Համարը 
ՀՕ-24-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.02.19/03(423)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
11.02.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.02.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.02.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Օրենքի 13.1-ին հոդվածի դրույթները գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

     

Ընդունված է 2021 թվականի

փետրվարի 11-ին

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին հոդված.

 

«Հոդված 13.1.

 

1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահմանված կարգով հաշվարկված հարկերի գումարը Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը կնքված վարկային (փոխառության) պայմանագրերի հիման վրա ստացված ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և դրանց սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով վերադարձվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից տվյալ եռամսյակի կամ տվյալ կիսամյակի համար հաշվարկված հարկերի հանրագումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վարկի (փոխառության) և դրա սպասարկման համար վճարված տոկոսների գումարը` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները՝

1) չեն տարածվում վարկային կազմակերպությունների, բանկերի, գրավատների, բնական գազի ներկրման, փոխադրման, բաշխման և գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման, էլեկտրական էներգիայի ներկրման, հաղորդման, բաշխման և արտահանման, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության (վերամշակման) լիցենզավորված գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա.

2) տարածվում են սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հետևյալ հարկատեսակների վրա`

ա. շահութահարկ,

բ. եկամտային հարկ,

գ. ակցիզային հարկ,

դ. ավելացված արժեքի հարկ,

ե. հաստատագրված վճարներ,

զ. առևտրի հարկ:

3. Սույն հոդվածով նախատեսված գումարները`

1) վարկային (փոխառության) պայմանագրի համաձայն՝ ամսական կամ եռամսյակային վճարումներ կատարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ենթակա են վերադարձման եռամսյակային, վարկային (փոխառության) պայմանագրի համաձայն կիսամյակային վճարումներ կատարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատերերին` կիսամյակային պարբերականությամբ.

2) կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ենթակա են վերադարձման, եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի կամ տվյալ կիսամյակի համար սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված հարկատեսակների գծով հարկային պարտավորությունները:

4. Սույն հոդվածով նախատեսված գումարներից վերադարձման ենթակա գումարների առավելագույն չափերը որոշելիս հաշվետու տարվա եռամսյակները և կիսամյակները դիտարկվում են առանձին-առանձին:

5. Եթե սույն հոդվածով նախատեսված գումարները վերադարձնելուց հետո սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված հարկատեսակներից որևէ մեկի կամ մի քանիսի մասով հարկային մարմին է ներկայացվում ճշտված հաշվարկ, կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման հիման վրա փոխվում է հարկային մարմին ներկայացված հաշվարկներով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի արդյունքում`

1) համապատասխան եռամսյակի կամ կիսամյակի համար կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկներով նախկինում հայտարարագրված հարկերի պարտավորությունը նվազում է կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը վերադարձված հարկերի գումարից, ապա փաստացի վերադարձված և ճշտված հարկերի գումարի տարբերության չափով հարկերի վերադարձման օրվա դրությամբ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջն առաջադրվում է տվյալ հարկատեսակի գծով պարտավորություն.

2) համապատասխան եռամսյակի կամ կիսամյակի համար կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկներով նախկինում հայտարարագրված հարկերի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է սույն հոդվածի համաձայն հարկերի վերադարձվող գումարի առավելագույն չափի վերահաշվարկ:

6. Սույն հոդվածով նախատեսված` կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «ժգ» բառից առաջ լրացնել «գ.1», բառը:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

2. Օրենքի 13.1-ին հոդվածի դրույթները գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. փետրվարի 19

Ստեփանակերտ

ՀՕ-24-Ն