| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«25» ապրիլի 2011թ.
պետական գրանցման համարը 1051141 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«19» ապրիլի 2011թ. |
N 69-Ն |
ք. Ստեփանակերտ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ (ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ) ՄԵԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել ուսանողների (ունկնդիրների) մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ս.Ասրյանին:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
2011 թվականի ապրիլի 19-ի N 69-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ (ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ) ՄԵԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունից (այսուհետ` ուսումնական հաստատություն) մեկ այլ համապատասխան մակարդակի կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն ուսանողների տեղափոխման կարգը:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների վրա` անկախ ուսուցման ձևից:
3. Ուսանողի տեղափոխումը մեկ ուսումնական հաստատությունից մեկ այլ ուսումնական հաստատություն (այսուհետ` տեղափոխում) կատարվում է երկու ուսումնական հաստատությունների տնօրենների համաձայնությամբ:
4. Ուսանողի տեղափոխումն առաջին կիսամյակում չի թույլատրվում:
Միջին մասնագիտական ուսումնական հաստատության հեռակա ուսուցման բաժնից առկա ուսուցման բաժին և առկա ուսուցման բաժնից հեռակա ուսուցման բաժին հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողի տեղափոխումը թույլատրվում է չորրորդ կիսամյակն ավարտելուց հետո, եթե տվյալ կրթական ծրագրի իրականացման ժամկետները համապատասխանում են:
5. Տեղափոխման ընթացքում մասնագիտությունների փոփոխություն թույլատրվում է միայն ուսանողի կողմից նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների (մոդուլների) տարբերությունները 8-ը չգերազանցելու պայմանով: Օտարերկրյա ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխման դեպքում հանձնման ենթակա ստուգարքների և քննությունների մեջ չեն մտնում հայագիտական առարկաները:
6. Նախընտրած մասնագիտության գծով հաստատված ուսումնական պլանով ուսանողի ուսումնառություն չանցած, չուսումնասիրած կամ ամփոփիչ ստուգում չանցած առարկաները և առարկաների (մոդուլների) ժամաքանակների 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունները համարվում են ակադեմիական տարբերություններ:
Ակադեմիական տարբերությունների ցանկը և ուսանողի կողմից դրանց հանձնման անհատական ժամանակացույցը կազմում է ընդունող ուսումնական հաստատությունը` հիմք ընդունելով ուսումնական պլանը: Ուսանողի կողմից ակադեմիական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը մեկ ամիս է:
Տեղափոխումը կարող է կատարվել, եթե դրա արդյունքում, համապատասխան մասնագիտության տվյալ տարվա համար սահմանված ընդունելության տեղերի ընդհանուր թիվը պահպանվում է:
7. Ուսումնական հաստատության վերակազմակերպման կամ լուծարման դեպքում այլ ուսումնական հաստատություն ուսանողի տեղավորումը կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):
8. Հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխումը պետական ուսումնական հաստատություն կարող է կատարվել նախարարության թույտվությամբ` ընդունող ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ:
9. Ուսումնական հաստատությունը յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում ուսանողների տեղափոխման վերաբերյալ հաշվետվություն` նշելով տեղափոխման հիմքը, կրթական ծրագիրը, ուսուցման ձևը, մասնագիտությունը:
II. ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
10. Ուսանողը տեղափոխման մասին դիմում է ներկայացնում իր ուսումնական հաստատության տնօրենին` նրա գրավոր համաձայնությունը ստանալու համար:
Տեղափոխման մասին ուսանողից դիմումն ընդունվում է ուսումնական կիսամյակը սկսելուն նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում:
Տնօրենը եռօրյա ժամկետում գրավոր պատասխանում է ուսանողին` կցելով ակադեմիական տեղեկանքը կամ մերժման դեպքում` դրա փաստարկված հիմնավորումները:
11. Ուսանողը դիմում է այն ուսումնական հաստատություն, ուր ցանկանում է տեղափոխվել և ներկայացնում է`
1) տեղափոխման մասին դիմումը` տնօրենի համաձայնության նշագրումով,
2) ակադեմիական տեղեկանքը,
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու իրավունքի վերաբերյալ համապատասխան տեղեկանքը(ները) կամ այդ մասին հավաստող այլ փաստաթղթեր (առկայության դեպքում):
Անվճար ուսուցման համակարգում ուսումնառած ուսանողի տեղափոխման դեպքում կրթությունը կազմակերպվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում արտոնություն ունեցող ուսանողների, որոնց կրթությունը շարունակվում է անվճար հիմունքներով: Տեղափոխված ուսանողը հետագա ուսումնառության տարիներին կարող է օգտվել նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման իրավունքից:
Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ տվյալ տարվա համար սահմանված տեղերի շրջանակում նույն մասնագիտության համար վճարովի տեղ չի սահմանվել: Այդ դեպքում տեղափոխումը կարող է կատարվել անվճար ուսուցման համակարգ` միայն նույն մասնագիտությամբ:
12. Ընդունող ուսումնական հաստատության տնօրենը, համաձայնության դեպքում, տալիս է ուսանողի ընդունման ժամանակավոր հրաման, որում նշվում են ակադեմիական տարբերությունների ցանկը և դրանց մարման անհատական ժամանակացույցը:
Մինչև ուսանողի տեղափոխման գործընթացի ավարտն ընդունող ուսումնական հաստատության տնօրենն իրավասու է ուսանողին ժամանակավորապես կցագրել համապատասխան խմբում և թույլատրել մասնակցելու ուսումնական պարապմունքներին:
Եթե ընդունող ուսումնական հաստատությունում տվյալ մասնագիտությամբ տեղերի թիվն ավելի քիչ է, քան փոխադրվել ցանկացողների թիվը, ապա հավակնորդ ուսանողների կողմից ակադեմիական տարբերությունները դրական հանձնելուց հետո նրանց միջև անցկացվում է մրցույթ, որի արդյունքում ընտրվում են առավել բարձր միավորներ ստացածները:
Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է ընդունող ուսումնական հաստատության տնօրենը:
13. Ակադեմիական տարբերությունների բացակայության կամ դրանք դրական գնահատականներով հանձնելու դեպքում ընդունող ուսումնական հաստատության տնօրենն ուսանողին տալիս է համապատասխան տեղեկանք:
14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված տեղեկանքը ուսանողը ներկայացնում է իր ուսումնական հաստատության տնօրենին, որը եռօրյա ժամկետում հրամանով ամրագրում է ուսանողի տեղափոխումը: Ուսումնական հաստատությունն ուսանողին է հանձնում կամ պատվիրակված փոստով առաքում է`
1) տեղափոխման մասին հրամանի պատճենը,
2) կրթության մասին վկայող փաստաթղթի բնօրինակը,
3) այլ փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
15. Նախկին ուսումնական հաստատությունում պահպանվում է ուսանողի անձնական գործը, որը ներառում է`
1) ուսանողի տեղափոխման մասին հրամանը,
2) 13-րդ կետով սահմանված տեղեկանքը,
3) ուսանողի կրթության մասին վկայող փաստաթղթի պատճենը,
4) ընդունելության քննությունների գրավոր աշխատանքները (դրանց առկայության դեպքում),
5) ուսանողական տոմսը և այլ փաստաթղթերի պատճենները:
16. Ընդունող ուսումնական հաստատության տնօրենը համապատասխան փաստաթղթերի բնօրինակները ստանալուց հետո եռօրյա ժամկետում հրամանագրում է ուսանողին:
17. Օտարերկրյա ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխումն իրականացվում է նախարարության թույլտվությամբ և հրամանագրվում է միայն վճարովի ուսուցման համակարգում:
18. Ընդունող ուսումնական հաստատությունում կազմվում է ուսանողի նոր անձնական գործ, որում ընդգրկվում են ուսանողի կրթության մասին վկայող փաստաթուղթը, ակադեմիական տեղեկանքը, ընդունման հրամանի պատճենը և ուսանողի հետ կնքած պայմանագիրը: Ուսանողին տրվում է նոր ուսանողական տոմս և նրա հետ կնքած պայմանագրի 2-րդ օրինակը:
19. Ունկնդրի տեղափոխումը կարգավորվում է ունկնդրի և ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրով: