Համարը 
ՀՕ-39
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
18.12.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.01.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2001

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Անշարժ գույքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի խնդիրները և գործողության շրջանակները

 

Սույն օրենքը կարգավորում է անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման պայմաններն ու կարգը, ինչպես նաև` անշարժ գույքի հետ կապված այլ իրավունքներին առնչվող հարաբերությունները:

Հողի մակերևույթի, ընդերքի, անտառների, բուսական և կենդանական աշխարհի, ջրերի, օդային տարածքի, պատմամշակութային հուշարձանների զբաղեցրած տարածքների օգտագործման ու պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

Սույն օրենքի և անշարժ գույքի ու դրա հետ կապված գույքային հարաբերությունները կարգավորող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի միջև հակասությունների առկայության դեպքում գործում են սույն օրենքի նորմերը:

Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև անշարժ գույքի բաղկացուցիչ մասերը համարվող հողամասերի և /կամ/ ամրակայված գույքի վրա, եթե սույն օրենքով այլ բան չի սահմանված:

 

Հոդված 2.

Հիմնական հասկացությունները

 

Անշարժ գույք՝ հողի, ամրակայված գույքի ու հողի և /կամ/ ամրակայված գույքի նկատմամբ իրավազորությունների ամբողջությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով անշարժ գույք կարող է համարվել նաև այլ գույքը:

Հող՝ երկիրը կազմող նյութը, ինչպիսի բաղադրիչներից էլ այն կազմված լինի՝ հողանյութ, ապառաժ կամ այլ նյութ, ինչպես նաև հողի վերգետնյա և ստորգետնյա տարածքի ցանկացած մասը՝ դրա օգտագործման նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով նախատեսված սահմանափակումներով հանդերձ:

Ամրակայված գույք՝ մշտապես օգտագործելու նպատակով հողին ամրակցված իրերը: Ամրակայված գույքն ընդգրկում է շենքերը, շինությունները, կոմունալ և օժանդակ կառույցները, բազմամյա տնկարկները և ցանկացած այլ գույք, որն ամրակցված է հողին և որն անհնար է անջատել դրանից առանց այդ գույքին, դրա որևէ մասին կամ հողին էական վնաս պատճառելու:

Հողի և /կամ/ ամրակայված գույքի նկատմամբ իրավազորությունները՝ տվյալ հողամասի և /կամ/ ամրակայված գույքի նկատմամբ այն գույքային իրավունքներն ու պարտավորությունները, ինչպես նաև օգտագործման սահմանափակումները, որոնք հետևում են հողի և /կամ/ ամրակայված գույքի իրավական վիճակից, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, պայմանագրերով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումներով այլ բան չի սահմանված:

Պայմանագիր՝ անշարժ գույքը կամ հողամասը կամ ամրակայված գույքը օտարելու /ձեռք բերելու/, վարձակալության հանձնելու, գրավադրման (հիփոթեքի), օգտակալություն (սերվիտուտ) սահմանելու կամ հողամասերի սահմանները փոփոխելու, հողամասերը միավորելու կամ բաժանելու վերաբերյալ, ինչպես նաև կողմերի միջև կնքված օրենքով սահմանված այլ պայմանագրերը:

Հողամաս՝ սահմանային նշաններով շրջակա հողերից անջատված ցանկացած հողակտորը, որը գրանցված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կադաստրում, համարակալված և շրջագծված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման քարտեզի վրա:

Օգտակալություն (սերվիտուտ)՝ ուրիշի սեփականության սահմանափակ օգտագործման իրավունքը, որով կողմերից մեկը՝ օգտակալության տերը, իրավունք է ստանում այլ անձի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան, հատուկ նպատակով օգտագործել կամ նրա իրավունքների նկատմամբ որոշակի սահմանափակումներ սահմանել: Օգտակալությունը չի ընդգրկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող իրավունքները կամ սահմանափակումները:

Վարձակալություն՝ վարձակալության պայմանագրով սահմանված որոշակի վարձավճարի դիմաց անշարժ գույքի կամ հողամասի կամ ամրակայված գույքի նկատմամբ տիրապետման և օգտագործման իրավազորությունների օտարումը սեփականատիրոջից մեկ այլ անձին:

Անձ՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:

Հասարակական և պետական կարիքներ՝ հիմնավոր կերպով համընդհանուր բարօրության հետ էապես կապված և հանրության կարիքների տեսակետից կենսականորեն անհրաժեշտ համարվող շահերը:

Համարժեք փոխհատուցում՝ անշարժ գույքի արժեքը այն շուկայում, որտեղ սովորաբար կատարվում են տվյալ տարածքում տեղակայված համապատասխան անշարժ գույքի հետ կապված գործարքներ:

 

ԲԱԺԻՆ  II

 

 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 3.

Անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունները

 

Սեփականատերը իրավազոր է իր հայեցողությամբ տիրապետել, օգտագործել և տնօրինել իրեն պատկանող անշարժ գույքը, եթե այլ բան չի նախատեսված օրենքով, գույքային հարաբերությունները կարգավորող պայմանագրով կամ օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշմամբ:

Անշարժ գույքի սեփականության իրավունքը ներառում է՝

ա) անշարժ գույքը տիրապետելու իրավազորությունը.

բ) անշարժ գույքն օգտագործելու իրավազորությունը.

գ) անշարժ գույքը փոփոխությունների ենթարկելու իրավազորությունը.

դ) անշարժ գույքի նկատմամբ այլ անձանց իրավունքը բացառելու իրավազորությունը.

ե) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոփոխելու իրավազորությունը.

զ) անշարժ գույքը գրավ դնելու իրավազորությունը:

Սույն հոդվածով անշարժ գույքի նկատմամբ սահմանված իրավազորությունները տարածվում են նաև նրա բաղկացուցիչ մասերի (հողի և /կամ/ ամրակայված գույքի) վրա, եթե սույն օրենքով, պայմանագրով կամ օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշմամբ այլ բան չի սահմանված:

 

Հոդված 4.

Անշարժ գույքի սեփականության ձևերը

 

Անշարժ գույքը սեփականության իրավունքով կարող է պատկանալ մեկ անձի, ինչպես նաև մեկից ավելի անձանց՝ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:

Միևնույն անշարժ գույքի կամ հողի կամ ամրակայված գույքի նկատմամբ մեկից ավելի անձանց կողմից սեփականության իրավունքի ստացման դեպքում այն համարվում է ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն, որը սահմանվում է սեփականության իրավունքի ձեռքբերման կամ օտարման փաստաթղթերով կամ դատական կարգով:

 

Հոդված 5.

Անշարժ գույքի սեփականության իրավունքի սուբյեկտները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի սեփականության իրավունքի սուբյեկտներն են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝

ի դեմս Ազգային ժողովի՝ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում.

ի դեմս կառավարության՝ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում.

բ) համայնքները՝ ի դեմս տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենսդրությամբ նրանց վերապահված իրավասությունների սահմաններում.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ պետական ձեռնարկությունները և կազմակերպությունները.

ե) օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերին ու համաձայնագրերին համապատասխան:

2. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ամրակայված գույքի նկատմամբ ունեն սեփականության իրավունք, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

Օտարերկրյա իրավաբանական անձինք անշարժ գույքի նկատմամբ ունեն սեփականության իրավունք, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

3. Սեփականության իրավունքով հող ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք օրենքով սահմանված կարգով դադարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի լինելուց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության դադարելու պահից սկսած վեցամսյա ժամկետում պարտավոր են օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողը կամ կամավոր հրաժարվել դրա նկատմամբ սեփականության իրավունքից՝ հօգուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

4. Սեփականության իրավունքից կամավոր հրաժարվելու դեպքում նշված հողակտորը տրվում է վարձակալության սույն օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի լինելուց դադարած անձին՝ նրա կողմից նշված ժամկետով և այնպիսի պայմաններով, որոնք չպետք է պակաս նպաստավոր լինեն, քան պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության ժամանակ այլ անձանց առաջարկվող պայմանները:

5. Սույն հոդվածի 3-րդ կետի պահանջի խախտման դեպքում հողը և դրա վրա տեղակայված (ամրակայված) գույքը ենթակա են դատական կարգով անվարձահատույց բռնագանձման՝ հօգուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, օրենսդրությամբ լիազորված պետական կառավարման մարմնի հայցով:

 

Հոդված 6.

Անշարժ գույքի բացարձակ և պայմանական սեփականության իրավունքը

 

Անշարժ գույքի սեփականության իրավունքը կարող է լինել բացարձակ կամ պայմանական: Անշարժ գույքի սեփականության բացարձակ իրավունքն անժամկետ է և կազմված է անշարժ գույքի հետ կապված բոլոր իրավազորություններից: Անշարժ գույքի սեփականության պայմանական իրավունքը կազմված է անշարժ գույքի հետ կապված բոլոր իրավազորություններից, բայց կարող է դադարել պայմանագրով սահմանված որոշակի գործողության կամ իրադարձության կամ որոշակի ժամկետի անցման դեպքում: Այդ գործողության կամ իրադարձության տեղի ունենալուց կամ որոշակի ժամկետի անցնելուց հետո սեփականության իրավունքն անցնում է այն անձին, ով նախատեսվել է անշարժ գույքի սեփականության պայմանական իրավունքն օտարող անձի կողմից, իսկ եթե այդպիսի նախատեսում չի արվել՝ օտարող անձին: Անշարժ գույքի սեփականության պայմանական իրավունք ունեցողները կարող են այդ իրավունքն օտարել իրենց տրված իրավասության շրջանակներում:

 

Հոդված 7.

Անշարժ գույքի հետ կապված իրավազորությունների տևողությունը

 

Անշարժ գույքի հետ կապված իրավազորությունները կարող են տրվել անժամկետ, ցմահ, որոշակի ժամկետով, ինչպես նաև՝ սեփականատիրոջ կամ անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունները ստացողի հայեցողությունից կախված (հայեցողական տևողությամբ): Իրավազորությունների շրջանակը որոշվում է սույն օրենքով կամ պայմանագրով:

Անժամկետ իրավազորությունն ունի անսահմանափակ տևողություն և կարող է դադարել միայն սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

Ցմահ իրավազորության ժամկետը որոշվում է այդ իրավազորությամբ օժտված կամ պայմանագրով նշված որևէ այլ անձի ողջ կյանքի տևողությամբ: Անշարժ գույքի հետ կապված բոլոր իրավազորություններն ունեցող ցմահ իրավազորությամբ օժտված անձը կարող է այն օգտագործել նույն կերպ, ինչպես սեփականության բացարձակ իրավունքի կրողը, բայց պարտավոր է ձեռնպահ մնալ որևէ գործողությունից՝ ընդդեմ կամ ի վնաս այդ գույքի օրինական փոխանցման:

Ժամկետային իրավազորությունը սեփականատիրոջ կողմից տրվում է պայմանագրով նախապես սահմանված որոշակի ժամկետով:

Հայեցողական իրավազորությունը սեփականատիրոջ կողմից տրվում է անորոշ ժամկետով և ցանկացած ժամանակ այդ իրավազորությունն ունեցողի կամ սեփականատիրոջ ծանուցմամբ կարող է դադարել:

Ժամկետային կամ հայեցողական իրավազորություններ ունեցող անձի իրավազորությունների շրջանակը սահմանվում է պայմանագրով:

 

Հոդված 8.

Փոխհատուցում պատճառված վնասի դիմաց

 

Եթե ցմահ, ժամկետային կամ հայեցողական իրավազորություն ունեցող անձն իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով վնաս է պատճառում անշարժ գույքին կամ թույլ է տալիս դրա արժեքի նվազում, ապա նա սեփականատիրոջը պարտավոր է հատուցել պատճառված վնասը և /կամ/ վերականգնել նախկին վիճակը:

Ցմահ, ժամկետային կամ հայեցողական տևողությամբ անշարժ գույքի հետ կապված իրավազորություններ տված անձը պարտավոր չէ այդ իրավազորությունները ստացած անձին հատուցել գույքի բարելավման կամ փոփոխման ծախսերը, եթե պայմանագրով նման հատուցում չի նախատեսված:

 

ԲԱԺԻՆ  III

 

 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

Հոդված 9.

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման ձևերը

 

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել հետևյալ ձևերով`

ա) օտարման միջոցով, երբ առկա է երկու կողմերի կամ օրենքի գործողությունը, որի արդյունքում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է մեկ անձից մյուսին: Այն ընդգրկում է անշարժ գույքի գնում-վաճառքը, նվիրատվությունը և փոխանակումը, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի սեփականաշնորհումը, ինչպես նաև դատական կարգով բռնագանձումը կամ բռնագրավումը.

բ) կտակի միջոցով, երբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը մեկ անձից մյուսին է անցնում սեփականատիրոջ մահից հետո՝ վերջինիս կտակի համաձայն.

գ) ըստ օրենքի՝ իրավահաջորդության կամ ժառանգման միջոցով, երբ սեփականության իրավունքը մի անձից մյուսին է անցնում օտարման կամ կտակի բացակայության դեպքում:

Անշարժ գույքի մասնատված օտարումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե չի հակասում քաղաքաշինական, հողաշինարարական և սանիտարական նորմերին:

Պետական սեփականություն համարվող հողերի օտարման կարգը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 10.

Անշարժ գույքի սեփականության իրավունքի օտարումը

 

1. Այն դեպքում, երբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է միևնույն անձին, ապա՝

ա) հողի նկատմամբ սեփականության իրավունքի օտարման ժամանակ նոր սեփականատիրոջն են օտարվում այդ հողի վրա ամրակայված գույքի նկատմամբ սեփականության իրավունքները` բացառությամբ սույն օրենքի 5 հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքի, երբ նախկին սեփականատերը կարող է պահպանել այդ հողի վրա ամրակայված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքները՝ կնքելով հողի նոր սեփականատիրոջ հետ վարձակալման պայմանագիր.

բ) ամրակայված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի օտարման ժամանակ հողի սեփականատերը կարող է պահպանել հողի նկատմամբ իր սեփականության իրավունքները՝ հողը տրամադրելով ամրակայված գույքի նոր սեփականատիրոջը՝ մշտական օգտագործման կամ վարձակալության.

գ) եթե ամրակայված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի օտարումը կատարվում է սեփականաշնորհման միջոցով, և հողի նկատմամբ պահպանվում է պետական սեփականության իրավունքը, օտարված ամրակայված գույքի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողն ամրակայված գույքի նոր սեփականատերերին մշտական օգտագործման կամ վարձակալության է տրվում մինչև գույքի օտարումը սահմանված իրավազորություններով և պայմաններով:

2. Եթե հողի և նրան ամրակայված գույքի սեփականության իրավունքը պատկանում է տարբեր անձանց, և հողը սեփականատիրոջ կողմից հանձնված է ամրակայված գույքի սեփականատիրոջը վարձակալության իրավունքով, ապա՝

ա) ամրակայված գույքն օտարելիս ամրակայված գույքի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողը վարձակալության է հանձնվում ամրակայված գույքի նոր սեփականատիրոջը՝ այդ հողի նկատմամբ նախքան գույքի օտարումը սահմանված ժամկետով և պայմաններով.

բ) հողը սեփականատիրոջ կողմից վաճառվելու դեպքում, ամրակայված գույքի սեփականատերն ունի գնելու նախապատվության իրավունք՝ այն գնով, որով այն վաճառվում է, և այլ հավասար պայմաններով.

գ) հողը սեփականատիրոջ կողմից դրան ամրակայված գույքի սեփականատեր չհանդիսացող անձին օտարելիս, ամրակայված գույքի սեփականատերը հողի նկատմամբ պահպանում է մինչ հողի օտարելն իր ունեցած բոլոր իրավունքները:

3. Պետական սեփականություն հանդիսացող և մշտական օգտագործման իրավունքով հատկացված հողի սեփականության իրավունքը կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և կամավոր հիմունքներով ձեռք բերվել հողի մշտական օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից՝ օտարման պահին գործող հողի կադաստրային արժեքով:

 

Հոդված 11.

Անշարժ գույքի օտարման /ձեռքբերման/ պայմանագիրը

 

Անշարժ գույքի օտարման /ձեռքբերման/ պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է վավերացման նոտարական կարգով, եթե կողմերից մեկը քաղաքացի է: Պայմանագիրը պետք է գրանցվի սույն օրենքով սահմանված կարգով: Պայմանագիրը կնքված է համարվում նրա գրանցման պահից: Պայմանագիրը գրանցման պետք է ներկայացվի դրա կնքման կամ նոտարական վավերացման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

Անշարժ գույքի օտարման /ձեռքբերման/ պայմանագրում նշվում են անշարժ գույքի չափերն ու սահմանները, վաճառքի գինը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, սահմանափակումները, անշարժ գույքի օգտագործման վերաբերյալ կողմերի համաձայնությամբ սահմանված պայմանները և այլ անձանց իրավունքները, ներառյալ՝ անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունները:

 

ԲԱԺԻՆ  IV

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 12.

Անշարժ գույքի վարձակալությունը

 

Անշարժ գույքի սեփականատերը (վարձատուն) իրավասու է մեկ այլ անձի (վարձակալի) փոխանցել սույն օրենքի 3 հոդվածի «ա», «բ» և «դ» կետերով սահմանված իրավազորությունները անշարժ գույքի կամ հողի կամ ամրակայված գույքի նկատմամբ: Վարձակալին կարող են փոխանցվել նաև սույն օրենքի նույն հոդվածի «գ» և «զ» կետերով սահմանված իրավազորությունները, եթե այդ մասին նշված է վարձակալության գրավոր պայմանագրում: Վարձակալին չի կարող փոխանցվել նույն հոդվածի «ե» կետով սահմանված իրավազորությունը:

Վարձատուն կարող է թույլատրել վարձակալին օգտագործել անշարժ գույքը կամ հողը կամ ամրակայված գույքը ցանկացած ձևով, որը չի արգելված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով: Վարձատուն չի կարող փոխանցել վարձակալին իրեն չպատկանող իրավազորությունները, ինչպես նաև իրեն պատկանող իրավազորությունները փոխանցել ավելի երկարատև ժամկետով, քան ինքն է իրավասու իրականացնել դրանք:

 

Հոդված 13.

Վարձակալության պայմանագիրը

 

Մեկ տարի կամ ավելի ժամկետով վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր: Եթե վարձակալության պայմանագրով վարձակալին փոխանցվում են սույն օրենքի 3 հոդվածի «գ» և «զ» կետերով սահմանված իրավազորությունները, ապա պայմանագիրը կնքվում է գրավոր՝ անկախ վարձակալության ժամկետից: Եթե կողմերից մեկը քաղաքացի է, գրավոր պայմանագիրը ենթակա է նաև նոտարական վավերացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե կողմերից մեկը իրավաբանական անձ է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, ապա պայմանագիրը պետք է կնքվի գրավոր՝ անկախ վարձակալության ժամկետից:

Վարձակալության պայմանագրերը պետք է ընդգրկեն առնվազն հետևյալ պայմանները.

ա) վարձակալության տրվող անշարժ գույքի կամ հողի կամ ամրակայված գույքի նկարագրական տվյալները, չափերը և արժեքը.

բ) վարձակալության ժամկետը.

գ) վարձակալի կողմից վարձատուին վճարվելիք վարձավճարի չափը՝ դրամական կամ այլ արժեքային արտահայտությամբ, ինչպես նաև՝ վճարման ժամկետները.

դ) վարձակալության դադարման հիմքերը.

ե) վարձակալի իրավունքները և նրա կողմից վարձակալված անշարժ գույքի օգտագործման սահմանափակումները:

Վարձակալության գրավոր պայմանագիրը ենթակա է պետական գրանցման՝ սույն օրենքով սահմանված կարգով, և ուժի մեջ է մտնում այդ պահից:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ կնքված վարձակալության պայմանագրերը համարվում են անվավեր:

Վարձատուն իրավասու է օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքն առանց վարձակալի համաձայնության, եթե այդ օտարումը չի անդրադառնում վարձակալության պայմանագրի վրա:

Վարձակալը, եթե այլ բան չի նշված վարձակալության պայմանագրում, իրավասու է վարձակալված անշարժ գույքը երրորդ անձին ենթավարձակալության հանձնել միայն վարձատուի համաձայնությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով ու ժամկետով:

 

Հոդված 14.

Վարձակալության ժամկետը

 

Անշարժ գույքի վարձակալության ժամկետը սահմանվում է վարձակալության պայմանագրով՝ կողմերի համաձայնությամբ: Անշարժ գույքը կարող է տրվել նաև ցմահ կամ հայեցողական վարձակալության:

Վարձակալության պայմանագրով սահմանված ժամկետն ավարտվելուց հետո վարձակալված անշարժ գույքի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցնելը վարձակալության պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարացման համար հիմք չի հանդիսանում: Վարձակալության պայմանագրով սահմանված վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից անշարժ գույքի ժամկետանց օգտագործման և տիրապետման ողջ ընթացքում:

 

Հոդված 15.

Վարձակալված անշարժ գույքի վերականգնումը

 

Վարձակալն իրավասու է վարձակալված անշարժ գույքը փոփոխությունների ենթարկել միայն վարձակալության պայմանագրի համաձայն կամ վարձատուի գրավոր թույլտվությամբ: Վարձակալի կողմից կատարված պայմանագրով չնախատեսված կամ վարձատուի կողմից չթույլատրված անշարժ գույքի փոփոխությունների դեպքում՝ վարձատուն իրավասու է վարձակալից պահանջել պատշաճ ժամկետում վերականգնել անշարժ գույքի այն վիճակը, որն առկա էր մինչև փոփոխությունների իրականացումը: Նշված ժամկետում այդ պահանջը չկատարելու դեպքում վարձատուն իրավասու է լուծարել պայմանագիրը:

Վարձակալը պարտավոր է թույլ չտալ վարձակալված հողի բնական վիճակի վատթարացում, բերրիության նվազում կամ անշարժ գույքի որևէ այլ փոփոխություն, որը կհանգեցնի նրա արժեքի նվազեցման կամ բնութագրերի վատթարացման:

Սույն հոդվածում նշված դեպքերում վարձատուն իրավասու է լուծարել վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև դիմել դատարանին՝ անշարժ գույքին վնասող վարձակալի գործունեությունը դադարեցնելու կամ դրա անցանկալի փոփոխությունների վերացման մասին որոշում կայացնելու պահանջով:

Վարձակալության պայմանագիրը դադարելիս վարձատուն իրավասու է վարձակալից հատուցում պահանջել իրեն պատճառված վնասների և /կամ/ անշարժ գույքի փոփոխման դիմաց:

Վարձատուն պարտավոր չէ վարձակալին հատուցել վարձակալված գույքի բարելավման կամ փոփոխման ծախսերը, եթե դա նախատեսված չէ վարձակալության պայմանագրով:

 

ԲԱԺԻՆ  V

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 16.

Օգտակալություն (սերվիտուտ)

 

Օգտակալությամբ կարող են սահմանվել՝

ա) անցուդարձի իրավունքը.

բ) ջուրն օգտագործելու իրավունքը.

գ) հարևան հողամասերից կամ դրանց վրայով բնական լույս, օդ, էլեկտրական հոսանք, ջուր, ջերմություն ստանալու կամ առաքելու իրավունքը.

դ) հողը ոռոգելու, ջրի հոսքի նվազեցումից և ջրի որակը փոփոխելուց զերծ մնալու իրավունքը.

ե) ընդհանուր պատը որպես հենարան օգտագործելու կամ այդ պատից այլ օժանդակություն ստանալու, ինչպես նաև սահմանագծի երկայնքով ցանկապատ կառուցելու իրավունքը.

զ) անշարժ գույքի բնականոն օգտագործման համար կենսականորեն անհրաժեշտ այլ իրավունքներ և սահմանափակումներ, որոնց իրականացումը չի կարող ապահովվել առանց օգտակալության սահմանման:

Օգտակալության իրավունքի կողմերն են օգտակալությամբ բեռնավորված անշարժ գույքի սեփականատերը և այն անձը, որն ունի սեփականության իրավունք, ցմահ կամ անժամկետ օգտագործման իրավունք այն անշարժ գույքի նկատմամբ, որի բնականոն օգտագործումը ապահովելու համար սահմանվել է օգտակալությունը: Օգտակալության իրավունքը հանդիսանում է անբաժանելի մաս օգտակալությամբ բեռնավորված անշարժ գույքի և այն անշարժ գույքի համար, որի բնականոն օգտագործումը ապահովելու նպատակով այն սահմանվել է:

Օգտակալության սահմանումը չի զրկում սեփականատիրոջը անշարժ գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավազորություններից:

Օգտակալությունը սահմանվում է դրա իրավունքը պահանջող անձի և հարևան հողամասի սեփականատիրոջ միջև կնքված գրավոր պայմանագրով և ենթակա է գրանցման անշարժ գույքի պետական գրանցման համար սահմանված կարգով: Պայմանագիրը ամրագրում է օգտակալության իրավունքի ֆիզիկական չափերը, վճարը, օգտագործման նպատակներն ու եղանակները, իրականացման ժամկետները և այլ պայմանները: Օգտակալությունը ուժի մեջ է մտնում այն սահմանող պայմանագրի գրանցման պահից:

Այն դեպքում, երբ կողմերը չեն հասնում համաձայնության օգտակալության սահմանման կամ պայմանների վերաբերյալ, կողմերի վեճը օգտակալության իրավունք պահանջող անձի հայցով լուծվում է դատական կարգով:

Դատարանը սահմանում է օգտակալության իրավունքի համար խելամիտ վճարի չափը, ամրագրում է օգտակալության իրավունքի ֆիզիկական չափերը, օգտագործման նպատակներն ու եղանակները, իրականացման ժամկետները և այլ պայմանները: Օգտակալություն սահմանող դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը գրանցվում է անշարժ գույքի պետական գրանցման համար սահմանված կարգով և ուժի մեջ է մտնում գրանցման պահից:

Սույն հոդվածով սահմանված կարգով օգտակալության իրավունք կարող է պահանջվել և օգտակալությունը սահմանվել, ելնելով նաև այն անձի շահերից և պահանջներից, որին հողամասը տրամադրված է ցմահ կամ մշտական օգտագործման իրավունքով:

Օգտակալությամբ բեռնավորված անշարժ գույքի սեփականատերը իրավասու է պահանջել, եթե այլ բան օրենքով չի նախատեսված, համապատասխան վճար օգտակալության իրավունքից օգտվելու համար:

Ելնելով սույն հոդվածի դրույթներից՝ օգտակալությամբ կարող են բեռնավորվել նաև շենքերն ու շինությունները, ինչպես նաև այլ ամրակայված գույքը, որի սահմանափակ օգտագործման իրավունքն անհրաժեշտ է՝ անկախ հողամասի օգտագործման իրավունքից:

 

Հոդված 17.

Օգտակալության պահպանումն անշարժ գույքի սեփականության իրավունքի փոփոխման ժամանակ

 

Օգտակալությունը պահպանվում է, եթե օգտակալությամբ բեռնավորված անշարժ գույքի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի:

Օգտակալությունը չի կարող հանդես գալ որպես առք ու վաճառքի կամ գրավի առարկա և չի կարող փոխանցվել այլ անձանց, որոնք չեն հանդիսանում այն անշարժ գույքի սեփականատերեր, որի օգտագործումն ապահովելու համար օգտակալությունը սահմանվել է:

 

Հոդված 18.

Օգտակալության դադարումը և փոփոխությունը

 

Օգտակալությամբ բեռնավորված անշարժ գույքի սեփականատիրոջ պահանջով այն կարող է դադարեցվել դատական կարգով, եթե՝

ա) պարզվի, որ վերացել են օգտակալության սահմանման հիմքերը.

բ) օգտակալության առկայությունը խոչընդոտում է գույքի սեփականատիրոջն այն օգտագործելու իր նպատակային նշանակությամբ:

Օգտակալությամբ բեռնավորված անշարժ գույքի սեփականատիրոջ պահանջով օգտակալության նկարագրությունը կարող է փոփոխվել դատական կարգով, եթե նա ապացուցի, որ օգտակալությունը ոչ խելամիտ չափով սահմանափակում է իր անշարժ գույքի օգտագործումը, կամ տեղի է ունեցել իրավիճակի էական փոփոխություն:

 

Հոդված 19.

Պարտադիր օգտակալությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, պայմաններում և սահմաններում, անշարժ գույքի սեփականատիրոջ կամ անշարժ գույքի մշտական օգտագործողի վրա կարող է պարտականություն դրվել թույլատրելու, որ սահմանված կարգով գույքից օգտվեն այլ անձինք: Եթե գույքի սեփականատերը կամ գույքն օգտագործողը համաձայն չեն, որ գույքից օգտվեն այլ անձինք, ապա շահագրգռված անձի հայցով գույքից օգտվելու օգտակալություն կարող է սահմանվել դատական կարգով: Պարտադիր օգտակալության վրա տարածվում են սույն օրենքի 16, 17 և 18 հոդվածների դրույթները:

 

Հոդված 20.

Անշարժ գույքի արտոնված օգտագործման իրավունքը

 

Անշարժ գույքի սեփականատերն իրավասու է ժամանակավորապես կամ որոշակի առիթներով արտոնել այլ անձանց օգտագործել իրեն պատկանող անշարժ գույքը: Նշված արտոնությունը տրվում է գրավոր փաստաթղթով՝ արտոնագրով, որն ամրագրում է արտոնվող իրավունքի բնույթը, օգտագործման ռեժիմը և ժամկետները, ինչպես նաև սահմանում է անշարժ գույքի այն մասը, որից իրավասու է օգտվել արտոնված օգտագործման իրավունք ստացած անձը: Սեփականատիրոջ հայեցողությամբ և գրավոր ծանուցմամբ, անշարժ գույքի արտոնված օգտագործման իրավունքը կարող է վերացվել ցանկացած ժամանակ:

Անշարժ գույքի արտոնված օգտագործման իրավունք ստացած անձն իրավասու չէ տիրապետել արտոնագրում չնշված անշարժ գույքը կամ հողի վրա կատարել արտոնագրով չթույլատրված որևէ գործողություն և չի կարող իրեն շնորհված իրավունքը փոխանցել այլ անձի:

Անշարժ գույքի օգտագործման իրավունք շնորհող արտոնագրի համաձայն, սեփականատերը կարող է պարտավորություն ստանձնել իրագործել կամ չիրագործել սեփականատիրոջ իր որոշ իրավազորությունները կամ ձեռնպահ մնալ սեփականության նկատմամբ որոշ գործողություններից:

Անշարժ գույքի արտոնված օգտագործման իրավունք ստացած անձից կարող է պահանջվել վճար՝ շնորհված իրավունքների համար:

Անշարժ գույքի արտոնված օգտագործման իրավունք ստացած անձը պարտավոր է դրա սեփականատիրոջը հատուցել անշարժ գույքին պատճառված վնասը, եթե արտոնագրով այլ բան չի նախատեսված:

 

Հոդված 21.

Անշարժ գույքի գրավը (հիփոթեք)

 

Անշարժ գույքի գրավը կարգավորվում է «Գրավի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

ԲԱԺԻՆ  VI

 

 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 22.

Անշարժ գույքի օտարումը հասարակության և պետության կարիքների համար

 

Անշարժ գույքը հասարակության և պետության կարիքների համար կարող է օտարվել բացառիկ դեպքերում՝ օրենքի հիման վրա նախնական համարժեք փոխհատուցմամբ: Անշարժ գույքը չի կարող օտարվել առանց համարժեք փոխհատուցման, բացառությամբ սույն օրենքի 5 հոդվածով նախատեսված դեպքի:

Հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի համարժեք փոխհատուցման չափը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հիմնվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և օտարման ենթակա անշարժ գույքի սեփականատիրոջ միջև բանակցությունների արդյունքի և օտարման ենթակա անշարժ գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնության վրա:

Եթե անշարժ գույքի սեփականատերը համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից գույքի օտարմանը կամ փոխհատուցման չափին, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը անշարժ գույքի օտարումը կարող է իրականացնել միայն դատական կարգով:

Մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա անշարժ գույքի սեփականատերը պարտավոր է ձեռնպահ մնալ անշարժ գույքին վնաս հասցնելուց:

Հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի օտարման ընթացակարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ ելնելով սույն հոդվածի դրույթներից:

Հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի օտարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԲԱԺԻՆ  VII

 

 ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 23.

Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործումը

 

1. Պետական սեփականություն հանդիսացող հողը հանձնվում է՝

ա) պետական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին՝ մշտական օգտագործման.

բ) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան սեփականաշնորհված կամ ապապետականացված ձեռնարկությունների կամ անավարտ շինարարության օբյեկտների սեփականատերերին կամ նրանց օրինական իրավահաջորդներին՝ մշտական օգտագործման կամ վարձակալության՝ նույն ձևերով և պայմաններով, ինչպիսիք գոյություն են ունեցել մինչև դրանց սեփականաշնորհումը կամ ապապետականացումը.

գ) «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան սեփականաշնորհված պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականատերերին կամ նրանց օրինական իրավահաջորդներին՝ մշտական օգտագործման կամ վարձակալության՝ նույն ձևերով և պայմաններով, ինչպիսիք գոյություն են ունեցել մինչև դրանց սեփականաշնորհումը.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ պետական ձեռնարկություններին, կազմակերպություններին, օտարերկրյա իրավաբանական անձանց, օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և միջազգային կազմակերպություններին՝ վարձակալության:

2. Պետական սեփականություն հանդիսացող ամրակայված գույքը հանձնվում է՝

ա) պետական ձեռնարկություններին՝ լրիվ կամ մասնակի տնտեսավարման իրավունքով.

բ) պետական հիմնարկներին և կազմակերպություններին՝ օպերատիվ կառավարման իրավունքով.

գ) սույն հոդվածի առաջին մասի «դ» կետում նշված սուբյեկտներին՝ վարձակալության.

դ) սույն հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերում նշված սուբյեկտներին՝ վարձակալության, եթե պետական սեփականություն հանդիսացող ամրակայված գույքը պետության և սույն հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերում նշված սուբյեկտների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն չէ:

3. Պետական սեփականություն հանդիսացող հողը կամ ամրակայված գույքը սույն հոդվածի դրույթների համաձայն օգտագործման է հանձնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կամ նրա կողմից լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Պետական սեփականություն հանդիսացող հողը կամ ամրակայված գույքը մշտական օգտագործման կամ վարձակալության հանձնելը պետք է ձևակերպված լինի գրավոր փաստաթղթով, որը ենթակա է պետական գրանցման սույն օրենքով սահմանված կարգով և պետք է պարունակի՝

- օգտագործողի անվանումը.

- հատկացված անշարժ գույքի կազմը և տեղը.

- օգտագործման իրավունքի դադարման հիմքերը.

- երրորդ անձանց իրավունքներն անշարժ գույքի նկատմամբ.

- վարձակալության դեպքում՝ վարձակալության ժամկետները.

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ տվյալներ:

 

ԲԱԺԻՆ  VIII

 

 ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

Հոդված 24.

Հողամասի սահմանների փոփոխումը, հողամասերի միավորումը և բաժանումը

 

Հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք կարող են պայմանագրի հիման վրա փոփոխել սեփականության իրավունքով իրենց պատկանող սահմանակից հողամասերի սահմանները, միավորել դրանք, ինչպես նաև բաժանել մի քանի հողամասի: Հողամասերի սահմանների փոփոխման, միավորման կամ բաժանման վերաբերյալ հողամասերի սեփականատերերի դիմումները կնքված պայմանագրի հետ ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնին:

Հողամասերի սահմանների փոփոխման, միավորման կամ բաժանման վերաբերյալ դիմումները պետք է քննարկվեն լիազորված մարմնի կողմից դրանց ստացման օրվանից՝ երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում այդ դիմումների չմերժվելու դեպքում հողամասերի սահմանների փոփոխությունը, բաժանումը կամ միավորումը համարվում է թույլատրված, և անշարժ գույքի պետական կադաստր վարող համապատասխան մարմինները պարտավոր են կատարել հողամասի նոր նշահարում և համապատասխան փոփոխություն հողերի օգտագործման քարտեզում:

Հողամասերի սահմանների փոփոխման, միավորման կամ բաժանման վերաբերյալ դիմումները կարող են մերժվել, եթե այդ փոփոխությունները հակասում են օրենքին, գործող քաղաքաշինական, հողաշինարարական կամ սանիտարական նորմերին:

Հողամասերի սահմանների փոփոխման, միավորման կամ բաժանման վերաբերյալ պայմանագիրը կնքվում է գրավոր և, եթե կողմերից մեկը քաղաքացի է, ենթակա է նոտարական վավերացման: Հողամասերի սահմանների փոփոխման, միավորման կամ բաժանման վերաբերյալ պայմանագիրն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի պետական կադաստր վարող համապատասխան մարմինների կողմից հողերի գրանցման քարտեզում համապատասխան փոփոխություն կատարելու պահից:

Հողամասերի սահմանների փոփոխման, միավորման կամ բաժանման վերաբերյալ դիմումների մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

 

ԲԱԺԻՆ  IX

 

ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Հոդված 25.

Գրանցման և կադաստրային համակարգի ստեղծում

 

Անշարժ գույքի հետ կապված իրավազորությունների ու գործարքների գրանցումը կատարվում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրում: Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 26.

Պետական գրանցման ենթակա անշարժ գույքը և փաստաթղթերը

 

Սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր գրանցման ենթակա են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին որպես տնամերձ, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հատկացված և որպես սեփականություն նրանց անցած հողերը և ամրակայված գույքը.

բ) գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին սեփականաշնորհված հողերը.

գ) անշարժ գույքի օտարման /ձեռքբերման/, վարձակալության, ենթավարձակալության, օգտագործման, գրավի, փոխանակման և օգտակալության պայմանագրերը, ինչպես նաև օգտակալության վերաբերյալ դատական որոշումները.

դ) հողը մշտական օգտագործման հանձնելու որոշումները.

ե) հողամասերի սահմանների փոփոխման, միավորման և բաժանման մասին պայմանագրերը.

զ) անշարժ գույքի օգտագործման սահմանափակումների մասին որոշումները.

է) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին որոշումները, վճիռներն ու դատավճիռները.

ը) հողի մշտական օգտագործման և հողի վարձակալության իրավունքի դադարման մասին որոշումներն ու վճիռները.

թ) անշարժ գույքից կամ նրա մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու մասին որոշումները.

ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անշարժ գույքի ձեռքբերման մասին այլ ակտեր:

 

ԲԱԺԻՆ  X

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 27.

Անշարժ գույքի սեփականատերերի սեփականության իրավունքի դադարման հիմքերը

 

Անշարժ գույքի սեփականատերերի սեփականության իրավունքը դադարում է՝

ա) օտարելիս.

բ) սեփականության իրավունքից սեփականատիրոջ հրաժարվելիս.

գ) հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքը համարժեք փոխհատուցմամբ սեփականատիրոջից օտարելիս.

դ) դատական կարգով անշարժ գույքը բռնագանձելիս կամ բռնագրավելիս.

ե) փոխանակելիս.

զ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

Սեփականության իրավունքի դադարման դեպքում անշարժ գույքի նոր սեփականատիրոջն են անցնում գույքի նախկին սեփականատիրոջ բոլոր իրավունքները, պարտավորություններն ու պարտականությունները, եթե այլ բան չի նախատեսված օրենքով, պայմանագրով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ:

 

Հոդված 28.

Անշարժ գույքի սեփականատերերի, օգտագործողների և վարձակալների իրավունքների պաշտպանությունը

 

Արգելվում է պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների միջամտությունը անշարժ գույքի սեփականատերերի, օգտագործողների և վարձակալների տնտեսական և այլ գործունեությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ խախտվում են գործող օրենսդրության, անշարժ գույքն օգտագործման հանձնելու որոշման կամ վարձակալության պայմանագրի պահանջները:

Անշարժ գույքի սեփականատերերը, օգտագործողները և վարձակալները իրենց իրավունքների սահմանափակման, խախտման կամ այլ անձանց գործունեությամբ իրենց գույքի որակի վատթարացման հետևանքով կրած վնասների, ինչպես նաև բաց թողնված օգուտների համար ստանում են փոխհատուցում լրիվ չափով:

Փոխհատուցման ենթակա վնասների որոշման կարգը և չափերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կամ դատական կարգով:

Անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը կամ վարձակալը կարող են պահանջել, որ դատարանի որոշմամբ դադարեցվի այլ անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից իր գույքի այնպիսի օգտագործումը, որն իր կարծիքով վնաս է պատճառում իրեն:

 

Հոդված 29.

Ուրիշներին բացառելու իրավունքը

 

Ոչ մի անձ իրավունք չունի, առանց անշարժ գույքի սեփականատիրոջ համաձայնության, որևէ նպատակով օգտագործել այդ գույքը կամ օգտվել այդ գույքի բարիքներից կամ եկամուտներից, եթե նման իրավունք վերապահված չէ օրենքով, պայմանագրով կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ:

Անշարժ գույքի սեփականատերն իրավունք ունի սույն հոդվածի պահանջները խախտող անձանցից դատական կարգով պահանջել հատուցել իրեն պատճառված վնասները:

 

ԲԱԺԻՆ  XI

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Հոդված 30.

Անշարժ գույքի հետ կապված վեճերի լուծումը

 

Անշարժ գույքի հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

ԲԱԺԻՆ  XII

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 31.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

13 հունվարի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-39