ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
25-Ի ՆՀ-107-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրի (այսուհետ՝ հրամանագիր) 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 51-րդ կետից հանել 12-րդ ենթակետը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.1-ին և 51.2-րդ կետեր՝
«51.1. Քաղաքացիների դիմումների բաժինը՝
1) իրականացնում է աշխատակազմում ստացված գրավոր դիմումների հաշվառում, ինչպես նաև համակարգչային մուտքագրում և ուսումնասիրություն.
2) ընթացք է տալիս դիմումներին, կազմակերպում դրանցում արծարծված հարցերի քննարկումը, անհրաժեշտության դեպքում դրանք հասցեագրում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք իրավասու են լուծում տալու բարձրացված հարցերին, առավել էական առաջարկությունները, դիմումները և գանգատները զեկուցում է աշխատակազմի ղեկավարին.
3) հսկողություն է իրականացնում բաժնի միջոցով պատրաստված` աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ուղարկված դիմումների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ։
51.2. Քաղաքացիների ընդունելության և զանգերի բաժինը՝
1) կատարում է քաղաքացիների ընդունելություն, քաղաքացու մասնակցությամբ իրականացնում է բարձրացված հարցերի վերաբերյալ քննարկում, տալիս պարզաբանում, տրամադրում խորհրդատվություն, հնարավորության դեպքում աշխատանքային կարգով կարգավորում բարձրացված խնդիրները.
2) ապահովում է Նախագահի աշխատակազմի «թեժ» գծի բնականոն գործունեությունը, «թեժ» գծով (հեռախոսակապ, ինչպես նաև էլեկտրոնային կապ) և ընդունելությունների միջոցով ստացված բանավոր դիմումների և բողոքների ընդունումն ու գրանցումը, քննարկումը և սահմանված կարգով ընթացք տալը, իրականացնում դրանցում ներկայացված փաստերի ուսումնասիրություն.
3) վերլուծում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվությունը և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնում քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների կամ բողոքների լուծման վերաբերյալ, ինչպես նաև Նախագահին ու աշխատակազմի ղեկավարին տրամադրում է պետական կառավարման համակարգի մարմինների կողմից լուծում չստացած, քաղաքացու կողմից բարձրացված հարցերի հնարավոր լուծման այլընտրանքային տարբերակներ.
4) վերլուծում և ամփոփոում է աշխատակազմում քաղաքացիներից, այդ թվում՝ «թեժ» գծով ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքներն ըստ ոլորտների և բնույթի, պարբերաբար դրանց մասին տեղեկատվություն և առաջարկություններ ներկայացնում Նախագահին և աշխատակազմի ղեկավարին։»։
2. Հրամանագրի 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքում՝
1) 20-րդ կետից հանել «քաղաքացիների ընդունելության և նամակների բաժին» բառերը.
2) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Տեղեկատվության գլխավոր վարչություն (հանրային կապերի և տեղեկատվական քաղաքականության համակարգման բաժին, մշտադիտարկման և վերլուծության բաժին)».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-ին և 23.2-րդ կետեր՝
«23.1. Քաղաքացիների դիմումների բաժին
23.2. Քաղաքացիների ընդունելության և զանգերի բաժին»։
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ.փետրվարի 20
Ստեփանակերտ
ՆՀ-1236-Ն |
|