Համարը 
N 215-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.24/16(380)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
05.08.2019
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
05.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՏԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ (ԳԱՆՁՎԱԾ)` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2019 թվականի օգոստոսի 5-ի

 

ՄԻ ՔԱՆԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՏԻՑ

ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ (ԳԱՆՁՎԱԾ)` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 215-Ն

 

ՀՐԱՄԱՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

1. Սահմանել մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2019 թվականի օգոստոսի 5

ք. Ստեփանակերտ

   

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության ֆինանսների

նախարարի 2019 թվականի օգոստոսի 5-ի

N 215-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՄԻ ՔԱՆԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՏԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ

ԵՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ (ԳԱՆՁՎԱԾ)` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ

ՉԱՓԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները (այսուհետ` վերադարձվող գումար) մասնակիցներին վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված իմաստը, մասնավորապես`

1) սոցիալական վճարի ամսական առավելագույն չափ` համախառն եկամտի ամսական առավելագույն շեմից հաշվարկված սոցիալական վճարի գումար,

2) սոցիալական վճարի տարեկան առավելագույն չափ` համախառն եկամտի տարեկան առավելագույն շեմից հաշվարկված սոցիալական վճարի գումար,

3) վերադարձվող ամսական գումար` հաշվարկված և գանձապետարանի կամուրջ հաշվին փոխանցված` ամսական սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումար,

4) վերադարձվող տարեկան գումար` հաշվարկված և գանձապետարանի կամուրջ հաշվին փոխանցված` տարեկան սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումար:

3. Եթե մասնակիցը միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր է, ապա տարեկան եկամուտների հաշվարկի հիման վրա կատարվում է վճարման ենթակա սոցիալական վճարի հաշվարկ` հաշվի առնելով տվյալ տարվա ամիսների համար հաշվարկված սոցիալական վճարի գումարները:

4. Վերադարձվող գումարը մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին չի փոխանցվում:

5. Վերադարձվող գումարի հաշվառումը կատարվում է մասնակցի անհատական հաշվում և այն մասնակցին փոխանցվում է անկանխիկ եղանակով:

6. Վերադարձվող գումարի հաշվարկը կատարվում է հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված սոցիալական վճարի գումարի մարումից հետո:

7. Հարկային մարմինն առաջին անգամ վերադարձվող գումարի առկայության մասին մասնակիցներին ծանուցում է հաշվետու ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով և (կամ) հաշվետու տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկով հաշվարկված սոցիալական վճարի մարման օրվանից հետո տասնօրյա ժամկետում` էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` փոստային առաքմամբ: Հարկային մարմինն անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում վերադարձվող գումարի առկայության մասին մասնակցին ծանուցում է տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում:

8. Ծանուցման մեջ արտացոլվում են հետևյալ տվյալները`

1) մասնակցի անունը, ազգանունը,

2) մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

3) վերադարձվող գումարի չափը,

4) հաշվետու ժամանակահատվածը և ծանուցման ամսաթիվը,

5) նշում վերադարձվող գումարը փոխանցելու նպատակով մասնակցի բանկային տվյալները ներկայացնելու անհրաժեշտության մասին:

9. Գումարների վերադարձման համար մասնակիցը ծանուցագրի հետ միասին հարկային մարմին է ներկայացնում իր բանկային հաշվի մասին տեղեկատվություն: Բանկային տվյալների փոփոխությունների դեպքում մասնակիցը պարտավոր է փոփոխության կատարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին` ներկայացնելով նոր տվյալները:

10. Առաջին անգամ վերադարձվող գումարը մասնակցին փոխանցելու նպատակով հարկային մարմինը մասնակցի կողմից իր բանկային տվյալները հարկային մարմին ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական: Հետագայում վերադարձվող գումարի առաջացման դեպքերում հարկային մարմինը մասնակցին չի ծանուցում, իսկ վճարման հանձնարարականը գանձապետարան է ներկայացնում վերադարձվող գումարի առաջացման օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

11. Վերադարձվող գումարի առաջացման օր է համարվում սոցիալական վճարի գծով պարտավորությունն ամբողջությամբ մարելու օրը:

12. Վերադարձվող գումարը հանձնարարականը ներկայացնելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է մասնակցի բանկային հաշվին:

13. Վերադարձվող գումարը նվազեցվում է անձնական հաշվի քարտում արտացոլված` հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարի վճարված գումարից և արտացոլվում է մասնակցի անհատական հաշվում:

14. Վերադարձվող գումարը մասնակցին փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) մասնակցի անունը, ազգանունը,

2) մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

3) «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կամուրջ հաշվի համարը,

4) մասնակցի բանկի անվանումը և հաշվի համարը,

5) վերադարձվող գումարի չափը:

15. Մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակցին վերադարձման ենթակա չեն, եթե մասնակցի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերին համապատասխան` հարկային մարմին է ներկայացվել սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական և տարեկան առավելագույն շեմերը) չկիրառելու մասին դիմում: