ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2020 թվականի ապրիլի 15-ի
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի
ԹԻՎ 203 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 33-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Նոտարիատի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Սահմանել նոտարի կողմից նոտարական գործողություններ իրականացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 5-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 203 հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| |
Ա. Դանիելյան |
| |
|
|
2020 թվականի ապրիլի 15
ք.Ստեփանակերտ |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարի
2020թ. ապրիլի 15-ի N 33-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Նոտարը հանրային ծառայություններ իրականացնող պաշտոնատար անձ է և Քաղաքացիական օրենսգրքի, «Նոտարիատի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 27-րդ հոդվածին համապատասխան իրականացնում է հետևյալ նոտարական գործողությունները`
1) վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր և այլն).
2) միջոցներ է ձեռնարկում ժառանգական գույքի պահպանության համար.
3) տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր.
4) տալիս է ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր.
5) վավերացնում է փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկությունը.
6) վավերացնում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը.
7) վավերացնում է փաստաթղթերի թարգմանության իսկությունը.
8) հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը.
9) հաստատում է քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը.
10) հաստատում է լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը.
11) հաստատում է փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը.
12) ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը փոխանցում է այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններ.
13) դեպոզիտ է ընդունում, պահպանում, հանձնում կամ վերադարձնում դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր և տալիս է վկայագիր.
14) ի պահ է ընդունում փաստաթղթեր.
15) ապահովում է ապացույցներ.
16) վավերացնում է կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրությունը.
17) հավատարմագրային կառավարման է հանձնում ժառանգական գույքը.
18) տալիս է կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր.
19) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը.
20) վավերացնում է իր վստահած թարգմանչի ստորագրության իսկությունը.
21) տալիս է նոտարական ակտերի կրկնօրինակներ.
22) իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական այլ գործողություններ:
2. Նոտարն իր գործունեությունն իրականացնում է պետական նոտարական գրասենյակում (այսուհետ` նոտարական գրասենյակ) Արցախի Հանրապետության Սահմանադրության, Քաղաքացիական օրենսգրքի, օրենքի, այլ օրենքների, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր) և իրավական այլ ակտերի հիման վրա:
3. Նոտարական գործողությունն իրականացվում է անաչառորեն՝ բոլորի համար հավասար պայմաններով:
4. Նոտարը, վավերացնելով փաստաթուղթը, հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը:
5. Նոտարական ակտն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ:
2. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ
6. Նոտարը պարտավոր է գաղտնի պահել իր կողմից նոտարական գործողություն կատարելու կամ այլ ծառայություն մատուցելու վերաբերյալ, ինչպես նաև վավերացված կամ հաստատված փաստաթղթերից բխող իրեն հայտնի դարձած տեղեկությունները (նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն): Այդ պարտականությունը պահպանվում է նաև նոտարի` աշխատանքից ազատվելուց հետո:
7. Անձը, որի համաձայնությամբ կամ որի նկատմամբ կատարվել է նոտարական գործողությունը, ինչպես նաև նրա իրավահաջորդը կամ ներկայացուցիչն իրենց գրավոր համաձայնությամբ կարող են նոտարին ազատել նոտարական գործողությունների կատարման գաղտնիքը պահպանելու պարտականությունից` այդ մասին համապատասխան նշում կատարելով համապատասխան փաստաթղթերի վրա: Նշված անձանց մահից հետո, նրանց իրավահաջորդի բացակայության կամ վերջինիս հետ առնչվելու անհնարինության դեպքում, նոտարը կարող է նոտարական գաղտնիքը պահպանելու պարտականությունից ազատվել դատարանի վճռով: Այլ հարգելի պատճառների առկայությամբ ևս դատարանը կարող է նոտարին ազատել նոտարական գաղտնիքի պահպանման պարտականությունից:
8. Նոտարի մոտ պահվող գործարքի կամ նոտարական այլ գործողության գաղտնիության ապահովման նպատակով նոտարական գործի վերևի աջ անկյունում կարմիր գույնի գրիչով նոտարը կատարում է «Նոտարական գաղտնիք» գրառումը:
9. Նոտարը նոտարական գործողությունների կատարման մասին տեղեկանքներ է տալիս միայն այն ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետ՝ կազմակերպություն), կամ նրանց ներկայացուցիչներին, որոնց դիմումով, համաձայնությամբ կամ որոնց նկատմամբ ինքը կատարել է նոտարական գործողություններ:
10. Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց հանձնարարությամբ կամ որոնց նկատմամբ կատարվել են նոտարական գործողություններ, իրավունք ունեն անձամբ կամ իրենց լիազոր ներկայացուցիչների (այդ թվում նաև փաստաբանի) միջոցով ծանոթանալու տվյալ նոտարական գործին: Նոտարական գործին ծանոթանալու թույլտվությունը տրվում է դիմում տալու օրվանից երկու օրվա ընթացքում, նոտարական գրասենյակի աշխատանքային ժամերին` նոտարի կամ համապատասխան լիազորություն ունեցող այլ անձի ներկայությամբ: Նոտարական գործին ծանոթացման ժամկետը չի սահմանափակվում, եթե այն ուղղակի չի խոչընդոտում նոտարի կամ նոտարական գրասենյակի բնականոն գործունեությանը:
11. Դատախազի կամ դատարանի, կամ քննիչի, կամ հետաքննության մարմնի՝ օրենքի համաձայն տրված գրավոր պահանջով նոտարը նոտարական կամ իր կողմից իրականացվող այլ գործողությունների վերաբերյալ տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ, պատճեններ կամ բնօրինակներ է տալիս միայն նախաքննության կամ դատաքննության մեջ գտնվող քրեական և քաղաքացիական գործերի առնչությամբ: Նշված մարմիններին տեղեկանքները կամ փաստաթղթերը տրվում են միայն օրենքով նախատեսված կարգով և ձևով կայացված գրավոր որոշումների հիման վրա: Պահանջի բավարարումն իրականացվում է միայն օրենքով նախատեսված համապատասխան իրավասու մարմնի` Արցախի Հանրապետության արդարադատության նախարարին (այսուհետ՝ նախարար) ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
12. Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին կամ փաստաբանին արգելվում է մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն այլ անձանց, ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցներին, տեղեկատվություն տալ նոտարական գործողությունների մասին, ինչպես նաև այդ տեղեկատվությունը հրապարակել իրենց ելույթներում:
13. Կտակների վերաբերյալ տեղեկություններ (կտակի առկայության, նրա բովանդակության մասին և այլն) տրվում են միայն կտակարարի մահից և նրա մահվան վկայականը ներկայացվելուց հետո` ցանկացած շահագրգիռ անձի:
14. Նոտարական գործից պատճեններ (լուսապատճեններ), նոտարական գործերը կամ կատարված նոտարական գործողության մասին տեղեկանքներն ու քաղվածքները տրվում են նաև նախարարի կամ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարին (այսուհետ՝ նախարարություն) համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պահանջով: Իրենց իրավասության սահմաններում նոտարական գործերին (բացառությամբ կտակների) ծանոթանալու իրավունք ունեն նախարարի հրամանով, ինչպես նաև նախարարի կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով նոտարական գրասենյակում ստուգումներ կատարող անձինք:
15. Սույն գլխում նշված տեղեկանքները, նոտարական գործից քաղվածքները, պատճենները կամ բնօրինակները տալիս է այն նոտարը, որը կատարել է համապատասխան նոտարական գործողությունը: Այդ նոտարի բացակայության դեպքում նշված փաստաթղթերն ու թույլտվությունները տալիս է նախարարի կողմից լիազորված այլ անձը:
16. Սույն գլխում նշված անձանցից բացի այլ անձանց տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ կամ պատճեններ տրամադրելիս նոտարը պարտավոր է տրվող փաստաթղթի յուրաքանչյուր էջի վերևի աջ անկյունում կարմիր գույնի գրիչով գրառում կատարել գաղտնիքի տեսակի մասին (առևտրային գաղտնիք, կտակային գաղտնիք, նոտարական գաղտնիք և այլն): Իսկ այդ փաստաթղթերը ստացող անձը պարտավոր է ստորագրություն տալ գաղտնիքը չտարածելու մասին:
17. Նոտարական գործողությունների գաղտնիքը պահելու կանոնները տարածվում են նաև այն բոլոր անձանց նկատմամբ, ովքեր կատարված նոտարական գործողությունների մասին իրազեկ են դարձել իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման կապակցությամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում և կարգով մասնակցել են նոտարական գործողությունների կատարմանը (վկա, ընթերակա, թարգմանիչ և այլն): Նոտարը նշված անձանց նույնպես գրավոր զգուշացնում է նոտարական գաղտնիքի պահպանման մասին:
18. Կատարվող նոտարական գործողությունների գաղտնիքը խախտելու մեջ մեղավոր նոտարները, ինչպես նաև այն անձինք, ովքեր կատարված նոտարական գործողությունների մասին իրազեկ են դարձել պաշտոնեական պարտականությունների կատարման կապակցությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
19. Սույն գլխի պահանջները չեն տարածվում նոտարական կարգով վավերացված այն գործարքների (բացառությամբ կտակների) կամ այն նոտարական գործողությունների վրա, որոնց կատարման համար դիմած բոլոր անձինք գրավոր հայտարարություն են տվել այն մասին, որ իրենք չեն առարկում, որ վավերացված գործարքների կամ կատարված այլ նոտարական գործողությունների վրա չտարածվեն նոտարական գաղտնիության պահանջները:
20. Նոտարների կողմից պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները և փաստաթղթերը պահպանվում և տրվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով:
3. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԱՆՁԱՆՑ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՆՈՏԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
21. Նոտարը պարտավոր է աջակցություն ցույց տալ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին նրանց իրավունքների իրականացման և օրինական շահերի պաշտպանության գործում, պարզաբանել նրանց իրավունքներն ու պարտականությունները, նախազգուշացնել կատարվող նոտարական գործողությունների հետևանքների մասին այն առումով, որպեսզի նրանց իրավական անտեղյակությունը և նման այլ հանգամանքներ չօգտագործվեն ի վնաս իրենց:
22. Նոտարը պարտավոր է կողմերին պարզաբանել նրանց կողմից ներկայացրած գործարքների նախագծերի կամ նոտարական գործողություններ կատարելու համար ներկայացված այլ փաստաթղթերի իմաստն ու նշանակությունը և ստուգել, թե արդյոք դրանց բովանդակությունը համապատասխանում է կողմերի իրական մտադրություններին:
23. Նոտարական գործողություններ կատարելու համար դիմած ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների խնդրանքով նոտարը անհրաժեշտության դեպքում պարզաբանումներ է տալիս նոտարական գործողությունների կատարման հարցերով: Այդ աշխատանքի կատարումը կարող է հանձնարարվել նաև նոտարի օգնականին կամ ստաժորին:
4. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ
24. Նոտարական գործողությունները կատարվում են գրական հայերենով:
25. Վավերացման կամ հաստատման են ենթակա միայն գրական հայերենով կազմված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Արցախի Հանրապետության տարածքում կիրառվող փաստաթղթերը, այդ թվում` գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում պահանջող պայմանագրերը, կազմվում են միայն հայերենով:
26. Օտարերկրյա կազմակերպությունների կամ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետ կամ նրանց միջև կնքվող գործարքները, ինչպես նաև արտասահմանում գործելու համար նախատեսված փաստաթղթերը կարող են հայերենի հետ միաժամանակ վավերացվել կամ հաստատվել նաև օտար լեզվով (լեզուներով), եթե նոտարը բավարար չափով ծանոթ է այդ լեզվին: Եթե նոտարը և (կամ) կողմը բավարար չափով ծանոթ չէ փաստաթղթի լեզվին, ապա հրավիրվում է թարգմանիչ: Այս դեպքում փաստաթուղթը սահմանված կարգով ստորագրում է նաև թարգմանիչը: Վերջինիս ծառայության վերաբերյալ փաստաթղթի տեքստում կատարվում է հատուկ նշում:
27. Միաժամանակ հայերեն և օտար լեզվով (լեզուներով) վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերի տեքստերը կարող են շարադրվել իրար հետևից կամ իրար կողքի, պայմանով, որ իրար հետևից տեքստերի շարադրման դեպքում վերևում զետեղվում է հայերենով տեքստը, իսկ իրար կողքի շարադրվելու դեպքում հայերենով տեքստը շարադրվում է ձախ մասում:
28. Միաժամանակ հայերեն և օտար լեզվով վավերացված կամ հաստատված փաստաթղթերն ունեն միևնույն իրավաբանական ուժը: Միաժամանակ հայերեն և օտար լեզվով վավերացված կամ հաստատված փաստաթղթերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերենով վավերացվածին կամ հաստատվածին:
29. Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթի տարբեր լեզուներով տեքստերը պետք է սույն օրենքով սահմանված կարգով ստորագրվեն և վավերացվեն կամ հաստատվեն առանձին-առանձին:
30. Եթե անձը չի տիրապետում այն լեզվին, որով կազմվել է փաստաթուղթը, ապա` կարող է ստորագրել իրեն հայտնի լեզվով:
31. Անձը, ով չի տիրապետում հայերենին, կարող է նոտարական գործողություններին մասնակցել թարգմանչի միջոցով:
32. Սույն գլխի պահանջների խախտմամբ վավերացված կամ հաստատված փաստաթուղթը չունի օրենքով նախատեսված ապացուցողական ուժ:
5. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
33. Նոտարական գործողությունները կարող են կատարվել Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում` ցանկացած նոտարական գրասենյակում, բացառությամբ օրենքով և սույն կարգով նախատեսված դեպքերի, երբ նոտարական գործողությունը պետք է կատարվի որոշակի նոտարական գրասենյակում:
34. Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարին կարող է դիմել ցանկացած անձ, անկախ նրա բնակության կամ գտնվելու վայրից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Եթե շահագրգիռ անձի՝ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակող հիվանդության կամ անօգնական վիճակի պատճառով նոտարական գրասենյակում նոտարական գործողությունների կատարումն անհնարին է դառնում, ապա շահագրգիռ անձի դիմումի հիման վրա նոտարը պարտավոր է դիմումը ներկայացնելու օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրը նոտարական գործողություններ կատարել նոտարական գրասենյակից դուրս՝ նոտարական տարածքում։ Նոտարական գործողությունները կարող են կատարվել նոտարական գրասենյակից դուրս նաև օրենքի 50-րդ, 52-րդ, 71-րդ, 73-րդ հոդվածներով սահմանված դեպքերում: Նշված դեպքերում նոտարը պարտավոր է վավերացման մակագրության մեջ և գրանցամատյանում նշել նոտարական գործողության կատարման վայրը (հասցեն):
35. Նոտարական գործողությունները կատարվում են դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:
36. Նոտարական գործողությունների կատարումը կարող է հետաձգվել կամ կասեցվել օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված հիմքերով և կարգով:
37. Նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել նոտարական գործողություններ կատարելու համար դիմած ֆիզիկական անձանց, նրանց ներկայացուցիչների կամ կազմակերպության ներկայացուցիչների ինքնությունն ու գործունակությունը, ինչպես նաև կազմակերպությունների իրավունակությունը, բացառությամբ խորհրդատվությունների, ինչպես նաև օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 5-7-րդ ենթակետերով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու համար դիմելու դեպքերի:
38. Գործարքների մասնակիցների կամ նոտարական այլ գործողության իրականացման համար դիմած ֆիզիկական անձանց գործունակությունը պարզելիս նոտարը պահանջում է նրանց անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը: Անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթեր են`
1) Արցախի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը կամ ժամանակավոր վկայականը, մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիրը, ծննդյան վկայականը.
2) փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
3) ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը.
4) օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը (միջազգայնորեն ճանաչված), ինչպես նաև Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Արցախի Հանրապետության հատուկ անձնագիրը: Այն դեպքում, երբ օտարերկրացին միջազգային պայմանագրի հիման վրա Արցախի Հանրապետության պետական սահմանը հատել է ճամփորդության համար չնախատեսված, սակայն օտարերկրյա պետությունում վավեր անձնագրով (ներքին անձնագիր), ապա Արցախի Հանրապետության տարածքում վերջինիս անձը հաստատող փաստաթուղթ է համարվում նաև ներքին անձնագիրը.
5) քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը, Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Արցախի Հանրապետության հատուկ անձնագիրը.
6) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական):
39. Նոտարական գործողություններ կատարելիս նոտարի կողմից ստուգվում է դիմած անձանց ինքնությունը` գրանցամատյանում նշելով նրա անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի անվանումը, ում կողմից, երբ և ում անունով է տրված: Լիազորագրով նոտարական գործողություններ իրականացնող անձն իրավունք ունի լիազորողի անունից հայտարարություններ տալ միայն, եթե նման հայտարարություն տալու վերաբերյալ լիազորագրով ուղղակի լիազորություն տրված է լիազորված անձին: Ընդհանուր գույքի նկատմամբ կատարվող գործարքներով տրվող լիազորագիրը վերաբերում է միայն լիազորող անձին պատկանող մասին: Նոտարական գործողությունների կատարման համար տրվող նվիրատվության մասին համաձայնագիրը պետք է համապատասխանի համապատասխան գործարք կատարելու համար տրվող լիազորագրի պահանջներին: Արգելվում է նոտարական գործողությունների իրականացման համար, որպես իրավական հիմնավորում ընդունել սույն կետի պահանջների խախտմամբ տրված համաձայնություններն ու հայտարարությունները:
40. Վավերացվող գործարքների կամ իրականացվող այլ նոտարական գործողությունների ընթացքում ընդհանուր սեփականության սեփականատերերի, ժառանգների, համաձայնություններ տվող և այլ անձանց, ինչպես նաև պետական տուրքի գծով արտոնություններ տալու ժամանակ ֆիզիկական անձանց ամուսնական կամ ազգակցական հարաբերությունները նոտարը ստուգում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների կողմից տրված համապատասխան վկայականների, դատարանի վճիռների, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով, որոնց պատճենների իսկությունը նոտարի կողմից ստուգվելուց հետո կցվում են համապատասխան նոտարական գործին:
41. Գնելու նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին փաստաթղթերի հետ պետք է ներկայացվի հրաժարականը ստորագրած ֆիզիկական անձի անձնագրային կամ կազմակերպության տվյալները, ինչպես նաև բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ նրանց իրավունքները հաստատող փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները):
42. Փաստաթղթերի պատճենների և դրանց քաղվածքների իսկությունը վավերացնելիս անձը հաստատող փաստաթղթի մասին գրանցամատյանում նշում չի կատարվում, այլ նշվում է. «Անձի ինքնությունը ճշտվել է»: Փաստաթղթի պատճենի իսկությունը վավերացնելիս նշվում է փաստաթղթի անվանումը, երբ, որտեղից և ում անունով է տրված:
43. Նոտարական կարգով վավերացվող գործարքները, ինչպես նաև համաձայնագրերը, հայտարարություններն ու մյուս փաստաթղթերը ստորագրվում են նոտարի ներկայությամբ: Եթե գործարքը, հայտարարությունը, համաձայնագիրը կամ այլ փաստաթուղթը ստորագրվել են նոտարի բացակայությամբ, ստորագրողը պետք է գրավոր հաստատի, որ փաստաթուղթը ստորագրել է ինքը:
44. Գործարքներ վավերացնելիս կամ նոտարական այլ գործողություններ կատարելիս (փաստաթղթերի վրա ստորագրությունների իսկությունը վավերացնելիս), ինչպես նաև այնպիսի նոտարական գործողություններ կատարելիս, որոնց ընթացքում փաստաթուղթը ստորագրվում է ֆիզիկական անձի կողմից, նոտարը պարտավոր է ստուգել գործարքի մասնակիցների կամ նոտարական գործողություն կատարելու համար դիմած այլ անձանց ստորագրությունների իսկությունը:
45. Եթե անձը ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ, նրա ու նոտարի ներկայությամբ փաստաթուղթը կարող է ստորագրել այլ անձ: Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը` նշելով այն պատճառները, որոնց ուժով փաստաթուղթը չէր կարող ստորագրել նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձը: Եթե նոտարական ակտը կազմելուն մասնակցում է խուլ անձ, որը կարող է կարդալ, ապա ինքն է կարդում փաստաթուղթը և հստակ հայտարարում, որ դա ինքը կարդացել է բարձրաձայն և արտահայտում է իր կամքը: Այդ մասին նոտարը փաստաթղթում կատարում է համապատասխան նշում: Երբ մասնակիցը խուլուհամր է, բայց կարող է կարդալ և գրել, նա կարդում է փաստաթուղթը և փաստաթղթի վերջում՝ նոտարի ստորագրությունից առաջ, գրում է, որ փաստաթուղթը ինքը կարդացել է և հավանություն է տալիս: Եթե կույրը, խուլը, համրը կամ խուլ ու համրը չեն կարող կարդալ փաստաթուղթը, նոտարը, վկաներից բացի, հրավիրում է թարգմանիչ, որը կարող է բացատրվել նշված անձանց հետ: Թարգմանիչը պետք է բացատրվի կույրի, համրի, խուլի կամ խուլուհամրի հետ և հայտնի նոտարին, որ փաստաթուղթն արտահայտում է նրա կամքը, և նա հավանություն է տալիս դրան:
46. Նոտարը կարող է չպահանջել, որպեսզի կազմակերպությունների` իրեն հայտնի պաշտոնատար անձինք անձամբ ներկայանան նոտարական գրասենյակ, եթե նոտարական գրասենյակում կա այդ պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշը, որը ստացվել է անձամբ դիմելիս կամ նախարարության կողմից` պաշտոնական գրությամբ, և նրանց ստորագրությունների իսկությունը կասկած չի առաջացնում:
47. Գործարքներ կնքելիս ստորագրությունների` մեխանիկական և պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրությունների, էլեկտրոնային թվային ստորագրության կամ իր ստորագրության այլ նմանօրինակի օգտագործում թույլատրվում է օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով:
48. Գործարքներ վավերացնելիս կամ նոտարական այլ գործողություններ կատարելիս պարզվում է գործարքին մասնակցող անձանց կամ նոտարական գործողություն կատարելու համար դիմած այլ անձանց գործունակությունը: Եթե նոտարը հիմքեր ունի ենթադրելու, որ գործարքի մասնակիցներից որևէ մեկը կամ նոտարական այլ գործողություն կատարելու համար դիմած անձը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կամ ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահելու, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը դրել է նյութական ծանր դրության մեջ, իսկ նրան անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին տեղեկություններ չկան, նոտարը հետաձգում է գործարքի կամ նոտարական այլ գործողության կատարումը և պարզում, թե չկա արդյոք դատարանի վճիռ տվյալ անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին: Եթե դատարանը նման վճիռ չի կայացրել, նոտարն իր ենթադրության մասին հայտնում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածում նշված անձանցից կամ կազմակերպություններից որևէ մեկին, որոնք կարող են դատարանին միջնորդել այդ անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու համար: Նոտարը խնդրում է ընդունված որոշման մասին հայտնել իրեն: Ելնելով այդ անձի, կազմակերպության կողմից ընդունված որոշումից` նոտարը կամ վավերացնում է գործարքը կամ դադարեցնում է նոտարական գործողության կատարումը մինչև դատարանի կողմից գործը քննության առնելը:
49. Տասնչորս տարին չլրացած անչափահասի (փոքրահասակի) փոխարեն գործարքները, ինչպես նաև նոտարական վավերացում կամ հաստատում պահանջող այլ գործողությունները, բացառությամբ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերի, նրանց անունից կարող են կնքել կամ իրականացնել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները: Տասնչորս տարին չլրացած անչափահասի անունից գործարքը պետք է կնքվի նրա երկու ծնողների ստորագրությամբ` բացառությամբ մահացած, մահացած ճանաչված, անհայտ բացակայող ճանաչված, ծնողական իրավունքներից զրկված ծնողի: Միայնակ ծնողի (միայնակ մայր կամ հայր) երեխայի անունից գործարքը ստորագրում է միայն մեկ ծնողը: Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ծնողի փոխարեն գործարքը պետք է ստորագրի նրա խնամակալը կամ հոգաբարձուն: Նշված բոլոր դեպքերում գործարքները վավերացնելիս պահանջվում են ներկայացնել հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
50. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների անունից կնքված գործարքները նոտարական կարգով կարող են վավերացվել այն պայմանով միայն, եթե այդ գործարքները կնքվել են նրանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ` բացառությամբ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերի: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների անունից կնքված գործարքների վերաբերյալ համաձայնությունը պետք է տան նրա երկու ծնողները` բացառությամբ մահացած, մահացած ճանաչված, անհայտ բացակայող ճանաչված, ծնողական իրավունքներից զրկված ծնողի: Միայնակ ծնողի (միայնակ մայր կամ հայր) երեխայի անունից կնքված գործարքի վերաբերյալ համաձայնությունը պետք է տա միայն մեկ ծնողը: Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ծնողի փոխարեն գործարքի վերաբերյալ իր համաձայնությունը պետք է տա նրա խնամակալը կամ հոգաբարձուն: Նշված դեպքերում գործարքները վավերացնելիս պահանջվում են համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:
51. Տասնչորս տարին չլրացած անչափահասների անունից սույն կարգի 1-ին կետի 5-12-րդ ենթակետերով նախատեսված նոտարական գործողությունները կարող են կատարվել նաև նրա մեկ ծնողի գրավոր համաձայնությամբ, ստորագրությամբ կամ դիմումով:
52. Ծնողների կողմից անչափահասների անունից գործարքները, ինչպես նաև անչափահասների կողմից կնքվող գործարքները վավերացնելիս խնամակալության և հոգաբարձության մարմինների համաձայնությունը չի պահանջվում, բացառությամբ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերի:
53. Անչափահաս անձանց կողմից կամ նրանց անունից գործարքները կնքելիս, նոտարական այլ գործողություններ կատարելիս, ինչպես նաև դիմումներ, հայտարարություններ կամ համաձայնություններ տալիս նշվում են նաև անչափահասի ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը:
54. Oրենքով արգելվում է փոքրահասակների և անգործունակ ճանաչված անձանց անունից նրանց օրինական ներկայացուցիչների կատարած նվիրատվությունը:
55. Լրիվ գործունակ ճանաչված տասնութ տարին չլրացած անչափահասները և օրենքով սահմանված դեպքերում մինչև տասնութ տարեկան դառնալը ամուսնացած անձինք գործարքներ են կնքում իրենց անունից` առանց ծնողների համաձայնության: Տասնութ տարին չլրացած լրիվ գործունակ ճանաչված անձինք գործարքները կնքելիս պետք է ներկայացնեն լրիվ գործունակ ճանաչվելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը կամ դատարանի վճիռը: Լրիվ գործունակ ճանաչված տասնվեց տարին լրացած, օրենքով սահմանված դեպքերում մինչև տասնութ տարեկան դառնալը ամուսնացած անձինք գործարքներ կնքելիս պետք է ներկայացնեն ամուսնության կամ ամուսնալուծության վկայական:
56. Խնամակալը կամ հոգաբարձուն խնամարկյալի անունից գործարքներ կարող է կնքել, ինչպես նաև նոտարական այլ գործողությունների համար դիմել Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով և դեպքերում: Խնամակալի կամ հոգաբարձուի կողմից խնամարկյալի անունից գործարքներ կնքելու կամ նոտարական այլ գործողություններ կատարելու համար պետք է ներկայացնի խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու մասին համապատասխան փաստաթուղթը:
57. Պատրոնի (օգնականի) կողմից չափահաս գործունակ քաղաքացու անունից գործարքներ կարող են կնքվել, ինչպես նաև նոտարական այլ գործողություններ կարող են իրականացվել Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով և դեպքերում: Պատրոնի (օգնականի) կողմից չափահաս գործունակ քաղաքացու անունից գործարքներ կնքվելու կամ նոտարական այլ գործողություններ կատարվելու համար պետք է ներկայացվեն համապատասխան հանձնարարության կամ հավատարմագրային կառավարման պայմանագիրը և դրա պատճենը:
58. Սույն հրահանգի 49-57-րդ կետերով նախատեսված հիմնավորող և այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են նաև դրանց պատճենները կամ լուսապատճենները, որոնց իսկությունը նոտարի կողմից ստուգվելուց հետո կցվում են նոտարական գործին:
59. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասն իրավունք ունի ինքնուրույն դիմել սույն կարգի 1-ին կետի 5-12-րդ ենթակետերում նշված նոտարական գործողությունների իրականացման համար:
60. Կազմակերպության (այդ թվում՝ կազմակերպության մասնաճյուղերի, ներկայացուցչությունների ու հիմնարկների) իրավունակությունը ստուգվում է նրա կանոնադրության, իսկ Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան չվերագրանցված կազմակերպություններինը` նաև հիմնադիր այլ փաստաթղթերի (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր պայմանագիր, ընկերակցության հիմնադիր պայմանագիր և այլն), դրանց գրանցված (հաշվառված) փոփոխությունների, պետական գրանցման վկայականի, ինչպես նաև կազմակերպության գրանցման, հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունների գրանցման (հաշվառման) ժամկետների մասին պետական գրանցող (հաշվառող) մարմնի կողմից տրված տեղեկություններն ուսումնասիրելու միջոցով:
Oրենքով նախատեսված ժամկետներում չգրանցված կամ չվերագրանցված իրավաբանական անձանց անունից կնքված գործարքները չեն վավերացվում կամ հաստատվում:
61. Կազմակերպության իրավունակությունը ստուգելիս նոտարը պետք է պարզի, թե արդյոք կազմակերպությունն օրենքին, իրավական այլ ակտերին կամ իր հիմնադիր փաստաթղթերի համաձայն իրավունք ունի իրականացնել համապատասխան գործողությունը, ինչպես նաև պետք է պարզվի, թե կատարվող գործողությունն իրականացվում է օրենքով, իրավական այլ ակտերով կամ նրա հիմնադիր փաստաթղթերով սահմանված կարգով, թե՞ ոչ: Նոտարը պետք է պահանջի ներկայացնել կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, փայատերերի և այլն) քանակի և նրանց ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի և այլն) մասին պետական գրանցող մարմնի կամ բաժնետերերի ռեեստր (գրանցամատյան) վարող մարմնի (միայն բաժնետիրական ընկերությունների համար) կողմից տրված տեղեկանք (քաղվածք ռեեստրից), եթե համապատասխան գործարքը պետք է կնքվեր վերջիններիս համաձայնությամբ կամ, եթե նրանք օրենքով կամ կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով սահմանված կարգով ունեն բաժնեմասերը գնելու նախապատվության իրավունք:
62. Պետք է ստուգվի նաև, թե կազմակերպության ներկայացուցիչը (լիազորված անձը կամ մարմինը) կազմակերպության կամ հիմնարկի հիմնադիր փաստաթղթերի համաձայն իրավասու է իրականացնել համապատասխան գործառույթ, թե՝ ոչ: Ներկայացուցչի լիազորությունները վավերացվում են նրա անվամբ տրված լիազորագրով: Եթե կազմակերպության անունից հանդես է գալիս նրա տնօրենը կամ այն անձը, որը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի համաձայն իրավունք ունի կազմակերպության անունից հանդես գալ առանց լիազորագրի, ապա պետք է պահանջվի համապատասխան իրավասու մարմնի որոշումը (իրավական ակտը) այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու մասին: Այդ փաստաթուղթը պահանջվում է նաև նշված անձի կողմից տրված լիազորագրի համաձայն կազմակերպության անունից հանդես եկող այլ անձից: Վերոհիշյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե անձին համապատասխան պաշտոնում նշանակելու մասին ակտը հրապարակվել է կամ դրա մասին հայտնի է դարձել նոտարին նախարարության պաշտոնական գրությամբ, կամ նոտարը նախկինում վավերացրել է այդ անձի մասնակցությամբ կնքված այլ գործարքներ:
63. Եթե կազմակերպությունը կառավարվում է կոլեգիալ կամ մի քանի անձանց կողմից, ապա պետք է պահանջվի նրանց միջև պարտականությունները բաշխելու մասին որոշումը:
64. Պետական հիմնարկները գործարքները կնքում և նոտարական գրասենյակներում այլ հարցերով հանդես են գալիս պետության անունից: Գործարքին մասնակցող կամ նոտարական այլ գործողություն կատարելու համար դիմած հիմնարկի իրավունակությունը ստուգելիս նոտարները պարտավոր են ծանոթանալ հիմնարկի կանոնադրությանը և ստուգել, թե կատարվող գործողությունները արդյոք բխում են Արցախի Հանրապետության օրենսդրության և տվյալ հիմնարկի կանոնադրության պահանջներից:
65. Կազմակերպությունների մասնաճյուղերը կամ ներկայացուցչությունները (այսուհետ` առանձնացված ստորաբաժանումներ) գործարքներ են կնքում կամ նոտարական գրասենյակներում այլ հարցերով հանդես են գալիս իրավաբանական անձի անունից: Գործարքին մասնակցող կամ նոտարական այլ գործողություն կատարելու համար դիմած առանձնացված ստորաբաժանման իրավունակությունը ստուգելիս նոտարները պարտավոր են ծանոթանալ նրա կանոնադրությանը և ստորաբաժանման ղեկավարին տրված լիազորագրին, ինչպես նաև ստուգել, թե կատարվող գործողությունները արդյոք բխում են Արցախի Հանրապետության օրենսդրության, տվյալ կազմակերպության և նրա առանձնացված ստորաբաժանման կանոնադրության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման ղեկավարին տրված լիազորագրի պահանջներից:
66. Կազմակերպությունների հիմնարկները գործարքներ են կնքում կամ նոտարական գրասենյակներում այլ հարցերով հանդես են գալիս կազմակերպության անունից: Գործարքին մասնակցող կամ նոտարական այլ գործողություն կատարելու համար դիմած կազմակերպության հիմնարկի իրավունակությունը ստուգելիս նոտարները պարտավոր են ծանոթանալ նրա կանոնադրությանը և պարզել, թե կատարվող գործողությունները արդյոք բխում են Արցախի Հանրապետության օրենսդրության, տվյալ կազմակերպության և նրա հիմնարկի կանոնադրության պահանջներից, եթե նոտարը ծանոթ է կազմակերպության կամ հիմնարկի կանոնադրությանը:
67. Լիազորագրերի հիման վրա գործարքներ վավերացնելիս կամ նոտարական այլ գործողություններ կատարելիս նոտարը ստուգում է լիազորագրի օրինականությունը: Նոտարը լիազորված անձի լիազորությունները որոշելիս պետք է ելնի միայն լիազորագրում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Լիազորագրով պետք է իրականացվեն միայն դրանում ուղղակի նախատեսված գործողություններ կամ կնքվեն դրանում ուղղակի նախատեսված գործարքներ:
Նոտարն իրավունք չունի լիազորագրի մեկնաբանման միջոցով լրացուցիչ լիազորություններ տալ կամ լիազորություններից զրկել անձին: Անդեմ, անիմաստ գործողություններ կատարելու կամ գործարքներ կնքելու լիազորություններ չբովանդակող կամ բազմիմաստ լիազորություններ բովանդակող լիազորագրերի դրույթները գործարքներ կամ նոտարական այլ գործողություններ կատարելու համար հիմք չեն ընդունվում: Նոտարական գործողությունների կատարման համար հիմք չեն ընդունվում նաև օրենսդրության պահանջներին հակասող գործողություններ կատարելու, ինչպես նաև օրենսդրության պահանջների խախտմամբ տրված լիազորագրերը: Եթե լիազորագրում նախատեսված են գործողությունների կատարման կամ գործարքների կնքման կարգ, պայմաններ, ձևեր և այլն (վայր, ժամկետ, գին և այլն), ապա նոտարական գործողությունները պետք է կատարվեն դրանց պահանջների խստիվ պահպանմամբ: Եթե լիազորագրի համաձայն գործարքներ պետք է կնքվեն լիազորողի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ, ապա նման գործարքը կարող է վավերացվել միայն ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ: Նման լիազորագիր վավերացնելիս նոտարը պարտավոր է խորհուրդ տալ լիազորողին, որ այն տրվի համատեղ սեփականության բոլոր մասնակիցների անունից:
68. Նոտարական գործողությունների կատարման համար ներկայացված փաստաթղթերը նոտարն իրավունք ունի մեկնաբանել` ելնելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Միայն դրանցում առանձին պայմանների կամ դրույթների տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում նոտարը, հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 8-րդ և 447-րդ հոդվածների պահանջը, իրավունք ունի դրանք մեկնաբանել` ելնելով այդ պայմանների կամ դրույթների և փաստաթղթի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Լիազորագրի կամ այլ փաստաթղթի բովանդակության մեկնաբանմամբ նոտարական գործողություններ կատարելու դեպքում նոտարը պարտավոր է արձանագրել մեկնաբանման բովանդակությունը, որը հաստատվում է նոտարի ստորագրությամբ ու կլոր կնիքով և կցվում է ներկայացված փաստաթղթին կամ դրա պատճենին:
69. Օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան նոտարն իրավունք ունի նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ տեղեկություններ կամ փաստաթղթեր պահանջել կազմակերպություններից, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից: Համապատասխան տեղեկություններն ու փաստաթղթերը պետք է ներկայացվեն նոտարի նշած ժամկետում: Այդ ժամկետը չի կարող տասնհինգ օրից ավելի լինել, եթե համապատասխան փաստաթղթերը տալու համար ավելի երկար ժամկետ չի կարող պահանջվել:
70. Օրենքի 29-րդ հոդվածին համապատասխան նոտարը կամ նոտարական առանձին գործողություններ կատարող պաշտոնատար անձն իրավունք չունի նոտարական գործողություններ կատարել իր, իր ամուսնու, իր կամ ամուսնու ծնողների, զավակների, եղբայրների, քույրերի, թոռների, պապի, տատի, ինչպես նաև տվյալ նոտարական գրասենյակի աշխատողների անվամբ և անունից: Նշված դեպքերում նոտարական գործողությունները կատարվում են այլ նոտարական գրասենյակի կողմից: Այս դեպքում նոտարական գործողության կատարման վայրը որոշվում է նախարարի կողմից: Սույն կետով սահմանված կանոնների խախտումով կատարված նոտարական գործողություններն առոչինչ են:
71. Վավերացման կամ հաստատման ենթակա չեն, ինչպես նաև նոտարական գործողություններ կատարելու համար հիմք չեն ընդունվում այնպիսի փաստաթղթեր, որոնցում նշված չեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, կամ որոնցում կան ջնջումներ կամ էական վնասվածքներ, կամ հավելագրումներ, կամ ջնջված բառեր, կամ դատարկ և հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մասեր, կամ այլ չծանոթագրված ուղղումներ, ինչպես նաև մատիտով գրված փաստաթղթերը: Նոտարական գործողությունների կատարման համար պետք է ներկայացվեն միայն փաստաթղթերի իսկական օրինակները կամ դրանց` սահմանված կարգով վավերացված պատճենները: Չեն ընդունվում նաև երկու և ավելի առանձին թերթերի վրա շարադրված փաստաթղթերը, եթե թերթերը ժապավինված, համարակալված և վավերացված չեն այն կազմակերպության կնիքով կամ քաղաքացու ստորագրությամբ, որոնք ներկայացրել են այդ փաստաթուղթը: Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող գործարքի կամ այլ փաստաթղթի, ինչպես նաև նոտարական գրասենյակ ներկայացվող փաստաթղթի տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ, փաստաթղթի բովանդակությանը վերաբերող թվերն ու ժամկետները, թեկուզ և մեկ անգամ, պետք է նշված լինեն բառերով, իսկ կազմակերպությունների անվանումները` առանց կրճատումների` նրանց մարմինների գտնվելու վայրի, իսկ անհրաժեշտության դեպքում` բանկի բաժանմունքի և ընթացիկ (հաշվարկային) հաշվի համարների նշումով, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Վավերացվող կամ հաստատվող գործարքում կամ այլ փաստաթղթում հապավումները կարող են կիրառվել, եթե դրանց բացատրությունը նախօրոք տրված է փաստաթղթում, կամ այն հանրահայտ է:
72. Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերում, ինչպես նաև նոտարական գրասենյակ ներկայացվող այլ փաստաթղթերում պաշտոնատար անձանց ազգանունները, անուններն ու հայրանունները (եթե հայրանունը նշվում է), ինչպես նաև պաշտոնների անվանումները պետք է գրվեն լրիվ, եթե օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված: Գործարքներում կազմակերպությունների լրիվ անվանումները` առանց կրճատումների, նրանց մարմինների գտնվելու վայրը, պաշտոնատար անձանց ազգանունները, անունները, ինչպես նաև պաշտոնների անվանումները պետք է նշվեն բովանդակության մեջ, ինչպես նաև վերջում` ստորագրության տողից առաջ:
73. Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերում ֆիզիկական անձանց ազգանունները, անուններն ու հայրանունները (եթե հայրանունը նշվում է) պետք է գրվեն լրիվ` նշելով նրանց բնակության վայրը: Կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից լիազորված անձանց տրված լիազորագրի տվյալները պետք է գրվեն լրիվ: Գործարքներում վերոհիշյալ դրույթները պետք է նշվեն բովանդակության մեջ, ինչպես նաև վերջում` ստորագրության տողից առաջ: Oտարերկրյա քաղաքացիների անունից գործարքներ վավերացնելիս նշվում է նաև նրանց քաղաքացիությունը:
74. Նոտարական գործողությունների համար ներկայացված փաստաթղթերը պետք է բխեն Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներից և չպետք է պարունակեն հակասական (իրարամերժ), անհասկանալի, խրթին կամ երկիմաստ ձևակերպումներ: Փաստաթղթերի` մինչև վերջ չլրացված տողերը և ազատ մնացած տեղերը գծվում են: Առանձին դեպքերում թույլատրվում է նախօրոք պատրաստված պայմանագրերի օրինակելի ձևերի վրա լրացված գործարքների վավերացումը: Այս դեպքում պայմանագրի օրինակելի ձևը պետք է լրացվի մեքենագրական եղանակով կամ մեկ ձեռագրով և մեկ թանաքով և հստակ: Լրացվող օրինակելի ձևում չպետք է մնան չլրացված մասեր: Պայմանագրի օրինակելի ձևի բոլոր դրույթները պետք է համապատասխանեն կնքվող գործարքի պայմաններին: Արգելվում է լրացվող օրինակելի ձևերում կատարել ջնջումներ կամ փոփոխություններ:
75. Նոտարն ուղղում է իր վավերացրած կամ հաստատած փաստաթղթերում տեղ գտած լեզվական կամ տպագրական սխալները, եթե դրանք չեն փոխում փաստաթղթի էությունը և բովանդակությունը։ Ուղղումները պետք է կատարվեն այնպես, որ բոլոր սխալները և ուղղումները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում: Ուղղումները կատարվում են փաստաթղթերի բոլոր օրինակների վրա, բացառությամբ երբ անհնար է ներկայացնել բոլոր օրինակները: Սույն կետի կանոնները տարածվում են նաև նոտարին փոխանցված այլ նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի վրա։ Վավերացված կամ հաստատված փաստաթղթերում թվի մեջ թվանշան կամ բառի մեջ տառ բաց թողնված լինելու կամ թիվը կամ բառը սխալ գրված լինելու դեպքերում դրանք վերցվում են օղակի մեջ, և գրվում է լրիվ ճիշտ թիվը կամ բառը: Ուղղումները պետք է ծանոթագրի նոտարը: Վավերացված կամ հաստատված փաստաթղթում ուղղումներ կատարելու անհնարինության դեպքում նոտարը ուղղումը կատարում է առանձին փաստաթղթի տեսքով, ծանոթագրում այն և կցում վավերացված կամ հաստատված փաստաթղթին: Առանձին փաստաթղթի տեսքով կատարված ուղղումը հանդիսանում է վավերացված կամ հաստատված փաստաթղթի անբաժանելի մասը: Ծանոթագրման մեջ նշվում է, որ ուղղումը կատարել է նոտարը, ինչպես նաև նշվում են դրա կատարման օրը, ամիսը և տարին: Ծանոթագրումը ստորագրում և կնքում է նոտարը: Նոտարական գործողություններին մասնակցած անձինք իրավունք չունեն ուղղումներ, փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վավերացված կամ հաստատված փաստաթղթում: Սույն կետի պահանջների խախտմամբ կատարված ուղղումները, վավերացված կամ հաստատված փաստաթղթերում որևէ այլ փոփոխություններն ու լրացումներն առոչինչ են:
76. Եթե վավերացման կամ հաստատման ենթակա փաստաթուղթը շարադրված է սխալ կամ անգրագետ կամ սույն կարգի պահանջների խախտումով, ապա նոտարը դիմողին առաջարկում է ուղղել այն կամ կազմել նորը: Դիմողի խնդրանքով փաստաթուղթը կարող է վերակազմվել նոտարի կամ նոտարական գրասենյակի աշխատողի կողմից` դրա համար օրենքով նախատեսված պետական տուրքի գանձումով:
77. Այն դեպքում, երբ հաստատվող, տրվող կամ վավերացվող փաստաթղթերը շարադրված են մի քանի թերթերի վրա, դրանք պետք է թելակարվեն, իսկ թերթերը համարակալվեն:
78. Եթե վավերացվող փաստաթուղթն օրենքին կամ փաստաթղթի պահանջներին համապատասխան պետք է ունենա հավելվածներ (կից փաստաթղթեր), ապա դրանք ևս պետք է կարվեն փաստաթղթին և համարակալվեն: Սույն պահանջի խախտմամբ ներկայացված փաստաթուղթը ենթակա չէ վավերացման: Վավերացման կամ հաստատման ենթակա մեկից ավելի թերթերի վրա կազմված փաստաթուղթը թելակարվում է այնպես, որ այն չփչացնի փաստաթղթի տեքստը և ընթեռնելի լինի առանց քանդելու: Փաստաթուղթը կարվում է թելով կամ ժապավենով կամ մետաղական ամրակով: Թելի, ժապավենի կամ ամրակի ծայրերը դուրս են բերվում փաստաթղթի վերջնամասից: Թելը կամ ժապավենը հանգուցվում են, իսկ ամրակի ծայրերը` ամրացվում: Այդ հանգույցի կամ մետաղական ամրակի ծայրերի վրա սոսնձվում է սպիտակ ամուր թուղթ այնպես, որ թելի կամ ժապավենի մի մասը դուրս մնա թղթի տակից: Սոսնձման համար կիրառվում է այնպիսի սոսինձ, որը հնարավորություն չտա պոկելու թուղթը կամ քանդելու թելը, ժապավենը կամ ամրակը` առանց վնասելու փաստաթուղթը կամ նրա վերջին էջը: Սոսնձվող թղթի վրա գրվում կամ դրոշմվում են հետևյալ բառերը «Փաստաթուղթը համարակալված է և բաղկացած _____ էջից»: Սոսնձվող թուղթը ստորագրում է նոտարը` դնելով պետական զինանշանի պատկերով կլոր կնիք այնպես, որ կնիքի կեսը դրոշմվի սոսնձված թղթի, իսկ մյուս կեսը` նոտարական գործի վերջին էջի վրա:
79. Արգելվում է վավերացնել կամ հաստատել, ինչպես նաև փաստաթղթերի վավերացման կամ հաստատման համար հիմք ընդունել սույն կարգի 71-78-րդ կետերի պահանջների խախտմամբ ներկայացված կամ պատրաստված փաստաթղթերը:
80. Գործարքներ վավերացնելիս, փաստաթղթերի պատճենների և դրանց քաղվածքների իսկությունը, փաստաթղթերի` մեկ լեզվից մյուսի թարգմանության իսկությունը, փաստաթղթի վրա եղած ստորագրության իսկությունը վավերացնելիս, փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը հաստատելիս` համապատասխան փաստաթղթերի վրա վավերացման մակագրություններ են արվում՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջները, ինչպես նաև սույն կարգը: Վավերացման մակագրությունը պետք է գրված լինի պարզ, առանց ջնջումների, և ուղղումները պետք է ծանոթագրվեն: Վավերացման մակագրությունը ստորագրվում է նոտարի կողմից և կնքվում նոտարական գրասենյակի պետական զինանշանի պատկերով կլոր կնիքով: Վավերացման մակագրություն անելու համար կարող են օգտագործվել հայերեն լեզվով դրոշմակներ համապատասխան մակագրության տեքստով: Հայերեն լեզվով դրոշմակի բացակայության դեպքում դրոշմակի տեքստը հայերեն լեզվով տպագրվում է փաստաթղթի վրա: Վավերացման մակագրությունները դրվում են փաստաթղթի տեքստից ազատ տարածության վրա: Եթե վավերացման մակագրությունը չի տեղավորվում համապատասխան փաստաթղթերի վրա, այն կարող է շարունակվել կամ լրիվ շարադրվել փաստաթղթին կցված թերթի վրա: Այս դեպքում թերթերը, որոնց վրա շարադրված են փաստաթղթի տեքստը և վավերացման մակագրությունը, ժապավինվում, համարակալվում են, թերթերի քանակը վավերացվում է նոտարի ստորագրությամբ և նոտարական գրասենյակի կլոր կնիքով: Վավերացման մակագրությունը շարադրելու կամ այն շարունակելու համար թույլատրվում է նաև թերթ կպցնել` դրոշմելով վրան պետական զինանշանի պատկերով կլոր կնիքը, այնպես որ կնիքի դրոշմածքի մի մասը դրոշմվի կպցված թերթի վրա:
81. Նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է, եթե՝
1) նոտարական գործողության կատարումը հակասում է օրենքին, իրավական այլ ակտերին կամ կազմակերպության կանոնադրությանը.
2) ներկայացված փաստաթուղթը կամ պահանջվող նոտարական գործողությունը ենթակա չէ նոտարական վավերացման կամ հաստատման.
3) օրենքի համաձայն նոտարական գործողությունը ենթակա չէ տվյալ նոտարի կողմից կատարման.
4) նոտարական գործողություն կատարելու մասին խնդրանքով դիմել է անգործունակ անձ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող անձ կամ նրա անգործունակ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող ներկայացուցիչ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) նոտարական գործողության կատարման համար դիմած անձը թեև գործունակ է, սակայն տվյալ պահին գտնվում է այնպիսի վիճակում, որ չի հասկանում իր գործողությունների նշանակությունը կամ չի կարող կառավարել դրանք.
6) դիմող անձը հրաժարվում է ներկայացնել նոտարական գործողության կատարման համար օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը.
7) դիմող անձը չի վճարում նոտարական գործողության կատարման համար նախատեսված պետական տուրքը կամ նոտարի մատուցած այլ ծառայությունների վճարը.
8) նոտարական գործողությունը պետք է կատարվի դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ հետախուզվող և քրեական պատասխանատվությունից խուսափող անձի կամ նրա գույքի նկատմամբ: Սույն կետով նշված հիմքով նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից, կամ նախարարությունից ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:
82. Նոտարական գործողություններ կատարելու համար չեն ընդունվում այն փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանում օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին կամ քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ են պարունակում:
83. Նոտարական գործողությունների կատարման մերժման հիմքերի առկայության դեպքում դիմողի պահանջով նոտարը կայացնում է մերժման գրավոր որոշում, որում նշվում են մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը: Նոտարական գործողության մերժման մասին որոշման մեկ օրինակը հանձնվում է նոտարական գործողությունների կատարման համար դիմած անձանց: Եթե ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն չունեն, ապա նոտարը նոտարական գործողությունը մերժելու մասին որոշումը կայացնում է իրեն դիմելու օրը կամ դիմումը ներկայացնելու հաջորդ օրը: Ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտության դեպքում նոտարը նոտարական գործողությունը մերժելու մասին որոշում է կայացնում մինչև դիմելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:
84. Մերժման որոշման մեջ պետք է նշվի`
1) որոշումը կայացնելու ամսաթիվը,
2) նոտարի ազգանունը և անվան ու հայրանվան սկզբնատառերը, նոտարական գրասենյակի անվանումը,
3) նոտարական գործողություն կատարելու համար դիմող քաղաքացու ազգանունը, անունը, բնակության վայրը, կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը,
4) նոտարական ինչպիսի գործողություն կատարելու համար է խնդրել դիմողը,
5) ինչ իրավական հիմքերով է մերժվել նոտարական գործողության կատարումը (վկայակոչել օրենսդրությունը կամ կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը).
6) մերժումը բողոքարկելու կարգը:
85. Նոտարական գործողություններ կատարելու, նոտարական գրասենյակի գործերում եղած փաստաթղթերի կրկնօրինակները տալու, պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, դիմումներ և այլ նախագծեր կազմելու, ինչպես նաև տպագրված նախագծերի օրինակելի ձևեր տրամադրելու և լրացնելու, փաստաթղթերի պատճեններ և դրանցից քաղվածքներ անելու համար պետական տուրք է գանձվում օրենքով սահմանված կարգով և չափով:
86. Եթե նոտարը հայտնաբերի, որ թույլ տված սխալի հետևանքով իր կողմից կատարված նոտարական գործողությունը ճիշտ չէ, նա պարտավոր է այդ մասին անմիջապես հաղորդել նախարարին:
87. Նոտարն իր նախաձեռնությամբ կամ շահագրգռված անձանց խնդրանքով կարող է ուղղել միայն բացահայտ վրիպակները կամ բացահայտ թվաբանական սխալները, որոնք չեն փոխում վավերացված գործարքի կամ տրված փաստաթղթի էությունը:
88. Նոտարները նոտարական գործողություններ կատարելիս քաղաքացիների կամ առանձին պաշտոնատար անձանց կողմից օրինախախտումներ հայտնաբերելիս հաղորդում են համապատասխան իրավասու մարմիններին և նախարարին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
6. ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ
89. Գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է`
1) Քաղաքացիական օրենսգրքում նշված դեպքերում.
2) կողմերից որևէ մեկի պահանջով, թեկուզև օրենսգրքով տվյալ տեսակի գործարքների համար նոտարական ձև չի պահանջվում:
90. Նոտարական վավերացման ենթակա են կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից կնքվող գործարքները: Գործարքների նոտարական վավերացումը կատարվում է Քաղաքացիական օրենսգրքի, օրենքի, իրավական այլ ակտերի և սույն կարգի պահանջներին համապատասխանող փաստաթղթի վրա նոտարի կողմից վավերացվող մակագրությամբ:
91. Պարտադիր կարգով պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի, օգտագործման իրավունքի, գրավի իրավունքի, սերվիտուտների, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` այլ իրավունքների (այսուհետև` գույքի նկատմամբ իրավունքներ) վերաբերյալ գործարքների վավերացման համար հիմք է ընդունվում համապատասխան իրավասու մարմինների կողմից տրված տվյալ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող վկայականը (փաստաթուղթը): Նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից դատական ակտերի համաձայն պարտադիր պետական գրանցման ենթակա գույքի վերաբերյալ գործարքների վավերացման ժամանակ պահանջվում է սեփականության իրավունքի վկայական, եթե գործարքը վերաբերում է բնակարանին կամ այնպիսի անշարժ գույքի, որի սեփականատերը պարտադիր պետք է ունենար սեփականության իրավունքի վկայական: Այդ վկայականի փոխարեն կարող է ներկայացվել նաև այդ գույքի նկատմամբ պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից տրված գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մատյանից քաղվածքը: Այն պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ գործարքները վավերացնելիս, որոնց նկատմամբ դեռևս չի ստացվել սեփականության իրավունքի վկայականը, որպես սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ` հիմք է ընդունվում համապատասխան հողաշինարարական մարմնի կողմից տրված տեղեկանքը, ինչպես նաև այդ գույքի պետական գրանցումն իրականացնող մարմնից տեղեկանք այն մասին, որ տվյալ հողի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չէ:
92. Մինչև 2007 թվականի հունվարի 1-ը կնքված և նոտարական վավերացում չստացած այն պետական և համայնքային գույքի մասնավորեցման պայմանագրերը վավերացնելիս, որոնցով օտարվող գույքի նկատմամբ դեռևս սեփականության իրավունքի պետական գրանցում չի իրականացվել, որպես սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ հիմք է ընդունվում մասնավորեցման մասին կառավարության համապատասխան որոշումը, ինչպես նաև պետական գրանցումն իրականացնող մարմնից տեղեկանքը՝ տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման բացակայության մասին: Պետք է ներկայացվի նաև պետական գույքի կառավարման բնագավառում լիազոր մարմնի տեղեկանքն այն մասին, որ տվյալ պայմանագիրը փոփոխված կամ լուծված չէ:
93. Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր են համարվում պետական իրավասու մարմնի կողմից տրված` տրանսպորտային միջոցի սեփականության և գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման վկայականները: Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը պետական լիազոր մարմնի տրամադրած տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը համարվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ, սակայն այդ վկայագրով գործարք իրականացնելն արգելվում է: Տրանսպորտային միջոցի հետ կապված գործարքները չեն կարող վավերացվել առանց տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, իսկ գործարքի կողմերից որևէ մեկի պահանջով` նաև այդ տրանսպորտային միջոցի պետական գրանցումն իրականացրած մարմնի կողմից տրված՝ տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքի: Եթե կողմերը ցանկանում են գործարքը վավերացնել առանց տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքի, ապա նրանք պարտավոր են տալ համապատասխան գրավոր հայտարարություն: Տվյալ դեպքում նոտարը պետք է կողմերին նախազգուշացնի, որ իրականացված գործարքից ծագող իրավունքների՝ արգելադրման առկայության հիմքով չգրանցման ռիսկերը կրում են գործարքի կողմերը:
94. Ազատ շրջանառության իրավունքով և ըստ ներկայացնողի արժեթղթերի նկատմամբ իրավունքները հաստատվում են դրանց նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ սահմանված կարգով կնքված պայմանագրերով, դրանց նկատմամբ իրավունքները հավաստող այլ փաստաթղթերով, նոտարի կողմից տրված` սեփականության կամ ժառանգության իրավունքի վկայագրերով, դատական ակտերով:
95. Անվանական արժեթղթերի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթուղթ է հանդիսանում արժեթղթերի գրանցամատյանը (ռեեստրը) վարող լիազորված մարմնի կողմից տրված տեղեկանքը (քաղվածք ռեեստրից):
96. Առևտրային կազմակերպությունների բաժնեմասերի, փայերի, ավանդների նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում այդ առևտրային կազմակերպությունը գրանցած պետական մարմնի կողմից տրված տեղեկանքը:
97. Մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթուղթ են հանդիսանում դրանց` սահմանված կարգով գրանցված լինելու մասին տրված փաստաթղթերը (վկայականները): Հեղինակային և հարակից իրավունքների սեփականատերը կարող է ներկայացնել նաև հայտարարություն հեղինակային իրավունքի սեփականության վերաբերյալ: Հեղինակային գույքային իրավունքները հաստատվում են հեղինակային պայմանագրերով:
98. 91-97-րդ կետերում չնշված այլ շարժական գույքի (այսուհետև այլ շարժական գույք) նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր կարող են հանդիսանալ դրանց ձեռք բերման մասին պայմանագրերը, հաշվիչ-դրամարկղային կտրոնները, հաշիվ-ապրանքագրերը, նոտարի կողմից տրված սեփականության կամ ժառանգության իրավունքի վկայագրերը, դատական ակտերը կամ տվյալ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող իրավասու մարմնի կամ կազմակերպության կողմից տրված օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:
99. Եթե կողմը չի կարողանում ներկայացնել այլ շարժական գույքի նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ, ապա նա պարտավոր է տալ գույքի նկատմամբ իր իրավունքների վերաբերյալ հայտարարություն: Արգելվում է վավերացնել գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ պայմանագրերը, եթե չեն ներկայացվել տվյալ գույքի նկատմամբ սույն հրահանգի 93-100-րդ կետերով նախատեսված իրավունքը հաստատող փաստաթղթերը:
100. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ գործարքները վավերացվում են միայն այդ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների վերաբերյալ անշարժ գույքը գրանցող մարմնի կողմից անշարժ գույքի գրանցման մատյանից տրված քաղվածքը ներկայացվելու դեպքում: Քաղվածքում պետք է նշված լինեն միայն անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքի տեսակը, իրավունք ունեցողի անունը կամ անվանումը, անշարժ գույքի գտնվելու վայրը, սեփականության, օգտագործման, գրավի, հիփոթեքի իրավունքների գրանցված սահմանափակումները (այդ թվում` սերվիտուտների առկայությունը): Անշարժ գույքի նկատմամբ սեփականատերերի քանակի, գույքի չափի, կադաստրային հանույթների, հատակագծերի և անշարժ գույքի վերաբերյալ այլ տվյալների համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի վկայականում նշված տվյալները, եթե սույն կարգով այլ բան չի նախատեսված: Եթե անշարժ գույքի ընդհանուր բաժնային սեփականատիրոջն իր բաժնի մասով տրվել է սեփականության իրավունքի վկայական, ապա այս դեպքում տեղեկանքում պետք է տեղեկություններ պարունակվեն բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի մյուս սեփականատերերի մասին: Եթե պետական գրանցման ենթակա իրավունքների վերաբերյալ գործարքը վավերացվելուց նրանում կատարվել և նոտարական կարգով վավերացվել են փոփոխություններ, ապա այդ փոփոխություններին առնչվող կամ դրանից բխող գործարքները կարող են վավերացվել միայն, եթե ներկայացվի փոփոխությունների գրանցման մասին համապատասխան մարմնի տեղեկանքը:
101. Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցումից հետո գույքի նկատմամբ սահմանված կարգով կիրառված սահմանափակման (արգելադրման) դեպքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքի օտարման վերաբերյալ գործարքը կարող է վավերացվել միայն այն դեպքում, երբ կա գրավառուի և ձեռք բերողի համաձայնությունը ձեռք բերողի կողմից պարտքը հատուցելու մասին:
102. Բնակելի տան, բնակարանի, բնակելի տան մասի կամ բնակարանի մասի վաճառքի պայմանագրի էական պայման է այն անձանց անվանացանկը, որոնց բնակելի տարածության օգտագործման իրավունքը, մինչև վաճառքի պայմանագիր կնքելը, գրանցված է օրենքով սահմանված կարգով: Պետք է ներկայացվի նաև այն անձանց անվանացանկը, ովքեր մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը օրենքով սահմանված կարգով համարվել են բնակարանի կամ բնակելի տան նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձինք: Նշված անվանացանկը ներկայացվում է համապատասխան բնակարանային շահագործման գրասենյակներից, բնակարանային շահագործման մասերից, համատիրություններից, բնակարանային-շինարարական կոոպերատիվներից, տեղական ինքնակառավարման մարմիններից կամ համապատասխան փաստաթուղթ տալու լիազորություն ունեցող այլ մարմիններից:
103. Նոտարը պարտավոր է գույքահարկով հարկվող գույքի օտարման գործարքի մասնակից ֆիզիկական անձանց հայտնել, որ նրանց պատկանող գույքահարկով հարկվող գույքը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման պահի դրությամբ տվյալ հարկվող գույքի համար չմարված հարկային պարտավորությունները: Սույն դրույթը սահմանվում է նաև գույքի օտարման պայմանագրում:
104. Գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ պայմանագրի լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից: Գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռը ստանալու դեպքում նոտարն այդ մասին նշում է կատարում գրանցամատյանում և նոտարական գրասենյակում պահվող պայմանագրի օրինակի վրա: Սույն կետում նշված դեպքերում գույքը վաճառողին (նվիրատուին) նրա պահանջով վերադարձվում է նոտարական գրասենյակում գտնվող` իրավունքը հաստատող փաստաթուղթը (կամ նրա կրկնօրինակը), որը վաճառողը (նվիրատուն) ուներ մինչև գույքի օտարման վերաբերյալ լուծվող պայմանագրի կնքումը:
105. Գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ գործարքները կարող են վավերացնել բոլոր նոտարական գրասենյակները` անկախ այդ գույքի գտնվելու վայրից:
106. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները, գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա են պետական գրանցման անշարժ գույքի պետական գրանցումն իրականացնող մարմնում: Այս մասին նոտարը նշում է վավերացման մակագրության մեջ և բացատրում կողմերին: Նույնպիսի գրառում է կատարվում նաև պարտադիր պետական գրանցման ենթակա այլ իրավունքների վերաբերյալ գործարքները վավերացնելիս:
107. Նոտարական կարգով վավերացվող պայմանագրերը, կտակները, լիազորագրերը և այլ փաստաթղթեր, որոնցում շարադրվում է գործարքի բովանդակությունը, նոտարին են ներկայացվում երկուսից ոչ պակաս օրինակով, որոնցից մեկը պահվում է նոտարական գրասենյակում: Բոլոր օրինակները ստորագրվում են գործարքի մասնակիցների կողմից: Վավերացման մակագրությունները նույնպես դրվում են բոլոր օրինակների վրա: Վավերացված մյուս օրինակները վերադարձվում են կողմերին:
108. Համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման, վարձակալության կամ գույքի նկատմամբ այլ իրավունքների փոխանցման վերաբերյալ գործարքների վավերացման դեպքում պահանջվում է համայնքի ավագանու համաձայնությունը համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելու, օտարելու կամ գույքի նկատմամբ այլ իրավունքները փոխանցելու մասին, ինչպես նաև նրա կողմից հաստատված դրանց վարձավճարների չափերը և աճուրդային եղանակով օտարվող գույքի մեկնարկային գինը: Պետական սեփականություն հանդիսացող հողամասը համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կողմից օտարվելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ գործարքները վավերացնելիս պահանջվում է ներկայացնել դրանց իրականացման իրավական հիմքերը, ինչպես նաև այն իրավական ակտը, համաձայն որի` տվյալ համայնքի ղեկավարին իրավունք է վերապահվել կնքել նման գործարքներ:
109. Պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման կամ այդ գույքի նկատմամբ այլ իրավունքների փոխանցման դեպքում պահանջվում է ներկայացնել դրանց իրականացման իրավական հիմքերը, ինչպես նաև այն իրավական ակտը, համաձայն որի` տվյալ պետական մարմնին կամ անձին իրավունք է վերապահվել կնքել նման գործարքներ:
110. Բազմաբնակարան շենքի բնակարանի օտարման պայմանագրում սահմանվում է նաև, որ նոր սեփականատիրոջը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անցնում է նաև շենքի ընդհանուր գույքի համապատասխան բաժինը:
111. Գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, ինչպես նաև գործարքն անվավեր ճանաչելու կամ այն վաղաժամկետ լուծելու մասին գործարքը պետք է վավերացնի այն նոտարը, որը վավերացրել է գործարքը: Այս դեպքում նոտարը համապատասխան նշում է կատարում փոփոխվող, լրացվող, անվավեր ճանաչված կամ վաղակետ լուծված գործարքում դրանք կարելով միևնույն վարույթում: Գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, ինչպես նաև հաջորդող գրավի պայմանագրի վավերացման ժամանակ նոտարը պարտավոր է պահանջել այն բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ կլինեին համապատասխան գործարքի վավերացման համար: Գրավ դրված գույքը կարող է դառնալ այլ գրավի առարկա (հաջորդող գրավ) անկախ այն հանգամանքից, թե գրավառուն նույն անձն է, թե տարբեր անձինք են:
7. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ
ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
112. Ընդհանուր համատեղ է համարվում`
1) Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը, այդ թվում նաև բաժնետոմսերը, բաժնեմասերը, փայերը և այլն, եթե նրանց միջև 2001 թվականի հուլիսի 1-ից հետո այդ գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ այլ բան նախատեսող պայմանագիր չի կնքվել: Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը չի համարվում ամուսիններից յուրաքանչյուրի մինչև ամուսնությունն ունեցած գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը, անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է: Ամուսինների ընդհանուր սեփականությունը չի համարվում նաև նրանց մտավոր սեփականությունը.
2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքի համաձայն` սեփականաշնորհված բնակարանը համարվում է տվյալ բնակարանում սեփականաշնորհման պահին բնակվող ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնեմասային սեփականությունը.
3) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Սույն կետով թվարկված գույքի նկատմամբ սեփականատերերին որոշելու համար նոտարը պետք է պահանջի այդ գույքը ձեռք բերելու կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն առաջանալու պահին նրա նկատմամբ սեփականության իրավունքից օգտվողների ցանկը (ընտանիքի անդամներ, ամուսիններ, բնակարանում գրանցված անձինք և այլն):
113. Ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ գործարքները կնքելիս պահանջվում է բոլոր սեփականատերերի համաձայնությունը, եթե նրանց միջև կնքված պայմանագրով (համաձայնագրով) այլ բան չի նախատեսված:
114. Ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ գործարքները (պայմանագրեր, համաձայնագրեր և այլն) կարող են վավերացվել, եթե դրանք ստորագրվել կամ հաստատվել են բոլոր սեփականատերերի կամ նրանց օրինական ներկայացուցիչների կողմից, կամ եթե առկա է մյուս սեփականատերերի կամ նրանց օրինական ներկայացուցիչների` սահմանված կարգով տրված համաձայնությունը: Բոլոր դեպքերում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ գործարքում պետք է նշվի, որ օտարվող կամ ձեռք բերվող գույքի կամ գույքային իրավունքների նկատմամբ իրավունքները պատկանում են բոլոր սեփականատերերին, եթե այդ պայմանագրով կամ սեփականատերերի միջև մինչ այդ կնքված պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված: Այս գործարքներում պետք է նշվեն համատեղ սեփականատեր հանդիսացող բոլոր սեփականատերերի (այդ թվում` անչափահաս) անունները, ազգանունները, հայրանունները (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում), բնակության վայրերը, ինչպես նաև կազմակերպությունների անվանումներն ու գտնվելու վայրերը: Նշված դրույթները պարտադիր կարգով նախատեսվում են թե' գույքի նկատմամբ իրավունքները ձեռքբերողի և թե' այն օտարողի համար:
115. Եթե գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերող անձն ամուսնացած է, և ամուսինների միջև չկա կնքված պայմանագիր, կամ եթե այդ պայմանագրով այլ բան չի նախատեսված, գործարքում պարտադիր նշվում է, որ ձեռք բերված գույքի նկատմամբ իրավունքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է երկու ամուսիններին` նշելով ամուսինների անունները, ազգանունները, հայրանունները (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում), բնակության վայրը:
116. Եթե գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ գործարքը վավերացնելու ժամանակ նոտարական գրասենյակում ներկա է գույքի համասեփականատերը, ապա նա չպետք է տա համաձայնություն, այլ որպես գույքի համասեփականատեր գործարքի կնքմանը պետք է մասնակցի որպես կողմ:
117. Գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ գործարք կնքելուն իր համաձայնության մասին սեփականատիրոջ դիմումի վրա եղած ստորագրության իսկությունը կարող է հաստատվել նոտարի կողմից կամ այն մարմինների կողմից, որոնց կողմից տրված լիազորագրերը հավասարեցվում են նոտարի կողմից վավերացված լիազորագրին:
118. Եթե համասեփականատիրոջ համաձայնագրում նշված է, թե նա անձնապես ում (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում նշված լինելու դեպքում), կազմակերպության անվանումը) է համաձայն վաճառելու կամ նվիրելու համատեղ ձեռք բերած գույքը, կամ նշված է գին և այլ պայմաններ, նոտարը պայմանագիրը վավերացնելիս պարտավոր է ստուգել, թե պահպանված են արդյոք համասեփականատիրոջ համաձայնագրում նշված պայմանները:
119. Ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ գործարքները վավերացնելիս նոտարը սույն կարգին համապատասխան պետք է պարզի սեփականատերերի ինքնությունը, իսկ ամուսինների ամուսնական հարաբերությունները ճշտելու համար պահանջվում է նաև ամուսնության վկայական, որի պատճենը կցվում է նոտարական գործին:
120. Ամուսինների սեփականության իրավունքների պաշտպանության նպատակով գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ գործարք կնքող բոլոր չափահաս ֆիզիկական անձանցից պահանջվում է հայտարարություն գույքի նկատմամբ իրավունքների ձեռք բերման պահին իր ընտանեկան դրության մասին: Եթե անձը պնդում է, որ գույքը ձեռք է բերվել մինչև իր ամուսնանալը, կամ ինքն ամուսնացած չէ կամ գույքը օրենքի համաձայն սեփականության իրավունքով պատկանում է միայն իրեն, ապա այդ մասին տրվում է հայտարարություն` անհրաժեշտության դեպքում ներկայացնելով սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր: Եթե անձը հայտարարում է, որ ինքն ամուսնալուծված է, ապա նոտարը պետք է պահանջի ամուսնալուծության վկայականը` պարզելու համար գույքի նկատմամբ ամուսնալուծված ամուսնու իրավունքները: Եթե անձը հայտարարում է, որ ամուրի է (կինը կամ ամուսինը մահացած են), կամ համասեփականատերը մահացել է կամ ճանաչվել է մահացած, ապա նոտարը պետք է պահանջի մահվան վկայական կամ դատարանի համապատասխան վճիռ` պարզելու համար, թե արդյոք մահացած ամուսնու գույքի նկատմամբ բացվել է ժառանգություն, թե՝ ոչ: Եթե մահացած ամուսնու կամ այլ համասեփականատիրոջ գույքի նկատմամբ ժառանգություն չի ձևակերպվել, ապա այդ գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ գործարքը կարող է վավերացվել միայն մահացած համասեփականատիրոջ գույքն առանձնացվելուց հետո: Այս դեպքում նոտարը պետք է միջոցներ ձեռնարկի մահացած համասեփականատիրոջ գույքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ժառանգության իրավունքը ձևակերպելու համար: Սույն կետում նշված հայտարարությունների մասին հայտնվում է գործարքի մյուս կողմին, որն իր ստորագրությամբ վավերացնում է հայտարարությանը տեղյակ լինելու մասին փաստը:
121. Եթե բնակարանը կամ բնակելի տունն օտարելիս չի վերցվել մյուս ամուսնու համաձայնությունը` հիմք ընդունելով օտարողի հայտարարությունն այն մասին, որ այն սեփականության իրավունքով պատկանում է միայն իրեն, կամ որ ինքը գույքը ձեռք բերելու պահին ամուսնացած չի եղել, ապա բնակարանը ձեռք բերողին նոտարը պարտավոր է նախազգուշացնել, որ եթե հետագայում պարզվի, որ այդ բնակարանի կամ բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք ուներ նաև օտարողի ամուսինը, ապա վերջինս իրավունք կունենա պահանջել, որ պահպանվի առանց իր համաձայնության օտարված բնակարանի կամ բնակելի տան նկատմամբ օգտագործման իր իրավունքը:
122. Գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ գործարքը կարող է վավերացվել առանց մյուս ամուսնու համաձայնությունը պահանջելու, եթե իրավունքը հաստատող փաստաթղթից, ամուսնության վկայականից կամ այլ փաստաթղթերից երևում է, որ այն հանդիսանում է ոչ թե ընդհանուր, այլ ամուսիններից մեկի սեփականությունը:
8. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ
ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
123. Երկու կամ ավելի անձանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն: Բաժնային են համարվում սեփականատիրոջը պատկանող այն առանձնացված շենքերը, շինությունները, բնակարանները, կառույցները, տարածքները, որոնք ունեն այլ սեփականատերերի (սեփականատիրոջ) հետ ընդհանուր պատ, առաստաղ, ծածկ, հատակ, նկուղ, միջանցք, կոմունալ կամ այլ ընդհանուր տարածք, կրող կառուցվածքներ, մուտքեր, աստիճանավանդակներ, վերելակային և այլ հորեր, բնակելի և ոչ բնակելի շինություններից դուրս գտնվող միջանցքներ, ձեղնահարկ, տեխնիկական հարկեր կամ սպասարկող սարքավորումներ: Սեփականատիրոջը պատկանող առանձնացված շենքերի, շինությունների, բնակարանների, կառույցների, տարածքների օտարման պայմանագրերը վավերացնելիս նոտարը դրանց սեփականության իրավունքի վկայականների ու ներկայացվող այլ փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պարտավոր է պարզել, թե արդյոք այն օտարող անձին չի պատկանում բաժնային սեփականության իրավունքով:
124. Բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի սեփականատերերի բաժինները համարվում են հավասար, եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները չեն կարող որոշվել օրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ:
125. Բաժնային սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ կարող է սահմանվել նրանց բաժինները որոշելու և փոփոխելու կարգ` ընդհանուր գույքի կազմավորման ու աճի մեջ նրանց ներդրմանը համապատասխան:
126. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել:
127. Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս կամ փոխանակելիս պահանջվում է նաև բաժնային սեփականության մնացած մասնակիցների համաձայնությունը կամ ապացույցներ այն մասին, որ գույքն օտարող կամ փոխանակող անձը կատարել է Քաղաքացիական օրենսգրքի 196 հոդվածի պահանջները, որի վերաբերյալ ներկայացվում են համապատասխան ապացույցներ: Սույն կետի պահանջը չի տարածվում սեփականաշնորհված բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման վրա: Սույն կետով նախատեսված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե գույքն օրենքով նախատեսված դեպքերում օտարվել է հրապարակային սակարկություններով:
128. Ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների դիմումների կամ համաձայնությունների վրա եղած ստորագրությունների իսկությունը պետք է վավերացված լինի նոտարի կամ այն մարմինների ղեկավարների կողմից, որոնց կողմից վավերացված փաստաթղթերը հավասարեցվում են նոտարի կողմից վավերացված փաստաթղթին: Ստորագրության իսկության վավերացում չի պահանջվի, եթե ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցներն անձամբ ներկայանան նոտարական գրասենյակ և դիմում ներկայացնեն գնելու նախապատվության իրավունքից իրենց հրաժարվելու մասին: Այս դեպքում նոտարը սույն կարգի համաձայն ստուգում է նրանց ինքնությունը և իրավունքները հաստատող փաստաթղթերի իսկությունը: Ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների համաձայնագրերը կցվում են նոտարական գործին:
129. Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ գործարքները կարող են վավերացվել նաև այն դեպքում, եթե ապացույցներ ներկայացվեն, որ մյուս սեփականատերերը իրենց հաշվառման վայրում չեն ապրում, կամ նրանց բնակության վայրերն անհայտ են:
130. Ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի բաժնի նկատմամբ իրավունքի վերաբերյալ գործարքով կարող են նշվել թե' դրանց թվաբանական բաժինները, և թե' կոնկրետ մասերը` ելնելով բաժնային սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթում նշված պայմաններից:
131. Ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների միջև շարժական կամ անշարժ գույքն օգտագործելու համաձայնագիրը կարող է ձևակերպվել ինքնուրույն փաստաթուղթ կազմելու միջոցով` ցույց տալով կոնկրետ գույքի օգտագործման առանձնահատկությունները:
132. Ընդհանուր բաժնային սեփականության մասնակցի մահվան դեպքում բաժնի չափի փոփոխման վերաբերյալ համաձայնագիրը կարող է հաստատվել ժառանգությունն ընդունած նրա ժառանգների մասնակցությամբ:
9. ԼԻԱԶՈՐԱԳՐԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ
133. Նոտարը վավերացնում է այն անձի գրավոր լիազորությունը (լիազորագիրը), որը նա տալիս է` այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու նպատակով: Թույլատրվում է մի քանի անձանց անունից մեկ լիազորագրի վավերացումը, եթե նրանում նախատեսված լիազորությունները վերաբերում են լիազորագիր տված անձանց միաբնույթ շահերին:
134. Նոտարը վավերացնում է մեկ անձի անունից մի քանի անձանց անունով տրված լիազորագրերը:
135. Լիազորագրում լիազորությունները պետք է շարադրված լինեն պարզ և հստակ: Չպետք է լինեն տարածական, անդեմ կամ երկիմաստ լիազորություններ:
136. Լիազորագրի տեքստում պետք է նշված լինի այն կազմելու (կատարելու) տեղը և տարին, ամիսը, ամսաթիվը` (կողմերի պահանջով նաև` ժամը) բառերով և թվերով, ներկայացուցիչ և ներկայացվող ֆիզիկական անձանց ազգանունները, անունները, հայրանունները (անձը հաստատող փաստաթղթում նշված լինելու դեպքում), բնակության վայրը, ներկայացուցիչ և ներկայացվող կազմակերպության լրիվ անվանումը (առանց կրճատումների), գտնվելու վայրը, լիազորագիր տվող պաշտոնատար անձի պաշտոնը:
137. Փաստաբանների անվամբ տրված լիազորագրերում նշվում են նաև փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագրի տվյալները:
138. Լիազորագրերի գործողության ժամկետը նշվում է բառերով և չի կարող գերազանցել երեք տարին: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում: Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող լիազորագիրը պահպանում է ուժը մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը:
139. Լիազորագիրը, որում նշված չէ դրա կատարման (կազմելու) տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է:
140. Վերալիազորման կարգով տրվող լիազորագիրը նոտարական կարգով վավերացման ենթակա է, եթե հիմնական լիազորագրով վերապահված է վերալիազորման իրավունքը, կամ եթե լիազորված անձը հանգամանքների բերումով ստիպված է այդ անել լիազորողի շահերի պահպանման համար: Վերջին դեպքում լիազորված անձը պարտավոր է ներկայացնել համապատասխան ապացույցներ: Վերալիազորման կարգով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել այն լիազորագրի գործողության ժամկետը, որի հիման վրա դա տրված է: Վերալիազորման կարգով տրվող լիազորագրում պետք է նշված լինեն հիմնական լիազորագրի վավերացման տեղը և օրը, սույն կետով լիազորագիր տված և լիազորված անձանց համար նախատեսված տվյալները: Հիմնական լիազորագրի վրա նշում է կատարվում վերալիազորման մասին: Հիմնական լիազորագրի պատճենը կցվում է լիազորագրի` նոտարական գրասենյակում պահվող օրինակին:
141. Քաղաքացիական օրենսգրքի 320-րդ հոդվածի համաձայն՝ նոտարը վավերացնում է նաև անհատ ձեռնարկատիրոջ, ձեռնարկատիրական գործունեության ոլորտի այլ սուբյեկտից իր առևտրային ներկայացուցչին, ինչպես նաև կազմակերպության կողմից իր ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին տրված լիազորագրերը:
10. ԿՏԱԿՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ
142. Նոտարները վավերացնում են գործունակ անձանց` Քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան կազմված ու անձամբ նրանց կողմից ներկայացված կտակները: Մի քանի անձանց անունից մեկ կտակը, ինչպես նաև ներկայացուցչի միջոցով կազմված կտակը վավերացնել չի թույլատրվում: Կտակը պետք է կազմված լինի գրավոր, կազմելու վայրի ու ժամանակի նշումով և ստորագրվի կտակարարի ձեռքով: Սույն կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության:
143. Նոտարի վավերացրած կտակը պետք է գրած լինի կտակարարը կամ կտակարարի բառերով գրի առնի նոտարը: Կտակը գրելիս կամ գրի առնելիս կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ (համակարգիչ, գրամեքենա և այլն): Կտակարարի բառերով` նոտարի գրի առած կտակը, մինչև դրա ստորագրելը, պետք է կտակարարն ամբողջությամբ կարդա նոտարի ներկայությամբ:
144. Եթե կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող անձամբ ստորագրել կտակը, ապա նրա խնդրանքով, նոտարի ներկայությամբ, կտակը կարող է ստորագրվել այլ անձի կողմից` կտակում նշելով այն պատճառները, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ ստորագրել կտակը: Կտակում պետք է նշվեն այդ անձի անունը և նրա բնակության վայրը:
145. Կտակը կազմելիս և նոտարի կողմից վավերացվելիս կտակարարի ցանկությամբ կարող է ներկա գտնվել վկա: Եթե կտակարարն ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, վկայի ներկայությունը պարտադիր է: Եթե կտակը կազմվում և վավերացվում է վկայի ներկայությամբ, ապա այն պետք է ստորագրի վկան: Կտակում պետք է նշվեն վկայի անունն ու նրա բնակության վայրը: Նոտարը պարտավոր է նախազգուշացնել վկային և կտակարարի փոխարեն կտակն ստորագրող անձին կտակի գաղտնիության պահպանման անհրաժեշտության մասին:
146. Այն դեպքերում, երբ կտակը կազմելիս, ստորագրելիս կամ վավերացնելիս պետք է ներկա լինեն վկաներ, այդպիսի վկաներ չեն կարող լինել, ինչպես նաև կտակարարի փոխարեն կտակը չեն կարող ստորագրել`
1) նոտարը կամ կտակը վավերացնող այլ անձը.
2) այն անձը, ում օգտին կազմվել է կտակը կամ` արվել կտակային հանձնարարություն, այդ անձի ամուսինը, երեխաները, ծնողները.
3) լրիվ գործունակությամբ չօժտված քաղաքացիները.
4) անգրագետները և կտակը կարդալ չկարողացող անձինք.
5) այն անձինք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում կազմված կտակի լեզվին, բացառությամբ այն դեպքի, երբ կազմվում է փակ կտակ.
6) կեղծ ցուցմունք տալու համար դատվածություն ունեցող անձինք:
Նոտարը նշված սահմանափակումների մասին հայտնում է ներկայացած վկաներին, որոնք իրենց ստորագրություններով պետք է հավաստեն, որ սույն կետով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում իրենց վրա:
147. Կտակը նոտարի կողմից վավերացվում է Քաղաքացիական օրենսգրքի և սույն կարգի պահանջներին համապատասխան: Նոտարը, կտակը վավերացնելիս, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը` այդ մասին կտակի մեջ նշում կատարելով կտակարարի ստորագրությունից առաջ: Այն անձը, ում օգտին ձևակերպվում է կտակն իրավունք ունի ներկա լինելու դրա կազմմանը, եթե այդ ցանկանում է ինքը` կտակարարը: Այս մասին նշում է արվում կտակի բոլոր օրինակների վրա, որը վավերացվում է կտակարարի կամ նրա հանձնարարությամբ կտակը ստորագրողի, նոտարի ստորագրություններով և կնքվում:
148. Կտակը վավերացնելիս կտակարարից չի պահանջվում ներկայացնել կտակվող գույքի նկատմամբ նրա իրավունքը հաստատող ապացույցներ:
149. Կտակարարի ցանկությամբ նոտարը կտակը վավերացնում է առանց դրա բովանդակության հետ ծանոթանալու (փակ կտակ): Փակ կտակը պետք է գրի և ստորագրի անձամբ կտակարարը: Կտակարարը փակ կտակը փակ (սոսնձված) ծրարով հանձնում է նոտարին` երկու վկայի ներկայությամբ, որոնք ծրարի վրա դնում են իրենց ստորագրությունները: Վկաների ստորագրած ծրարը նոտարը նրանց ներկայությամբ տեղադրում է մեկ այլ ծրարում, փակում (սոսնձում) է այն և վրան կատարում վավերացնող մակագրություն: Վավերացնող մակագրությունը պետք է տեղեկություններ պարունակի կտակարարի, ումից նոտարը ստացել է փակ կտակը, փակ կտակի ստացման վայրի, տարվա, ամսվա, ամսաթվի և յուրաքանչյուր վկայի անվան ու նրա բնակության վայրի մասին: Նոտարը, կտակարարից ստանալով կտակով ծրարը, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը` այդ մասին ծրարի վրա նշում կատարելով վկաների ստորագրությունից առաջ: Սույն կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության, որի մասին նոտարը պարտավոր է նախազգուշացնել կտակարարին:
150. Կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը, ընդ որում նա պարտավոր չէ նշել կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները: Կտակարարն իրավունք ունի նոր կտակի միջոցով`
1) ամբողջությամբ վերացնել նախկին կտակը.
2) փոփոխել նախկին կտակը` դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրությունները վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու կամ կտակը նոր կարգադրություններով լրացնելու միջոցով:
151. Ավելի ուշ արված և նախորդ կտակի կամ դրա առանձին կարգադրությունները վերացնելու մասին ուղղակի նշումներ չպարունակող կտակը նախկին կտակը վերացնում է իրեն հակասող մասով: Կտակը վերացնող կամ փոփոխող ավելի ուշ արված կտակն անվավեր ճանաչվելու դեպքում վավեր է համարվում նախկինում կազմված կտակը: Հետագա կտակով ամբողջովին կամ մասնակիորեն վերացված նախկին կտակը չի վերականգնվում, եթե կտակարարն ամբողջությամբ կամ համապատասխան մասով վերացրել է նաև հետագա կտակը: Կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու մասին հայտարարությունը պետք է արվի կտակ կազմելու համար սահմանված կարգով և պայմաններով:
152. Կտակը վերացնելու մասին դիմում ստանալու, ինչպես նաև կտակը վերացնող կամ փոփոխող նոր կտակ ստանալու դեպքում նոտարն այդ մասին նշում է անում նոտարական գրասենյակում պահվող կտակի օրինակի վրա և նոտարական գործողությունների գրանցամատյանում: Եթե կտակարարը ներկայացնի կտակի` իր մոտ գտնվող օրինակը, ապա նրա վրա ևս նշում է կատարվում կտակը վերացնելու մասին, որից հետո դիմումի հետ միասին (եթե կտակը վերացվում է դիմումով) այն կցվում է նոտարական գրասենյակում պահվող օրինակին: Կտակը վերացնելու մասին կտակարարի դիմումի վրա եղած ստորագրությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով: Եթե վերացվելիք կտակը վավերացված է այլ նոտարական գրասենյակում, ապա այն վերացնելու վերաբերյալ դիմումը կտակարարի կամ նոտարի կողմից ուղարկվում է կտակը վավերացնող նոտարական գրասենյակ:
11. ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼԸ
153. Ժառանգների, շահառուների և այլ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համար ժառանգության բացման վայրի նոտարը ձեռնարկում է Քաղաքացիական օրենսգրքի 78-րդ գլխով սահմանված և ժառանգությունը պահպանելու ու կառավարելու համար անհրաժեշտ այլ միջոցներ: Ժառանգությունը պահպանելուն և կառավարելուն նպատակաուղղված միջոցները ժառանգության բացման վայրի նոտարը ձեռնարկում է ժառանգի, կտակակատարի, պարտատիրոջ, տեղական ինքնակառավարման մարմնի կամ ժառանգական գույքի պահպանման շահերից հանդես եկող այլ անձանց դիմումների հիման վրա: Նշված դիմումները գրանցվում են մտից գրագրությունների մատյանում:
154. Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է: Եթե ժառանգատուի բնակության վերջին վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա ժառանգության բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի, իսկ անշարժ գույքի բացակայության դեպքում` շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը:
155. Անհրաժեշտության դեպքում նոտարն իրավունք ունի իր նախաձեռնությամբ միջոցներ ձեռնարկել ժառանգությունը պահպանելու և (կամ) կառավարելու համար: Ժառանգության զանգվածը պարզելու և այն պահպանելու նպատակներով նոտարն իրավունք ունի հարցում անել բանկերին և այլ վարկային կազմակերպություններին` նրանց ավանդներում, հաշիվներում գտնվող կամ նրանց ի պահ հանձնված` ժառանգատուին պատկանող դրամի (արժույթի), արժութային ու այլ արժեքների վերաբերյալ:
156. Պարտատերերին տեղեկացնելու նպատակով նոտարը մամուլում հաղորդագրություն է հրապարակում ժառանգության բացման վերաբերյալ` պարտատերերին առաջարկելով հաղորդագրությունը հրապարակելու օրվանից վեցամսյա ժամկետում ներկայացնել ժառանգատուի նկատմամբ իրենց պահանջները:
157. Ժառանգական գույքի պահպանության նպատակով նոտարն օրենքով սահմանված կարգով գույքագրում և կառավարում է ժառանգական զանգվածը: Ժառանգության զանգվածի գույքագրումը կատարվում է այդ գործողությանը մասնակցել ցանկացող շահագրգիռ անձանց և երկուսից ոչ պակաս վկաի մասնակցությամբ: Գույքագրման արձանագրությունում պետք է նշվեն` ժառանգության զանգվածի պահպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին դիմումը (հաղորդումը) ստանալու ամսաթիվը, գույքագրման ամսաթիվը, գույքագրմանը մասնակցող անձանց անունները, ազգանունները, բնակության վայրերը, ժառանգատուի անունը, ազգանունը, հայրանունը, նրա մահվան օրը, գույքագրվող զանգվածի գտնվելու վայրը, տեղեկատվություն այն մասին, թե արդյոք ժառանգատուին պատկանող բնակարանը, շենքը կամ այլ շինությունը կնքված են եղել մինչև նոտարի ներկայանալը և ում կողմից, չի խախտվել արդյոք կապարակնիքը կամ կնիքը, նաև գույքագրվող առարկաների մանրամասն նկարագիրը, դրանցից յուրաքանչյուրի գնահատման և մաշվածության աստիճանը: Գույքագրվող գույքի գնահատման համար նոտարն իր նախաձեռնությամբ կամ գույքագրման մասնակիցների պահանջով իրավունք ունի հրավիրել գույքը գնահատող մասնագետ: Արձանագրության յուրաքանչյուր էջի վերջում նշվում է գույքագրված առարկաների քանակային հանրագումարը, իսկ գույքագրումն ավարտելուց հետո` գույքի (առարկաների) ընդհանուր քանակային հանրագումարը: Գույքագրման արձանագրության մեջ մտցվում է ժառանգատուի բնակարանում, շենքում կամ այլ շինությունում գտնվող ամբողջ գույքը: Առանձին առարկաների` ժառանգատուին պատկանելու մասին հարևանների, հարազատների և այլ անձանց հայտարարությունները նույնպես մտցվում են գույքագրման արձանագրության մեջ, իսկ շահագրգիռ անձանց բացատրվում է այդ գույքը գույքագրումից հանելու մասին հայցադիմումով դատարան դիմելու կարգը: Եթե գույքի գույքագրումն ընդհատվում կամ շարունակվում է մի քանի օր, ապա բնակարանը, շենքը կամ այլ շինությունը յուրաքանչյուր անգամ կնքվում է նոտարի կողմից: Գույքագրման արձանագրությունում նշվում է գույքագրումը դադարեցնելու և վերսկսելու պատճառների ու ժամանակի մասին, ինչպես նաև բնակարանի, շենքի կամ այլ շինության հետագա բացումների ժամանակ կապարակնիքի և կնիքի վիճակի մասին: Արձանագրության վերջում գրվում է այն քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը և բնակության վայրը, որի պահպանությանը հանձնված է գույքը, նրա անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը, երբ և ում կողմից է տրված այդ փաստաթուղթը: Արձանագրությունը կազմվում է ոչ պակաս քան երեք օրինակից: Բոլոր օրինակներն ստորագրվում են նոտարի, շահագրգիռ անձանց, վկաների, գույքը գնահատողի (հրավիրված լինելու դեպքում) և այն անձի կողմից, որն ի պահ է ընդունել գույքը:
158. Եթե հնարավոր չէ ժառանգության զանգվածի պահպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկել (ժառանգատուի հետ ապրող ժառանգները կամ այլ անձինք առարկում են գույքագրման դեմ, ժառանգության զանգվածը գույքագրման չեն ներկայացնում, կամ այն դուրս է հանված և այլն), ապա նոտարը կազմում է համապատասխան արձանագրություն և այդ մասին հայտնում է շահագրգիռ անձանց և նախարարություն:
159. Եթե ժառանգական գույքը գտնվում է տարբեր վայրերում, ապա ժառանգության բացման վայրի նոտարը ժառանգական գույքի համապատասխան մասի գտնվելու վայրի նոտարին ժառանգությունը պահպանելու կամ կառավարելու վերաբերյալ պարտադիր կատարման ենթակա հանձնարարություն է ուղարկում` այդ մասին տեղեկացնելով նախարարությանը:
160. Ժառանգության զանգվածի մեջ մտնող կանխիկ դրամը կամ օտարերկրյա արժույթը մուծվում է նոտարական գրասենյակի դեպոզիտ, իսկ արժույթը, թանկարժեք քարերից կամ մետաղներից պատրաստված գույքը պահատվության համար հանձնվում են բանկ` Քաղաքացիական օրենսգրքի 44-րդ գլխով սահմանված կարգով:
161. Ժառանգության զանգվածի մեջ մտնող այն գույքի պահպանությունը, որը կարող է շրջանառության մեջ գտնվել հատուկ թույլտվությամբ կամ լիցենզիայով, նոտարն իրականացնում է համապատասխան գույքի մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:
162. Ժառանգության զանգվածի մեջ մտնող սույն կարգի 160-րդ և 161-րդ կետերում չնշված գույքը, եթե այն կառավարման կարիք չունի, նոտարը պահատվության պայմանագրով հանձնում է ժառանգներից մեկին, իսկ ժառանգներին հանձնելու անհնարինության դեպքում` մասնագիտացված կազմակերպությանը: Անհրաժեշտության դեպքում, օրինակ, երբ ժառանգներ չկան, նոտարը կնքում է փաստաթղթերը կամ այն պահարանները, որտեղ պահվում են փաստաթղթերը և այլ արժեքավոր գույքը:
163. Եթե ժառանգության զանգվածում առկա է ոչ միայն պահպանելու, այլ նաև կառավարելու կարիք ունեցող գույք (տնտեսական ընկերակցության կամ ընկերության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմաս, արժեթղթեր, բացառիկ իրավունքներ և այլն), ապա նոտարը, որպես հավատարմագրային կառավարման հիմնադիր, կնքում է այդ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը: Ժառանգական գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի պարտադիր և այլ պայմանները, այն կնքելու ու հավատարմագրային կառավարչի վարձատրության չափը որոշելու կարգը սահմանվում են Քաղաքացիական օրենսգրքի 53 գլխի կանոններին համապատասխան, եթե այլ բան չի բխում ժառանգության հավատարմագրային կառավարման հարաբերությունների էությունից:
164. Ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են Քաղաքացիական օրենսգրքի 1251-րդ հոդվածով նախատեսված հերթականությամբ:
165. Ժառանգությունը պահպանելու և կառավարելու միջոցներն իրականացվում են նոտարի սահմանած ժամկետի ընթացքում` հաշվի առնելով ժառանգության բնույթը և արժեքը ու ժառանգության տիրապետմանն անցնելու համար ժառանգներին անհրաժեշտ ժամանակը, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում, իսկ Քաղաքացիական օրենսգրքի 1236-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ու 1238-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում` ոչ ավելի, քան ժառանգության բացման օրվանից ինն ամսվա ընթացքում:
166. Նոտարը ժառանգության զանգվածի պահպանության ուղղությամբ ձեռնարկած միջոցները դադարեցնելու մասին պարտավոր է նախապես հայտնել ժառանգներին, իսկ եթե գույքը ժառանգման իրավունքով անցնում է համայնքին` համայնքի ղեկավարին:
167. Նոտարը, նախքան ժառանգների կողմից ժառանգության ընդունումը, իսկ եթե այն ընդունված չէ, ապա նախքան համայնքի օգտին ժառանգության իրավունքի վկայագիր տալը, կարգադրություն է անում Քաղաքացիական օրենսգրքի 1251-րդ հոդվածով սահմանված կարգով ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելու մասին: Ժառանգության զանգվածի կազմում դրամական գումարներ չլինելու դեպքում կարգադրություն է արվում գույք տալու մասին, որոնց արժեքը չպետք է գերազանցի կատարված ծախսերը: Ի հաստատումն կատարված ծախսերի` նոտարը պահանջում է համապատասխան հիմնավորումներ:
12. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼԸ
168. Ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակները ժառանգների գրավոր դիմումների հիման վրա տալիս են ժառանգության իրավունքի վկայագիր: Ժառանգությունն ընդունելու, ժառանգությունից հրաժարվելու կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու վերաբերյալ դիմումները պետք է տրվեն գրավոր` Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ժամկետներում: Ժառանգի ստորագրության իսկությունն այդ դիմումների վրա պետք է վավերացված լինի նոտարի կողմից: Եթե ժառանգն անձամբ է ներկայանում նոտարական գրասենյակ և ներկայացնում դիմումը, ստորագրության իսկության վավերացում չի պահանջվում: Այդ դեպքում նոտարը սույն կարգին համապատասխան, ստուգում է ժառանգի ինքնությունը և ստորագրության իսկությունը, որի մասին նշում է կատարում դիմումի վրա` ցույց տալով անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի անվանումը, նրա համարը, երբ և ում կողմից է տրված, դիմողի ծննդյան տարեթիվը: Եթե դիմումը ստացվել է փոստով և նրա վրա եղած ստորագրության իսկությունը վավերացված չէ, ապա այն ընդունվում է նոտարի կողմից, իսկ ժառանգին առաջարկվում է ուղարկել պատշաճ ձևակերպված դիմում կամ անձամբ ներկայանալ նոտարական գրասենյակ: Ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը:
169. Ժառանգության իրավունքի վկայագիր տրվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով: Ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը կարող է տրվել ժառանգության բացման օրվանից մինչև վեց ամիս լրանալը, եթե առկա են ստույգ տվյալներ, որ վկայագիր ստանալու համար դիմած անձանցից բացի, ժառանգության կամ դրա համապատասխան մասի նկատմամբ այլ ժառանգներ չկան:
170. Ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգներից յուրաքանչյուրին առանձին-առանձին:
171. Ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգությունն ընդունած, այսինքն` ժառանգական գույքը փաստորեն տիրապետող կամ կառավարող ժառանգներին կամ ժառանգությունն ընդունելու մասին ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակին դիմում ներկայացրած ժառանգներին:
172. Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում փաստացի տիրապետել կամ կառավարել է ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսերը.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
173. Գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը այն մասին, որ ժառանգը համատեղ ապրել է ժառանգատուի հետ կամ այն մասին, որ ժառանգի կողմից վերցվել է ժառանգատուի գույքը, նաև հարկային մարմնի տեղեկանքն այն մասին, որ ժառանգությունը բացվելուց հետո ժառանգի կողմից վճարվել են հարկերը, կամ հարկերը մուծելու մասին անդորրագրերը, ժառանգությունը ժամանակին ընդունելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը և ժառանգի կողմից ժառանգատուի գույքի տիրապետմանն անցնելու փաստը հաստատող այլ փաստաթղթեր:
174. Ժառանգությունն օրենքով սահմանված ժամկետում չընդունած ժառանգները կարող են մտցվել ժառանգության իրավունքի վկայագրի մեջ` ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությամբ: Այդ համաձայնությունը պետք է հայտնվի գրավոր ձևով: Դիմումի վրա նրանց ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի սույն կարգին համապատախան:
175. Ըստ օրենքի ժառանգներին ժառանգության իրավունքի վկայագիր տալիս նոտարը ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմում տվողների ազգակցական կամ այլ կապերը ժառանգատուի հետ, ժառանգության զանգվածի կազմը և գտնվելու վայրը: Այդ հանգամանքները հաստատելու համար ժառանգներից պահանջվում են համապատասխան ապացույցներ: Մահվան փաստը և ժառանգության բացման ժամանակը հաստատվում են ժառանգատուի մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված վկայականով կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով:
176. Ժառանգության բացման վայրը հաստատվում է բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից մահացածի վերջին բնակության վայրի մասին տրված տեղեկանքով, եթե չկան օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր մահացածի մշտական հաշվառման մասին: Եթե ժառանգները ժառանգատուի բնակության վերջին վայրի մասին փաստաթղթեր չեն կարող ներկայացնել, ապա ժառանգության բացման վայրը կարող է որոշվել դատական կարգով:
177. Ժառանգների` ժառանգատուի հետ ունեցած ազգակցական կամ այլ կապերի ապացույց են հանդիսանում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված վկայականները, տեղեկանքները, երեխաների, ամուսնու մասին անձնագրում կատարված գրանցումները, ինչպես նաև ազգակցական կամ այլ կապերի փաստը հաստատելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը: Առանձին դեպքերում կարող են ընդունվել այլ կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքներ, եթե դրանք այլ փաստաթղթերի համակցությամբ հաստատում են ժառանգների ազգակցական և այլ կապերը ժառանգատուի հետ:
178. Ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալիս նոտարը, համապատասխան փաստաթղթեր պահանջելով, ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, կտակի առկայությունը, ժառանգության բացման ժամանակն ու վայրը, ժառանգության զանգվածի կազմը և նրա գտնվելու վայրը, պարզում է ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև կտակը վավերացրած նոտարական գրասենյակում ստուգում է, թե արդյոք վերացված չէ կտակը: Եթե ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի մեջ ցույց է տրվում ժառանգատուի հետ ժառանգների ունեցած ազգակցական կամ այլ հարաբերությունները (ժառանգների խնդրանքով), նոտարը պահանջում է այդ կապերը հաստատող փաստաթղթեր:
179. Ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալիս ժառանգի կողմից ներկայացրած կտակի բնօրինակը կամ կրկնօրինակը մնում է նոտարական գրասենյակում: Ժառանգի ցանկությամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրին կարող է կցվել կտակի կամ կրկնօրինակի` նոտարական կարգով հաստատված պատճենը:
180. Պարտադիր բաժնի իրավունքի համար դիմող անձի տարիքը որոշվում է անձը հաստատող փաստաթղթերով, հաշմանդամությունը` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի` հաշմանդամության փաստը հավաստող տեղեկանքով, իսկ գործունակությունը` դատական ակտերով: Եթե մեկ կամ մի քանի ըստ օրենքի ժառանգներ զրկված են ազգակցական կամ այլ այնպիսի հարաբերություններ հավաստող ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, որոնք հիմք են տալիս ժառանգության կանչվելու, նրանք կարող են ժառանգության իրավունքի վկայագրի մեջ մտցվել ժառանգությունն ընդունած և համապատասխան ապացույցներ ներկայացրած մնացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությամբ: Ժառանգների այդ համաձայնությունը ձևակերպվում է գրավոր դիմումով, որտեղ նրանց ստորագրության իսկությունը վավերացվում է սույն կարգին համապատասխան:
181. Ժառանգության զանգվածի կազմի շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, պետական գրանցման (հաշվառման) ենթակա գույքը, տրանսպորտային միջոցները, տնտեսական ընկերակցության կամ ընկերության և կոոպերատիվի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմասը (փայը) ժառանգատուին սեփականության իրավունքով պատկանելու փաստը ստուգվում է սույն կարգին համապատասխան:
182. Ընդունած ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող` անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
183. Վկայագիր ստանալու համար ժառանգի անձնական ներկայությունը պարտադիր չէ. ժառանգի խնդրանքով վկայագիրը կարող է ուղարկվել փոստով:
184. Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված այն տրանսպորտային միջոցների նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալիս, որոնց նկատմամբ դեռևս սեփականության իրավունքի պետական գրանցում չի կատարվել, որպես տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ` հիմք է ընդունվում պետական լիազոր մարմնի կողմից տրված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը:
185. Ժառանգական գույքի որոշակի մասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր ստացած ժառանգներին հետագայում տրվում են հաջորդ վկայագրերը նախկին վկայագրում չթվարկված ժառանգական գույքի մյուս մասի նկատմամբ: Ուրիշ գույքի նկատմամբ լրացուցիչ ժառանգության իրավունքի վկայագիր տալու և նախկինում վկայագրի մեջ չմտցված ժառանգների ներկայանալու դեպքում վերջինները ևս կարող են մտցվել լրացուցիչ գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագրի մեջ` ժառանգությունն ընդունած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությամբ:
186. Նոտարական գրասենյակում տարվում է ժառանգական գործերի հաշվառման և գրանցման մատյան: Ժառանգական գործերի հաշվառման և գրանցման մատյանում գրանցվում են` ժառանգությունն ընդունելու, ժառանգման իրավունքի և ժառանգական գույքի հաշվին ծախսերի վճարման համար կարգադրություններ անելու, ժառանգությունից հրաժարվելու մասին կարգագրեր հանձնելու վերաբերյալ դիմումները, պարտատերերի պահանջները, ինչպես նաև ժառանգական գույքի պահպանության վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դիմումները: Գրանցված դիմումների հիման վրա մահացածի անունով գործ է կազմվում: Բոլոր հաջորդ դիմումները (լրացուցիչ, մյուս ժառանգների և պարտատերերի) նույնպես գրանցվում են ժառանգական գործերի հաշվառման և գրանցման մատյանում: Բոլոր դիմումների վրա նշվում են դրանց ստացման օրը և ժառանգական գործի համարը: Ժառանգական գործում կարվում են ժառանգներից, այլ անձանցից ու կազմակերպություններից պահանջված փաստաթղթերը և ժառանգության իրավունքի վկայագրի օրինակը:
13. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ԵՎ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ ԲԱԺԱՆԵԼԸ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ԲԱԺԻՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼԸ
187. Համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում, կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:
188. Համատեղ գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
189. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ:
190. Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից: Բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:
191. Բաժնային սեփականության մասնակցի բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով: Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել:
192. Նոտարը վավերացնում է ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության բոլոր մասնակիցների կողմից կնքված համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու կամ բաժինն առանձնացնելու մասին համաձայնագիրը և դրա հիման վրա տալիս է նրանց պատկանող ընդհանուր կամ բաժնային գույքի համապատասխան բաժնի կամ մասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր:
193. Սեփականության իրավունքի վկայագիր տրվում է միայն այն գույքի նկատմամբ, որը հանդիսանում է համատեղ կամ բաժնային սեփականության մասնակիցների համատեղ կամ բաժնային սեփականությունը, և որն առկա է համաձայնագիրը վավերացնելու և վկայագիր տալու օրը: Վկայագիր տալիս նոտարը պահանջում է համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ:
194. Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի մահվան դեպքում նրանց ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակը սեփականության իրավունքի վկայագիր է տալիս ողջ մնացած մասնակցին կամ մասնակիցներին նրանց բոլորի գրավոր դիմումի հիման վրա` այդ մասին իրազեկ դարձնելով ժառանգությունն ընդունած ժառանգներին: Ծանուցագրի մեջ նշվում է ընդհանուր գույքի կազմը, որի բաժնի նկատմամբ ողջ մնացած մասնակիցը խնդրում է տալ սեփականության իրավունքի վկայագիր, ինչպես նաև պարզաբանվում են ողջ մնացած մասնակիցների (մասնակցի) գույքային պահանջները՝ ժառանգի կողմից վիճարկելու դեպքում դատարան դիմելու իրավունքը: Ծանուցագիրն ուղարկվում է փոստով, իսկ նոտարական գրասենյակ ներկայացած ժառանգները նոտարի կողմից ծանուցվում են բանավոր, որի մասին ժառանգի ստորագրությամբ նշում է կատարվում կենդանի մնացած մասնակցի դիմումի վրա: Ժառանգների թվում անգործունակ անձանց առկայության դեպքում ծանուցումն ուղարկվում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին:
195. Ընդհանուր սեփականության մասնակիցների ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ ողջ մնացած մասնակցին սեփականության իրավունքի վկայագիր կարող է տրվել ընդհանուր գույքի համապատասխան մասի նկատմամբ: Ողջ մնացած մասնակիցների համաձայնությամբ նոտարը կարող է տալ ընդհանուր գույքի` մահացած մասնակցի բաժնի չափի մասին սեփականության իրավունքի վկայագիր:
196. Համատեղ սեփականության մասնակիցների ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ ողջ մնացած մասնակցի (մասնակիցների) սեփականության իրավունքի վկայագիր տալիս պահանջվում է մասնակցի մահվան վկայականը, նրանց ընդհանուր (համատեղ) սեփականությունը հաստատող փաստաթուղթ:
197. Այն դեպքում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, նոտարի կողմից վավերացված համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու կամ բաժինն առանձնացնելու մասին պայմանագրով նախատեսված իրավունքները ծագում են դրանց պետական գրանցման պահից:
14. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ
ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ
198. Նոտարը վավերացնում է կազմակերպությունների կողմից տրված, սահմանված կարգով կնքված կամ ստորագրված կամ ֆիզիկական անձանց կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների համապատասխանությունը բնօրինակին, եթե դա արգելված չէ օրենքով:
199. Քաղվածքի իսկությունը կարող է վավերացվել միայն այն ժամանակ, երբ այն փաստաթուղթը, որից քաղվածք է հանվում, պարունակում է մի քանի առանձին` միմյանց հետ կապ չունեցող հարցերի լուծում: Քաղվածքը պետք է վերարտադրի որոշակի հարցի վերաբերյալ փաստաթղթի լրիվ տեքստը:
200. Նոտարը փաստաթղթի պատճենից հանված պատճենի իսկությունը վավերացնում է այն պայմանով, եթե պատճենի իսկությունը վավերացված է նոտարական կարգով կամ, եթե փաստաթղթի պատճենը տրված է այն կազմակերպության կողմից, որը տվել է իսկական փաստաթուղթը: Վերջին դեպքում փաստաթղթի պատճենը պետք է շարադրված լինի տվյալ կազմակերպության ձևաթղթի վրա, կնքված և նշումով այն մասին, որ իսկական փաստաթուղթը գտնվում է տվյալ կազմակերպությունում կամ հիմնարկում: Պատճենի իսկությունը պետք է վավերացված լինի տվյալ կազմակերպության ղեկավարի կամ դրա համար լիազորված մարմնի կողմից:
201. Ֆիզիկական անձի կողմից տրված փաստաթղթի պատճենի իսկությունը նոտարի կողմից կարող է վավերացվել այնպիսի դեպքերում, երբ այդ փաստաթղթի վրա Ֆիզիկական անձի ստորագրությունը վավերացված է նոտարի կողմից:
202. Փաստաթղթի վավերացվող պատճենը կամ քաղվածքը համեմատվում է բնագրի հետ:
15. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎՐԱ ԵՂԱԾ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ
203. Նոտարը վավերացնում է այն փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը, որոնց բովանդակությունը չի հակասում օրենքին, և այն իրենից գործարքի շարադրանք չի ներկայացնում: Պայմանագրի, կտակի, լիազորագրի և այլ փաստաթղթերի վրա, որոնցում շարադրվում է գործարքի բովանդակությունը, կարող է վավերացվել միայն այն անձի ստորագրությունը, որը ստորագրել է մեկ ուրիշի փոխարեն, որը չի կարող անձամբ ստորագրել ֆիզիկական արատի, հիվանդության հետևանքով կամ այլ պատճառներով:
204. Ֆիզիկական արատների, հիվանդության կամ այլ պատճառներով անձամբ ստորագրելու հնարավորություն չունեցող անձի փոխարեն ստորագրողի ստորագրության իսկությունը վավերացնելիս նոտարը ստուգում է ինչպես ստորագրող անձի, այնպես էլ այն անձի ինքնությունը, որի փոխարեն ստորագրում է այդ անձը:
205. Նոտարները, վավերացնելով ստորագրության իսկությունը, չեն հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում են, որ ստորագրությունը դրվել է որոշակի անձի կողմից:
206. Չի կարող վավերացվել փաստաթղթերի վրա եղած ֆիզիկական անձանց ստորագրությունների իսկությունը, եթե այդ փաստաթղթերում հաստատվում են այնպիսի հանգամանքներ, որոնց հաստատման իրավունքը վերապահված է միայն պետական մարմնին (օրինակ` ծննդյան, մահվան, ամուսնության օրը և այլն): Նշված փաստաթղթերի վրա ստորագրության իսկությունը կարող է վավերացվել այն դեպքում, եթե այդ փաստաթուղթը նախատեսված է օտարերկրյա պետության դատարանին կամ այլ հիմնարկին ներկայացնելու համար:
207. Բանկին և այլ կազմակերպություններին ներկայացվող քարտերի վրա կազմակերպությունների պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշները վավերացնելիս նոտարը ստուգում է նրանց ստորագրության իսկությունը և ստորագրելու իրավունք ունենալու լիազորությունները: Լիազորությունների վավերացման համար նոտարին պետք է ներկայացվեն` պաշտոնատար անձի նշանակման հրամանը կամ նրա ընտրվելու մասին արձանագրությունը, սահմանված կարգով հաստատված կանոնադրությունը, կամ ղեկավարի անվամբ վերադաս կազմակերպության կողմից տրված լիազորագիրը: Քարտի վրա պետք է լինի տվյալ կազմակերպության կնիքի դրոշմվածքը:
16. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ
208. Նոտարը վավերացնում է փաստաթղթի թարգմանության իսկությունը, եթե նա տիրապետում է համապատասխան լեզուներին: Վավերացվում են միայն հայերենից կամ հայերեն կատարվող թարգմանությունները: Մեկ օտար լեզվից մեկ այլ օտար լեզվով կատարված թարգմանությունները վավերացման ենթակա չեն: Եթե նոտարը չի տիրապետում համապատասխան լեզուներին, փաստաթուղթը թարգմանում է նոտարի կողմից վստահված թարգմանիչը, որի ստորագրության իսկությունը վավերացնում է նոտարը:
209. Եթե նոտարական գործողություն (գործարքի, պատճենի իսկության վավերացում և այլն) կատարելիս միաժամանակ կատարվում է նաև թարգմանություն այլ լեզվով, ապա թարգմանությունը բնագրի հետ միասին զետեղվում է մեկ թերթի վրա, երկու տեքստն էլ մեկ էջում կողք-կողքի, ուղղահայաց գծով բաժանված, այնպես որ իսկական տեքստը զետեղվի էջի ձախ կողմում, իսկ թարգմանությունը` աջ կողմում: Թարգմանությունը պետք է կատարվի թարգմանվող փաստաթղթի ամբողջ տեքստից և ավարտվի ստորագրություններով: Թարգմանության տակ ստորագրում է թարգմանիչը: Վավերացման մակագրությունը շարադրվում է փաստաթղթի տեքստի և նրանից կատարված թարգմանության տեքստի տակ: Բնագրից անջատ թերթի վրա տեղավորված թարգմանությունը կարվում է իսկական փաստաթղթի պատճենին և վավերացվում նոտարի ստորագրությամբ և նոտարական գրասենյակի կնիքով:
210. Նոտարի կողմից փաստաթղթի թարգմանությունը վավերացվելիս ներկայացվում է այդ փաստաթղթի բնագիրը, որի պատճենը (լուսապատճենը) սույն կարգին համապատասխան կարվում է փաստաթղթի թարգմանությանը: Թարգմանության վավերացման մակագրության մեջ նոտարը նշում է կատարում այն մասին, որ թարգմանությունն անվավեր է առանց նրա բնագրի պատճենի:
211. Նոտարը պարտավոր է վավերացնել ցանկացած գրավոր փաստաթղթի թարգմանության իսկությունը՝ անկախ նրա բովանդակությունից: Վավերացման ենթակա չեն պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող, քրեորեն պատժելի արարք քարոզող (պատերազմ, բռնություն, ազգային ու կրոնական թշնամանք հրահրող, պոռնկություն, թմրամոլություն և այլ) կամ օրենքով արգելված բովանդակություն ունեցող կամ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող կամ ֆիզիկական անձանց պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ պարունակող փաստաթղթերը: Վավերացման ենթակա չեն նաև այն փաստաթղթերը, որոնք տրվել են այն տալու լիազորություն չունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց կամ ֆիզիկական անձանց կողմից:
17. ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՂՋ ԼԻՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
212. Նոտարը հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը: Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի ողջ լինելու փաստը հաստատվում է նրա օրինական ներկայացուցիչների (ծնողի, որդեգրողի, խնամակալի) դիմումի, իսկ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասինը` իր դիմումի հիման վրա:
213. Քաղաքացու ողջ լինելու փաստը հաստատվում է ինչպես նրա` նոտարական գրասենյակ ներկայանալու, այնպես էլ այդ փաստը նոտարի կողմից նոտարական գրասենյակից դուրս հաստատելու միջոցով:
214. Ի հաստատումն քաղաքացու ողջ լինելու փաստի` նոտարը շահագրգիռ անձանց տալիս է վկայագիր:
18. ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ՈՐՈՇԱԿԻ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՓԱՍՏԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
215. Նոտարը քաղաքացու դիմումով հաստատում է նրա` որոշակի վայրում գտնվելու փաստը: Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատվում է նրա օրինական ներկայացուցիչների (ծնողի, որդեգրողի, խնամակալի) դիմումի, տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասինը` իր դիմումի հիման վրա:
216. Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատվում է ինչպես նրա՝ նոտարական գրասենյակ ներկայանալու, այնպես էլ այդ փաստը նոտարի կողմից նոտարական գրասենյակից դուրս հաստատելու միջոցով:
217. Ի հաստատումն քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստի` նոտարը շահագրգիռ անձանց տալիս է վկայագիր:
19. ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ ՊԱՏԿԵՐՎԱԾ ԱՆՁԻ ՀԵՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ
ՆՈՒՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
218. Նոտարը հաստատում է քաղաքացու նույնությունը լուսանկարում պատկերված անձի հետ՝ ի հաստատումն որի տրվում է վկայագիր:
219. Լուսանկարը զետեղվում է վկայագրի` տրվող օրինակի վերին ձախ անկյունում, ստորագրվում է նոտարի կողմից և կնքվում նոտարական գրասենյակի կնիքով: Ընդ որում կնիքը դրվում է մասամբ` լուսանկարի և մասամբ` վկայագրի վրա:
20. ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
220. Ժամանակը, երբ փաստաթուղթը ներկայացվել է նոտարին կամ նոտարի մասնակցությամբ այլ անձի, հաստատում է նոտարը: Դիմողի պահանջով պետք է նշվի նաև ներկայացնելու ժամը: Այդ մասին վավերացման մակագրություն արվում է ներկայացվող փաստաթղթի վրա:
21. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԱՅԼ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
221. Նոտարը ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը փոխանցում է այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններ` ստորագրությամբ, կամ ուղարկում է նրանց փոստով` հետադարձ տեղեկացմամբ: Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը նոտարական գրասենյակ են ներկայացվում երկուսից ոչ պակաս օրինակով, որոնցից մեկը ուղարկվում է փոստով` հետադարձ ծանուցմամբ, կամ հանձնվում է հասցեատերերին անձամբ` վերցնելով ստորագրություն, իսկ մյուս օրինակը (օրինակները) մնում է նոտարական գրասենյակում: Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը դրանք ներկայացրած անձանց համաձայնությամբ կարող են փոխանցվել ֆաքսով, համակարգչային ցանցերի և տեխնիկական, էլեկտրոնային կապի այլ միջոցների օգտագործմամբ:
222. Դիմումը, հայտարարությունը կամ այլ փաստաթուղթը տվողի խնդրանքով նրան տրվում է վկայագիր` դիմումը, հայտարարությունը կամ այլ փաստաթուղթը հանձնելու մասին: Վկայագրի մեջ կարող է նշվել ստացված փաստաթղթի պատասխանի բովանդակությունը կամ այն հանգամանքը, որի պատասխանը ժամանակին չի ստացվել:
223. Դիմումի հանձնումը և վկայագիր տալը գրանցվում է նոտարական գործողությունների գրանցամատյանում:
22. ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ ԿԱՄ ԱՐԺԵԹՂԹԵՐ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ,
ՔԱՐԵՐ ԴԵՊՈԶԻՏ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ՊԱՀՊԱՆԵԼԸ, ՀԱՆՁՆԵԼԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
224. Օրենքով նախատեսված դեպքերում նոտարը պարտավորությունների կատարման նպատակով պարտապաններից նոտարական գրասենյակի դեպոզիտ է ընդունում դրամական գումարներ (Հայաստանի Հանրապետության դրամ, արտարժույթ /օտարերկրյա արժույթ/) կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր` դրանք պարտատիրոջը հանձնելու համար: Դրամական գումարները, արժեթղթերը, թանկարժեք մետաղները և քարերը դեպոզիտ են ընդունվում պարտապանի կամ պարտատիրոջ բնակության կամ գտնվելու վայրի, ինչպես նաև պարտավորության կատարման վայրի նոտարական գրասենյակի կողմից:
225. Պարտապանն իրավունք ունի իրենից գանձվելիք դրամը կամ արժեթղթերը մուծել նոտարի դեպոզիտ, եթե նա չի կարողանում կատարել պարտավորությունը, քանի որ`
1) պարտատերը կամ կատարումն ընդունելու համար նրա կողմից լիազորված անձը բացակայում է պարտավորության կատարման վայրից.
2) պարտատերն անգործունակ է և ներկայացուցիչ չունի.
3) ակնհայտորեն պարզ չէ, թե ով է պարտավորությամբ պարտատերը` ներառյալ պարտատիրոջ և այլ անձանց միջև այդ առթիվ վեճի առկայության դեպքում.
4) պարտատերը խուսափել է կատարումն ընդունելուց կամ թույլ է տվել կետանց:
226. Դրամական գումար, արժեթղթեր, թանկարժեք մետաղներ և քարեր նոտարի դեպոզիտ մուծելը պարտավորության կատարում է:
227. Նոտարը պարտատիրոջը տեղեկացնում է իր դեպոզիտ մուծված դրամական գումարի, արժեթղթերի, թանկարժեք մետաղների և քարերի մասին:
228. Դրամական գումարը, արժեթղթերը, թանկարժեք մետաղները և քարերը դեպոզիտ ընդունելիս նոտարը պահանջում է, որպեսզի դեպոզիտ հանձնող անձը (պարտապանը) իր դիմումում, բացի իր անունից (անվանումից) ու բնակության վայրից (գտնվելու վայրից), հստակ նշի նաև դեպոզիտ ստանալու լիազորություն ունեցող անձին և դրամը կամ արժեթղթերը որպես դեպոզիտ պահպանելու ժամկետները: Պարտապանը կարող է ցույց տալ նաև պարտավորությունն անմիջականորեն կատարելու անհնարինության պատճառները և հաշվարկը:
229. Նոտարը, նոտարական գրասենյակի դեպոզիտ ընդունելով պարտավորության առարկան (դրամական գումար, արժեթղթեր, թանկարժեք մետաղներ և քարեր), չի ստուգում վճարի հիմքերը, այսինքն` պարտատիրոջ իրավունքների և պարտապանի պարտականությունների առաջացման հիմքերը:
230. Նոտարը դրամական գումարը, արժեթղթերը, թանկարժեք մետաղները և քարերը դեպոզիտ ընդունելով մուծողին անդորրագիր է տալիս մուծում կատարելու մասին: Անդորրագրում նշվում են դրամական գումարը, արժեթղթերը, թանկարժեք մետաղները և քարերը մուծելու տարին, ամիսը, ամսաթիվը, իսկ պարտապանի պահանջով` նաև ժամը, մուծված գումարի չափը կամ արժեթղթերի տվյալները (համար, անվանական արժեք, ում կողմից է տրված, անվանական արժեթղթերի սեփականատիրոջ անունը (անվանումը) և այլն), պարտատիրոջ կողմից նշված պարտապանի տվյալները, ինչպես նաև պարտավորության չկատարման պատճառը:
231. Պարտապանի խնդրանքով մուծման մասին մակագրություն կարող է կատարվել նաև նրա կողմից ներկայացված պարտավորագրի վրա:
232. Նոտարը պարտատիրոջը ծանուցում է դրամական գումարի, արժեթղթերի, թանկարժեք մետաղների և քարերի ստացման մասին և դրանք հանձնում է պարտատիրոջը` նրա դիմումով:
233. Եթե պարտապանի կողմից պարտատիրոջ հասցեն (բնակավայրը, գտնվելու վայրը) նշված չէ և այն հայտնի չէ նոտարին, պարտապանը զգուշացվում է, որ դրամական գումարը, արժեթղթերը, թանկարժեք մետաղները և քարերը մուծելու վերաբերյալ պարտատիրոջը ծանուցելու պարտականությունը կրում է նա:
234. Եթե դրամական գումարը նոտարական գրասենյակում ստացվել է փոստով կամ վարկային կազմակերպությունից, ապա ստացվող դրամական գումարից պահվում է վճարվելիք պետական տուրքը, իսկ մնացորդը ընդունվում է դեպոզիտ, եթե պետական տուրք չի վճարվել:
235. Դրամական գումարները կամ արժեթղթերը կարող են վերադարձվել դրանք դեպոզիտ հանձնած անձին միայն այն անձի համաձայնությամբ, հօգուտ որի կատարվել է վճարը, կամ դատարանի վճռով:
236. Նոտարական գրասենյակների հաշվում պահվող դեպոզիտային գումարները պահպանվում են սահմանված հայցային վաղեմության ժամկետներում, որից հետո այն վերադարձվում է պարտապանին:
237. Նոտարը, Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, արժեթղթով հավաստված իրավունքի գրավի դեպքում արժեթուղթը կարող է պայմանագրի համաձայն ընդունել նոտարի դեպոզիտ: Նոտարի դեպոզիտային հաշվում կարող են պահվել նաև գրավի առարկա դրամական միջոցները, ինչպես նաև ժառանգության զանգվածի մեջ մտնող կանխիկ դրամը (արժույթը):
238. Նոտարը պարտավոր է պահպանել ստացված դրամը կամ արժեթղթերը: Նա հատուկ գրանցամատյանում գրանցում է իրեն հանձնված դրամը կամ արժեթղթերը, որտեղ նշում է հանձնված դրամի գումարի չափը, այլ արժեթղթերի քանակը և արժեքը, դրանք հանձնողի ազգանունը, հանձնման ժամկետը և նպատակը, այն պարտավորությունը, որի կատարման համար հանձնվել է դրամը կամ արժեթղթերը:
239. Նոտարն առանց հաստատման փոխանցում է դրամը կամ արժեթղթերը այն մարմնին կամ անձին, ում համար նախատեսված է այդ փոխանցումը` ստանալով փոխանցման համար անդորրագիր:
240. Եթե նոտարն օբյեկտիվ պատճառներով նախատեսված ժամկետում չի կարող կատարել իրեն հանձնարարված փոխանցումը, ապա ստանալուց 15 օրվա ընթացքում նա պարտավոր է վերադարձնել դրանք, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա այն ի պահ հանձնել դատարանին կամ նոտարական գրասենյակի դեպոզիտի հաշվին` այդ մասին պատվիրված նամակով տեղեկացնելով դրամը և արժեթղթերը հանձնած անձին:
23. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
241. Շահագրգիռ անձանց դիմումով նոտարը կատարում է ապացույցների ապահովում, որոնք կարող են անհրաժեշտ լինել դատարանում կամ իրավապահ մարմիններում գործ հարուցելու համար, եթե հիմքեր կան ենթադրելու, որ ապացույցներ ներկայացնելը հետագայում կարող է դժվարանալ կամ անհնարին դառնալ:
242. Նոտարն ապացույցներ չի ապահովում այնպիսի գործերով, որոնք գտնվում են դատարանի վարույթում:
243. Ապացույցների ապահովման նպատակով նոտարը հարցաքննում է վկաների, կատարում է գրավոր կամ իրեղեն ապացույցների զննում, նշանակում է փորձաքննություն, ինչպես նաև կատարում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ապացույցների ապահովմանն ուղղված այլ գործողություններ:
244. Ապացույցների ապահովման դատավարական գործողություններ կատարելիս նոտարը ղեկավարվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով և օժտված է օրենսգրքով նախատեսված համապատասխան լիազորություններով:
245. Նոտարն ապացույցների ապահովման ժամանակի և տեղի մասին ծանուցում է կողմերին ու շահագրգիռ անձանց, սակայն նրանց չներկայանալը արգելք չէ ապացույցների ապահովման գործողություններ կատարելու համար: Ապացույցների ապահովումն առանց կողմերի ու շահագրգիռ անձանց հրավիրման կարող է կատարվել միայն անհետաձգելի կամ այնպիսի դեպքում, երբ չի կարելի որոշել, թե հետագայում ով պետք է մասնակցի գործին:
246. Հրավիրված վկայի կամ փորձագետի չներկայանալու դեպքում նոտարն այդ մասին հաղորդում է վկայի կամ փորձագետի բնակության վայրի դատարան` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
247. Նոտարը վկային և փորձագետին նախազգուշացնում է ակնհայտ սուտ ցուցմունք կամ եզրակացություն տալու և դրանք տալուց հրաժարվելու պատասխանատվության մասին:
24. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԿԱՄ ԿՈԼԵԳԻԱԼ
ԱՅԼ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ
248. Եթե նոտարը կազմակերպության կողմից հրավիրվում է վավերացնելու անցկացվող նիստի կամ ժողովի արձանագրությունները, ապա նոտարը միայն վավերացնում է նիստի կամ ժողովի այն արձանագրությունը, որում գրի են առնվել այն ամենը, ինչը տեղի է ունեցել և հաստատվել իր ներկայությամբ, ինչպես նաև նիստի կամ ժողովի անցկացման ժամը և վայրը, նիստում կամ ժողովում ընդունված որոշումները:
249. Արձանագրությունն ստորագրում են նիստը կամ ժողովը նախագահողը և քարտուղարը:
250. Նոտարը գրանցում է կատարում նիստը կամ ժողովը նախագահողի ինքնության մասին և նրա ցանկությամբ հաստատում է այլ մասնակիցների ինքնությունը:
25. ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ Ի ՊԱՀ ԸՆԴՈՒՆԵԼԸ
251. Նոտարն իրավունք ունի ընդունել օրենքին չհակասող ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝ էլեկտրոնային կրիչի վրա: Նոտարը փաստաթղթերն ի պահ է ընդունում ցուցակով: Ցուցակը կազմվում է երկու օրինակից և ստորագրվում փաստաթղթերը ի պահ հանձնողի և նոտարի կողմից: Ցուցակի մեկ օրինակը մնում է նոտարի մոտ, իսկ մյուս օրինակը տրվում է փաստաթղթերը ի պահ հանձնողին: Անձի պահանջով նոտարը կարող է փաստաթղթերն ի պահ ընդունել առանց ցուցակի, եթե այդ փաստաթղթերը փաթեթավորված են պատշաճ ձևով: Այդ դեպքում փաթեթը կնքվում է նոտարի կնիքով, ստորագրվում է նոտարի և փաստաթղթերն ի պահ հանձնողի կողմից: Նոտարը պատասխանատվություն է կրում փաթեթի պահպանության համար: Փաստաթուղթն ի պահ է ընդունվում ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Նշված ժամկետը լրանալուց հետո փաստաթուղթը հանձնողի դիմումով դրա պահելու ժամկետը յուրաքանչյուր անգամ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան մեկ տարով:
252. Ի հաստատումն փաստաթղթերը պահպանության ընդունելու` փաստաթղթերն ի պահ հանձնած անձին տրվում է անդորրագիր:
253. Ի պահ ընդունած փաստաթղթերը պահվում են առանձին ծրարներում, նոտարական գրասենյակների կնիքով կնքված երկաթյա կամ չհրկիզվող պահարաններում:
254. Ի պահ ընդունած փաստաթղթերը վերադարձվում են դրանք պահպանության հանձնողին կամ օրինական կարգով լիազորված անձին` անդորրագիրը և ցուցակի օրինակը ներկայացնելուց հետո կամ դատարանի որոշմամբ: Փաստաթուղթը վերադարձվում է դրա հանձնողին պահելու ժամկետը լրանալու օրը՝ փաստաթուղթը հանձնողի կողմից տրված հասցեով: Այս դեպքում փաստաթուղթը վերադարձնելու հետ կապված նոտարի ծախսերը փոխհատուցում է դա հանձնողը: Եթե նոտարի կողմից պահվող փաստաթղթի ժամկետը լրանալուց հետո նոտարը դա ուղարկել է փաստաթուղթը հանձնողի կողմից նշված հասցեով, սակայն ոչ նրա մեղքով այն հնարավոր չի եղել հանձնել դրա հանձնողին, ապա նոտարը պատասխանատվություն չի կրում այդ փաստաթղթի հետագա պահպանման համար:
26. ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
255. Օրենքի 75-րդ հոդվածին համապատասխան` օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Արցախի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար իրավունք ունեն դիմելու Արցախի Հանրապետության նոտարական գրասենյակներին: Oտարերկրյա կազմակերպություններն իրավունք ունեն դիմելու Արցախի Հանրապետության նոտարական գրասենյակներին:
256. Նոտարը, Արցախի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային պայմանագրերին համապատասխան, կիրառում է օտարերկրյա իրավունքի նորմեր: Նոտարը ընդունում է օտարերկրյա իրավունքի պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր, եթե դա չի հակասում Արցախի Հանրապետության օրենքին կամ միջազգային պայմանագրերին:
257. Նոտարները վավերացնում են այլ երկրներում գույքային և այլ քաղաքացիական գործեր վարելու համար Արցախի Հանրապետության քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անունից տրվող լիազորագրերը, որոնք կապված են` ժառանգական իրավունքները ձևակերպելու, ժառանգությունից հրաժարվելու, գույքի օգտագործման և կառավարման իրավունքի, ինչպես նաև սեփականության իրավունքի` ներառյալ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, դադարեցման, ինչպես նաև ամուսնաընտանեկան գործեր վարելու ու օրենքով չարգելված այլ գործողություններ կատարելու հետ:
258. Oրենքի 76-րդ հոդվածի համաձայն` օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի մահից հետո Արցախի Հանրապետության տարածքում մնացած գույքի կամ Արցախի Հանրապետության քաղաքացու մահից հետո օտարերկրյա քաղաքացուն հասանելիք գույքի պահպանության, ինչպես նաև այդպիսի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալու հետ կապված գործողություններն իրականացվում են Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
259. Տեղեկություն ստանալով այն օտարերկրյա պետության քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի մահվան մասին, որի հետ Արցախի Հանրապետությունը կնքել է ժառանգական գույքի պահպանության նորմեր պարունակող միջազգային պայմանագիր, նոտարական գրասենյակները, ղեկավարվելով համապատասխան պայմանագրով, այն դեպքում, երբ Արցախի Հանրապետության տարածքում կա մահացածի գույք, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում ժառանգական գույքի պահպանության ուղղությամբ, որոշում են ժառանգական գույքի չափը և արժեքը, ժառանգների շրջանակը, ստուգում են, թե կա արդյոք կտակ և, սույն կարգին համապատասխան, այդ մասին անմիջապես հաղորդում են նախարարին և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Եթե միջազգային պայմանագրով ժառանգական գործի վարույթը վերապահված է օտարերկրյա պետության իրավասությանը, որի քաղաքացին է մահացածը, ապա շարժական ժառանգական գույքը նոտարական գրասենյակի կողմից կարող է հանձնվել այդ պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությանը` վերջինիս պահանջով:
260. Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` այն դեպքում, երբ օտարերկրյա պետության օրենսդրությամբ նախատեսված ձևով կազմված կտակը կտակարարի մահից հետո բացելու և հրապարակելու համար հանձնվում է նոտարական գրասենյակներին, նոտարը հրապարակում է կտակի բովանդակությունը` կազմելով արձանագրություն կտակի վիճակի և բովանդակության մասին: Արձանագրության մեջ ցույց է տրվում կտակը կազմելու ամսաթիվը, այն ներկայացնող անձի անունը, փաստաթղթի վիճակը` արդյոք այն ներկայացվել է կնքված, թե բաց, եղել են արդյոք նրանում ջնջումներ, ուղղումներ կամ այլ թերություններ, արձանագրությունը ստորագրվում է նոտարի և կտակը ներկայացնող անձի կողմից: Այդ անձանց կողմից ստորագրվում է նաև կտակի յուրաքանչյուր էջը: Եթե կտակը պահվել է նոտարի մոտ կնքված վիճակում, վերը նշված բոլոր գործողությունները նոտարը կատարում է անձամբ:
261. Այլ պետությունների իրավասու մարմինների պաշտոնատար անձանց մասնակցությամբ կազմված կամ նրանց կողմից տրված փաստաթղթերը նոտարն ընդունում է, եթե դրանք սահմանված կարգով վավերացրել են Արցախի Հանրապետության հյուպատոսական մարմինները, բացառությամբ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
262. Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` Արցախի Հանրապետության նոտարական գրասենյակները կատարում են օտարերկրյա համապատասխան մարմինների հանձնարարությունները` առանձին նոտարական գործողություններ կատարելու մասին և առանձին նոտարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություններով դիմում են օտարերկրյա մարմիններին:
263. Օտարերկրյա մարմինների հետ Արցախի Հանրապետության նոտարական գրասենյակներն իրենց հարաբերություններն իրականացնում են նախարարության միջոցով:
Իրավական օգնության վերաբերյալ պայմանագրերով և այլ միջազգային համաձայնագրերով նախատեսված դեպքերում նոտարական գրասենյակները անմիջականորեն կապվում են հյուպատոսական ներկայացուցիչների հետ, եթե տվյալ հյուպատոսական ներկայացուցչի հյուպատոսական օկրուգը կապված է նրանց ծառայական գործունեության շրջանի հետ: