ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» հունիսի 2006թ. |
N 316 |
ք.Ստեփանակերտ
ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ՝ ՈՐՍԻ) ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի) տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2006թ. 27–ին հունիսի
թիվ 316 որոշման |
Կ Ա Ր Գ
ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՈՐՍԻ) ՏՆՕՐԻՆՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ստուգումների ժամանակ հայտնաբերված և առգրավված` ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների`
ա) կենսառեսուրսների` վայրի խոտաբույսերի, թփերի, ծառերի, այդ թվում` փայտանյութի և վայրի կենդանիների ու դրանց արգասիքների,
բ) հողի բերրի շերտի,
գ) օգտակար հանածոների տնօրինման կարգը:
2. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված արագ փչացող` առգրավված կենսառեսուրսներն անհատույց հանձնվում են տվյալ շրջանի կամ համայնքի (կամ հարակից շրջանի կամ համայնքի) մանկատներին կամ ծերանոցներին, թանգարաններին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ընդունող կազմակերպության ղեկավարի կողմից կազմված հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա` անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին եզրակացությունից հետո:
Արագ փչացող կենսառեսուրսներ են համարվում որսված` անկենդան վայրի կենդանիները (գազաններ, թռչուններ, ձկներ, խեցգետիններ և ջրային ու ցամաքային այլ կենդանիներ), որոնք ենթակա են օգտագործման միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկումից հետո:
3. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված` առգրավված կենդանի վայրի կենդանիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման տեսուչների կողմից ազատ են արձակվում բնական միջավայր` տվյալ շրջվարչակազմի գյուղատնտեսական բաժնի և անտառտնտեսության աշխատողների մասնակցությամբ:
Կենդանիները, ներառյալ Կարմիր գրքում գրանցված կենդանիները, ազատ են արձակվում իրենց բնակության միջավայր (ապրելավայր, արէալ):
Կենդանիների` բնական միջավայր ազատ արձակման փաստն արձանագրվում է, իսկ ազատ արձակման պահը՝ տեսագրվում:
4. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված թփերն ու խոտաբույսերը, բացառությամբ դեղաբույսերի, ոչնչացվում են:
Ոչնչացման ենթակա թփերն ու խոտաբույսերը ոչնչացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ստեղծված` 3 մարդուց բաղկացած հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված է նաև համապատասխան անտառտնտեսության ներկայացուցիչը: Ոչնչացման փաստն արձանագրվում է, իսկ ոչնչացման պահը` տեսագրվում:
Առգրավված դեղաբույսերը հանձնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությանն` ի տնօրինում:
5. Դատական կարգով բռնագրավված` սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված ծառերը, ներառյալ փայտանյութը և սույն կարգի 1-ին կետի «գ» ենթակետում նշված օգտակար հանածոները, ենթակա են իրացման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից` օրենքով սահմանված կարգով: Իրացումից ստացված գումարը եռօրյա ժամկետում մուտքագրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից` աճուրդային կարգով կենսառեսուրսների իրացումը` առգրավված ծառերը, ներառյալ փայտանյութը և օգտակար հանածոները, տեղադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման տարածքում կամ դրան փոխարինող շինությունում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից, համապատասխան արձանագրությամբ, ի պահ են հանձնվում դրանց պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ունեցող մոտակա կազմակերպության (բնության հատուկ պահպանվող տարածքի, անտառտնտեսության, դենդրոպարկի և այլն) տնօրինությանը:
6. Սույն կարգի 1-ին կետի «բ» ենթակետում նշված` առգրավված հողի բերրի շերտը շրջանի տարածքների հողերի բարելավման, կանաչապատման և վերականգնման նպատակով անհատույց հանձնվում է առգրավման վայրի համապատասխան տարածքային կառավարման մարմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման ղեկավարի և շրջվարչակազմի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի միջև կազմված հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա:
7. Սույն կարգում նշված արձանագրությունները գրանցվում են գործերի վարույթի գրանցամատյանում, իսկ տեսագրությունները` պահվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության բնապահպանական պետական տեսչությունում:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |