ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
հունիսի 29-ին |
«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» 2018 թվականի դեկտեմբերի 20-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետ.
«7.1) ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից գույքն օգտագործման տրամադրելու հատուկ կարգի ու պայմանների սահմանում.»,
2) 15-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետ.
«16) անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքի օգտագործում` սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգերին ու պայմաններին համապատասխան:»:
Հոդված 2. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդված.
|
«Հոդված 8.1. |
Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքի օգտագործումը |
1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաև ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքը (բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների), եթե Արցախի Հանրապետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է նաև հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, խնդրի հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
2. Ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Արցախի Հանրապետության նախագահի կողմից լիազորված մարմինը (մարմինները) (այսուհետ՝ լիազորված մարմին (մարմիններ)) կամ լիազորված մարմնի (մարմինների) ղեկավարը (ղեկավարները) կամ նրա (նրանց) կողմից այդ նպատակով լիազորված պաշտոնատար անձը (անձինք) (այսուհետ` իրավասու պաշտոնատար անձ (անձինք)), Արցախի Հանրապետության նախագահի կողմից սահմանված լիազորությունների շրջանակներում, առաջարկում են գույքի սեփականատիրոջը կամ բացառիկ դեպքերում, երբ գույքի սեփականատերը և (կամ) նրա գտնվելու վայրը հայտնի չէ` գույքի օրինական տիրապետողին (այսուհետ` գույքի օրինական տիրապետող)` գույքը Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վճարի դիմաց օգտագործման նպատակով տրամադրել լիազորված մարմնին (մարմիններին):
3. Առաջարկությունը ներկայացնելիս գույքի օրինական տիրապետողին ներկայացվում է անհրաժեշտ գույքը (գույքի անվանումը, անհատականացնող հատկանիշները, անշարժ գույքի դեպքում` գտնվելու վայրը), գույքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորումը և նպատակը (եթե դրանք գաղտնի չեն), գույքի օգտագործման դիմաց վճարելու և գույքը վերադարձնելու (անհնարինության դեպքում` փոխհատուցելու) Արցախի Հանրապետության պարտականությունը, ինչպես նաև նախազգուշացում այն մասին, որ կամավոր չհանձնելու դեպքում գույքը կարող է վերցվել հարկադիր կարգով: Առաջարկությանը կից ներկայացվում է առաջարկությունը ներկայացնող պաշտոնատար անձի նման լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
4. Առաջարկությունը ներկայացվում է գրավոր, իսկ հրատապության դեպքում կարող է ներկայացվել նաև բանավոր (այդ թվում` կապի միջոցներով): Գրավոր առաջարկի դեպքում այն հանձնվում է գույքի օրինական տիրապետողին առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում` ուղարկվում հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով: Առաջարկում (բանավոր և գրավոր) սահմանվում է պատասխան ներկայացնելու ողջամիտ ժամկետը, իսկ գրավոր առաջարկում` նաև ձևը:
5. Գույքի օրինական տիրապետողի համաձայնության դեպքում իրավասու պաշտոնատար անձը կազմում է գույքի կամավոր հանձնման վերաբերյալ արձանագրություն, որը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները.
1) գույքի (նաև դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը.
2) գույքի գտնվելու վայրը.
3) լիազորված մարմին հանձնելու եղանակը, վայրը և ժամանակը.
4) գույքն օգտագործելու նպատակը (եթե այն գաղտնի չէ).
5) գույքի օրինական տիրապետողի տվյալները` անունը, ազգանունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.
6) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը և պաշտոնը.
7) արձանագրությունը կազմելու ժամանակը, վայրը.
8) գույքն օգտագործման վերցնելու գործողությանը մասնագետ ներգրավելու դեպքում մասնագետի անունը, ազգանունը և ստորագրությունը.
9) նշում սույն հոդվածի 17-րդ մասով սահմանված կարգի մասին։
6. Գույքը լուսանկարվում և տեսաձայնագրվում է՝ անհրաժեշտության դեպքում արձանագրողի կամ գույքն օգտագործման վերցնելու գործողությանը ներգրավված մասնագետի կողմից գույքի որակական ու քանակական հատկանիշների վերաբերյալ մեկնաբանություններով, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ (լուսանկարները և տեսանյութը պահպանվում են մինչև գույքի վերադարձը):
7. Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, ստորագրվում է այն կազմող իրավասու պաշտոնատար անձի և գույքը կամավոր հանձնելու համաձայնություն տված օրինական տիրապետողի կողմից, որին տրամադրվում են արձանագրության մեկ օրինակը, ինչպես նաև գույքի լուսանկարները և տեսանյութը:
8. Գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու դեպքում գույքը կարող է օգտագործման վերցվել հարկադիր կարգով՝ լիազորված մարմնի (մարմինների) պատճառաբանված որոշման հիման վրա: Ընդ որում, սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված առաջարկով սահմանված ժամկետում որևէ դիրքորոշում չներկայացնելը համարվում է գույքը կամովին հանձնելուց հրաժարում:
9. Գույքը հարկադիր կարգով օգտագործման վերցնելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը պետք է պարունակի՝
1) գույքի (նաև դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը.
2) գույքի գտնվելու վայրը.
3) գույքի օրինական տիրապետողի տվյալները՝ անունը, ազգանունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.
4) գույքի օրինական տիրապետողին սույն հոդվածով սահմանված կարգով առաջարկ ներկայացնելու և վերջինիս կողմից գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու մանրամասները.
5) գույքը վերցնելու եղանակը և ժամանակը.
6) գույքն օգտագործելու հիմնավորումը և նպատակը (եթե դրանք գաղտնի չեն).
7) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը.
8) արձանագրությունը կազմելու ժամանակը, վայրը.
9) գույքը հարկադիր կարգով օգտագործման վերցնելու գործողությանը մասնագետ ներգրավելու դեպքում մասնագետի անունը, ազգանունը և ստորագրությունը.
10) նշում սույն հոդվածի 17-րդ մասով սահմանված կարգի մասին։
10. Գույքը լուսանկարվում և տեսաձայնագրվում է՝ անհրաժեշտության դեպքում արձանագրողի կամ գույքը հարկադիր կարգով օգտագործման վերցնելու գործողությանը ներգրավված մասնագետի կողմից գույքի որակական ու քանակական հատկանիշների վերաբերյալ մեկնաբանություններով, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ (լուսանկարները և տեսանյութը պահպանվում են մինչև գույքի վերադարձը):
11. Արձանագրությանը կցվում է նաև գույքը հարկադիր վերցնելու մասին լիազոր մարմնի (մարմինների) որոշման պատճենը։
12. Արձանագրությունը, գույքը հարկադիր վերցնելու մասին լիազոր մարմնի (մարմինների) որոշման պատճենը, ինչպես նաև գույքի լուսանկարները և տեսանյութը տրվում են գույքի օրինական տիրապետողին առձեռն կամ ուղարկվում են պատվիրված փոստով:
13. Այն բացառիկ դեպքերում, երբ գույքի օրինական տիրապետողը կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն հաշվի առնելով այդ գույքի օգտագործման հրատապությունը, հնարավոր չէ բավարար միջոցներ ձեռնարկել օրինական տիրապետողին կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերելու ուղղությամբ, գույքը կարող է վերցվել անմիջապես` առանց սույն հոդվածի 2-12-րդ մասերով սահմանված ընթացակարգերի պահպանման: Գույքը կարող է վերցվել անմիջապես նաև այն բացառիկ դեպքերում, երբ սույն հոդվածի 2-12-րդ մասերով սահմանված ընթացակարգերի պահպանումը և դրանով պայմանավորված գույքի օգտագործման հապաղումը կարող են հանգեցնել ծանր հետևանքների: Սույն մասով նախատեսված դեպքերում, առաջին իսկ հնարավորության ժամանակ, կազմվում է արձանագրություն, որը պետք է պարունակի`
1) գույքի (նաև դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը.
2) գույքի գտնվելու վայրը.
3) գույքն օգտագործելու նպատակը (եթե այն գաղտնի չէ) և հրատապության հիմնավորումը.
4) գույքի օրինական տիրապետողի տվյալները (անունը, ազգանունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը), եթե հայտնի են, իսկ եթե ոչ` այն միջոցները, որոնք ձեռնարկվել են դրանք պարզելու համար.
5) գույքը վերցնելու եղանակը և ժամանակը.
6) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը.
7) արձանագրությունը կազմելու ժամանակը, վայրը.
8) գույքն օգտագործման վերցնելու գործողությանը մասնագետ ներգրավելու դեպքում մասնագետի անունը, ազգանունը և ստորագրությունը.
9) նշում սույն հոդվածի 17-րդ մասով սահմանված կարգի մասին:
14. Գույքը լուսանկարվում և տեսաձայնագրվում է՝ անհրաժեշտության դեպքում արձանագրողի կամ գույքը հարկադիր կարգով օգտագործման վերցնելու գործողությանը ներգրավված մասնագետի կողմից գույքի որակական ու քանակական հատկանիշների վերաբերյալ մեկնաբանություններով, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ (լուսանկարները և տեսանյութը պահպանվում են մինչև գույքի վերադարձը):
15. Օրինական տիրապետողի կամ նրա բնակության վայրը հայտնի դառնալու դեպքում անհապաղ միջոցներ են ձեռնարկվում արձանագրությունը, ինչպես նաև գույքի լուսանկարները և տեսանյութը վերջինիս տրամադրելու համար:
16. Սույն հոդվածով սահմանված կարգով օգտագործման վերցված գույքը վերադարձվում է դրա օրինական տիրապետողին գույքի օգտագործման անհրաժեշտությունը վերանալու և գույքը վերադարձնելու հնարավորություն առաջանալու դեպքում:
17. Գույքն օգտագործելու դեպքում գույքի օրինական տիրապետողին, Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով, տրվում է վճար:
Գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում դրա օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով: Եթե գույքը վերադարձվում է վնասված, կամ գույքի օգտագործման արդյունքում առաջանում է բաց թողնված օգուտ, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով:
18. Սույն հոդվածը չի տարածվում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 12-14-րդ կետերի հիման վրա տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի, զենքի, զինամթերքի, ռազմամթերքի, թունավոր նյութերի, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկայի, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերի ժամանակավոր առգրավման, տրանսպորտային միջոցների ներգրավման դեպքերի վրա:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. հուլիսի 8
Ստեփանակերտ
ՀՕ-75-Ն |
|