| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«24» հունվարի 2013 թվականի
Պետական գրանցման համարը 1011318 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«21» հունվարի 2013թ. |
N 5-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության 2009 թվականի հունվարի 15-ի «Առողջապահության ոլորտում լիցենզավորման հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը և եզրակացության ձևերը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի վարիչ Լ. Հովհաննիսյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Կ. Ղուկասյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
առողջապահության նախարարի
«21» հունվարի 2013թ. N 5-Ն հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում և կազմը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:
(1-ին կետը լրաց. 04.03.20 N 72-Ն)
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Հանձնաժողովը ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցներից: Հանձնաժողովում կարող է ընդգրկվել նաև առողջապահության ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)։
4. (կետն ուժը կորցրել է 04.03.20 N 72-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 04.03.20 N 72-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 04.03.20 N 72-Ն)
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Լիցենզավորման հանձնաժողովի հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության ոլորտում լիցենզավորման գործընթացի իրականացմանը նպաստելն է:
8. Հանձնաժողովը, «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և լիցենզավորման կարգերի հիման վրա` իր իրավասության շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) քննում է առողջապահության բնագավառի լիցենզիաներ ստանալու հայտերի` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, լիցենզավորման կարգերին, այլ իրավական ակտերին համապատասխանությունը և ըստ այդմ տալիս հայտը բավարարելու, վերապահումով բավարարելու կամ մերժելու վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին,
2) քննելով առողջապահության նախարարության ստորաբաժանումների առաջարկությունները, տալիս է եզրակացություններ օրենսդրության պահանջների խախտման դեպքում լիցենզավորված անձանց նախազգուշացնելու, լիցենզիաների գործողության կասեցման վերաբերյալ,
3) լիցենզավորող մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ լիցենզավորման գործընթացի կազմակերպման, ինչպես նաև լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
10. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
11. Հանձնաժողովի եզրակացությունները ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում եզրակացությունը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորվող անձի (այսուհետ՝ հրավիրված անձ):
12. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:
13. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
14. Հրավիրված անձը իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:
15. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական, հարկային կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:
16. Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
17. Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար այլ անձինք:
18. Հանձնաժողովի եզրակացությունները տրվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, լիցենզավորման կարգերի և այլ իրավական ակտերի հիման վրա` հաշվի առնելով հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը, նրանց վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի ներկայացրած եզրակացությունը:
19. Հանձնաժողովի եզրակացության չափանիշներն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի եզրակացության համապատասխանությունը ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին և հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերին:
20. Հանձնաժողովի եզրակացությունը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
21. Հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է`
1) հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ամիսը, տարին և վայրը,
2) հանձնաժողովի կազմը,
3) քննարկվող հարցի բովանդակությունը,
4) հայտատու իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը, հայցվող գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը, իսկ լիցենզավորված անձանց նախազգուշացնելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու դեպքում իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը, իրականացվող գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը,
5) հայտը բավարարելու, վերապահումով բավարարելու կամ մերժելու վերաբերյալ օրենսդրական հիմքերը, պատճառները, իսկ լիցենզավորված անձանց նախազգուշացնելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու դեպքում՝ նախազգուշացնելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու օրենսդրական հիմքերը, պատճառները,
6) հայտը բավարարելու կամ վերապահումով բավարարելու կամ մերժելու մասին, իսկ լիցենզավորված անձանց նախազգուշացնելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու դեպքում նախազգուշացնելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին դրույթները (եզրափակիչ մաս),
7) նիստին մասնակից հանձնաժողովի անդամների ստորագրությունները:
22. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:
23. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
24. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`
1) հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ամիսը, տարին և վայրը.
2) հանձնաժողովի տեսակը և կազմը.
3) քննարկվող հարցի բովանդակությունը.
4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.
5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.
6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.
7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.
8) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:
Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
25. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար.
3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
4) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
26. Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
2) նիստից ոչ ուշ, քան 7 օր առաջ, հայտատուին պատշաճ ձևով ծանուցում է նիստի վայրի, ամսաթվի և ժամի մասին.
3) նիստի օրվանից առնվազն 3 օր առաջ հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստի մասին.
4) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
5) հանձնաժողովի եզրակացությունը տրամադրում է կամ նիստի ավարտից հետո պատշաճ ձևով ուղարկում է հրավիրված անձին.
6) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.
7) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս իրավասությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.
8) կազմում է հանձնաժողովի եզրակացությունները և կազմակերպում դրանց տարածումը.
9) վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:
27. Հանձնաժողովի անդամները`
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.
2) ստորագրում են հանձնաժողովի նիստի եզրակացությունը,
3) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում, նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
28. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
29. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը լրաց., փոփ. 04.03.20 N 72-Ն)