ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
| 26 փետրվարի 2021թ. |
N 145-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ
ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, ինչպես նաև «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-9-րդ հոդվածներին համապատասխան Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի`
ա. 4-րդ հոդվածով հաստատված եկամուտների տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ եկամուտների ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի` համաձայն N 1 հավելվածի,
բ. N 1 հավելվածով նախատեսված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի ու դրանք իրականացնող մարմինների` համաձայն N 2 հավելվածի,
գ. N 3 հավելվածով նախատեսված դեֆիցիտի (պակասուրդի) տարեկան գումարների ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ ֆինանսավորման աղբյուրների և դրանց առանձին տարրերի` համաձայն N 3 հավելվածի,
դ. N 2 հավելվածով ըստ առանձին համայնքների բաշխված 2021 թվականի դոտացիաների տարեկան գումարների եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 4 հավելվածի.
2) որ 2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների առանձնացված ստորաբաժանումների (գործակալությունների և տեսչությունների), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկներին վերապահված` «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերն իրականացնող գործադիր իշխանության մարմնի լիազորությունները վերապահվում են Արցախի Հանրապետության այն պետական կառավարչական հիմնարկներին, որոնց առանձնացված ստորաբաժանումներն են տվյալ գործակալությունները կամ տեսչությունները, կամ որոնք տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններն են.
3) որ 2021 թվականի ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկների (բացառությամբ այն հիմնարկների, որոնց ֆինանսավորումը Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել պետական գնումների ձևով) գրանցման պահից այդ հիմնարկների համար «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված միջոցները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով, տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա: Ընդ որում, մինչև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված միջոցների սահմաններում վերակազմակերպվող պետական հիմնարկներին տրամադրված հատկացումները ներառվում են սույն ենթակետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում.
4) որ սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջը չի տարածվում «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` պետական հիմնարկների համար Արցախի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն բացված և «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում արտացոլման ենթակա արտաբյուջետային միջոցների հաշիվների, ինչպես նաև դրամարկղում այդ հաշիվների մնացորդների վրա.
5) «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջե ստացվող դրոշմանիշային վճարի հաշվին հատկացումները Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին՝
ա. կատարվում են առանց սահմանափակման, ուղիղ վճարումների միջոցով` առանց հիմնավորող փաստաթղթեր գանձապետարան ներկայացնելու, և նշված վճարի տեսքով փաստացի ստացված եկամուտները և դրանց հաշվին կատարված ծախսերը սահմանված կարգով արտացոլվում են Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում, ընդ որում, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը դրոշմանիշային վճարի հաշվին հատուցման հիմնադրամին իրականացվող փոխանցումների գծով փաստացի կատարված ծախսերի չափով ավելացնում է Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ծրագրային ցուցանիշները,
բ. հաշվառվում են բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 9 խմբի 2 դասի «12. Փոխանցումներ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին» ծախսային ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), որի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչը` Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է.
6) որ «Արցախանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է անտառանյութի իրացումից ստացված մուտքերի հաշվին` Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված եկամուտների և ծախսերի նախահաշվի համաձայն:
2. Հաստատել`
1) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին` «Կուսակցությունների մասին» օրենքին համապատասխան նյութական աջակցության համար «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 4 խմբի 2 դասի «01. Նյութական աջակցություն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների (տարեկան 45,000.0 հազ.դրամ) ըստ առանձին կուսակցությունների բաշխումը` համաձայն սույն որոշման N 5 հավելվածի (հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից հավաքված ձայների թվի մասին Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները).
2) «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող ծրագրերի և արտասահմանում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչությունների գործունեության ապահովման ծրագրերի) համար 2021 թվականին իրականացվող գնումների պլանը` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական/գործառական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի:
3. Թույլատրել Արցախի Հանրապետության գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` անհրաժեշտության դեպքում`
1) Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հատկացումների` «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում, ինչպես նաև «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու վերաբերյալ.
2) սույն որոշման 4-րդ կետի 8-րդ ենթակետում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու համար համաձայնություն ստանալու նպատակով համապատասխան առաջարկություններ ներկայացնել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
3) «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով և «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով Արցախի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման շրջանակներում, սույն որոշման 4-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված դեպքերում կատարվող հատկացումների վերաբաշխումներին համապատասխան, ինչպես նաև, ելնելով պետական մարմինների կանոնադրական լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման կամ ենթակա հիմնարկները` օրենքին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու անհրաժեշտությունից, սույն որոշման N 6 հավելվածով` այդ մարմինների գծով սահմանված գնումների պլանում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված փոփոխությունների (այդ թվում նաև` գնման ձևերի գծով) և (կամ) լրացումների կատարումը (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 133-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքի):
4. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
1) Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա. «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ, 9-րդ և 10-րդ մասերով Արցախի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),
բ. «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով և «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով պետական կառավարման տարբեր մարմինների կողմից իրականացվող ծախսային ծրագրերով Արցախի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ կատարելու գծով Արցախի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում, պետական կառավարման մարմինների ներկայացմամբ կամ սեփական նախաձեռնությամբ),
գ. «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով այդ օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնին, խմբին և դասին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող` Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև` նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար օրենքով հաստատված հատկացումների վերաբաշխումներ կատարելու, ինչպես նաև այդ մարմինների ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու գծով Արցախի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում պետական կառավարման մարմինների ներկայացմամբ).
2) Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու վերաբերյալ Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստացվող առաջարկությունները քննության առնել այդ առաջարկությունները սույն որոշման 5-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված պահանջին համապատասխանելու դեպքում.
3) Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի կանխիկացումն ապահովել առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերին համապատասխան.
4) «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված վճարումներն իրականացնել Արցախի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն այդ մասին համապատասխան արտացոլելով Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
5) Արցախի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ կնքել պայմանագիր Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից` Արցախի Հանրապետությանը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով 64,780,713.9 հազար դրամ բյուջետային վարկ տրամադրելու և 1993-2020 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված բյուջետային վարկերի մարման ժամկետը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու մասին (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ).
6) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին «Կուսակցությունների մասին» օրենքին համապատասխան նյութական աջակցության համար «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 4 խմբի 2 դասի «01. Նյութական աջակցություն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծախսային ծրագրով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը սույն որոշմամբ հաստատված բաշխման համաձայն իրականացնել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման ու կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների բանկային հաշիվներին փոխանցման միջոցով` նրանց կողմից Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված գրավոր պահանջագրի հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու.
7) ապահովել պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմս) ունեցող ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին (բաժնետոմսին) համապատասխանող շահութաբաժինների` Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջե վճարման (բացառությամբ Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով շահութաբաժինների վճարումից ազատված ընկերությունների), իսկ 50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմս) ունեցող այն ընկերությունների գծով, որոնց լիազորված մարմինները ներկայացնում են շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման վերաբերյալ առաջարկություններ` նաև զուտ շահույթի բաշխման գործընթացի նկատմամբ հսկողությունը.
8) պետական իշխանության մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը և այդ գումարի` սույն որոշման N 2 հավելվածով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերով սահմանված շրջանակներում թույլատրել տվյալ ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված տարեկան և եռամսյակային գումարների վերաբաշխումներ` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.
9) պետական իշխանության մարմնի ներկայացմամբ, սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում` ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում թույլատրել սույն որոշման N 6 հավելվածում այդ մարմնի գնումների պլանում փոփոխությունների (այդ թվում նաև` գնման ձևերի գծով) և (կամ) լրացումների կատարումը.
10) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվող` Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին եռամսյակային հաշվետվություններում «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-6-րդ հոդվածներով, 8-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված բյուջետային մուտքերի և ելքերի գումարները, սույն որոշմամբ սահմանված բյուջետային մուտքերի և ելքերի եռամսյակային (աճողական) ցուցանիշները, ինչպես նաև դրանց դիմաց ստացված մուտքերն ու կատարված ելքերն արտահայտել «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով նաև սույն կետի 8-9-րդ ենթակետերի համաձայն կատարված վերաբաշխումները, տեղաշարժերը, լրացումները և փոփոխությունները.
11) Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական բյուջեի պահուստային ֆոնդից «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 բաժնի 1 խմբի 1 դասի «01. Պետական բյուջեի պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրով (սույն ենթակետում այսուհետ` ծրագիր) սահմանված հատկացումներին ամրագրված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներից (սույն ենթակետում այսուհետ` բազային հոդվածներ) տարբերվող այլ հոդվածներով (սույն ենթակետում այսուհետ` տարբերվող հոդվածներ) և Արցախի Հանրապետության կառավարությանը նախատեսված հատկացումների գումարից որևէ այլ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչին (սույն ենթակետում այսուհետ` այլ ԲԳԿ) հատկացումների կատարման դեպքում դրանց ներքին միջհոդվածային և միջգերատեսչական վերաբաշխման միջոցով` սույն ենթակետում նշված Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով տարբերվող հոդվածներով և այլ ԲԳԿ-ների գծով նախատեսված հատկացումների չափով ավելացնել նշված ծրագրի գծով համապատասխան գերատեսչությունների նույն այդ տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումները` նույն չափով պակասեցնելով բազային հոդվածներով և Արցախի Հանրապետության կառավարության գծով նախատեսված հատկացումները: Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում սույն ենթակետում նշված վերաբաշխումներն արտացոլել Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով հատկացված գումարների չափով: Համանման մոտեցում կիրառել նաև «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 1 խմբի 3 դասի «02. Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ», 02 բաժնի 2 խմբի 1 դասի «01. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ», 06 բաժնի 3 խմբի 1 դասի «01. Խմելու և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորում», 09 բաժնի 1 խմբի 1 դասի «03. Նախադպրոցական հիմնարկներ», 09 բաժնի 6 խմբի 1 դասի «01. Պետական աջակցություն արտասահմանյան բուհերում Արցախի Հանրապետությունից նպատակային ուսումնառություն ստացող ուսանողներին», 11 բաժնի 2 խմբի 1 դասի` «03. Հանրապետական միջոցառումների իրականացման ծրագրեր», «04. Հատուկ նպատակների ծախսեր», «05. Գույքի գնման ծախսեր» և «06. Նախորդ տարիներից առաջացած պարտքերի մարում» ծրագրերով իրավասու մարմնի կողմից ընդունված համապատասխան որոշումներով հատկացումների կատարման դեպքում.
12) սույն որոշման 7-րդ կետի 2-9-րդ ենթակետերում, 9-12-րդ կետերում նշված` պետական պատվերների, ծրագրերի և ծախսերի ֆինանսավորումը կատարել դրանք Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո: Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությամբ` սույն ենթակետում նշված պետական պատվերների և ծրագրերի ֆինանսավորումն առանձին դեպքերում կարող է իրականացվել նաև մինչև Արցախի Հանրապետության կառավարության կողմից դրանց հաստատումը:
5. Արցախի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
1) 2021 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին` համակարգի բյուջետային հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների դրամարկղերում և գանձապետական (բանկային) հաշիվներում Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առկա մնացորդները 2021 թվականի բյուջետային տարվա վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Արցախի Հանրապետության պետական բյուջե` որպես 2021 թվականի բյուջետային տարում չօգտագործված միջոցներ.
2) սահմանել խիստ հսկողություն ենթակա հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ հաստատված նախահաշիվների առանձին ծախսային հոդվածների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում.
3) հսկողություն իրականացնել առանձին ծառայություններից (հեռախոսակապ, վառելիք և ջեռուցում, էլեկտրաէներգիա, ջրմուղ-կոյուղի, աղբահանություն, ախտահանում, վարձակալություն) օգտվելու համար սահմանված կարգով պայմանագրերի կնքման նկատմամբ` պետական բյուջեով նախատեսված գումարների սահմաններում.
4) հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված եռամսյակային (աճողական) համամասնությունները, սահմանված կարգով, մեկ շաբթյա ժամկետում հաստատել և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել աշխատակազմի և ենթակա պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների 2021 թվականի ծախսերի նախահաշիվները եռամսյակային (աճողական) կտրվածքով, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների.
5) մեկ շաբթյա ժամկետում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել աշխատակազմի 2021 թվականի հաստատված հաստիքային ցուցակները (այդ թվում՝ ըստ առանձին պաշտոնների` խմբավորված տեսքով).
6) Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և դրանց ենթակայության պետական հիմնարկներին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (այդ թվում` տարածքների) վարձակալության պայմանագրերում վարձատուի համաձայնությամբ վարձակալի կողմից իր միջոցների հաշվին վարձակալված գույքից (այդ թվում` տարածքների) անբաժանելի բարելավումների կատարման հնարավորություն նախատեսել միայն այդ բարելավումների արժեքի` ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ պայմանագրի դադարեցումից հետո վարձատուի կողմից փոխհատուցման բացառման վերաբերյալ դրույթ նախատեսվելու դեպքում: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում առանց Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության թույլտվության, չհամաձայնել նշված բարելավումների իրականացմանը.
7) անհրաժեշտության դեպքում Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արցախի Հանրապետության 2021 թվականի կապիտալ շինարարության և հիմնանորոգման ծախսերի պետական պատվերով նախատեսված առանձին օբյեկտների գծով սահմանված հատկացումների գումարների և դրանց նախահաշվային արժեքների միջև դրական տարբերության և (կամ) մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում ազատված բյուջետային հատկացումների օգտագործման ուղղությունների վերաբերյալ.
8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի N 133-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» համաձայն, պետական բյուջեով նախատեսված, ինչպես նաև պետական մարմինների ու պետական հիմնարկների տնօրինության տակ գտնվող այլ միջոցների հաշվին կատարվող գնումների պլանում (անվանացանկում) փոփոխություններ կատարելիս Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել գնման ձևի փոփոխության վերաբերյալ հիմնավորումները` այն դեպքում, եթե գնման ձև է սահմանվում «Գնումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված գնման ընթացակարգը.
9) Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարություն կամ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն առաջարկություններ ներկայացնելիս` դրանցում նշել այդ հատկացումների տրամադրման ժամանակացույցը` ըստ եռամսյակների (նաև աճողական), և կատարվելիք գնումների պլանը:
6. Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմս) ունեցող ընկերությունների բաժնետիրոջ իրավասություններն իրականացնող` Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինների ղեկավարներին` ապահովել`
1) ընկերությունների արդյունավետ և շահութաբեր աշխատանքը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 28-ի «Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների՝ Արցախի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 165 որոշմամբ հաստատված կարգով ու ժամկետներում շահութաբաժինների վճարումը Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջե.
3) պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմս) ունեցող ընկերությունների` նախորդ տարիների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում շահութաբաժինների գծով Արցախի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ առաջացած պարտքերի մարումը` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:
7. Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` տասնհինգօրյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել`
1) Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ` առաջարկություններ` կրթական հիմնարկներում 2021/2022 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի վերաբերյալ, բյուջեով նախատեսված գումարների սահմաններում.
2) բյուջեի գործառական դասակարգման «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» դասի ծրագրերը.
3) ոչ ֆորմալ կրթության ծրագրերը.
4) մշակութային միջոցառումների իրականացման ծրագիրը.
5) երիտասարդական միջոցառումների իրականացման ծրագիրը.
6) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության, ուսումնասիրման և օգտագործման միջոցառումների ծրագիրը.
7) հրատարակչական ծախսերի ծրագիրը.
8) կրոնի և ազգային փոքրամասնությունների ոլորտի միջոցառումների ծրագիրը.
9) մարզական միջոցառումների ծրագիրը:
8. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությանը`
1) պարբերական ու գործուն վերահսկողություն սահմանել դատական վճիռներով պետական բյուջեի օգտին բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներով օրենքով սահմանված կատարողական միջոցառումների ժամանակին ու ամբողջական գործընթացի նկատմամբ.
2) նշված փաստաթղթերով բռնագանձված և բյուջե մուտքագրված գումարների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվություններ ներկայացնել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
9. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` տասնհինգօրյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագիրը` դրանում նախատեսելով կատարվելիք գնումների պլանը:
10. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությանը` տասնհինգօրյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջարկություններ` 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների գծով աշխատանքների ֆինանսավորման մասին:
11. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` տասնհինգօրյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված`
1) թվային ձևաչափով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը.
2) ընդերքի ուսումնասիրման ծրագիրը.
3) «Արցախանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
12. Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավաման կոմիտեին` տասնհինգօրյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Գեոդեզիայի, քարտեզագրման, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայությունների գնման գծով պետական պատվերի ծրագիրը:
13. Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` ապահովել իրենց համակարգի պետական տուրք գանձող հիմնարկների կողմից գանձված պետական տուրքի գումարների ամբողջական և ժամանակին վճարումը համապատասխան բյուջե:
14. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին`
1) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով տեղական ինքնակառավարման բնագավառում վերապահված լիազորությունների շրջանակներում պարբերաբար շրջանային խորհրդի նիստերում քննարկել համայնքային բյուջեների կատարման ընթացքը և համապատասխան միջոցներ ձեռնարկել բարելավման ուղղությամբ.
2) խիստ վերահսկողություն սահմանել շրջանի համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական պահուստի ֆոնդի վարձակալված հողերի հաշվառման և վարձավճարների գանձման ուղղությամբ:
15. «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարներին` սույն կետում նշված հավելվածի աղյուսակներում ընդգրկված` իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների և առանձին միջոցառումների ծախսերի նախահաշիվներում փոփոխությունների ու լրացումների կատարումը համաձայնեցնել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
16. Առաջարկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին, Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահին, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահին, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահին, Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Արցախի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ կետերով:
17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
(Հավելվածները փոփ. 30.03.21 N 269-Ն, 21.04.21 N 344-Ն, 10.05.21 N 431-Ն, 19.05.21 N 482-Ն, 24.05.21 N 507-Ն, 26.05.21 N 528-Ն, 04.06.21 N 588-Ն, 13.05.21 N 463-Ն, 15.06.21 N 632-Ն, փոփ., լրաց. 22.06.21 N 658-Ն, փոփ. 02.07.21 N 701-Ն, 21.07.21 N 788-Ն, 23.07.21 N 803-Ն)