Համարը 
N 306-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.10.31/21(385)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
25.10.2019
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
25.10.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.11.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի ԹԻՎ 16/Ղ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2019 թվականի հոկտեմբերի 25-ի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի ԹԻՎ 16/Ղ

ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 306-Ն

 

ՀՐԱՄԱՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 19-ի «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 16/Ղ հրամանով հաստատված հրահանգում`

1) 5-րդ կետի երկրորդ պարբերությունում «բնակարաններ» բառից հետո լրացնել «, անհատական բնակելի տներ, այգետնակներ (ամառանոցներ) և դրանց կից շինություններ» բառերը,

2) 10-րդ կետի`

ա. «բ» ենթակետի օրինակ 12-ի երրորդ պարբերությունում «գույքահարկի պարտավորությունն առաջանում է» բառերից հետո լրացնել «(նախկին սեփականատիրոջ համար դադարում է)» բառերը,

բ. «գ» ենթակետում առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ,

«Սույն ենթակետի կիրառման իմաստով` ֆիզիկական անձին պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն անցած գույքահարկի չմարված պարտավորությունները հաշվառվում են նախկին սեփականատեր ֆիզիկական անձին հաշվառող մարմնի հաշվառման տվյալներով՝ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի պարտավորությունների մասին համապատասխան տեղեկանքի, իսկ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումները նոր սեփականատիրոջ համար հաշվառվում են նախկին սեփականատեր ֆիզիկական անձին հաշվառող մարմնի հաշվառման տվյալներով՝ տվյալ հարկվող օբյեկտի օտարման օրվա դրությամբ օտարմանը հաջորդող ժամանակաշրջանի համար գույքահարկի հաշվառված գումարների մասին համապատասխան տեղեկանքի հիման վրա: Սույն պարբերության կիրառման իմաստով` նոր սեփականատեր համարվող կազմակերպությունները սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով գույքահարկի հաշվարկում կատարում են համապատասխան նշում տվյալ կամ նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձանց հարկվող օբյեկտ համարվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու մասին` իրենց հաշվառող մարմին ներկայացնելով տվյալ հարկվող օբյեկտի համար գույքահարկի չմարված պարտավորությունների, օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանների համար հաշվառված գույքահարկի վճարումների կամ գույքահարկի պարտավորությունների բացակայության մասին համապատասխան տեղեկանք: Սույն պարբերությունում նշված տեղեկանքները չեն ներկայացվում, եթե նախկին և նոր սեփականատերերին հաշվառող մարմինը նույնն է:

Օրինակ 13.1. Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Սիմոնյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող փոխադրամիջոցը 2018 թվականի մայիսի 8-ին օտարում է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գրիգորյանին: Փոխադրամիջոցի 2018 թվականի գույքահարկի տարեկան 17600 ՀՀ դրամ կազմող գումարը Սիմոնյանի կողմից վճարվել է 2018 թվականի փետրվարին` փոխադրամիջոցի տարեկան տեխնիկական զննություն անցկացնելուց առաջ: Գրիգորյանի համար տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորությունն առաջանում է, իսկ Սիմոնյանի համար դադարում է 2019 թվականի հունվարի 1-ից: Գրիգորյանի համար տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկը նշված ժամկետից սկսած հաշվարկելու համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցի տեխնիկական անձնագիրը և Սիմոնյանին հաշվառող մարմնի կողմից տրված համապատասխան տեղեկանքը, որոնք պետք է ներկայացվեն Գրիգորյանի գրանցման (բնակության) վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին:

Օրինակ 13.2. Կազմակերպությունը (գտնվելու վայրը՝ քաղաք Ստեփանակերտ) Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակիչ Պողոսյանից սեփականության իրավունքով ձեռք է բերել փոխադրամիջոց 2018 թվականի հունիսի 6-ին, իսկ Մարտունու շրջանի Եմիշճանի համայնքի բնակիչ Սահակյանից ձեռք է բերել Մարտունի քաղաքում գտնվող հասարակական նշանակության շինություն 2018 թվականի հուլիսի 8-ին:

Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքում Պողոսյանի փոխադրամիջոցի համար հաշվառված են 13 122 ՀՀ դրամի չափով գույքահարկի պարտավորություններ (2017 թվականի համար 8 000 ՀՀ դրամ կազմող գույքահարկի գումարը, օրենքով սահմանված կարգով հաշվարկված 1 122 ՀՀ դրամ (8 000 ՀՀ դրամ x 187 օր x 0,075%) կազմող տույժերի գումարը 2018 թվականի հունիսի 6-ի դրությամբ, ինչպես նաև 2018 թվականի հունվար-հունիս ամիսների գույքահարկի գումարը՝ 4 000 ՀՀ դրամ): Կազմակերպությունը Ստեփանակերտի քաղաքապետարան ներկայացվող 2018 թվականի առաջին կիսամյակի գույքահարկի հաշվարկում կատարում է նշում հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձին պատկանող հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման մասին` ներկայացնելով Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի կողմից տրված` տվյալ հարկվող օբյեկտի համար գույքահարկի չմարված պարտավորությունների մասին համապատասխան տեղեկանքը, ինչը հիմք է հանդիսանալու կազմակերպությանն անցած գույքահարկի պարտավորությունների հաշվառման համար: Կազմակերպությանն անցած 2017 թվականի գույքահարկի չմարված պարտավորությունների համար կշարունակվի օրենքով սահմանված կարգով տույժերի հաշվարկը մինչև 365 օրը լրանալը (մինչ այդ վճարում չկատարելու դեպքում), իսկ 2018 թվականի գույքահարկի գումարների համար տույժերի հաշվարկը կսկսվի 2019 թվականի հունվարի 21-ից (մինչ այդ վճարում չկատարելու դեպքում):

Մարտունի քաղաքում գտնվող հասարակական նշանակության շինության գույքահարկի տարեկան գումարը կազմում է 120 000 ՀՀ դրամ, 2018 թվականի մայիսին Սահակյանը վճարել է գույքահարկի գումար 90 000 ՀՀ դրամի չափով: Անկախ այն հանգամանքից, որ 2018 թվականի հուլիսի 8-ին օտարված շինության համար օտարման օրվա դրությամբ այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում Սահակյանի գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից, օտարման օրվա դրությամբ 20 000 ՀՀ դրամը հանդիսանում է օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանների համար գույքահարկի հաշվառված վճարում: Կազմակերպությունը Մարտունու քաղաքապետարան ներկայացվող 2018 թվականի երկրորդ կիսամյակի գույքահարկի հաշվարկում կատարում է նշում հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձին պատկանող հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման մասին: Գույքահարկի հաշվառված վճարումներին համապատասխան` կազմակերպության տվյալ հարկվող օբյեկտի պարտավորությունները կհաշվարկվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:»,

գ. «ե» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու դեպքում գույքահարկի պարտավորությունը դադարում է: Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` սույն պարբերությամբ սահմանված փոխադրամիջոցները լիազոր մարմնում վերահաշվառելու դեպքում այդ փոխադրամիջոցների համար մինչև խոտանման ամսվան հաջորդող ամսվա 1-ը դադարած գույքահարկի պարտավորությունները հակադարձվում են և ենթակա են կատարման` օրենքով սահմանված կարգով և չափերով:»,

դ. «ե» ենթակետի երկրորդ պարբերությունում «հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմնի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով,

3) 12.1-ին կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Օրինակ 17.1. Կազմակերպության պետական գրանցում ստանալու (գտնվելու) վայրն է Ստեփանակերտ քաղաքը, որտեղ նրան սեփականության իրավունքով պատկանում է հարկվող օբյեկտ համարվող մեկ շինություն: Կազմակերպությունը գործունեություն է իրականացնում (կազմակերպությանը պատկանող փոխադրամիջոցները հաշվառված են և շահագործվում են) Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի և Դահրավի համայնքներում: Միաժամանակ, կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում են Մարտունու և Հադրութի շրջանների վարչական սահմաններում գտնվող մեկական շինություններ և մեկ շինություն Մարտակերտի շրջանի Վանքի համայնքում: Կազմակերպությունը գույքահարկի հաշվարկ պետք է ներկայացնի Ստեփանակերտի քաղաքային համայնք՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող շինության և կազմակերպությանը պատկանող բոլոր փոխադրամիջոցների համար (անկախ շահագործման կամ հաշվառման հանգամանքից), Ակնաղբյուրի և Դահրավի, ինչպես նաև Վանքի համայնքներ՝ համապատասխանաբար այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար գույքահարկի առանձին հաշվարկներ:»,

4) 13-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացրած գույքահարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում գույքահարկ վճարողը կարող է գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին ներկայացնել սույն հրահանգի հավելվածներում բերված համապատասխան ձևերով գույքահարկի ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար գույքահարկի պարտավորությունների (այդ թվում` տույժերի) վերահաշվարկ:

Հաշվարկված հարկային պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալուց հետո հարկային պարտավորության գումարները փոփոխող հաշվարկներ չեն կարող ներկայացվել:

Հարկային մարմինների կողմից գույքահարկ վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող գույքահարկի հաշվարկների ճշտում չի իրականացվում (գույքահարկի ճշտված հաշվարկներ չեն ներկայացվում):

Գույքահարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերվելու դեպքում գույքահարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տասը տարի:»,

6) 16-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «2005 թվականի հունվարի 1-ից սկսած» բառերը փոխարինել «2005 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ» բառերով,

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետ.

«16.1. Կազմակերպությունները 2017 թվականի առաջին կիսամյակից սկսած շինությունների գույքահարկը հաշվարկում են հետևյալ կարգով.

1) հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների գույքահարկը հաշվետու կիսամյակի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՀՎՃ = [(Շարժ x Դկիս)/6 x Աթ] - Ակիս

 որտեղ`

ՀՎՃ - հաշվետու կիսամյակում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,

Շարժ - հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների կադաստրային արժեքն է,

Դկիս - շինությունների գույքահարկի դրույքաչափը հաշվետու կիսամյակի համար, որն ավտոտնակների դեպքում հավասար է 0,1 տոկոսի, իսկ հասարակական և արտադրական նշանակության շինությունների դեպքում` 0,15 տոկոսի,

Աթ - հաշվետու կիսամյակում գույքահարկի հաշվարկման համար հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Ակիս - հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների կիսամյակային գումարն է,

2) հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների գույքահարկը հաշվետու կիսամյակի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՀՎՃ = [(Շարժ x Դտ)/12 x Աթ] - Ակիս

որտեղ`

ՀՎՃ - հաշվետու կիսամյակում հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,

Շարժ - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների կադաստրային արժեքն է,

Դտ - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների գույքահարկի տարեկան դրույքաչափն է,

Աթ - հաշվետու կիսամյակում գույքահարկի հաշվարկման համար այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Ակիս - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների կիսամյակային գումարն է:

Գույքահարկ վճարող կազմակերպությունները 2017 թվականի առաջին կիսամյակից սկսած հաշվետու կիսամյակների համար հարկվող օբյեկտ համարվող շինությունների գույքահարկի հաշվարկները ներառում են սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով գույքահարկի հաշվարկում:»,

8) 21-րդ կետում «Մոտոցիկլետների» բառից հետո լրացնել «, ձյունագնացների, մոտոամենագնացների (քվադրոցիկլերի)» բառերը, իսկ «մոտոցիկլետի», «Մոտոցիկլետի» բառերից հետո` «կամ ձյունագնացի կամ մոտոամենագնացի (քվադրոցիկլի)» բառերը,

9) 22-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մինչև 2016 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ գույքահարկի հաշվարկման գումարները կազմակերպությունները սույն հրահանգի 23-րդ կետում սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը ներառյալ (2016 թվականի չորրորդ եռամսյակի գույքահարկի վճարման ժամկետն այդ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ն է (ներառյալ)): 2017 թվականի առաջին կիսամյակից սկսած գույքահարկի հաշվարկված գումարները կազմակերպությունները սույն հրահանգի 23-րդ կետով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»,

10) 23-րդ կետի առաջին պարբերությունում «հաշվարկված գույքահարկի» բառերից հետո լրացնել «(այդ թվում` սույն հրահանգի 10-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան գույքահարկի չմարված հարկային պարտավորությունների)» բառերը,

11) 24-րդ կետի առաջին պարբերությունում «գույքահարկը» բառից հետո լրացնել «(այդ թվում` սույն հրահանգի 10-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան գույքահարկի չմարված հարկային պարտավորությունները)» բառերը,

12) լրացնել հետևյալ բովանդակությամբ 32-34-րդ կետեր.

«32. Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո գույքահարկից ազատվում են նաև Արցախի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք`

1) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով.

2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում` հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.

3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:

Նշված անձինք գույքահարկից ազատվում են հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40 000 000 ՀՀ դրամը (չգերազանցող մասով), և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):

Սույն կետում նշված` սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի շինություն պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի կողմից ընտրված շինության նկատմամբ, իսկ արտոնության կիրառման համար հիմք են ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և գտնվելու վայրերի մասին, ինչպես նաև շինության գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի կողմից տրված տեղեկանքը` այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին (բացառությամբ այն դեպքի, երբ հարկվող օբյեկտ հանդիսացող բոլոր շինությունները գտնվում են միևնույն հաշվառող մարմնի տարածքում), իսկ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները կամ մյուս համասեփականատերերի անաշխատունակությունը հաստատող տեղեկանքները (հաշմանդամների համար` բնակության վայրի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից տրված կենսաթոշակի վկայականը կամ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կողմից տրված տեղեկանքը):

Սույն կետով նշված սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի կողմից ընտրված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնության կիրառման համար հիմք են ընդունվում ոստիկանության լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի թվաքանակի մասին և (կամ) փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություններ կիրառված չլինելու մասին, իսկ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները կամ մյուս համասեփականատերերի անաշխատունակությունը հաստատող տեղեկանքները (հաշմանդամների համար` բնակության վայրի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից տրված կենսաթոշակի վկայականը կամ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կողմից տրված տեղեկանքը):

Սույն կետով սահմանված արտոնությունը դադարում է գործել, եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ծառայությունից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման: Սույն կետով սահմանված արտոնությունը չի կիրառվում այն հարկվող օբյեկտ հանդիսացող գույքի մասով, որը ձեռք է բերվել ծառայությունից հետո:

Սույն կետի կիրառման առումով «զինված ուժեր» և «այլ զորքեր» հասկացությունները կիրառվում են «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված իմաստով:

Օրինակ 32. Արցախի Հանրապետության զինված ուժերում ծառայած և ռազմաուսումնական հաստատություն ավարտած Սարգսյանի պարտադիր ժամկետային ծառայության ժամկետն ավարտվել է 2018 թվականի ապրիլի 5-ին: Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանում են գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող երեք շինություններ` Ստեփանակերտ քաղաքում` հասարակական նշանակության, Շուշի քաղաքում` բնակելի նշանակության, որը հանձնել է վարձակալության, և Ասկերանի շրջանի Աստղաշենի համայնքում` բնակելի նշանակության շինություն, որը ձեռք է բերել 2019 թվականի մայիսի 20-ին: Տվյալ դեպքում Սարգսյանը չի կարող օգտվել գույքահարկի արտոնությունից, քանի որ շինություններից մեկը հասարակական նշանակության է, մյուսը հանձնել է վարձակալության, իսկ երրորդը ձեռք է բերել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից (2018 թվականի ապրիլի 5-ից) հետո:

Օրինակ 33. Արցախի Հանրապետության զինված ուժերում ծառայած և ռազմաուսումնական հաստատություն ավարտած Սարգսյանի պարտադիր ժամկետային ծառայության ժամկետն ավարտվել է 2018 թվականի ապրիլի 5-ին: Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանում են գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող երեք շինություններ` Ստեփանակերտ քաղաքում` հասարակական նշանակության, Շուշի քաղաքում` բնակելի նշանակության (կադաստրային արժեքը 54 540 000 ՀՀ դրամ), և Ասկերանի շրջանի Աստղաշենի համայնքում` ավտոտնակ (կադաստրային արժեքը 5 000 000 ՀՀ դրամ): Բոլոր շինությունները Սարգսյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել մինչև պարտադիր ժամկետային ծառայության ավարտը (մինչև 2018 թվականի ապրիլի 5-ը): Այս դեպքում Սարգսյանն իրավունք ունի ընտրելու այն շինությունը (ավտոտնակը կամ բնակելի շինությունը), որի մասով ցանկանում է օգտվել օրենքով սահմանված արտոնությունից (Ստեփանակերտ քաղաքում գտնվող շինությունը հասարակական նշանակության է, հետևաբար այդ շինության մասով արտոնություն չի կարող սահմանվել): Սարգսյանը ցանկանում է արտոնություն ստանալ Շուշի քաղաքում գտնվող շինության մասով, որի համար Շուշիի քաղաքապետարան պետք է ներկայացնի անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և գտնվելու վայրերի մասին, տեղեկանք Աստղաշենի գյուղապետարանից` իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի մասով արտոնությունից չօգտվելու մասին, ռազմաուսումնական հաստատությունից ստացած դիպլոմի պատճենը և պարտադիր ժամկետային ծառայության ավարտը (ծառայության ավարտի ամսաթվի, ամսվա և տարեթվի նշումով) հավաստող փաստաթուղթ: Այս դեպքում, 2018 թվականի համար Շուշի քաղաքում բնակելի նշանակության շինության համար հաշվարկված գույքահարկի գումարը կկազմի 182 565 ՀՀ դրամ [(127 100+14 540 000x0,8%)/12x9], արտոնության գումարը կկազմի 95 325 ՀՀ դրամ [(67 100+10 000 000x0,6%)/12x9], վճարման ենթակա գույքահարկի գումարը կկազմի 87 240 ՀՀ դրամ (182 565-95 325), որը ենթակա է վճարման մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը:

Օրինակ 34. Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո (ժամկետն ավարտվել է 2018 թվականի ապրիլի 5-ին) Արցախի Հանրապետության զինված ուժերում ծառայած և ռազմաուսումնական հաստատություն ավարտած Դավթյանին սեփականության իրավունքով պատկանում են գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող երկու փոխադրամիջոցներ Շուշի քաղաքում` թեթև մարդատար ավտոմեքենա (5 նստատեղ, շարժիչի հզորությունը` 280 ձիաուժ, արտադրման տարեթիվը՝ 2014 թվական) և բեռնատար ավտոմեքենա: Այս դեպքում Դավթյանն իրավունք ունի ընտրելու այն փոխադրամիջոցը, որի մասով ցանկանում է օգտվել օրենքով սահմանված արտոնությունից: Սարգսյանը ցանկանում է արտոնություն ստանալ մարդատար ավտոմեքենայի մասով: Արտոնության կիրառման համար հիմք են ընդունվում լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցների թվաքանակի մասին և (կամ) փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություններ կիրառված չլինելու մասին, ռազմաուսումնական հաստատությունից ստացած դիպլոմի պատճենը և պարտադիր ժամկետային ծառայության ավարտը (ծառայության ավարտի ամսաթվի, ամսվա և տարեթվի նշումով) հավաստող փաստաթուղթ, իսկ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները կամ մյուս համասեփականատերերի անաշխատունակությունը հաստատող տեղեկանքները (հաշմանդամների համար` բնակության վայրի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից տրված կենսաթոշակի վկայականը կամ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կողմից տրված տեղեկանքը): 2019 թվականի գույքահարկի պարտավորությունը մեքենայի մասով կկազմի՝ Գգ= [(280 x 500 ՀՀ դրամ) + (280 - 150) x 1 000 ՀՀ դրամ] x 0,7/12 x 12 = 189 000 ՀՀ դրամ, արտոնությունը՝ 150 x 300 ՀՀ դրամ x 0,7/12 x 12 = 31 500 ՀՀ դրամ, վճարման ենթակա գույքահարկի գումարը` 157500 ՀՀ դրամ:

33. Գույքահարկից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով:

34. Գույքահարկից ազատվում է փոստային կապի ազգային օպերատորը` սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտների մասով:»:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

              

2019 թվականի հոկտեմբերի 25

ք.Ստեփանակերտ