ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 դեկտեմբերի 2021թ. |
N 1455-Ն |
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021
ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 778-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 20-ի «Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 778-Ն որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
դեկտեմբերի 28-ի N 1455-Ն որոշման |
| |
«Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
հուլիսի 20-ի N 778-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության ջրային կոմիտեն (այսուհետ` կոմիտե) հանրապետական գործադիր մարմին է, որը մշակում և իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման ու օգտագործման բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Կոմիտեն գործում է Արցախի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Կոմիտեի անվանումն է՝
1) հայերեն` Արցախի Հանրապետության ջրային կոմիտե.
2) ռուսերեն` Водный комитет Республики Арцах.
3) անգլերեն` Water committee of the Artsakh Republic:
5. Կոմիտեն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվով կլոր կնիք և ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Կոմիտեի համակարգը կազմված է կոմիտեի նախագահից, կոմիտեի նախագահի առաջին տեղակալից, տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և կոմիտեի աշխատակազմից:
7. Կոմիտեին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
8. Կոմիտեին կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
9. Կոմիտեի գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Վ.Սարգսյանի 25ա:
2. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10. Կոմիտեի նպատակները և խնդիրներն են`
1) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման անվտանգության ու արդյունավետության բարձրացումը.
2) ջրային համակարգերի կառավարման և օգտագործման բնագավառում քաղաքականության իրականացումը.
3) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կատարելագործումն ու զարգացումը.
4) ջրային համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը.
5) իր իրավասության սահմաններում ջրի ազգային ծրագրի իրականացման ապահովումը.
6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:
3. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարումը և անվտանգ օգտագործման ապահովումը․
2) ոռոգման և խմելու ջրամատակարարման և ջրահեռացման կազմակերպումը.
3) օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման ամենամյա և հեռանկարային աշխատանքներին մասնակցելը.
4) օգտագործելի ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքների իրականացման ապահովումը.
5) պետական ջրային համակարգերի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող իրավական ակտերի մշակումը.
6) պետական ջրային համակարգերի շինարարության բնագավառում պատվիրատուի պարտականությունների իրականացումը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձևավորումը, կապալային եղանակով շինարարության կազմակերպումը, ինչպես նաև տեխնիկական հսկողության իրականացումը.
7) ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը.
8) ջրային համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակումը և իրականացումը.
9) ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննության ապահովումը և առաջարկություններ ներկայացնելը.
10) Արցախի Հանրապետության կառավարության հաստատած կարգով հիդրոտեխնիկական կառուցվածքների օգտագործման անվտանգության կարգավորումը և վերահսկումը.
11) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպման վերահսկումը.
12) Արցախի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում պետության բաժնեմասի կառավարման հետ կապված գործառույթների, ներառյալ՝ պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքման և օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման վերահսկողության ապահովումը.
13) ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև այլ ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը մասնակցելը.
14) սակագների վերաբերյալ ներկայացվող առաջարկությունների քննարկմանը մասնակցելը.
15) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդնումը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.
16) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրային համակարգերի տեսչական գործունեության իրականացման ապահովումը.
17) վարչական իրավախախտումների վերաբերյալ Արցախի Հանրապետության օրենսգրքին համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացումը.
18) ջրային համակարգերի բնագավառում վերլուծությունների և մոնիթորինգի իրականացումը.
19) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:
4. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Կոմիտեի նախագահը գլխավորում է կոմիտեն և կառավարում կոմիտեի համակարգի մեջ մտնող կազմակերպությունների գործունեությունը:
13. Կոմիտեի նախագահին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Կոմիտեի նախագահն ունի առաջին տեղակալ և տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
14. Կոմիտեի նախագահը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:
15. Կոմիտեի նախագահը`
1) պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.
3) իրականացնում է կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կառավարումը.
4) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և ազատում է կոմիտեի համակարգի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
5) հաստատում է հաստիքացուցակը.
6) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
7) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
8) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարների՝ Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.
11) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների (վարչություններ, բաժիններ), առանձնացված ստորաբաժանումների (գործակալություններ, տեսչություններ), կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
12) սահմանում է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
13) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.
14) տրամադրում է արձակուրդ կոմիտեի աշխատակազմի ղեկավարին Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան.
15) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
16. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը:
17. Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը և տեղակալները`
1) գործում են կոմիտեի նախագահի կողմից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում են աշխատանքները (գործունեությունը)՝ իրենց հանձնարարված բնագավառներում.
2) իրենց համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին (վարչություններ, բաժիններ), առանձնացված ստորաբաժանումներին (տեսչություններ, գործակալություններ), կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպություններին փոխանցում են կոմիտեի նախագահի հանձնարարականները, ապահովում՝ կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կողմից կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարումը, իրենց համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս են հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում են հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի նախագահին.
3) իրենց համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում են աշխատակազմի ղեկավարի աջակցությունը, համագործակցում են այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իրենց համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի նախագահին ներկայացնում են առաջարկություններ.
5) իրականացնում են կոմիտեի նախագահի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
5. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
18. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրը` օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:
19. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
20. Կոմիտեի աշխատակազմը գործում է Քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի, իրավական այլ ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
21. Կոմիտեի աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Արցախի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
22. Կոմիտեի աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Կոմիտեի աշխատակազմը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
23. Կոմիտեի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Կոմիտեի աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
24. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
25. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:
26. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:
27. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է` «Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
28. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ, Վ.Սարգսյանի 25ա:
6. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
29. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ և բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
30. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է կոմիտեի նախագահը:
31. Կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը՝ կոմիտեի նախագահի ներկայացմամբ:
32. Կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
33. Կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև կոմիտեի աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից:
34. Կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
7. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
35. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռքբերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
36. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու կոմիտեի աշխատակազմին հանձնված գույքը:
37. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, իրավական այլ ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը:
8. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
38. Կոմիտեի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունը և կոմիտեի նախագահը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում։ Կոմիտեի աշխատակազմը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը։
39. Արցախի Հանրապետության կառավարությունը՝
1) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.
2) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
3) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.
4) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
40. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, իրավական այլ ակտերով, կոմիտեի նախագահի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
41. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար։ Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու, պարտականությունները չկատարելու համար։
42. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, կոմիտեի նախագահի՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները։
43. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է աշխատակազմի ղեկավարի տեղակալը, վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներից մեկը՝ կոմիտեի նախագահի հրամանով։
44. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը՝
1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, իրավական այլ ակտերով, հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է կոմիտեի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
5) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
6) կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
7) կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ՝ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
8) կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
9) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
10) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
11) կոմիտեի նախագահի ստորագրությանն է ներկայացնում կոմիտեի նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
12) ապահովում է համագործակցությունն Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
13) կազմակերպում է կոմիտեում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
14) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
9. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
45. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» օրենքով իր վրա դրված լիազորությունները։
46. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու և ներկայացնելու համար։
47. Կոմիտեի աշխատակազմն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների մասին և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
48. Կոմիտեի գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
10. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
49. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
դեկտեմբերի 28-ի N 1455-Ն որոշման |
| |
«Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
հուլիսի 20-ի N 778-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Կապիտալ շինարարության վարչություն
2. Ֆինանսական, հաշվապահական հաշվառման և ծրագրերի վարչություն
3. Ոռոգման համակարգերի բաժին
4. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բաժին
5. Մոնիթորինգի և վերլուծությունների բաժին
6. Քարտուղարություն
7. Իրավաբանական բաժին
II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչություն»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |