Համարը 
N 82Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2014.01.29/01(100)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
23.12.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«10» հունվարի 2014թ.

Պետական գրանցման համարը 3031409

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2013 թվականի

N 82Ն

ք. Ստեփանակերտ

 

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ

 ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետին և 12-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների կասեցման և դադարեցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Լ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Հաստատված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի 2013 թվականի

դեկտեմբերի 23-ի N 82Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների (այսուհետ` Թույլտվություն) կասեցման և դադարեցման ընթացակարգը:

 

1.ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ

 

1. Թույլտվության (Թույլտվության գործողության) կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով Թույլտվություն ունեցող անձին տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման իրավունքից ժամանակավորապես զրկումն է:

2. Թույլտվության կասեցման ընթացքում Թույլտվություն ունեցող անձն իրավունք չունի օգտագործել Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունները:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) իրավասու է կասեցնել Թույլտվությունը «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-7-րդ, 9-րդ, 12-րդ կետերով, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Հանձնաժողովին տրամադրված ցանկացած հայտարարության մեջ Թույլտվություն ունեցող անձի կողմից դիտավորյալ կեղծ տեղեկություն ներկայացնելու մասով), 3-7-րդ կետերով նախատեսված դեպքերում (հիմքերով):

4. Թույլտվության կասեցման մասին Հանձնաժողովն ընդունում է որոշում, որում նշվում են կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները (պայմանները):

5. Թույլտվություն ունեցող անձն իրավունք ունի Հանձաժողովի նիստում արտահայտել իր կարծիքը, ներկայացնել առարկություններ և առաջարկություններ Թույլտվության կասեցման վերաբերյալ:

6. Թույլտվության կասեցման ժամանակահատվածում ռադիոհաճախականությունների օգտագործման համար օրենքով սահմանված պարտադիր վճարները Թույլտվություն ունեցող անձի կողմից ենթակա են վճարման` անկախ կասեցման հիմքերից և ժամկետներից (պայմաններից), բացառությամբ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքի:

7. Թույլտվության կասեցումը վերացված է համարվում Թույլտվության կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից` բացառությամբ սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքի:

 

2.ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ

ԱՆՁԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

 

8. Թույլտվություն ունեցող անձը Թույլտվությունը կասեցնելու ցանկության դեպքում դիմում է ներկայացնում Հանձնաժողով` նշելով կասեցման ժամկետը:

9. Թույլտվությունը կասեցնելու կամ կասեցումը մերժելու մասին որոշումը Հանձնաժողովն ընդունում է Թույլտվություն ունեցող անձի դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից 20 (քսան) օրվա ընթացքում:

10. Թույլտվությունը կասեցվում է Թույլտվություն ունեցող անձի դիմումի մեջ նշված ժամկետով, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերի:

11. Թույլտվությունը կարող է կասեցվել Թույլտվություն ունեցող անձի դիմումի մեջ նշված ժամկետից ավելի կարճ ժամկետով` ազգային անվտանգության կամ հանրային շահի, կամ ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ օգտագործման և կառավարման նկատառումներից ելնելով:

12. Թույլտվությունը կասեցված է համարվում Թույլտվություն ունեցող անձի դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից, եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ ավելի ուշ ժամկետ չի նշել:

13. Թույլտվության կասեցման մասին դիմումը Հանձնաժողովը համապատասխան որոշմամբ մերժում է, եթե`

1) դիմումի մեջ նշված չէ կասեցման ժամկետը,

2) Թույլտվության կասեցման հետևանքով վտանգվում է կամ կարող է վտանգվել ազգային անվտանգությունը կամ հանրային շահը,

3) Թույլտվության կասեցումը կհանգեցնի ռադիոհաճախականությունների տիրույթի անարդունավետ օգտագործման կամ կառավարման:

14. Սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետում Թույլտվությունը կասեցնելու կամ կասեցումը մերժելու մասին Հանձնաժողովի կողմից որոշում չընդունվելու դեպքում Թույլտվության կասեցման մասին դիմումը համարվում է բավարարված, իսկ Թույլտվությունը կասեցված` դիմումն ստանալու օրվանից և Թույլտվություն ունեցող անձի կողմից նշված ժամկետով:

 

3.ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

 

15. Հանձնաժողովը Թույլտվության կասեցման գործընթաց նախաձեռնելու դեպքում հարուցում է վարչական վարույթ և առաջնորդվում է Հանձնաժողովի 2011 թվականի մարտի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 21Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներով` բացառությամբ սույն կարգի 17-րդ կետում նախատեսված դեպքի:

16. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Հանձնաժողովին տրամադրված ցանկացած հայտարարության մեջ Թույլտվություն ունեցող անձի կողմից դիտավորյալ կեղծ տեղեկություն ներկայացնելու մասով), 3 -7-րդ կետերով նախատեսված դեպքերում Թույլտվությունը, օրենքով կամ Հանձնաժողովի որոշմամբ այլ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում, կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:

17. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովը, առանց վարչական վարույթ հարուցելու, անմիջապես ընդունում է Թուլյտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշում, որն ուժի մեջ է մտնում Թույլտվություն ունեցող անձին այն պատշաճ ձևով հանձնելու պահից: Եթե տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը չի ընդունում Թույլտվությունը կասեցնելու մասին որոշում, ապա Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումը համարվում է անվավեր, եթե Հանձնաժողովը նշված ժամկետում չի ընդունում Թույլտվությունը դադարեցնելու մասին որոշում: Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումն անվավեր համարվելու դեպքում Հանձնաժողովը պարտավոր է փոխհատուցել Թույլտվություն ունեցող անձի կրած վնասը:

18. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով Թույլտվությունը կասեցվում է առավելագույնը 3 (երեք) ամիս ժամկետով: Եթե նշված ժամանակահատվածում չեն վերանում Թույլտվության կասեցման հիմքերը, ապա Հանձնաժողովն ընդունում է Թույլտվության դադարեցման մասին որոշում:

19. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-7-րդ կետերով նախատեսված դեպքերում Թույլտվությունը կասեցվում է նույն օրենքով սահմանված ժամկետներով (պայմաններով):

20. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվությունը կասեցված է համարվում Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

21. Եթե Թույլտվության կասեցման ժամկետ սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա Թույլտվության կասեցումը վերացված է համարվում Թույլտվություն ունեցող անձի խախտումները վերացնելու մասին դիմումը համապատասխան հիմնավորող փաստաթղթերով Հանձնաժողովում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից, եթե այդ ընթացքում Հանձնաժողովն այլ որոշում չի կայացնում:

22. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3 -րդ, 5 -7-րդ, 12-րդ կետերով, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Հանձնաժողովին տրամադրված ցանկացած հայտարարության մեջ Թույլտվություն ունեցող անձի կողմից դիտավորյալ կեղծ տեղեկություն ներկայացնելու մասով), 3-6-րդ կետերով նախատեսված հիմքերով (դեպքերում) Թույլտվությունը կարող է կասեցվել խախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտելու օրվանից վեց ամսվա ընթացքում:

4. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

23.Թույլտվությունը (Թույլտվության գործողությունը) կարող է դադարեցվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 12-րդ հոդվածի 2-րդ մասով, «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 5-9-րդ կետերով նախատեսված դեպքերում (հիմքերով):

24.Թույլտվություն ունեցող անձն իրավունք ունի Հանձնաժողովի նիստում արտահայտել իր կարծիքը, ներկայացնել առարկություններ և առաջարկություններ Թույլտվության դադարեցման վերաբերյալ:

25. Թույլտվությունը դադարեցվում է` վերջինս, իսկ Հանձնաժողովի որոշմամբ Թույլտվություն տրամադրելու դեպքում` Հանձնաժողովի համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

26. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Թույլտվությունը համարվում է դադարեցված Թույլտվություն ունեցող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան օրվանից:

27. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով Թույլտվությունը համարվում է դադարեցված նրա գործողության ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից:

5. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

 

28. Թույլտվություն ունեցող անձը Թույլտվությունը դադարեցնելու ցանկության դեպքում դիմում է ներկայացնում Հանձնաժողով:

29. Թույլտվության դադարեցման կամ դադարեցման մերժման մասին որոշումը Հանձնաժողովն ընդունում է Թույլտվություն ունեցող անձի դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից 20 օրվա ընթացքում:

30. Թույլտվությունը դադարեցված է համարվում Թույլտվություն ունեցող անձի դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից, բացառությամբ սույն կարգի 31-րդ կետով սահմանված դեպքի կամ եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ չի նշել Թույլտվության դադարեցման ավելի ուշ ժամկետ:

31. Հանձնաժողովը կարող է սահմանել Թույլտվություն ունեցող անձի դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից, իսկ եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ նշել է Թույլտվության դադարեցման ավելի ուշ ժամկետ, ապա այդ ժամկետից ավելի ուշ ժամկետ, եթե Թույլտվության դադարեցման հետևանքով վտանգվում է կամ կարող է վտանգվել ազգային անվտանգությունը կամ հանրային շահը:

32. Թույլտվության դադարեցման մասին դիմումը Հանձնաժողովը համապատասխան որոշմամբ մերժում է, եթե դա նախատեսված է օրենքով կամ Թույլտվության դադարեցման հետևանքով վտանգվում է ազգային անվտանգությունը կամ հանրային շահը:

33. Սույն կարգի 29-րդ կետում նշված ժամկետում Թույլտվությունը դադարեցնելու կամ դադարեցումը մերժելու մասին Հանձնաժողովի որոշում չընդունվելու դեպքում Թույլտվությունը դադարեցված է համարվում դիմումն ստանալու օրվանից, իսկ եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ ավելի ուշ ժամկետ է նշել, ապա այդ ժամկետից:

 

6. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

 

34. Հանձնաժողովը Թույլտվության դադարեցման գործընթաց նախաձեռնելու դեպքում հարուցում է վարչական վարույթ և առաջնորդվում է Հանձնաժողովի 2011 թվականի մարտի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 21Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներով, բացառությամբ սույն կարգի 35-րդ կետում նախատեսված դեպքի:

35. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովը, առանց վարչական վարույթ հարուցելու, անմիջապես ընդունում է Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշում, որն ուժի մեջ է մտնում Թույլտվություն ունեցող անձին այն պատշաճ ձևով հանձնելու պահից: Եթե տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումն ուժի մեջ մտնելուց պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը չի ընդունում Թույլտվությունը դադարեցնելու մասին որոշում, ապա Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումն համարվում է անվավեր, եթե Հանձնաժողովը նշված ժամկետում չի ընդունում Թույլտվությունը կասեցնելու մասին որոշում: Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումն անվավեր համարվելու դեպքում Հանձնաժողովը պարտավոր է փոխհատուցել Թույլտվություն ունեցող անձի կրած վնասը:

36. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերով, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով նախատեսված հիմքերով (դեպքերում) Թույլտվությունը կարող է դադարեցվել խախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտելու օրվանից 1 տարվա ընթացքում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ`

Հ. ԹՈՐՈՍՅԱՆ