| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2018 թվականի փետրվարի 13-ին
պետական գրանցման համարը 3031816 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հունվարի 2018 թվականի |
N 1-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 23Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է`
1. Սահմանել Արցախի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» թիվ 23Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի
2018 թվականի հունվարի 30-ի N 1-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է էլեկտրական էներգիայի (հզորության) և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ համակցված), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման, էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի օպերատորների լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող կամ լիցենզիա ունեցող ընկերությունների (այսուհետ` Ընկերություն) սակագների սահմանման ու վերանայման գործընթացը:
2. Սույն կարգը չի կանոնակարգում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման սակագների սահմանման և վերանայման գործընթացը:
3. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են՝
1) Հանձնաժողով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով.
2) Հայտ` սույն կարգի համաձայն սակագնի սահմանման կամ վերանայման համար Հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի փաթեթ.
3) Հայտատու՝ սակագների սահմանման կամ վերանայման Հայտ ներկայացնող իրավաբանական անձ:
4. Սակագների սահմանման ու վերանայման առնչությամբ Հայտատուի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը սահմանում է Հանձնաժողովը:
5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես Ընկերության, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:
6. Սակագների գործողության ժամկետը վեց ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
7. Հայտատուն Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:
8. Հայտատուի կողմից Հանձնաժողով ներկայացվող բոլոր փաստաթղթերը պետք է վավերացված լինեն Ընկերության կնիքով և լիազորված անձի ստորագրությամբ:
2. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ
9. Սակագների սահմանման կամ վերանայման համար Հայտատուն համապատասխան հաշվարկներով և հիմնավորումներով Հայտ է ներկայացնում Հանձնաժողով՝ երկու օրինակից (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում՝ մեկ օրինակից)՝ համաձայն սույն կարգի հավելվածով սահմանված փաստաթղթերի ցանկի: Ընկերությունը Հայտը Հանձնաժողով մուտքագրում է սույն կարգի հավելվածով սահմանված հայտարարության ձևով հրապարակելուց ոչ ուշ, քան 30 օր հետո:
10. Հայտը Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը:
11. Հանձնաժողովը Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտը Հանձնաժողովում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում:
12. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝
1) բացակայում է սույն կարգի հավելվածով սահմանված փաստաթղթերից որևէ մեկը, Հայտում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Արցախի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին.
2) ներկայացված փաստաթղթերում և տեղեկատվություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.
3) սակագնի սահմանման վերաբերյալ առաջին անգամ Հայտ ներկայացնող ընկերությունը չի ավարտել կառուցման աշխատանքները:
13. Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում այն Հայտատուին չի վերադարձվում և պահպանվում է Հանձնաժողովում:
14. Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտատուն, հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո, կարող է նոր Հայտով դիմել Հանձնաժողով: Այդ դեպքում Հայտատուն իրավունք ունի հղում կատարել նախկին Հայտով ներկայացված փաստաթղթերին, եթե դրանցում ներկայացված տվյալները նոր Հայտի ներկայացման պահին չեն փոփոխվել:
15. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովը Հայտն ընդունում է ուսումնասիրության։
16. Սպառողների համար սակագների սահմանման կամ վերանայման դեպքում`
1) Հայտի ստուգման դրական արդյունքների մասին Հայտատուին տեղեկացնելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայտը տեղադրվում է Հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու Հայտին, ներկայացնելու իրենց առաջարկները և ստանալու պարզաբանումներ.
2) մինչև սակագների սահմանման (վերանայման) մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին ներկայացնելու օրը՝
ա. սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները՝ Հայտով ներկայացված հաշվարկների հետ համեմատականով, տեղադրվում են Հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկությունները և ստանալու պարզաբանումներ.
բ. սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպվում է քննարկում:
17. Հայտի ուսումնասիրության ընթացքում Հայտատուն կարող է դիմել Հանձնաժողով՝ Հայտի ուսումնասիրությունը դադարեցնելու համար: Այս դեպքում Հայտատուն կարող է նոր Հայտով կրկին դիմել Հանձնաժողով՝ անհրաժեշտության դեպքում հղում կատարելով նախկին Հայտով ներկայացված փաստաթղթերին, եթե դրանցում նոր Հայտի ներկայացման պահին փոփոխություններ տեղի չեն ունեցել:
18. Հանձնաժողովը սակագինը սահմանում, վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և համապատասխան որոշում է կայացնում ուսումնասիրության ընդունված Հայտը Հանձնաժողով ներկայացնելու օրվանից հետո` 80 աշխատանքային օրվա ընթացքում (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրվա ընթացքում):
19. Սակագների սահմանման կամ վերանայման վերաբերյալ Հանձնաժողովի որոշման պատճենը ուղարկվում է Հայտատուին:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ
20. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սույն կարգի համաձայն կարող է վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին` ելնելով Ընկերության տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:
21. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սակագների վերանայման գործընթաց ձեռնարկելու դեպքում՝
1) նախապես այդ մասին գրավոր տեղեկացնում է Ընկերությանը` բացառությամբ այն Ընկերությունների, որոնց էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները հաշվարկվում են համաձայն Հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 26-ի N 18-Ն որոշման 1-ին կետով սահմանված մեթոդիկայի.
2) Ընկերությունից կարող է պահանջել լիցենզավորված գործունեությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն.
3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գրավոր տեղեկացումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր ինտերնետային կայքում հրապարակում է հաղորդագրություն սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ, եթե վերանայվում են սպառողների համար սահմանված սակագները.
4) եթե վերանայվում են սպառողների համար սահմանված սակագները, ապա մինչև վերանայման մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին ներկայացնելու օրը՝
ա. սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները տեղադրում է Հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկությունները և ստանալու պարզաբանումներ.
բ. սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպում է քննարկում:
22. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սակագինը վերանայում է՝
1) Ընկերությանն այդ մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքի.
2) փոքր հիդրոէլեկտրակայաններին և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններին այդ մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 26-ի N 18-Ն որոշման 1-ին կետով սահմանված մեթոդիկայի 1-ին կետում նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման դեպքում՝ այդ մեթոդիկայի 5-րդ և 7-րդ կետերով սահմանված ժամկետներում: