ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 42 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 11-ի «Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգը սահմանելու մասին» թիվ 42 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«23» մայիսի 2006թ.
թիվ 267 որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՈՂԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ
1. Արտադրողի (կատարողի, վաճառողի) և ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պետք է բավարարի «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված պարտադիր պահանջները և ապահովի սպառողի կողմից դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը:
2. Արտադրողի (կատարողի, վաճառողի), ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) (այսուհետ` ապրանքներ) առանձին տեսակների մասին սպառողին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջները:
3. Ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն` տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով:
4. Արտադրողը (կատարողը, վաճառողը) ինքնուրույն է որոշում սպառողին տրամադրվող տեղեկատվության անհրաժեշտ ծավալը` ըստ տրամադրման ձևերի և մեթոդների` հաշվի առնելով օրենքով սահմանված ոչ լրիվ տեղեկատվության տրամադրման համար իր պատասխանատվությունը:
5. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պետք է սպառողին տրամադրի տեղեկատվություն այն կազմակերպությունների անվանումների և գտնվելու վայրի մասին, որոնք արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից լիազորված են ընդունելու սպառողների բողոքները և գանգատները, կատարելու ապրանքների նորոգում ու տեխնիկական սպասարկում:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փաթեթավորված և չափածրարված ապրանքները (այդ թվում` սննդամթերքը) պետք է ունենան տեղեկատվություն դրանք արտադրող երկրի մասին:
7. Արտադրողը (կատարողը, վաճառողը) իրավասու է սպառողին չտրամադրելու առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն:
8. Վաճառողը (կատարողը) սույն կարգը տեսանելի և հասանելի ձևով հասցնում է սպառողներին` այն փակցնելով հայտարարության վահանակների վրա կամ գործունեության վայրի այլ` հարմար տեղերում:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |