններ ոստիկանության համակարգի գործունեության կատարելագործման վերաբերյալ: Ոստիկանության համակարգի գործունեությանը վերաբերող հարցերով նախապատրաստում է Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, իրականացնում է իր գործունեության նորմատիվային կանոնակարգումն ու իրավական ապահովումը, ոստիկանության համակարգի ծառայություններին, մարմիններին, ոստիկանության զորքերին ու կազմակերպություններին ցույց է տալիս գործնական և մեթոդական օգնություն.

6) հանցագործությունների դեմ պայքարի, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այդ թվում` իրավապահ մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ.

7) իր իրավասության սահմաններում կազմակերպում ու իրականացնում է օպերատիվ-հետախուզական և փորձաքրեագիտական գործունեություն, հետաքննություն, ինչպես նաև ապահովում է հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը.

8) ապահովում է հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող պրոֆիլակտիկ գործունեությունը, ինչպես նաև հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերհանումը, ուսումնասիրությունն ու դրանց վերացման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.

9) կազմակերպում և իրականացնում է հանցագործություն կատարած ու հետաքննության, նախաքննության և դատական մարմիններից թաքնվող, քրեական պատասխանատվությունից ու պատիժը կրելուց խուսափող, անհայտ կորած անձանց, ինչպես նաև հափշտակված գույքի հետախուզումը, չճանաչված դիակների ինքնության պարզումը.

10) իր իրավասության սահմաններում ապահովում է կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի, դրա ռազմավարական ուղղությունների և մարտավարության մեխանիզմների մշակումն ու իրագործումը.

11) կազմակերպում և համակարգում է պայքարը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, իրականացնում է հսկողություն թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող ու թունավոր նյութերի, ինչպես նաև դրանց բաղադրիչների օրինական շրջանառության նկատմամբ.

12) մասնակցում է ահաբեկչության, մաքսանենգության դեմ պայքարի, Արցախի Հանրապետության պետական սահմանի պահպանության, Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, ոստիկանության համակարգում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումներին.

13) ապահովում է ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց պահպանությունը, անվտանգությունը, փոխադրումն ու ուղեկցումը, օրենքով նախատեսված դեպքերում` դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների որոշումների կատարումը, ինչպես նաև օրենքով ոստիկանության մարմինների իրավասությանը վերապահված վարչական տույժերի իրագործումը.

14) ղեկավարում է պետական պահպանության ծառայության գործունեությունը, ապահովում է պետական պահպանության ենթակա, ինչպես նաև իրավաբանական ու ֆիզիկական անձանց պատկանող այլ օբյեկտների և գույքի պահպանությունն ու անձանց պաշտպանությունը` այդ թվում պայմանագրային հիմունքներով.

15) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում դատավորների, դատախազների, քննիչների, դատական ակտերի հարկադիր կատարողների, ոստիկանության համակարգի պաշտոնատար անձանց, տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների և քրեական դատավարությանն աջակցող այլ անձանց, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականների կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ.

16) հսկողություն է սահմանում ոստիկանության մարմինների կողմից լիցենզավորման ենթակա գործունեության, աշխատանքների (ծառայությունների) համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաներ, թույլտվություններ տալու (ուժը կորցրած ճանաչելու), ինչպես նաև զենքի, ռազմամթերքի, ռադիոակտիվ, հրագործական արտադրատեսակների, արդյունագործական նշանակության պայթուցիկ նյութերի, կնիքների և դրոշմակնիքների շրջանառության օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ.

17) ղեկավարում է ճանապարհային ոստիկանությունը, իրականացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով զոհված և վիրավորված անձանց ու ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառումը, վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, հսկողություն է իրականացնում տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման, ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանելու նկատմամբ, կազմակերպում և իրականացնում է տրանսպորտային միջոցների ուղեկցումը, ճանապարհային երթևեկության կարգավորումը, ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցումը, ճանապարհային երթևեկության կարգավորումը, ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների ու դրանց կցորդների պետական հաշվառումը, ճանապարհապարեկային ծառայությունը, վարորդների տեսական ու գործնական գիտելիքների ստուգումը և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականների, իսկ դրանց հիման վրա` նաև միջազգային վարորդական վկայականների տրամադրումը.

18) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է դատարանի կողմից նշանակված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժները (այսուհետ` պատիժներ), հսկողություն է իրականացնում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի կողմից դրված պարտականությունների կատարման նկատմամբ, օրենքով սահմանված հիմքերով և կարգով կալանքի տակ պահում է անձանց, իրականացնում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումը, ապահովում է քրեակատարողական հիմնարկներում օրինականությունը, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորվածների` իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքները, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի և այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունը, դատապարտյալների և կալանավորվածների կյանքի ու առողջության պահպանումը, անձնական և հոգևոր զարգացման համար պատշաճ պայմանները, քրեակատարողական հիմնարկների և մարմինների նյութատեխնիկական ու սոցիալական պայմանների զարգացումը, կազմակերպում է դատապարտյալների և կալանավորվածների զբաղվածությունը, դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքները.

19) կազմակերպում և հսկում է Արցախի Հանրապետության քաղաքացիների անձնագրավորման, հաշվառման, բնակչության պետական ռեգիստրի և ընտրողների ռեգիստրի վարման, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու, տարածքում գտնվելու, տարանցիկ տեղաշարժվելու, տարածքից դուրս գալու օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման ուղղությամբ ոստիկանության ծառայությունների և մարմինների գործունեությունը.

20) մասնակցում է Արցախի Հանրապետության տարածքում կամ դրա մի մասում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման ուղղությամբ պետական միասնական միջոցառումների իրականացմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը.

21) քաղաքացիների սահմանադրական իրավունքները, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է հատուկ միջոցառումներ.

22) տեխնածին ու տարերային աղետների, խոշոր վթարների և հրդեհների, զանգվածային անկարգությունների, այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, ինչպես նաև միջտարածքային, այլ հատուկ միջոցառումների ժամանակ բնակչության փրկության, առանց հսկողության մնացած գույքի պահպանության և հասարակական կարգի ապահովման աշխատանքներում ներգրավում է ոստիկանության համակարգի ծառայողներին և զինծառայողներին.

23) կազմակերպում է զորահավաքային առաջադրանքների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարումը, մշակում և իրականացնում է ռազմական դրության պայմաններում ու խաղաղ ժամանակ ծագած արտակարգ իրավիճակներում ոստիկանության համակարգի ծառայությունների, մարմինների, ոստիկանության զորքերի մարտունակության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումներ.

24) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ոստիկանության զորքերի մասնակցությունը Արցախի Հանրապետության պաշտպանությանը.

25) կազմավորում և օգտագործում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական հաշվառումները, օպերատիվ-հետախուզական, քրեագիտական, վիճակագրական և այլ տեղեկատվական շտեմարանները, իրականացնում է ոստիկանության ծառայությունների, մարմինների և շահագրգիռ պետական գերատեսչությունների ու կազմակերպությունների տեղեկատվական սպասարկումը, կազմակերպում է ոստիկանության համակարգում վիճակագրությունը.

26) իրականացնում է ոստիկանության համակարգի հատուկ տեխնիկայի, կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի զարգացումն ու կատարելագործումը.

27) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ոստիկանական ուսումնական հաստատություններում, պայմանագրային հիմունքներով, կազմակերպում է ուսուցման, վերապատրաստման (որակավորման բարձրացման) գործընթացը, իրականացնում է ոստիկանության համակարգի կադրերի ընտրության, տեղաբաշխման, դաստիարակության, ատեստավորման աշխատանքները, ապահովում է գիտության, տեխնիկայի նվաճումների և դրական փորձի ներդնումը ոստիկանության համակարգում.

28) կազմակերպում և իրականացնում է ոստիկանության համակարգի գործունեության անվտանգությունն ապահովող միջոցառումներ.

29) հսկողություն է իրականացնում ոստիկանության ծառայողների և զինծառայողների գործունեության օրինականության պահպանման նկատմամբ, իրականացնում է միջոցառումներ ոստիկանության համակարգում օրինականության խախտման դեպքերի հայտնաբերման, բացահայտման և կանխարգելման ուղղությամբ.

30) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կազմակերպում և իրականացնում է ոստիկանության համակարգի գործավարությունն ու արխիվային գործը.

31) մշակում և իրականացնում է ոստիկանության ծառայողների, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ոստիկանության համակարգից կենսաթոշակի անցած անձանց առողջության պահպանմանն ուղղված պրոֆիլակտիկ-բժշկական, առողջարանային-կուրորտային, վերականգնողական համալիր միջոցառումներ, կազմակերպում է ոստիկանության բժշկական ծառայության գործունեությունը.

32) համակարգում է ոստիկանության կազմակերպությունների գործունեությունը.

33) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում և փոփոխում է ոստիկանության ու ենթակա ստորաբաժանումների ֆինանսական գործունեության նախահաշիվները, վարում է գանձապետական, բյուջետային, արտաբյուջետային և այլ հաշիվներ, ապահովում է ոստիկանության համակարգում հաշվապահական հաշվառման վարումը, պահպանման ծախսերի նախահաշիվների տնտեսագիտական հիմնավորումը, դրամական և նյութական միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործումը, աշխատանքի վարձատրությունը, կենսաթոշակների նշանակումը և վճարման կազմակերպումը.

34) տիրապետում, տնօրինում և օգտագործում է ոստիկանությանը հանձնված գույքը.

35) ապահովում է ոստիկանության համակարգը համազգեստով, կապի, հատուկ և տրանսպորտային միջոցներով, մարտական ու հատուկ տեխնիկայով, սպառազինությամբ, ռազմամթերքով և այլ նյութատեխնիկական միջոցներով, ամրապնդում և զարգացնում է ոստիկանության համակարգի նյութատեխնիկական բազան.

36) հսկողություն է իրականացնում ոստիկանության լիազորություններով պայմանավորված ծառայությունների կամ գործողությունների դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից Արցախի Հանրապետության պետական բյուջե գանձումների նկատմամբ.

37) կազմակերպում է հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման հարցերով ոստիկանության համակարգի գործունեության լուսաբանումն ու իրավական քարոզչությունը: Այդ նպատակով կարող է իրականացնել հրատարակչական գործունեություն` հրատարակել թերթ, տեղեկագրեր և այլ նյութեր, պատրաստում է հեռուստատեսային և ռադիո ծրագրեր.

38) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների, ինչպես նաև ոստիկանության համակարգի գործունեությանը վերաբերող հարցերով զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ու հաղորդումների քննարկումը և դրանց վերաբերյալ համապատասխան որոշումների ընդունումը.

39) իրականացնում է իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ:

(8-րդ կետը փոփ. 13.08.20 N 335-Ն)

 

3. Ոստիկանության կառավարումը

 

9. Ոստիկանության գործունեությունն իրականացվում է միանձնյա և կենտրոնացված կառավարման միջոցով:

10. Ոստիկանությունը գլխավորում է ոստիկանության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը:

11. Ոստիկանության պետն ունի առաջին տեղակալ և տեղակալներ, այդ թվում՝ տեղակալ-շտաբի պետ (այսուհետ՝ տեղակալներ), որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը` ոստիկանության պետի ներկայացմամբ:

Ոստիկանության զորքերի հրամանատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե ոստիկանության պետի տեղակալն է:

Ոստիկանության պետի տեղակալները համակարգում և ղեկավարում են ոստիկանության պետի կողմից իրենց հանձնարարված բնագավառի աշխատանքները և անմիջական պատասխանատվություն են կրում այդ ոլորտի գործունեության համար:

12. Իր գործունեության ընթացքում ոստիկանության պետն առաջնորդվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

13. Ոստիկանության պետը կազմակերպում ու վերահսկում է ոստիկանությանը վերապահված խնդիրների ու գործառույթների իրականացումը, պատասխանատու է իր իրավասության բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

14. Ոստիկանության պետը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:

15. Ոստիկանության պետը`

1) կազմակերպում և ղեկավարում է ոստիկանության գործունեությունը, պատասխանատու է ոստիկանության համակարգի առջև դրված խնդիրների իրականացման համար.

2) հանդիսանում է ոստիկանությանը հատկացրած բյուջետային հատկացումների (այդ թվում՝ արտարժութային) կարգադրիչը, հաստատում է ոստիկանության պահպանման ծախսերի նախահաշիվները.

3) ներկայացնում է ոստիկանությունը: Իր լիազորությունների սահմաններում վարում է բանակցություններ, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում պայմանագրեր և ստորագրում արձանագրություններ: Նշված գործառույթները Արցախի Հանրապետության կամ ոստիկանության անունից իրականացնելու համար կարող է լիազորել ոստիկանության առանձին ծառայողների.

4) կատարում է ոստիկանության պետի տեղակալների և խորհրդականների միջև գործառույթների բաշխում.

5) սահմանում է ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի և ոստիկանության կազմակերպությունների ու դրանց ղեկավարների գործառույթների շրջանակը.

6) օրենքով սահմանված կարգով արձակում է նորմատիվ կամ անհատական բնույթի հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է ոստիկանության համակարգի համար: Կազմակերպում է դրանց կատարումը և իրականացնում վերահսկողություն:

Օրենսդրությամբ սահմանված կարգով գործադիր իշխանության այլ մարմինների ղեկավարների հետ արձակում է համատեղ հրամաններ.

7) դադարեցնում է ոստիկանության իրավասու ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի և ոստիկանության կազմակերպությունների ղեկավարների Արցախի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը հակասող իրավական ակտերի գործողությունը.

8) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարությանը ներկայացնում է առաջարկություններ ոստիկանության կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

9) հաստատում է ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի և ոստիկանության կազմակերպությունների կանոնադրությունները, կառուցվածքն ու հաստիքացուցակները.

10) ոստիկանության համակարգի գործունեությանը վերաբերող կարևորագույն հարցերի քննարկման, առանձին բնագավառներում առկա խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ, հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր և այլն, որոշում է դրանց անհատական կազմերը, գործունեության շրջանակներն ու իրավասության սահմանները.

11) նախագահում է ոստիկանության խորհրդակցական մարմնի նիստերում, վարում է իր մոտ հրավիրված օպերատիվ խորհրդակցությունները.

12) սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում ոստիկանության գործունեությանն ու աշխատանքի կազմակերպմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր և առաջարկություններ, մասնակցում է Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններում ոստիկանության համակարգին վերաբերող հարցերի քննարկմանը.

13) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` սահմանում է ոստիկանության կողմից աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը.

14) ոստիկանության համակարգում իրականացնում է կադրային քաղաքականություն.

15) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Արցախի Հանրապետության քաղաքացիներին ծառայության է ընդունում ոստիկանության համակարգում, պաշտոնի է նշանակում, այլ պաշտոնի փոխադրում և պաշտոնից ազատում ոստիկանությունից կրտսեր, միջին, ավագ և գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, զինծառայողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց.

16) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և զինվորական շարքային, ենթասպայական, սպայական կոչումներ, բացառությամբ գնդապետի և բարձրագույն սպայական կոչումների: Արցախի Հանրապետության Նախագահին միջնորդություն է ներկայացնում ոստիկանության գլխավոր, բարձրագույն և զինվորական գնդապետի ու բարձրագույն սպայական կոչումներ շնորհելու վերաբերյալ.

17) լիազորում է ոստիկանության առանձին ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պետերին ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու իրավասություններով.

18) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, լիազորում է ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց՝ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու իրավասությամբ.

19) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու է ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին պարգևատրելու հրազենով և սառը զենքով.

20) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց Արցախի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

21) հիմնում է ոստիկանության մեդալներ, կրծքանշաններ, պատվոգիր և «ԱՀ ոստիկանության պատվավոր ծառայող» կոչում, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոստիկանության ծառայողներին և զինծառայողներին պարգևատրում կամ շնորհում է դրանք, իսկ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և քաղաքացիներին` պարգևատրում մեդալով ու պատվոգրով.

22) օրենքով սահմանված կարգով որոշում է ոստիկանության ծառայողների, զինծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համատեղությամբ աշխատանքի պայմանները.

23) ոստիկանության ծառայողներին և զինծառայողներին թույլատրում է օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գալ Արցախի Հանրապետության սահմաններից.

24) կատարում է ոստիկանության ծառայողների, զինծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և քաղաքացիների ընդունելություն.

25) կազմակերպում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների, զինծառայողների և քաղաքացիական ծառայողների զեկուցագրերի և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դիմումների քննարկում.

26) Արցախի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` իրականացնում է այլ գործառույթներ:

16. Ոստիկանության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է ոստիկանության պետի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ոստիկանության պետի տեղակալներից մեկը:

 

4. Ոստիկանության ֆինանսավորումը և գույքը

 

17. Ոստիկանության ֆինանսավորումն իրականացվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի, պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց մուտքերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

18. Ոստիկանության գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից ոստիկանության կնքած գործարքներով ձեռք բերված և ոստիկանության տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ոստիկանությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի կառավարման իրավասություն:

Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու ոստիկանության գույքը:

19. Ոստիկանությունն, իր իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Ոստիկանության պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:

21. Ոստիկանության գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է ոստիկանության համակարգի ֆինանսական, հաշվապահական ծառայությունները, գործում է ոստիկանության պետի անմիջական ենթակայությամբ և իրականացնում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

(Հավելվածը փոփ. 13.08.20 N 335-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ