ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 59‑րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան հաշմանդամ ճանաչելու կարգը` համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2005թ. օգոստոսի 23-ի
թիվ 355 որոշման |
Կ Ա Ր Գ
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է ազատազրկման վայրում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) գտնվող ազատազրկված դատապարտյալին (այսուհետ` դատապարտյալ) «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը:
2. Քրեակատարողական հիմնարկում գտնվող` կենսաթոշակի իրավունք ունեցող դատապարտյալին կենսաթոշակ նշանակելու ու կենսաթոշակ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստում է քրեակատարողական հիմնարկը:
3. Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալին հաշմանդամության կենսաթոշակ է նշանակվում, եթե բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինն օրենքով սահմանված կարգով նրան հաշմանդամ է ճանաչում:
II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ
4. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը քրեակատարողական հիմնարկում գտնվող` կենսաթոշակի իրավունք ունեցող դատապարտյալին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու և կենսաթոշակը վճարելու համար՝
ա) նախապատրաստում է կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դատապարտյալի գրավոր դիմումի ու քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքի հետ միասին ներկայացնում տվյալ վարչական տարածքն սպասարկող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ստորաբաժանում (այսուհետ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում).
բ) դատապարտյալի անձնական գործում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում դրանք պահանջում է գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից.
գ) կենսաթոշակ նշանակվելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստանում է դատապարտյալի կենսաթոշակի վկայականը, այն պահում դատապարտյալի անձնական գործում և ազատվելու օրը հանձնում նրան.
դ) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստանում է խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ՝ կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերի մասին.
ե) կատարում է դատապարտյալների կենսաթոշակային ապահովությանն առնչվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
5. Քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի` կենսաթոշակ նշանակելու մասին գրավոր դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերը և քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքն ստանալուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) միջոցով ճշտում է դատապարտյալին կենսաթոշակ նշանակած լինելու փաստը:
Կենսաթոշակ նշանակած չլինելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է կենսաթոշակ:
Կենսաթոշակ նշանակած լինելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է դատապարտյալի կենսաթոշակի գործը և կատարում հաշվառում: Կենսաթոշակի վճարումը վերսկսվում է նրա նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցվելու օրվանից:
Չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` միանվագ` սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերին համապատասխան:
6. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ կենսաթոշակ նշանակելու մասին դիմումի քննարկման և ընդունված որոշման մասին գրավոր տեղեկացնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:
7. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի կենսաթոշակը վերահաշվարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հիմնական կենսաթոշակի չափը և (կամ) ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը յուրաքանչյուր անգամ սահմանվելուց հետո` առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, իսկ տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակվելուց հետո առնվազն 2 տարի աշխատած լինելու դեպքում` կենսաթոշակառուի գրավոր դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա:
8. Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխելու կենսաթոշակի տեսակը:
9. Քրեակատարողական հիմնարկից կենսաթոշակառու դատապարտյալի՝ պատժից պայմանական վաղաժամկետ կամ պատիժը լրիվ կրելով ազատման դեպքում, կամ ազատազրկման ձևով պատիժն ազատությունից զրկելու հետ չկապված պատժով փոխարինելու կամ նրա մահվան դեպքում քրեակատարողական հիմնարկի ղեկավարը 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր հայտնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը` նշելով կենսաթոշակառուին քրեակատարողական հիմնարկից ազատելու հիմքերը, օրը, ամիսը, տարեթիվը:
10. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկից կենսաթոշակառու դատապարտյալի ազատվելու մասին ստացված տեղեկատվության հիման վրա կասեցնում է կենսաթոշակի վճարումը:
Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում դադարեցվում է կենսաթոշակի վճարումը, իսկ կենսաթոշակառուին հասանելիք, բայց չստացված կենսաթոշակի գումարները տնօրինվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
III. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Կենսաթոշակառուների կենսաթոշակների գումարները փոխանցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունն սպասարկող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացված արտաբյուջետային հաշվին:
Քրեակատարողական հիմնարկը, ըստ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստացված վճարման ցուցակների, կենսաթոշակի գումարները յուրաքանչյուր ամիս արտացոլում է իր կողմից վարվող` կենսաթոշակառու դատապարտյալի անձնական հաշվում: Կենսաթոշակ ստանալու փաստը հավաստվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստացված վճարման ցուցակներում կենսաթոշակառուի ստորագրությամբ: Քրեակատարողական հիմնարկը ստորագրված վճարման ցուցակները վերադարձնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
12. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի ցանկությամբ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկում կենսաթոշակառուի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում նրա կենսաթոշակի գումարը յուրաքանչյուր ամիս արտացոլում է հիմնադրամի կողմից վարվող` կենսաթոշակառու դատապարտյալի անձնական հաշվում` մինչև քրեակատարողական հիմնարկից նրա ազատվելը:
Եթե քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարը կուտակվում է հիմնադրամի կողմից վարվող նրա անձնական հաշվում, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի ղեկավարին ուղարկում է դատապարտյալի անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարի չափի մասին (աճողական` տվյալ պահի դրությամբ ամփոփ տվյալներ) գրավոր տեղեկանք, որը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
13. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը քրեակատարողական հիմնարկից դատապարտյալի ազատվելու դեպքում նրան տրամադրում է հիմնադրամի կողմից վարվող՝ նրա անձնական հաշվում կուտակված կենաթոշակի գումարների տնօրինման համար անհրաժեշտ փաստաթղթեր (կենսաթոշակի վկայական, անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարների մասին տեղեկանք և այլ փաստաթղթեր):
14. Քրեակատարողական հիմնարկում գտնված ամբողջ ժամանակահատվածում կենսաթոշակի կուտակված գումարն անձին վճարվում է մեկ ամսվա ընթացքում` միանվագ, եթե նա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում գրավոր դիմում և անձը հաստատող փաստաթուղթ:
15. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարները հիմնադրամի կողմից վարվող անձնական հաշվում կուտակելուն վերաբերող փաստաթղթերը վարում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման համապատասխան աշխատողը:
16. Կենսաթոշակառու դատապարտյալը քրեակատարողական հիմնարկից ազատվելուց հետո գրավոր դիմում է իր փաստացի բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որը քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է նրա կենսաթոշակի գործը: Կենսաթոշակի գործն ուղարկող ստորաբաժանումը գործի հետ միասին ուղարկում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանք:
17. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դատապարտյալի կենսաթոշակը նշանակում (վերահաշվարկում), կենսաթոշակի տեսակը փոխում, կենսաթոշակը վճարում և կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) վարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼԸ
18. Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի բժշկասոցիալական փորձաքննությունը կատարվում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին տրված դիմումի հիման վրա:
19. Ստանալով դիմումը` քրեակատարողական հիմնարկի ղեկավարը դատապարտյալին բժշկական փորձաքննության ենթարկելու և բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու համար 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր է ուղարկում քրեակատարողական հիմնարկը կամ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող առողջապահական կազմակերպություն: Առողջապահական կազմակերպությունը միջնորդագիրն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկում կատարում է դատապարտյալի բժշկական փորձաքննությունը և անհրաժեշտության դեպքում նրան ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության: Առողջապահական կազմակերպությունը բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը հանձնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:
20. Ստանալով բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը` քրեակատարողական հիմնարկի ղեկավարը 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է իր գտնվելու վայրի վարչական տարածքի բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին` դատապարտյալի բժշկասոցիալական փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ:
21. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարի միջնորդությունը և բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրն ստանալուց հետո տվյալ վարչական տարածքի բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը քրեակատարողական հիմնարկում կատարում է դատապարտյալի բժշկասոցիալական փորձաքննությունը:
22. Դատապարտյալին հաշմանդամ ճանաչելու դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի ղեկավարին է ուղարկում անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքը, որը պահվում է դատապարտյալի անձնական գործում:
Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը դատապարտյալի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքն ստանալուց հետո կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ուղարկում կենսաթոշակ նշանակելու մասին դատապարտյալի գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |