ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի
N 53 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արցախի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անձնագրային համակարգի հետագա կատարելագործման մասին» N 53 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2022 թվականի մարտի 10-ի N 239–Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրն Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում նրա անձը հաստատող հիմնական փաստաթուղթն է:
Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր կրողը գտնվում է Արցախի Հանրապետության հովանավորության ներքո:
Արցախի Հանրապետության քաղաքացին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից։
16 տարին չլրացած Արցախի Հանրապետության քաղաքացիներին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրվում է ըստ ցանկության` մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։
Արցախի Հանրապետության` մինչև 16 տարեկան քաղաքացիներին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր է տրվում առանց անձնագրում հաշվառման մասին նշում կատարելու:
Արցախի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ ունեցող կամ Արցախի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով: Արցախի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 2 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով։
16 տարին չլրացած Արցախի Հանրապետության քաղաքացու` մինչև 16 տարին լրանալը տրված Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կարող է փոխանակվել նրա մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա` նախքան Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը լրանալը:
Մինչև 16 տարեկան Արցախի Հանրապետության քաղաքացիների Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում կատարվում է ծնողների մաuին տվյալների (անունը, ազգանունը) գրառում: Ծնողների մահացած կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում գրառումներ չեն կատարվում:
Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորված արական սեռի 15 տարին լրացած անձանց մասին տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծնողների հաշվառման վայրը) Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ փոխանցվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ:
2. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն և անգլերեն:
3. Արցախի Հանրապետության քաղաքացու ժամկետանց անձնագրերն անվավեր են և ենթակա փոխանակման` սահմանված կարգով:
4. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրն օտարերկրյա պետություններում վավերական է մինչև 5 տարի ժամկետով: 16 տարին լրացած Արցախի Հանրապետության քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի և դրա երկարաձգման վերաբերյալ նշումները կատարվում են Արցախի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` դիմելու դեպքում:
5. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրում Արցախի Հանրապետության քաղաքացու անձի մասին գրառվում են հետևյալ տեղեկությունները`
1) ազգանունը, անունը, հայերեն էջում նաև հայրանունը.
2) ծննդյան վայրը, օրը, ամիսը և տարեթիվը.
3) սեռը.
4) քաղաքացիությունը:
6. Արցախի Հանրապետության քաղաքացիություն կամ Արցախի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու`
1) Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրում կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագրում նրա ազգանվան և անվան անգլերեն գրառումը պետք է համընկնի տվյալ անձի` օտարերկրյա պետությունում տրված անձնագրում կատարված անգլերեն գրառման հետ.
2) ազգանվան և անվան անգլերենից հայերեն տառադարձումը կատարվում է գրական հայերենով: Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստացած` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու միջնորդության դեպքում նրա ազգանվան և անվան անգլերենից հայերեն տառադարձումը կարող է կատարվել իր նախընտրած տարբերակով.
3) անվան և ազգանվան տառադարձման` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կանոններով չկարգավորվող, առանձնակի դժվարություններ ներկայացնող դեպքերում հիմք է ընդունվում կրթության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լեզվի տեսչության կողմից տրված տեղեկանքը:
7. Արցախի Հանրապետության քաղաքացիների, բացառությամբ սույն կանոնադրության 6-րդ կետում նշված քաղաքացիների, անձնագրում ազգանվան և անվան անգլերեն գրառումը կատարվում է կրթության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատված տառադարձման կանոններին համապատասխան:
8. Օտարերկրյա պետությունում ծնված Արցախի Հանրապետության քաղաքացու անվան, ազգանվան և հայրանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի վերջինիս` օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթում (ծննդյան վկայականում) կատարված անգլերեն գրառման հետ:
9. Օտարերկրյա պետության քաղաքացու հետ ամուսնանալու և նրա ազգանունը վերցնելու դեպքում, Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրում հետամուսնական ազգանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի նրա ամուսնու անձնագրում և ամուսնության փաստը հավաստող փաստաթղթում կատարված անգլերեն գրառման հետ:
10. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրում կարող են կատարվել հետևյալ նշումները`
1) օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին` Արցախի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.
2) Արցախի Հանրապետությունում բնակության վայրի մասին՝ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից.
3) օտարերկրյա պետություններ մեկնելու և վերադառնալու մասին՝ սահմանային ծառայությունների կողմից.
4) ազգության մասին` Արցախի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` Արցախի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.
5) արյան խմբի և ռեզուսի մասին` Արցախի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` առողջապահության մարմինների կողմից.
6) ամուսնության և ամուսնալուծության գրանցման մասին` Արցախի Հանրապետությունում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:
Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրում այլ նշումներ կատարելն արգելվում է:
11. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար Արցախի Հանրապետության քաղաքացուց գանձվում է տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:
2. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ,
ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
12. Արցախի Հանրապետության քաղաքացիներին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրվում կամ փոխանակվում է Արցախի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:
13. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար Արցախի Հանրապետության քաղաքացին անձամբ ներկայացնում է`
1) սահմանված ձևի դիմում.
2) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր.
3) 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար.
4) անձը հաստատող այլ փաստաթղթեր, եթե Արցախի Հանրապետության քաղաքացին չի կարող ներկայացնել սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերը.
5) կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զինապարտները).
6) պետական տուրքի վճարման անդորրագիր, բացառությամբ «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված դեպքի։
14. 16 տարին չլրացած Արցախի Հանրապետության քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը 16 տարին չլրացած Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար ներկայացնում է`
1) սահմանված ձևի դիմում.
2) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալը ստացած Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր.
3) 35x45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար.
4) եթե ծնողներից մեկը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի, ապա տվյալ ծնողի գրավոր համաձայնություն.
5) ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։
Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:
16 տարին չլրացած Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը ստանում է նրա ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը կամ այլ ներկայացուցիչ:
15. Արցախի Հանրապետության քաղաքացին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կարող է փոխանակել դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերելու, անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու, ինչպես նաև սույն կարգի 1-ին կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում:
16. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի փոխանակման համար Արցախի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է փոխանակման ենթակա Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, սահմանված ձևի դիմում և 35 X 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար:
Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս Արցախի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր:
17. Արցախի Հանրապետության ոստիկանությունն Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալիս կամ փոխանակում է դիմումը մուտքագրվելուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում:
18. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմումը ներկայացնելիս` Արցախի Հանրապետության քաղաքացին գրավոր տեղեկացվում է կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:
19. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի կորստյան դեպքում կազմվում է կորստյան գործ: Արցախի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նորը տրվում է դիմումի մուտքագրումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
20. Արցախի Հանրապետության մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմիններ: Մահվան գրանցումը կատարելուց հետո Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը սահմանված կարգով ուղարկվում է Արցախի Հանրապետության ոստիկանություն:
Օտարերկրյա պետություններում մահացած Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հանձնվում է օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
21. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Արցախի Հանրապետության սեփականությունն է:
Արցախի Հանրապետության քաղաքացու գտնված անձնագիրը ենթակա է հանձնման` Արցախի Հանրապետությունում` Արցախի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:
22. Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձանց Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրերը ժամանակավորապես վերցնում են հետաքննության կամ նախաքննության մարմինները կամ դատարանը, իսկ ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագրերը` զինկոմիսարիատները:
Կասկածյալների և մեղադրյալների Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրերը վերադարձվում են խափանման միջոցի վերացման դեպքում, ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրերը` պատիժը կրելուց կամ ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո:
Արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր վերցնելը (բացառությամբ սույն կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելը:
23. Կալանավորված կամ ազատազրկման դատապարտված Արցախի Հանրապետության քաղաքացին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանում կամ այն փոխանակում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով: Սահմանված ձևի դիմումն այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն ներկայացնում է քրեակատարողական հիմնարկը:
24. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրամադրման կամ փոխանակման համար փաստաթղթերը ներկայացնում և անձնագրերն ստանում է նրա օրինական ներկայացուցիչը: Առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալ ներկայացուցչի դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է Արցախի Հանրապետության քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը (վկայականի բնօրինակ ներկայացնելու դեպքում այն պատճենահանվում և վերադարձվում է դիմումատուին), ինչպես նաև ներկայացուցչի լիազորությունները հավաստող՝ օրենքով սահմանված կարգով վավերացված լիազորագիրը: Լիազորագիր ներկայացնելու անհնարինության դեպքում Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու մասին դիմումն ընդունում է Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կամ տարածքային անձնագրային ծառայությունն՝ այցելելով անձի գտնվելու (բնակվելու) վայր:
Հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու կամ փոխանակելու համար փաստաթղթերը նախապատրաստում, Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն է ներկայացնում և Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրն ստանում է հոգեբուժական հիվանդանոցի կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատության վարչակազմը:
25. Արցախի Հանրապետության զինապարտ քաղաքացիների անձնագրերի տրամադրումը կամ փոխանակումը կատարվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ
ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ
ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
26. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կորցնելու, ինչպես նաև փոխանակման ներկայացնելու դեպքերում, մինչև նոր անձնագրի տրամադրումը, Արցախի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն, նրա ցանկությամբ, Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ տարածքային անձնագրային ծառայության կողմից տրվում է ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ (Ձև 1): Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կորցնելու դեպքում ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կարող է տրամադրվել նաև այն դեպքում, երբ քաղաքացին անձնագիրը կորցնելու մասին հայտնել է Արցախի Հանրապետության ոստիկանությանը և, անկախ նոր անձնագիր ստանալու համար դիմում ներկայացնելու փաստից, ցանկություն է հայտնել ստանալ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ:
27. Կալանավորված կամ ազատազրկման դատապարտված քաղաքացին ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, իսկ հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիները` նշված հաստատությունների վարչակազմի միջոցով: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալը ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանում է ընդհանուր հիմունքներով:
28. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կորցնելու, ինչպես նաև փոխանակման ներկայացնելու դեպքում ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար քաղաքացին անձամբ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն է ներկայացնում դիմում և 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար: Օրինական ներկայացուցչի միջոցով ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար դիմումին կցվում են օրինական ներկայացուցչի անձնագրի և օրինական ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենները։ Բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող քաղաքացիները դիմում կարող են ներկայացնել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ տարածքային ցանկացած անձնագրային ծառայություն, որի դեպքում ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթում կատարվում է նշում հաշվառում չունենալու մասին: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալները ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար ներկայացնում են նաև քրեակատարողական հիմնարկի կողմից տրված կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականը և դրա պատճենը: Վկայականի բնօրինակը պատճենի հետ համեմատելուց հետո վերադարձվում է քաղաքացուն: Դիմումն ընդունող Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ տարածքային անձնագրային ծառայության աշխատողը դիմումի դարձերեսին ստորագրում է և նշում իր պաշտոնը, անունը և ազգանունը, ինչպես նաև փաստաթղթի ընդունման ամսաթիվը։ Կորած անձնագրի տվյալները (սերիան, համարը) փոխանցվում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ:
29. Կալանավորված կամ ազատազրկման դատապարտված, հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ տրամադրելու համար քրեակատարողական հիմնարկի, հոգեբուժական հիվանդանոցի կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատության վարչակազմը սույն կարգի 28-րդ կետով նախատեսված դիմումը և լուսանկարները 1-օրյա ժամկետում ներկայացնում է Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ վարչակազմի գտնվելու վայրի տարածքային անձնագրային ծառայություն:
30. Ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը քաղաքացուն (դիմողին) տրամադրվում է սույն կարգի 28-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` անմիջապես:
31. Ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը տրամադրվում է մինչև նոր անձնագիրն ստանալու համար նախատեսված ժամկետով, իսկ կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր ստանալու դիմում չներկայացնելու դեպքում` 15 օր վավերականության ժամկետով:
32. Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալներին ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը տրամադրվում է կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականում նշված ժամկետով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
______________________________________________________________________________
(Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային ծառայություն)
|
____ ________________20 թ.
(տալու ամսաթիվը) |
__________________________
(դիմումի մուտքի համարը) |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ
(ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
|
(լուսանկար)
Կ.Տ |
Քաղ.____________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
________________________________________________________
(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը)
________________________________________________________
(հաշվառման հասցեն)
Տրվել է անձնագիրը կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու
կապակցությամբ` անձի դիմումի հիման վրա (ընդգծել): |
|
Փաստաթուղթն ուժի մեջ է մինչև ___ __________________20 թ.
|
| Անձնագրային ծառայության պետ |
______________________
(անունը, ազգանունը) |
_______________
(ստորագրությունը) |