Համարը 
ՀՕ-19-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.02.19/03(423)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
11.02.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.02.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.02.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

     

Ընդունված է 2021 թվականի

փետրվարի 11-ին

«ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» 2002 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-207 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «դ» և 12-րդ հոդվածի 31-ին կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6.

Առևտրի հարկի գործողության դադարումը

 

1. Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե տեղի է ունեցել սույն օրենքի 4-րդ հոդվածով նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առևտրի հարկ վճարողները ընթացիկ տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկում են հետևյալ դրույքաչափով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դրույթները՝

1) 2021 թվականի հունվարի 1-ից՝ 2 տոկոս դրույքաչափով.

2) 2022 թվականի հունվարի 1-ից՝ 3 տոկոս դրույքաչափով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Հաշվետու ժամանակաշրջանի համար հարկվող օբյեկտի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված առևտրի հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական վճարի գումարները), ինչպես նաև Արցախի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ` ապրանքներ ձեռք բերելու ծախսեր)` 2021 թվականի հունվարի 1-ից մեկ տոկոսը կազմող գումարի չափով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ երկու տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո առևտրի հարկի գումարը կազմում է հարկվող օբյեկտի մեկ տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ առևտրի հարկի գումարը կազմի հարկվող օբյեկտի մեկ տոկոսը: Սույն մասին համապատասխան` առևտրի հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար հարկվող օբյեկտի բացակայության դեպքում)` սույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար հարկվող օբյեկտի նկատմամբ հաշվարկվող առևտրի հարկի գումարից:»:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առևտրի հարկ վճարողները հարկի գումարը հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով մինչև հաջորդ ամսվա 20-ը պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկվող օբյեկտի նկատմամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված առևտրի հարկի գումարի և սույն օրենքի 8-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված՝ առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Առևտրի հարկ վճարողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի առևտրի հարկի հաշվարկում հարկի գումարը սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 20 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում ` գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 40 տոկոսի չափով:

4. Եթե հարկ վճարողը, սույն օրենքի համաձայն, առևտրի հարկ վճարող լինելու պայմաններին չբավարարելու կամ առևտրի հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքում շարունակել է իրեն համարել առևտրի հարկ վճարող, ապա այդ փաստերը ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ` հիմք ընդունելով հարկման կարգերի փոփոխությունը և վճարած առևտրի հարկի մեջ սույն օրենքով սահմանված ԱԱՀ-ի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծությունները:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. փետրվարի 19

Ստեփանակերտ

ՀՕ-19-Ն