ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» փետրվարի 2007թ. |
N 81 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին և 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը` համաձայն հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հ ա վ ե լ վ ա ծ
ԼՂՀ կառավարության
2007թ. փետրվարի 27-ի
թիվ 81 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ
I. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
1. Ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակի) ուսանողի ուսման վճարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, բարձրագույն ուսումնական հաստատության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
2. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է՝
ա/ մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին՝ մրցութային կարգով.
բ/ օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին՝
առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց՝ համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի,
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց՝ համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի,
զոհված զինծառայողների երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին՝ համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի,
գ/ պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:
Առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց, զոհված զինծառայողների երեխա-ուսանողներին ուսանողական նպաստներ տրամադրվում են 1-ին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են 1-ին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների, բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը, որը տեղափոխվում է կուրսից կուրս:
4. Առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով բուհ ընդունված ուսանողներին:
Հաջորդ կուրսերում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ մրցութային հիմունքներով:
5. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը, վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10%-ին՝ ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին ուսման վճարը ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում է՝
ա/ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին,
բ/ միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին,
գ/ երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,
դ/ վճարովի ուսուցման համակարգում 2 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,
ե/ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներին,
զ/ մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,
է/ ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ բուհի հայեցողությամբ,
ը/ բուհի հայեցողությամբ՝ այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին:
6. Ուսման վճարը մասնակի փոխհատուցող ուսանողական նպաստների չափը սահմանում է և այն տրամադրելու գործառույթներն իրականացնում է բուհը:
7. Բուհերում ուսանողական նպաստներ տալու մասին դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում:
8. Պետության կողմից ուսանողական նպաստ տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Մյուս ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ հատկացնելու որոշումն ընդունում է հիմնադիրը:
9. Հարգելի պատճառներով /ակադեմիական արձակուրդ՝ առողջական վիճակի կամ զինծառայության/ բուհից ազատված ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը:
10. Նպաստառու ուսանողի սոցիալական վիճակի փոփոխության դեպքում բուհի կողմից տրամադրվող ուսանողական նպաստը կարող է փոփոխվել:
11. Ուսանողական նպաստներ տալու գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմինը:
II. ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
12. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է. ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվություն, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար (արվեստի բնագավառի բուհերում՝ նաև մասնագիտական մրցույթ ստուգատեսների հաղթողներին):
Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներն են՝
ա/ մասնակցությունը ֆակուլտետի և բուհի ուսանողական, հասարակական աշխատանքներին.
բ/ զեկուցումներ, ռեֆերատներ, հրատարակված աշխատանքներ /գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում/,
գ/ մասնակցությունը միջբուհական, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,
դ/ այլ հասարակական և ստեղծագործական նախաձեռնություններ՝ բուհի հայեցողությամբ:
Սույն կարգի իմաստով ուսանողների պատշաճ վարքագիծը բուհի ներքին կանոնների պահպանումն է:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, յուրաքանչյուր տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի, հաստատում է պետական կրթաթոշակների թիվը և չափը:
14. Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Մյուս ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման որոշումն ընդունում է հիմնադիրը:
15. Ուսանողին պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին՝ համաձայն սույն կարգի 12-րդ կետով նախատեսված պայմանների: Նախատեսված պայմանները չապահովելու դեպքում ուսանողը զրկվում է պետական կրթաթոշակից: Պետական կրթաթոշակից զրկված ուսանողը կարող է ընդգրկվել ուսումնական նպաստառուների համակարգում՝ սույն կարգի 2-րդ կետի պահանջները բավարարելու դեպքում:
16. Ազատված պետական կրթաթոշակները մրցութային կարգով հատկացվում են այլ ուսանողների:
17. Հարգելի պատճառներով /ակադեմիական արձակուրդ՝ առողջական վիճակի կամ զինծառայության/ բուհից ազատված ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը:
18. Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է բուհը:
19. Բարձրագույն ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել անվանական կրթաթոշակներ:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |