Համարը 
N 295-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2016.11.25/11(140)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվը 
07.11.2016
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
07.11.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի
N 90-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2016 թվականի նոյեմբերի 17-ին

պետական գրանցման համարը 1051686

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 

«07» նոյեմբերի 2016թ.

N 295-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 90-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման և ավարտման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 4-ի N 74-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N90-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) վերնագիրը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N74-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) նախաբանում ««Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի» բառերից հետո լրացնել «16-րդ հոդվածի 11-րդ մասին,» բառերը.

3) 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը՝ համաձայն հավելվածի:».

4) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ս. ԱՍՐՅԱՆ

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության, գիտության և սպորտի նախարարի

2016թ. նոյեմբերի 7-ի N 295-Ն հրամանի

 

 

 

«Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2013թ. ապրիլի 25-ի N 90-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ

ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողի փոխադրման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման կազմակերպման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման գործընթացի կազմակերպման հետ կապված իրավահարաբերությունները` անկախ Հաստատության կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:

 

Գ Լ ՈՒ Խ I

ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

2. 1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով` բնութագրման միջոցով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը`

1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի և Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ.

2) դասվարի հիմնավորված առաջարկության հիման վրա` Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնությամբ:

3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն, ունեցող սովորողների՝ հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա:

4. 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը ստանում է վկայական և փոխադրվում է հաջորդ դասարան: Վկայականը ներառում է սովորողի 4-րդ դասարանի գիտելիքների ստուգման և տարեկան գնահատականները:

5. 9-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 2-րդ աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան 4-10 միավոր և պետական ավարտական բոլոր քննություններից 4-10 և 8-20 միավոր գնահատված սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական:

6. 12-րդ դասարանում (ուսումնական հաստատության հանրակրթական հիմնական ծրագրերի 3-րդ աստիճանի ավարտական դասարան) ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 4-10 և 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:

7. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում մինչև երկու առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողի փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում՝ նրա հանձնած վերաքննությունների արդյունքներով: Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են Հաստատության համապատասխան մեթոդմիավորման կողմից:

8. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`

1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ

2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի 1-3 միավոր գնահատված առարկաների քննությունները:

9. 8-րդ կետում նշված վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը կրկնում է սույն կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը` անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:

10. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական երեք և ավելի առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողները կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

11. 4-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե`

1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան և (կամ) գիտելիքների ստուգումից գնահատվել է 1-3 միավոր.

2) վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-3 միավոր:

12. 19 տարին չլրացած 9-րդ և 12-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե`

1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր է գնահատվել.

2) ավարտական քննությունների ընթացքում 1-7 և տարեկան` 1-3 միավորների ընդհանուր թիվը կազմում է երեք և ավելի.

3) վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-7 միավոր:

13. Սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմաններով փոխադրվող և (կամ) սույն կարգով սահմանված վերաքննություններ հանձնող սովորողի համար ուսուցում կազմակերպելու նպատակով Հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագիտական խումբ:

14. Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին` Հաստատության տնօրենը հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրեր և լրացուցիչ պարապմունքների ժամանակացույց:

15. Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ դասընթացը կրկնելու վերաբերյալ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման մասին տնօրենի հանձնարարությամբ սովորողի ծնողին (օրինական ներկայացուցչին) տեղյակ է պահում դասղեկը` մանկավարժական խորհրդի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:

16. 2-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում տարեկան 9-10, 4-րդ դասարանում տարեկան գիտելիքների ստուգումից 9-10, 9-րդ և 12-րդ դասարաններում տարեկան 9-10, պետական ավարտական քննություններից 9-10 և (կամ) 18-20 միավոր գնահատված սովորողները պարգևատրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) գովասանագրով:

17. 8-րդ և 9-րդ դասարանների ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան 9-10 և քննական 18-20 միավոր գնահատված սովորողը ստանում է «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական: Որևէ առարկայից չգնահատված՝ հիմնական դպրոցի սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը.

2) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը.

3) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:

18. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչները` ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները:

19. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:

 

ԳԼՈՒԽ II

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

20. 4-րդ դասարանում անցկացվում է գիտելիքների ստուգում` «Մայրենի» (թելադրություն) և «Մաթեմատիկա» (գրավոր), ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար՝ նաև «Ռուսաց լեզու» (բանավոր) առարկաներից:

«Մայրենի» (թելադրություն) և «Մաթեմատիկա» (գրավոր) առարկաներից առաջադրանքները կազմվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից (այսուհետ` ԳԹԿ), «Ռուսաց լեզու» (բանավոր) առարկայից՝ հաստատության մեթոդմիավորման կողմից:

21. 9-րդ դասարանում անցկացվում են ավարտական քննություններ` «Հայոց լեզու և հայ գրականություն» (փոխադրություն), «Մաթեմատիկա» (գրավոր), «Գրականություն» (բանավոր), «Օտար լեզու» («Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն») (բանավոր՝ սովորողի ընտրությամբ), «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների համակցված առաջադրանքներով` գրավոր), «Հայոց պատմություն» (բանավոր), «Ֆիզկուլտուրա», ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար՝ նաև «Ռուս գրականություն» (բանավոր) առարկաներից:

1) ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:

2) «Ֆիզկուլտուրա», «Ռուս գրականություն» (բանավոր) առարկաների առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:

3) «Մաթեմատիկա» (գրավոր) քննությունը անցկացվում է կենտրոնացված ձևով:

22. 12-րդ դասարանում անցկացվում են պետական ավարտական քննություններ` «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), «Մաթեմատիկա» (գրավոր), «Հայոց պատմություն» (գրավոր), ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև «Ռուսաց լեզու և գրականություն» (բանավոր) առարկաներից:

1) պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:

2) «Ռուս գրականություն» (բանավոր) առարկայի առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորման կողմից:

3) «Ֆիզկուլտուրա» առարկան ամփոփվում է ստուգարքով, որի առաջադրանքները կազմվում են Հաստատության մեթոդմիավորման կողմից:

23. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:

24. 4-րդ դասարանի` տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) և (կամ) գիտելիքների ստուգումից 1-3 միավոր (եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում երեքը) գնահատված լինելու, գիտելիքների ստուգմանը չներկայանալու դեպքում սովորողը հանձնում է վերաքննություն` օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` հաստատության մեթոդմիավորումների կազմած առաջադրանքների հիման վրա:

25. 9-րդ դասարանի մինչև 19 տարեկան սովորողը, տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) և (կամ) ավարտական քննություններից 1-3 և (կամ) 1-7 միավոր գնահատված լինելու և (կամ) քննության օրը չներկայանալու դեպքում (եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում երեքը), վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:

1) ավարտական քննական առարկաներից վերաքննությունների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից:

2) «Ֆիզկուլտուրա», «Ռուս գրականություն» առարկաների ավարտական քննությունների և ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներից վերաքննության առաջադրանքները կազմվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից:

26. 12-րդ դասարանի մինչև 19 տարեկան սովորողը, տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) և (կամ) պետական ավարտական քննություններից 1-3 և (կամ) 1-7 միավոր գնահատված լինելու և (կամ) քննության օրը չներկայանալու դեպքում (եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում երեքը), վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

1) պետական ավարտական քննական առարկաներից վերաքննությունների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից:

2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքի, «Ռուս գրականություն» առարկայի և ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներից վերաքննության առաջադրանքները կազմվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից:

27. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները, «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և (կամ) «Երկրաչափություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում չեն մասնակցում «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն` հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

28. Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և (կամ) «Երկրաչափություն» առարկաներից տարեկան և «Մաթեմատիկա» առարկայից քննական և միջնակարգ կրթության ատեստատում «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և (կամ) «Երկրաչափություն» առարկաներից տարեկան և «Մաթեմատիկա» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:

29. Եթե 9-րդ կամ 12-րդ դասարանների սովորողը «Հայոց լեզու», «Հայ գրականություն» կամ «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներն ուսումնասիրել է վերջին երկու ուսումնական տարիներին, ապա հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում, սովորողի ցանկությամբ, կարող է գրվել` «չի ուսումնասիրել» բառերը: Տվյալ դեպքում սովորողն իր ցանկությամբ կարող է ազատվել 9-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների պետական ավարտական քննություններից: Այդ դեպքում ավարտական փաստաթղթի համապատասխան տողում գրվում է` «ազատված է» բառերը:

30. Առողջության պատճառով (հիմք` բժշկական տեղեկանքը) 9-րդ դասարանի և 12-րդ դասարանի 4 և ավելի պետական ավարտական քննություններին չներկայացած սովորողների վերաքննություններին մասնակցելու հարցը քննարկվում է Նախարարությունում:

1) վերաքննություններին մասնակցության թույլտվության մասին դիմումը և բացակայությունները հիմնավորող փաստաթղթերը Հաստատության տնօրենը քննաշրջանի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է Նախարարություն: Նախարարությունում դիմումը քննարկվում է մուտքագրումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

31. 19 տարին լրացած` երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 և (կամ) քննական 1-7 միավոր գնահատված (այդ թվում` վերաքննության արդյունքներով), պետական ավարտական քննություններին չմասնակցած 9-րդ կամ 12-րդ դասարանների սովորողները դուրս են մնում Հաստատությունից: Այդ սովորողները կարող են հաջորդ տարի իրենց Հաստատությունում հանձնել քննություններ, ստանալ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ:

32. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանների արական սեռի սովորողները, քննաշրջանի ավարտից հետո տարեկան 1-3 և (կամ) քննական` 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում դուրս են մնում Հաստատությունից: Այդ սովորողները իրավունք ունեն քննություն(ներ) հանձնել և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալ.

1) զորացրվելուց անմիջապես հետո իր ուսումնառած Հաստատությունում` ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում.

2) ընթացիկ տարվա ամառային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները` օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնական Հաստատությունում.

3) ծառայության ընթացքում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնական Հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:

33. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանների իգական սեռի, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված քաղաքացիներին իրավունք է վերապահվում հաջորդ տարի նույն Հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից, իսկ նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում` այդ բնակավայրում գտնվող Հաստատություններից մեկում:

34. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողներն ազատվում են գիտելիքների ստուգումից (4-րդ դասարան) և պետական ավարտական (9-րդ և 12-րդ դասարաններ) քննություններից: Նրանց տրվում է հավաստագիր, պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:

35. Հաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների գիտելիքների ստուգումը և պետական ավարտական, այդ թվում` ուսման մեջ գերազանց առաջադիմության համար գերազանցության մեդալի (այսուհետ` Մեդալ) հավակնորդների քննությունների կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է սույն կարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի` (այսուհետ Նախարար) տվյալ ուսումնական տարվա համար հաստատած սովորողի գիտելիքների ստուգման և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և աշխատակարգի համաձայն:

36. Սույն կարգի պահանջներին համապատասխան քննություն չհանձնած սովորողներին հետագայում իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնել էքստեռն ավարտական քննություններ և ստանալ ավարտական փաստաթուղթ (վկայական կամ ատեստատ):

 

Գ Լ ՈՒ Խ III

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ

ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

37. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից 15 օր առաջ:

38. Ուսումնական տարվա ընթացքում 180-240 ժամ դասերից բացակայած 2-12-րդ դասարանների սովորողների՝ հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում` մինչև մայիսի 15-ը:

39. Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք` 2-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ:

40. 10-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների մասին տեղեկատվությունը, մանկավարժական խորհրդի նիստում քննարկելուց հետո, Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն:

41. Որևէ կիսամյակում 2-12-րդ դասարաններում 180-240 ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային գնահատականները չեն նշանակվում` անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից.

1) տվյալ կիսամյակի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն:

Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում.

2) ուսումնական տարվա ընթացքում 2-12-րդ դասարաններում 180-240 ժամ բացակայության դեպքում բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն:

42. 2-12-րդ դասարաններում 180-240 ժամ բացակայության դեպքում սովորողները տվյալ տարվա մայիսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում լրացուցիչ քննություններ են հանձնում «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») և ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար՝ «Ռուսաց լեզու» առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: «Ֆիզկուլտուրա» առարկայից անցկացվում է ստուգարք:

43. 2-12-րդ դասարաններում 240 ժամից ավելի բացակայելու կամ սույն կարգով նախատեսված 3 և ավելի առարկաների քննություններից (այդ թվում` վերաքննություններից) և ամփոփիչ ստուգողական աշխատանքներից 1-3 միավոր գնահատված լինելու դեպքերում սովորողը կրկնում է դասընթացը, իսկ 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողը դուրս է մնում ուսումնական Հաստատությունից:

44. Բոլոր դասարանների քննական և ստուգողական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից` առնվազն 3 տարբերակով: Դրանք հաստատվում են Հաստատության տնօրենի կողմից:

45. Հաստատության տնօրենը կազմում է սույն կետում նշված քննությունների ժամանակացույցը և տեղեկացնում Նախարարությանն ու լիազոր մարմնին: Քննություններին կարող են մասնակցել Նախարարության և (կամ) լիազոր մարմնի ներկայացուցիչը (ները):

46. Լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները:

 

Գ Լ ՈՒ Խ IV

ՈՒՍՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

47. Մեդալի ներկայացվում է 9-րդ դասարանը հիմնական կրթության գերազանցության վկայականով ավարտած և 10-12-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկան 9 կամ 10 միավոր գնահատված սովորողը:

48. Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից չգնահատված սովորողը, որպես Մեդալի հավակնորդ, չի ներկայացվում, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը.

2) ավագ և միջնակարգ (հոսքային) դպրոցների բնագիտամաթեմատիկական և արհեստագործական հոսքերում ուսումնառության երեք տարիների ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների` ուսումնական պլաններով չնախատեսված լինելը.

3) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը.

4) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկայի չուսումնասիրելը:

49. Մեդալի հավակնորդ սովորողների անվանացանկերը առաջին կիսամյակն ամփոփելուց անմիջապես հետո Հաստատությունները ներկայացնում են շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի կրթության և սպորտի բաժիններ, իսկ Նախարարության ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների անվանացանկերը՝ Նախարարություն:

50. Մինչև ապրիլի 1-ը շրջվարչակազմերի և (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմերի կրթության և սպորտի բաժինները և Նախարարությունը Հաստատություններում ստուգում են ներկայացված փաստաթղթերի օրինականությունն ու հիմնավորվածությունը:

51. Մինչև ապրիլի 10-ը շրջվարչակազմերի և (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմերի կրթության և սպորտի բաժինները ստուգված ցուցակները ներկայացնում են Նախարարություն` կցելով հիմնավորող փաստաթղթերը (հիմնական կրթության վկայականի պատճենը, քաղվածք մանկավարժական խորհրդի որոշումից, տեղեկանք սովորողի առաջադիմության մասին, տեղեկատվություն սովորողի` պետական ավարտական և միասնական քննությունների վերաբերյալ): Մեդալի ներկայացված հավակնորդների փաստաթղթերը Նախարարությունում կարող են կրկնակի ուսումնասիրվել:

 

Գ Լ ՈՒ Խ V

ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

 

52. Մեդալի հավակնորդ բոլոր սովորողները (անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և հաստատությունում ուսուցման լեզվից), այդ թվում` սույն կարգի 48-րդ կետի 1-4 ենթակետերի հիմքով քննություններին մասնակցող սովորողները, «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաների պետական ավարտական քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով` Ստեփանակերտ քաղաքում.

1) Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, որոնց համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաները համարվում են բուհական ընդունելության մրցութային քննություն, քննություն են հանձնում միասնական համակարգով (պետական ավարտական քննության միավորները հաշվարկվում են միասնական քննության ավարտական մասի գնահատականի հիման վրա):

53. «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաները ոչ մրցութային լինելու դեպքում Մեդալի հավակնորդի համար հիմք է կենտրոնացված համակարգով հանձնված պետական քննական առարկայի գնահատականը:

54. Կենտրոնացված համակարգով հանձնվող «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից պետական ավարտական քննություններն անցկացվում են Նախարարության կողմից նախապես որոշված` Ստեփանակերտ քաղաքի որևէ Հաստատությունում` տվյալ քննությունների համար սահմանված օրերին:

55. Պետական ավարտական քննությունների նախապատրաստման համար պատասխանատու է Հաստատության տնօրենը: Քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկում են Նախարարության ներկայացուցիչները:

56. «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների քննական աշխատանքները ստուգվում են Նախարարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից քննության հաջորդ օրը` ԳԹԿ-ի համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե Նախարարության ներկայացուցիչն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական գրավոր աշխատանքները մինչև դրանց ստուգման ավարտը պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:

57. «Հայոց պատմություն» առարկայից պետական ավարտական քննությունը և «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարքը Մեդալի հավակնորդը հանձնում է իր Հաստատությունում` նույն կարգով, ինչ կարգով մյուս շրջանավարտները՝ Նախարարության վերահսկողությամբ:

58. Մեդալի հավակնորդ սովորողի, ինչպես նաև Հաստատության մյուս սովորողների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնն են:

59. Մինչև հունիսի 25-ը Հաստատությունը շրջվարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմերի կրթության և սպորտի բաժիններ է ներկայացնում տեղեկանք` Հաստատությունում «Հայոց պատմություն» առարկայից պետական ավարտական քննության և «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարքի արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են շրջվարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմերի կրթության և սպորտի բաժիններում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում են Նախարարություն: Նախարարության ենթակայության Հաստատությունները սույն կետով նախատեսված տեղեկանքը նույն ժամկետում ներկայացնում են Նախարարություն:

60. Պետական ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած Մեդալի հավակնորդները պարգևատրվում են Մեդալով:»:

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության, գիտության և սպորտի

նախարարության աշխատակազմի ղեկավար`

Է. Գրիգորյան