Համարը 
N 443
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.11.12/27(68)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.10.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.10.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.07.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» հոկտեմբերի 2007թ.

N 443

  ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ և 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007թ. սեպտեմբերի 25-ի «ԼՂՀ կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-9 հրամանագրին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007թ. հոկտեմբերի 3-ի «ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը բաժանման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 408 որոշմանը համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

 

 

  ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

 «24» հոկտեմբերի 2007թ.

թիվ 443 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեն /այսուհետ` կոմիտե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Կոմիտեն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից և կոմիտեի աշխատակազմից: Կոմիտեի համակարգում ընդգրկվում են կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններ և բաժնետիրական ընկերություններ:

7. Կոմիտեի նպատակները և խնդիրներն են`

ա/ Նոր սոցիալ-տնտեսական պայմաններում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական քաղաքականության ռազմավարության մշակումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայեցակարգում ամրագրված հիմնական դրույթների իրականացման ապահովումը.

բ/ բնակչության առողջացման, ֆիզիկական դաստիարակության գիտականորեն հիմնավորված համակարգի ստեղծումը.

գ/ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հանրապետական նպատակային ծրագրերի մշակումն ու իրագործումը.

դ/ մատաղ սերնդի ֆիզիկական և մտավոր ինչպես նաև մասնագիտական հոգևոր զարգացման համար բարենպաստ պայմանների ու հնարավորությունների ապահովումը:

ե/ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումն անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման և ակտիվ հանգստի կազմակերպման գործում.

զ/ բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգի մշակումն ու գործնականում ներդրումը, հաշմանդամների համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու նպաստավոր պայմանների ստեղծումը.

է/ ֆիզկուլտուրային և մարզական հանրապետական միջոցառումների անցկացումը.

ը/ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների պատրաստմանն աջակցումը և նրանց վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը.

թ/ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գիտամեթոդական և հետազոտական աշխատանքների իրականացման ապահովումը, գիտական հետազոտությունների անցկացման ծրագրերի համադասումը.

ժ/ Հանրապետությունում տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեությանն ըստ ամենայնի աջակցելը:

 

2. Կոմիտեի գործառույթները

 

8. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա/ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կիրառման արդյունքների վերլուծություն ու ամփոփում, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում և դրանք սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու նախարարությունների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հանրապետությունում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման ծրագրերի մշակում և դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու նախարարությունների և մարզական կազմակերպությունների հետ համատեղ ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչների մշակում և հաստատում.

դ/ համապատասխան նախարարությունների, շրջանային վարչակազմերի, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հանրապետության մարզական միջոցառումների համալիր օրացուցային պլանի մշակում և հաստատում, զանգվածային ֆիզկուլտուրային, առողջարարական ու մարզական միջոցառումների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացում, հանրապետական առաջնությունների, չեմպիոնատների և հավաքների անցկացում.

ե/ հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաստիարակության գործի կազմակերպման և մարզիկների պատրաստման նկատմամբ կազմակերպական-մեթոդական ղեկավարության իրականացում.

զ/ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գիտական հետազոտությունների անցկացում, այդ նպատակով նախարարությունների ու կազմակերպությունների աշխատանքների համադասում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի առաջավոր փորձի ու գիտության նվաճումների ընդհանրացում, մարզական կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում դրանց ներդրմանն օժանդակում.

է/ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի աշխատանքների վիճակագրական հաշվառման վարում.

ը/ բնագավառի վաստակաշատ անձանց` պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների ներկայացնելը, մարզական կոչումների և կարգերի շնորհում, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին, բնագավառի ակտիվիստներին և կազմակերպություններին մեդալներով, մրցանակներով և դիպլոմներով պարգևատրում.

թ/ հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքներին աջակցելը.

ժ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի անդամներին ու կազմակերպություններին մարզահագուստով, մարզագույքով և սարքավորումներով ապահովելու աշխատանքներին մասնակցություն.

ժա/ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների հաշվառում և նրանց նկատմամբ հանրապետության պահանջարկի ուսումնասիրում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կոմիտեի համակարգի ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի մասնագետների պատրաստման ապահովում և սահմանված կարգով ֆիզկուլտուրայի ոլորտի կադրերի տեղաբաշխում.

ժբ/ սահմանված կարգով ֆիզիկական դաստիարակության ուսուցիչների, մարզիչների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառի այլ մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում.

ժգ/ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մասին քարոզչության իրականացում.

ժդ/ պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ֆիզկուլտուրային և սպորտային տարածքային քաղաքականության իրականացման ապահովում.

ժե/ միջազգային միջգերատեսչական պայմանագրերի նախագծերի մշակում և իր իրավասության սահմաններում կնքում, արտասահմանյան երկրների ու սփյուռքահայ համայնքների մարզական կառույցների հետ սահմանված կարգով կապերի ստեղծում.

ժզ/ իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքներին մասնակցություն.

ժէ/ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` իր ենթակայության պետական ոչ առևտրային, ինչպես նաև ԼՂՀ միջազգային պայմանագրերով կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարում:

9. Կոմիտեն հանրապետությունում զանգվածային ֆիզկուլտուրային, առողջարարական ու մարզական աշխատանքների զարգացմանն ուղղված իր գործունեությունն իրականացնում է հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

 

3. Կոմիտեի կառավարումը

 

10. Կոմիտեն կառավարում է կոմիտեի նախագահը (այսուհետ՝ նախագահ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը: Նախագահն ունի տեղակալ /տեղակալներ/, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախագահի հետ:

Նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ԼՂՀ Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև ԼՂՀ միջազգային պայմանագրերով:

11. Նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառում քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Նախագահը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

13. Նախագահը`

ա/ իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր,

բ/ ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար,

գ/ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն,

դ/ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

ե/ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կատարում է նշանակումներ կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ,

զ/ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին,

է/ օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները,

ը/ սահմանում է աշխատանքի բաշխումը տեղակալի /տեղակալների /միջև,

թ/ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև կոմիտեի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները,

ժ/ լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները,

ժա/ վերահսկողություն է իրականացնում կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ,

ժբ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը,

ժգ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թիվը,

ժդ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ,

ժե/ ստեղծում է խորհրդակցական մարմիններ,

ժզ/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Նախագահի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալը /տեղակալներից մեկը/:

15. Նախագահի տեղակալը`

ա/ համակարգում է կոմիտեի համակարգի աշխատանքները՝ կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառում,

բ/ իր լիազորությունների սահմաններում կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով համակարգում է կոմիտեի` իրեն հանձնարարված բնագավառներում, քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` տալով ցուցումներ ու հանձնարարականներ,

գ/ կոմիտեի նպատակներին ու խնդիրներին համապատասխան` սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` կոմիտեի համակարգի մարմիններին տրվող հանձնարարականներն ու առաջադրանքները, իրականացնում վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ,

դ/ նախագահի հանձնարարությամբ իրականացնում է նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները,

ե/ համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը,

զ/ իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների կազմակերպությունների ու հիմնարկների հետ,

է/ իրեն հանձնարարված բնագավառում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները,

ը/ պարբերաբար նախագահին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ,

թ/ ապահովում է իրեն հանձնարարված բնագավառում նախագահի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախագահին,

ժ/ նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին,

ժա/ նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

16. Նախագահը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

4. Կոմիտեի աշխատակազմը

 

17. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրները կոմիտեին /այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալություններին, տեսչություններին/ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:

18. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

19. Կոմիտեի աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

20. Կոմիտեի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

21. Կոմիտեի աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

22. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Կոմիտեի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Կոմիտեի աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Կոմիտեի աշխատակազմը իր ֆինանսական գործառնությունները իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորության վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

26. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ:

27. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է` ք. Ստեփանակերտ, Գ.Լուսավորիչ 8:

 

5. Կոմիտեի աշխատակազմի գույքը

 

28. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով` ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն և օգտագործմանը հանձնված /ամրացված/ գույքից /ներառյալ գույքային իրավունքները/, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ, կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու կոմիտեի աշխատակազմի գույքը:

30. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:

 

6. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը

 

31. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները /վարչություններ, բաժիններ, քարտուղարություն/ և առանձնացված ստորաբաժանումները` /գործակալություններ, տեսչություններ/:

32. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է կոմիտեի նախագահը:

 

7. Կոմիտեի աշխատակազմի կառավարումը

 

33. Կոմիտեի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և կոմիտեի նախագահը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Կոմիտեի աշխատակազմը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:

34. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`

ա/ վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը,

բ/ հաստատում է կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,

գ/ որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը,

դ/ հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը,

ե/ իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություներ:

35. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախագահի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների ու նախագահի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

36. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար:

Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

37. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել կոմիտեի նախագահի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

38. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

39. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`

ա/ առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար,

բ/ օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,

գ/ իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

դ/ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի /աշխատանքի/ նշանակում և պաշտոնից /աշխատանքից/ ազատում է կոմիտեի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ,

ե/ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ,

զ/ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ,

է/ նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար,

ը/ նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ,

թ/ կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը,

ժ/ կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը,

ժա/ վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը,

ժբ/ նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները,

ժգ/ ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ,

ժդ/ կազմակերպում է կոմիտեի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները,

ժե/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

40. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

41. Կոմիտեի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

8. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները

 

42. Կոմիտեի աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

43. Կոմիտեի աշխատակազմի տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի /վերստուգման/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

9. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը

 

44. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

    ԼՂՀ կառավարության աշխատակազմի

    ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ