Համարը 
N 7-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2018.04.09/04(155)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
05.03.2018
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.03.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 2018 թվականի մարտի 14-ին

պետական գրանցման համարը 3031822 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«5» մարտի 2018 թվականի

N 7-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ժ» կետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

 

 

 

 Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային

ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի

2018 թվականի մարտի 5-ի N 7-Ն որոշման 

 

ԿԱՐԳ

 ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց (այսուհետ՝ Լիցենզավորված անձ) գործունեության մոնիթորինգի տեսակները, դրանց իրականացման կարգը և ժամկետները:

2. Մոնիթորինգն իրականացվում է Լիցենզավորված անձանց գործունեության` «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավական ակտերին, լիցենզիայի պայմաններին համապատասխանության վերահսկման, Հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների և տեղեկատվության հավաստիության, ինչպես նաև սակագների վրա ազդեցություն ունեցող գործոնների գնահատման նպատակով (ծախսեր, ներդրումներ, գնումներ և այլն):

3. Լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի ընթացքում Լիցենզավորված անձի և Հանձնաժողովի փոխհարաբերությունները կարգավորվում են «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն կարգով, լիցենզավորված գործունեության առանձին ուղղությունների մոնիթորինգի կարգերով, այլ իրավական ակտերով:

4. Հանձնաժողովն իրականացնում է՝

1) մոնիթորինգ Հանձնաժողովի գրասենյակում՝ Լիցենզավորված անձի կողմից Հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների և տեղեկատվության ուսումնասիրության միջոցով.

2) մոնիթորինգ Լիցենզավորված անձի տարածքում՝ Լիցենզավորված անձի գտնվելու և (կամ) գործունեության վայրում կարճաժամկետ (մինչև հինգ աշխատանքային օր) կամ երկարաժամկետ (մինչև 30 աշխատանքային օր) դիտարկումների իրականացման միջոցով: Երկարաժամկետ դիտարկումները Լիցենզավորված անձի մոտ կարող են իրականացվել ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ:

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված մոնիթորինգը ներքին ընթացակարգ է և իրականացվում է Հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների ու տեղեկատվության ուսումնասիրության միջոցով:

6. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մոնիթորինգի իրականացման նպատակով Հանձնաժողովի նախագահը, իսկ օրենքով սահմանված իրավասության սահմաններում՝ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը, ընդունում է Լիցենզավորված անձի տարածքում մոնիթորինգ իրականացնելու մասին հրաման կամ հանձնարարագիր (այսուհետ՝ հրաման կամ հանձնարարագիր), որում նշվում են Հանձնաժողովի անվանումը, մոնիթորինգ իրականացնող անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, Լիցենզավորված անձի լրիվ անվանումը, մոնիթորինգի առարկան, վայրը, նպատակը և մոնիթորինգն ընդգրկող ժամանակահատվածը:

7. Լիցենզավորված անձի տարածքում իրականացվող մոնիթորինգի վերաբերյալ Լիցենզավորված անձը պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) տեղեկացվում է այն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

8. Առանձին դեպքերում՝ անհրաժեշտությունից ելնելով, սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կարճաժամկետ դիտարկումը Լիցենզավորված անձի գրավոր համաձայնությամբ կարող է սկսվել սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետից ավելի կարճ ժամկետում:

9. Լիցենզավորված անձի տարածքում իրականացվող մոնիթորինգը ներառում է՝

1) մոնիթորինգի իրականացման ձևաչափի քննարկում Լիցենզավորված անձի հետ.

2) այցելություն հրամանում կամ հանձնարարագրում նշված տարածքներ.

3) օրենքի և սույն կարգի համաձայն անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության ստացում և (կամ) համապատասխան շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների ու սարքավորումների ակնադիտական զննություն.

4) ստացված տվյալների որակական ու քանակական վերլուծություն և մոնիթորինգի գործընթացի փաստաթղթավորում:

10. Մոնիթորինգի ընթացքում օրենքով սահմանված կարգով կարող են կատարվել լուսանկարահանում, տեսագրում, ձայնագրում և ստացված լուսանկարները, ձայնագրությունները, տեսագրությունները, կազմված գծագրերը և այլ փաստաթղթերը կցվում են սույն կարգի 15-րդ կետով նախատեսված արձանագրությանը:

11. Լիցենզավորված անձն իրավունք ունի՝

1) ծանոթանալ մոնիթորինգին վերաբերող փաստաթղթերին.

2) մոնիթորինգի ընթացքում դրան մասնակից դարձնել փորձագետների, աուդիտորների և համապատասխան այլ մասնագետների.

3) օրենքով սահմանված կարգով բողոքարկել մոնիթորինգ իրականացնող անձի գործողությունները։

12. Լիցենզավորված անձը պարտավոր է՝

1) մոնիթորինգ իրականացնող անձի պահանջով տրամադրել մոնիթորինգի առարկային առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, տալ բացատրություններ ու պարզաբանումներ.

2) չխոչընդոտել մոնիթորինգի ընթացքին՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ մոնիթորինգ իրականացնող անձանց գործունեության համար:

13. Մոնիթորինգ իրականացնող անձն իրավունք ունի՝

1) անարգել մուտք գործել հրամանում նշված տարածք, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

2) պահանջել և ստանալ մոնիթորինգի առարկային առնչվող տեղեկատվություն, փաստաթղթեր, էլեկտրոնային շտեմարանների տեղեկատվությանը հասանելիություն, ինչպես նաև գրավոր և բանավոր բացատրություններ, պարզաբանումներ.

3) մոնիթորինգի ընթացքում անհրաժեշտության դեպքում ներգրավել փորձագետների, այլ մասնագետների, ինչպես նաև Լիցենզավորված անձի մասնագետներին՝ վերջինիս համաձայնությամբ:

14. Մոնիթորինգ իրականացնող անձը պարտավոր է՝

1) մոնիթորինգի ընթացքում պահպանել Արցախի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի, Լիցենզավորված անձի ներքին կանոնակարգերի պահանջները.

2) Լիցենզավորված անձի պաշտոնատար անձանց ծանոթացնել մոնիթորինգին առնչվող իրենց իրավունքներին և պարտականություններին.

3) անաչառ և համակողմանի հավաքագրել ու արձանագրել մոնիթորինգի առարկային առնչվող տեղեկությունները և փաստերը.

4) չխոչընդոտել Լիցենզավորված անձի բնականոն աշխատանքը:

15. Հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետի ավարտից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում մոնիթորինգ իրականացնող անձի (անձանց) կողմից կազմվում է արձանագրություն և պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ուղարկվում Լիցենզավորված անձին:

16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված արձանագրությունը ներառում է՝

1) մոնիթորինգն իրականացնող մարմնի անվանումը.

2) մոնիթորինգի ենթակա Լիցենզավորված անձի անվանումը.

3) մոնիթորինգն իրականացնելու վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը կամ ժամանակահատվածը.

4) մոնիթորինգն իրականացնող անձի (անձանց) անունը, ազգանունը և պաշտոնը.

5) մոնիթորինգի առարկան.

6) մոնիթորինգի արդյունքները.

7) արձանագրության կազմման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, մոնիթորինգ իրականացրած անձի (անձանց) ստորագրությունը:

17. Լիցենզավորված անձը, Հանձնաժողովի սահմանած ժամկետում, որը չի կարող գերազանցել երեք աշխատանքային օրը, ստորագրում է արձանագրությունը և ներկայացնում իր մեկնաբանությունները, պարզաբանումները, հիմնավորումները և առարկությունները արձանագրության վերաբերյալ:

18. Մոնիթորինգի արդյունքում Հանձնաժողովն իրավասու է՝

1) Լիցենզավորված անձից պահանջել ներկայացնելու բացահայտված թերությունների վերացման, ինչպես նաև խախտումների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկ.

2) իրականացված մոնիթորինգի արդյունքները և Լիցենզավորված անձի ներկայացրած առարկությունները, հիմնավորումները և առաջարկությունները հաշվի առնելով՝ բացահայտված թերությունների և խախտումների վերացման, ինչպես նաև դրանց կանխարգելման նպատակով տալ հանձնարարականներ և (կամ) կիրառել «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված տուժանքները:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 Հ. ԹՈՐՈՍՅԱՆ