ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
փետրվարի 4-ին |
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս
«2.1. Սույն օրենքի իմաստով՝
1) դեբիտորական պարտք է համարվում հարկ վճարողին այլ անձանց (դեբիտորների) կողմից վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի գումարը, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարկ վճարողին վճարման (վերադարձման) ենթակա պարտքի գումարների.
2) կրեդիտորական պարտք է համարվում հարկ վճարողի կողմից այլ անձանց (կրեդիտորներին) վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի (այդ թվում` աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, շահաբաժինների գծով) գումարը, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարկ վճարողի կողմից վճարման ենթակա պարտքի գումարների:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «մաշվածքի ենթակա» բառերից հետո լրացնել «, սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին պատկանող կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) ստացված» բառերը:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «ժզ» կետում վերջակետը փոխարինել միջակետով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» կետ.
«ժէ) սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին պատկանող, սակայն ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրված հիմնական միջոցների մասով սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը:»:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ 100 000 ՀՀ դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության)՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:»:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի «ժա» կետում «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. փետրվարի 15
Ստեփանակերտ
ՀՕ-6-Ն |
|