ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 21 հունվարի 2021թ. |
N 27-Ն |
ք. Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված քաղաքացիները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ազատվում են հետևյալ պետական տուրքերի վճարումից՝
1) Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար (կորստյան կապակցությամբ).
2) ավտոմեքենայի պետական համարանիշ տալու համար (պատերազմական գործողությունների հետևանքով վնասված հաշվառման համարանիշերի դեպքում, եթե դիմողը ներկայացնում է վնասված համարանիշը).
3) ավտոմեքենայի (մոտոցիկլետի) տեխնիկական անձնագիր (գրանցման վկայական) տալու համար (կորստյան կապակցությամբ).
4) վարորդական իրավունքի վկայական տալու համար (կորստյան կապակցությամբ):
2. Արցախի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ն Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքերի չափի վերաբերյալ:
3. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված հաշվետվությունը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Արցախի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրք վճարողների փոխարեն Արցախի Հանրապետության կառավարության կողմից վճարման ենթակա պետական տուրքերի վճարումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից ծագած հարաբերությունների վրա:
5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերում վճարված պետական տուրքերն ենթակա են վերադարձման:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |